Ժամանակակից մեր լեզուն զարգացման երկար ճանապարհ է անցել: Հասարակական-քաղաքական տուրևառումներին զուգընթաց, մարդկային մտածողության զարգացումներին զուգահեռ այն բազում փոփոխություններ է կրել՝ ենթարկվելով ժամանակի անխուսափելի ազդեցությանը: Հինգերորդ դարի գրական լեզվի՝ գրաբարի ու կենդանի խոսակցական լեզվի միջև աստիճանաբար խորացող ճեղքվածքը ծնունդ է տվել միջին հայերենին, իսկ հետագա դարերում արդեն՝ մեր նոր լեզվին՝ աշխարհաբարին: Եվ որքան էլ անհերքելի էին գրաբարի արժանիքները, հաղթանակում է աշխարհաբարը՝ ուժ ու զորություն ստանալով հենց նույն գրաբարից: Աշխարհաբարի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքում գրաբարը, իրավամբ, դառնում է հայերենի անեզր շտեմարանը, որի ծով հարստությունից այսօր էլ հարստանում ու համալրվում է մեր լեզուն:
Գրաբարից ժամանակակից հայերենին են անցել բազում բառեր ու արտահայտությունները, քերականական ու շարահյուսական կառույցներ, որոնց մեծ մասը քարացած ձևեր են, հնաբանություններ կամ նոր եզրույթով՝ քարացուկներ: Գրաբարի համեմատությամբ իմաստային, խոսքիմասնային փոփոխությունների ենթարկվելով՝ դրանք այնպես են ներհյուսվել ու դարձել մեր այսօրվա լեզվի անբաժանելի մասը, որ առաջին հայացքից հաճախ այնքան էլ դյուրին չէ նկատել ու գիտակցել դրանց գրաբարյան ծագումը:
Ահա այդ բառերի ու արտահայտությունների մի փոքրիկ ցանկ միայն՝ համայն, ամենայն, հանձին, հանձինս, հօդս ցնդել, հընթացս, հօգուտ, հոտնկայս, հետիոտն, հուրախություն, ի մոտո, ի հեճուկս, ի փառս, ի լրումն, ի պետս, ի վնաս, ի վերջո, իհարկե, ըստ արժանվույն, ըստ այնմ, ըստ այդմ, շնորհիվ, խստիվ, մեղմիվ, կանխավ, դրացի, օրավուր, հինավուրց, գլուխգործոց, վերուստ, նախօրոք, վաղօրոք, ձեռաց, երիցս, քանիցս, բազմիցս, առաջ, առջև, հազիվհազ, փոքրիշատե, առանց, առընթեր, քանզի, որպեսզի, հավաստյավ, հիրավի, հարկավ, իրավամբ, համարյա, գրեթե, հասցե, կեցցե, ցավոք, հականե-հանվանե, մեծավ մասամբ, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, հրամանդ ի կատար, օ՜ն ա՜նդր, զինվորյալ կույսեր, տիկնայք փափկասունք, տվնջյան լուսատու, զոր օրինակ, ի խորոց սրտի, ի թիվս այլոց և այլն:
Մի հոդվածի շրջանակում, անշուշտ, բավական ծավալուն կլինի քննել գրաբարայնություններն ընդհանրապես, ուստի հարկ ենք համարում սույն հոդվածում միայն մի քանի դիտարկումներ անել:
Գրաբարը հարուստ է եղել նախդիրներով՝ ի, առ, ըստ, ընդ, զ, ց, որոնք քերականական կառուցվածքում հանդես էին գալիս իբրև սպասարկու բառեր: Գրաբարի վեց հոլովներն արտահայտել են քերականական ամենատարբեր իմաստներ, որոնք արտահայտվում էին ոչ միայն հոլովական վերջավորություններով, այլև հոլովառությամբ: Գրաբարի նախդիրները սպասարկում էին հոլովական համակարգին և արտահայտում տարածական, ժամանակային, պատճառական, վերաբերական ու այլ հարաբերություններ: Սրանցից զ և ց կցվում էին այն բառերին, որոնց հետ գործածվում էին (զբանս, ցայժմ), ի նախդիրը ձայնավորից առաջ վերածվում էր յ-ի և գրվում բառին կից (յանձինս): Մյուս նախդիրները՝ առ, ըստ, ընդ և ի (վերջինս բաղաձայնով սկսվող բառի մոտ) գրվում էին առանձին: Ժամանակակից հայերենում գրաբարյան նախդիրները կորցրել են իրենց հոլովակերտ նշանակությունը և հանդես են գալիս իբրև նախածանցներ (ցմահ, ցայգ, զարդ, զեղծ), կամ բառակազմական միավոր են (գույնզգույն, հևիհև, մերթընդմերթ, ինքնըստինքյան): Սակայն գրաբարից ժամանակակից հայերենին են անցել բազմաթիվ քարացուկներ, որոնցում առկա են նախդիրները: Վերը թվարկված հանձին, հանձինս, հօգուտ, հոտնկայս, հանպատրաստից, հընթացս, հօդս ցնդել և այլ բառերում հենց գրաբարի ի նախդիրն է, որ ձայնավորից առաջ վերածվել է հ-ի: Այս բառերից հանձին և հանձինս ձևերը գրաբարի անձ և անձինք բառերի եզակի և հոգնակի ներգոյական հոլովաձևերն են, որոնք, կորցնելով իրենց խոսքիմասային նշանակությունը, այսօր գոյականից վերածվել են կապերի. դրանցից առաջինի հետ կապվող բառը եզակի է դրվում (հանձին տնօրենի), երկրորդի հետ՝ հոգնակի (հանձինս երեխաների): Հաճախ ենք լսում հոտնկայս բառի ոչ ճիշտ արտասանությունը՝ ոտնկայս կամ ոտնկաց: Բառացի այն նշանակում է ոտքի վրա կանգնած, եթե օգտագործում ենք գրաբարյան տարբերակը, ուստի պետք է հասկանալ, որ բառի առջևում դարձյալ գրաբարի ի նախդիրն է, որ ձայանվորից առաջ դարձել է հ: Այսօր գործածվող սխալներից է նաև ըստ արժանավույն-ը, հետևենք մեր խոսքին և օգտագործենք գրաբարյան այս արտահայտության ճիշտ ձևը՝ ըստ արժանվույն, այսինքն՝ արժանի կերպով:
Վերը թվարկված բառերում շատ են նրանք, որոնք գրաբարի գործիական հոլովաձևեր են, այսպես՝ շնորհիվ, խստիվ, մեղմիվ, կանխավ, հարկավ, մասամբ, ցավոք, վաղօրոք, նախօրոք և այլն: Սրանցից և ոչ մեկը այսօր գործիական հոլովաձև չի գիտակցվում: Կորցնելով խոսքիմասային պատկանելիությսւնը՝ դրանք վերածվել են մի դեպքում կապի (շնորհիվ), մի այլ դեպքում՝ մակբայի (մեղմիվ, խստիվ, կանխավ, մասամբ), մի երրորդ դեպքում վերաբերական են դարձել (ցավոք, հարկավ):
Հասցե, կեցցե բայերը մեր հին լեզվի ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակաձևերն են, որ նշանակում են հասնի, թող հասնի, լինի, թող լինի: Նոր լեզվում սրանցից առաջինը վերածվել է գոյականի, երկրորդը շարունակում է պահպանել իր բայական իմաստը:
Ժամանակակից հայերենում քիչ չեն այն բառերը, որոնք, ենթարկվելով մեր լեզվի բառակազմական, բառաբարդման կանոններին, իրենց մեջ կրում են գրաբարյան այս կամ այն հոլովի քարացած ձևը: Ահա, օրինակ՝ տեղի մակբայների այս շարքը՝ գյուղեգյուղ, դռնեդուռ, քաղաքեքաղաք, սարեսար, ձորեձոր, երեկրեերկիր և այլն: Այս բառերի գյուղե, քաղաքե, դռնե, սարե, ձորե, երկրե ձևերը գրաբարի բացառական հոլովաձևերն են (ի գեղջէ, ի քաղաքէ, ի դռանէ, ի սարէ, ի ձօրէ, հերկրէ ), որոնք ժամանակակից հայերենում ոչ միայն կորցրել են գրաբարի ի նախդիրը, այլև դադարել են բացառական հոլով գիտակցվելուց և նույն բառի ուղղական հոլովաձևերի հետ կազմել տեղի մակբայներ: Գրաբարյան քարացած այս ձևերն իրենց մեջ պարունակող այս մակբայներից բացի՝ ժամանակակից հայերենն ունի նաև բացառական հոլովաձևերով կազմված հոմանիշ մակբայները՝ բայց արդեն հարադիր գրությամբ՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, սարից սար ևայլն:
Ժամանակակից հայերենում հաճախ ենք օգտագործում ծնունդ, հանգիստ, կորուստ, գալուստ, թաքուստ, դուստր, կայսր, բառերի գրաբարյան սեռական հոլովաձևերը՝ ծննդյան, գալստյան, թաքստյան, հանգստյան, կորստյան, դստեր, կայսեր, որոնց կողքին ունենք նաև ի հոլովմամբ ծնունդի, գալուստի, թաքուստի, կորստի, հանգստի, դուստրի, կայսրի ձևերը: Ակնհայտ է, որ գրաբարյան ձևերն ավելի հնչեղ են և մեր խոսքին նկատելի վեհություն են հաղորդում:
Անդրադառնանք նաև մի ուրիշ խումբ բառերի՝ ուսյալ, կորուսյալ, անցյալ, ննջեցյալ, հանգուցյալ, մոլորյալ, թուլացյալ և այլն: Այս ձևերը գրաբարի անցյալ դերբայի քարացած ձևեր են, որոնք ժամանակակից հայերենում փոխադրվում են վաղակատար ձևաբայով կամ հարակատար դերբայով, համարժեք են ուսած, կորցրած, անցած, մոլորված, թուլացած ձևերին: Բայց ահա ննջեցյալ, հանգուցյալ բառերն այսօր փոխել են խոսքիմասային պատկանելիությունը և գործածվում են իբրև գոյականներ:
Գրաբարում կային բառեր, որոնք գործածվում էին միայն հոգնակի թվով. դրանք կոչվում էին անեզական բառեր, օրինակ՝ խելք, միտք, կամք, խօսք, կեանք, փառք առանցք, արևելք և այլն, որոնց բառավերջի ք-ն գրաբարի հոգնակիակերտ մասնիկն էր: Սրանք հոլովվում էին հոգնակի թվով և արտահայտում թե՛ եզակիի, թե՛ հոգնակիի իմաստ: Այսօր ժամանակակից հայերենում այս ձևերը եզակի ձևեր են գիտակցվում և ունեն իրենց հոգնակիները՝ խելքեր, մտքեր, փառքեր և այլն:
Գրաբարում —ք մասնիկից բացի՝ հոգնակիի գաղափարն արտահայտվում էր նաև այլ մասնիկների միջոցով: Այսպես՝ -անի հոգնակիակերտ վերջավորությամբ են կազմվել ավագանի, նամականի, առականի, առածանի, ամրոցանի, գլխանի բառերը, որոնք այսօր էլ պահպանել են հոգնակիության գաղափարը, հավաքական գոյականներ են, սակայն այս ձևերին կարող է ավելանալ ժամանակակից հայերենի հոգնակիի -ներ վերջավորությունը, ու բառն ունենա կրկնակ հոգնակիակերտություն, ինչպես՝ ավագանիներ, նամականիներ և այլն:
Ժամանակակից հայերենում շատ լայն կրառություն ունեն նաև գրաբարից մեզ թևավոր խոսքեր, աստվածաշնչյան կամ հեղինակային ասույթներ, որոնք մեր ամենօրյա խոսքում հենց այդպես էլ նախընտրում ենք օգտագործել: Ահա դրանցից մի քանիսը.
- Ձայն բարբառոյ յանապատի:
- Դարձ ի շրջանս իւր:
- Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ:
- Լաւ է կօյր աչօք, քան կօյր մտօք:
- Մահն ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն:
- Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
- Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
- Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկանիցին:
- Ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի:
- Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք:
- Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:
Շարքը, անշուշտ, կարելի է շարունակել, և շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ գրաբարյան այս ասույթներն ու թևավոր խոսքերը ավելի հնչեղ են, շքեղ ու ականջ շոյող, քան նրանց աշխարհաբար տարբերակները: Չէր սխալվում Վահան Տերյանը, երբ գրաբարի մասին գրում էր. «Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն»: