Կան երկրներ, որոնք ունեն առավել հաջողված կրթական համակարգեր: Աշխարհում հայտնի են Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի, Սինգապուրի կրթական համակարգերը: Կան նաև հեղինակային կրթական համակարգեր, որոնք ոչ թե կոնկրետ մեկ երկրի ներսում են իրականացվում, այլ տարածվել են աշխարհով մեկ` կազմելով կրթական ցանցեր: Դրանք, ըստ էության, հիմնականում հետևում են մանկավարժական մի քանի մեթոդի՝
- Ֆրենեի,
- Մոնտեսորիի,
- Վալդորֆյան։
Սրանք ինքնատիպ մանկավարժական լաբորատորիաներ են, որտեղ իրականացվումէ մանկավարժական որոշակի մեթոդաբանություն: Փորձենք ներկայացնել այս երեք կրթական ցանցերի առանձնահատկությունները:
Ֆրենեի մանկավարժություն
Սելեստեն Ֆրենեն (1896-1966) ֆրանսիացի մանկավարժ է: Ֆրենիի մանկավարժության հիմքում փորձն է:
«Մշակելով մեր մանկավարժական տեխնիկան, մենք երբեք չենք հենվել որևէ մանկավարժական տեսության վրա: Մեր մեթոդները հիմնված են բացառապես փորձի վրա, որը մենք ստացել ենք երեխաների հետ անմիջական աշխատելիս: Մեր նորամուծություններից և ոչ մեկը չունի որևէ ապրիորի (փորձի վրա չհիմնված) գաղափարի արմատներ»:
Ս. Ֆրենե
Ֆրենեն առանձնացրել է հետևյալ մանկավարժական ուղղվածությունները.
- երեխայի անձի առավելագույն զարգացում խելամտորեն կազմակերպված հասարակության մեջ.
- դպրոցը պետք է կենտրոնացած լինի երեխայի՝ վաղվա հասարակության անդամի վրա.
- երեխան ինքն է կառուցում իր անձը, մենք օգնում ենք նրան.
- պետք է ստեղծել հնարավորություններ յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար.
- աշխատանքը պետք է դառնա հիմնարար սկզբունքը, շարժիչ ուժը և ժողովրդական դպրոցի փիլիսոփայությունը.
- պայծառ գլուխը և հմուտ ձեռքերն ավելի լավ են, քան ավելորդ գիտելիքներով ծանրաբեռնված միտքը.
- ողջամիտ կարգապահությունը կազմակերպված աշխատանքի արդյունք է.
- ժողովրդական դպրոցը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական հասարակության:
Ֆրենեի ստեղծած մանկավարժական համակարգը ներառում է հետևյալ գաղափարները`
- աշխատանքային մանկավարժություն
- համագործակցային ուսուցում
- խթանող ուսուցում
- բնական մեթոդի կիրառում
- կենտրոնացում սովորողների հետաքրքրությունների վրա։
Ֆրենեի մանկավարժության հիմքը անձի արժանապատվությունն է: Ըստ Ֆրենեի` «Դաստիարակության հիմքում ընկած է անձի արժանապատվությունը: Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի բարելավման գլխավոր պայմաններից մեկն է»:
Ֆրենեն մեծ նշանակություն է տվել ուսումնական գործընթացի հստակ պլանավորմանը։ Ուսուցիչը պետք է կազմի յուրաքանչյուր դասի ընդհանուր աշխատանքների պլանը՝ տարվա և ամսվա համար: Իսկ աշակերտը պետք է կազմի շաբաթվա աշխատանքի անհատական պլան՝ արձանագրի աշխատանքը, որով պետք է զբաղվի, ինքն էլ վերահսկի դրա կատարումը: Առաջարկել է ուսումնառության ինքնավերահսկողություն:
Ֆրենեն, ի տարբերություն շատ տեսաբան մանկավարժների, տվել է նաև իր գաղափարները կիրառելու գործիքներ` ստեղծելով բազմաթիվ մանկավարժական տեխնոլոգիաներ: Ֆրենի կողմից մշակվել է մանկավարժական յուրօրինակ տեխնոլոգիա, որը հայտնի է «Ֆրենեի տեխնիկա» անվամբ: Այն բաղկացած է մի շարք տարրերից, որոնք տարբերվում էին ըստ գործառույթների՝ դպրոցական տպարան, դպրոցական ինքնակառավարման մարմիններ, «ազատ տեքստեր» (մանկական գրվածքները), անհատական աշխատանքի քարտեր, ուսումնական ձեռնարկների հատուկ գրադարան և այլն: Նա հայտնի է նաև իր մշակած մանկավարժական ինվարիանտներով:
Ֆրենեի կրթական ցանցը կիրառվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
Մոնտեսորիի մանկավարժություն
Մարիա Մոնտեսորին (1870-1952) իտալացի է: Մոնտեսորիի մանկավարժության հիմքում երեխայի ինքնուրույնությունն է: Ըստ Մոնտեսորիի` «Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ: Այդ իսկ պատճառով երեխայի անհատական ազատության առաջին գործուն դրսևորումները պետք է այնպիսի ուղղվածություն ունենան, որ ակտիվությունը մշակի նրա ինքնուրույնությունը»:
Մոնտեսորիի մանկավարժության համակարգին բնորոշ են հետևյալ բնութագրումները.
- տարբեր տարիքային խմբեր, ընդ որում առավել տարածված խմբերը 3-6 տարեկան են.
- աշակերտները գոյություն ունեցող առկա տարբերակներից ինքնուրույն ընտրում են պարապմունքներ.
- աշխատանքի անդադար փուլեր՝ սովորաբար 3 ժ տևողությամբ.
- «Ուսուցում հայտնագործության միջոցով», երբ աշակերտներն ուսումնասիրում են երևույթները նյութի հետ աշխատելով, այլ ոչ թե ուսուցչի բացատրածով.
- ազատ տեղաշարժի հնարավորություն
Մոնտեսորիի մանկավարժությանը բնորոշ են հետևյալ հինգ սկզբունքները՝
- բնական զարգացմանը միտված ներգործության սկզբունք
- միջավայրի ընտրության ազատության սկզբունք
- գործունեության ընտրության ազատություն
- ուսման մեջ անձնական ակտիվության սկզբունք
- առարկայական ուսուցման սկզբունք։
Մոնտեսորիի մանկավարժական համակարգում ամբողջ գործընթացն ուղղված է երեխայի ակտիվությանը, ինքնուրույնության ձևավորմանն ու զարգացմանը: Ուսուցիչը աշակերտի ավագ ընկերն է, գործընկերն ու խորհրդատուն: Ակտիվ է աշակերտը, պասիվ` ուսուցիչը:
Մոնտեսորիի կրթական ցանցը լայն տարածում է ստացել բոլոր մայրցամաքներում: 2017թ-ին Մոնտեսորի մեթոդաբանությամբ, «Villa Montessori» միջազգային կենտրոնի աջակցությամբ մանկապարտեզ է բացվել Երևանում:
Շտայների մանկավարժություն
Վալդորֆյան մանկավարժության հիմնադիր Ռուդոլֆ Շտայները (1861-1925) գերմանացի է: Շտայների մանկավարժության հիմքում անթրոպոսֆիան է՝ երեխայի ուսուցման նկատմամբ նրա փիլիսոփայական մարդաբանական մոտեցումը: Անթրոպոսոֆիան հունարենից թարգմանաբար նշանակում է մարդիմացություն։ Դաստիարակության և ուսուցման մեջ անհրաժեշտ է մարդկային բնության մասին գիտելիքը։
Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շտայների գաղափարների հիման վրա, ըստ որի, անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն։ Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, ոչ թե միայն գլխի։ Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը։ Ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե «ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն», այսինքն՝ սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք՝ ձևակերպել օրենքը։
Երեխաներին առաջին հերթին մշակված հատուկ ժեստերի միջոցով սովորեցնում են կենտրոնանալ, լսել և լռել։ Վալդորֆյան մանկավարժությունն ունի լայն իմաստով բնապահպանական ուղղվածություն։ Արվեստի տարրերը ուսումնական գործընթացի մեջ կարևոր մասն են կազմում։ Կարևորվում են ուսումնական, աշխատանքային բազմօրյա ճամփորդությունները: Մեծ տեղ է հատկացվում այգեգործությանը, գյուղատնտեսությանը, խեցեգործությանը և այլն։
Վալդորֆյան մանկավարժության համակարգին բնորոշ են հետևյալ բնութագրումները.
- ուսուցչի, հատկապես` դասվարի բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը.
- ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը.
- բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս.
- ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի կարևորումը (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն).
- ավանդությունների և տոների նշումը.
- գնահատականների անցումը բալային համակարգի՝ երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով անձի զարգացման ապահովում.
- առաջին դասարանից սկսած՝ միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը.
- ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները որպես արդյունք. ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը.
- ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում.
- երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր)։
Վալդորֆյան շարժումը, որը սկիզբ էր առել Վալդորֆ-Աստորիա ծխախոտի գործարանի աշխատողների երեխաների համար ստեղծված դպրոցի անունից, այսօր տարածվել է աշխարհում: Վալդորֆյան դպրոցներն առանձնապես տարածված են Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայում:
1994 թ.-ից Երևանում գործում են վալդորֆյան մանկավարժություն իրականացնող «Արեգնազան» կրթահամալիրը և «Դեղին արտույտ» վալդորֆյան մանկապարտեզը:
Օգտագործված ռեսուրսներ
- Ժամանակակից մանկավարժական մոտեցումներ, Երևան 2005
- Սելեստեն Ֆրենե «Մանկավարժական ինվարիանտներ», «Նոր ֆրանսիական դպրոց»
- Սելեստեն Ֆրենե, Մարիա Մոնթեսորի, Վալդորֆյան դպրոց, Ֆինլանդիայի կրթական համակարգը
- Յուրա Գանջալյան «Անընդհատ սերտել ու անընդհատ քննության տա՞լ»
- «Արեգնազան» կրթահամալիրի կայքը, «Դեղին Արտույտ» վալդորֆյան մանկապարտեզ» ֆեյսբուքյան էջը
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան