Նախընտրելով որևէ էֆեկտի տրամաբանորեն պատճառակցված լինելը և մշտապես առջևում ունենալով սովորող-անհատին`առաջին հերթին պետք է հարց տալ` անհաշվելի թատերական ոճերի մեջ հատկապես որոնք են ունակ ալեկոծելու հանդիսատեսի սիրտը, միտքը կամ, որ ավելի հաճախ է պատահում, հոգին, և ո՞րը պետք է ընտրել ներկա պարագայում, որպեսզի և՛ հնարավոր լինի հասնել հանդիսատեսի սրտին, և՛ սովորողը ձեռք կբերի նոր հմտություններ: Ընտրելով որևէ ստեղծագործություն, փորձելով գտնել այն պայծառ միջոցը, որի շնորհիվ կստանաս հնարավոր լավագույն տարբերակը, որը նաև սովորողին կհետաքրքրի, մտածելով գործի դնել դրվագների ու տոնի սովորական թե յուրահատուկ ձևեր, կազմում ես գործունեության նախագիծը։
Նախագծային ուսուցման անցնելով` այս փուլում որպես թատերական ստեղծագործություն ընտրեցի Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» ստեղծագործությունը: Հետաքրքիր, փիլիսոփայական, հոգեբանական մի ստեղծագործություն, որը հետաքրքրեց նաև սովորողներին: Ճիշտ է, սկզբնական փորձը միշտ հիշեցնում է կույրի ուղեկցելը կույրերին, բայց այնուամենայնիվ … Առաջին քայլը ստեղծագործության, հեղինակի հետ ծանոթությունն է (նստում ենք հատակին, քանի որ համարում ենք, որ հանդիսատեսն ու բեմը պետք է մի մակարդակի վրա լինեն), հետո փորձում ենք վերլուծել հեղինակի ասելիքը, պիեսից ներկայացմանը հասնելու գործընթացը: Քանի որ ստեղծագործությունը փիլիսոփայական է, այսինքն դեմ է նաև թատերական ավանդական դոգմաներին, կաղապարներին և շտամպի «չարորակ ուռուցքներին», սովորողներց պահանջեցի գտնել ստեղծագործության «սպոնտան»` ինքնաբուխ արտահայտչամիջոցներ, այսինքն գործի դնել նորին պայծառափայլություն իմպրովիզացիան: Իմպրովիզացիան, որպես փորձեր անելու եղանակ, այստեղ է, որ ծնում է ընդհանուր մտածողության ֆենոմենը, և այստեղ է, որ սովորողը սկսում է երևակայել և ստեղծագործել, փոխել իր արտահայտչաձևերը, քանի որ թատրոնը երևակայական տարածք է: Փորձերի ընթացքում սովորողի «ես»-ը դառնում է իմպրովիզատոր, գործում է երևակայական կենտրոնը, երևակայական մարմինը, պլաստիկան, և հեղինակի խոսքը արտահայտվում է մարմնի լեզվով՝ կազմավորվող, ճառագող, սահուն շարժումներ:
Թատրոնը իրենից ներկայացնում է արվեստի տարբեր ճյուղերի՝ գրականության, երաժշտության, խորեգրաֆիայի, վոկալի և այլ ուղղությունների սինթեզ: Այս ներակայացման ժանրը ինքնաբուխ դարձավ մոդեռն՝ պարային- մնջախաղային կոմպոզիցիա` անիմացիոն վիդեոարտի զուգադրմամբ:
Նախագծային ուսուցումը թույլ տվեց քայլ առ քայլ գնալ արդյունքի: Սվորողները ընթերցեցին, քննարկեցին, վիճեցին, եկան համաձայնոթյան: Սկսեցին փնտրել ոճը: Կարելի է ասել՝ գտան նոր ոճ: Ստեղծագործության բեմադրման փորձերը նույնպես ամեն անգամ սովորողին հնարավորություն են տալիս արդեն արվածի վրա նոր բան ավելացնելու, արդեն եղածը նորից փորձելու ու համոզիչ դարձնելու:
Արդյունքում` ստեղծագործությունը բեմից կներկայացվի հանդիսատեսին: