«Ուսուցումը դասավանդման արդյունք չէ:
Ուսուցումը սովորողների գործունեության արդյունք է»:
Ջոն Հոլթ
Մենք բոլորս էլ սովորում և սովորեցնում ենք տարբեր ձևերով և միջոցներով և ուսուցման գործընթացի կարևոր մասն ենք համարում նրա արդյունավետությունն ու սովորղների ներգրավվածությունը: Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնեն, որ իրական կրթությունը տեղի է ունենում լսարանի վերահսկվող միջավայրից դուրս:
Ավագ դպրոցում նախագծերը կազմելիս հաշվի եմ առնում սովորողների նախասիրություններն ու կարծիքները՝ նպատակ դնելով համադրել ակադեմիական գիտելիքը և ներաշխարհը հարստացնող զբաղմունքը: Նման զբաղվածությունը խթանում է սովորողների առաջադիմութունը, զարգացնում ստեղծականությունը, օգնում գտնել իրենց անհատական ուժեղ կողմերը և սեր արթնացնել որևէ նոր բան սովորելու հանդեպ:
Սովորողների՝ դասարանից դուրս իրականացվող նախագծերին ներգրավվելով՝ դասավանդողի և սովորողների համար հնարավոր է դառնում ձեռք բերված գիտելիքներն ու բառապաշարը կիրառել տարբեր միջավայրերում և իրադարձություններում: Նմանատիպ նախագծի օրինակ կարող է լինել ուսումնական ճամփորդությունը: Ճամփորդելիս փորձում ենք համատեղել օգտակարն ու հաճելին: Բացի հայրենագիտական-ճանաչողական նպատակից, սովորողների հետ փորձում ենք բարելավել անգլերենի բանավոր խոսքը՝ ստեղծելով տարբեր իրավիճակներ, խաղեր, քննարկումներ ինչպես նաև վարել հարցազրույցներ օտարերկրացի զբոսաշրջիկների հետ: Դասարանից դուրս սովորողի և դասավանդողի փոխհարաբերությունները ևս բարձրացնում են սովորողների իքնավստահությունը դասարանում և դրական ազդում դասապրոցեսին մասնակցելուն: Ճամփորդությունները ոչ միայն զվարճալի և արդյունավետ են, այլ նաև զարգացնում են բառապաշար՝ դարձնելով այն կիրառելի և իրական:
2017-2018 ուսումնական տարում դասարանից դուրս իրականացված և հաջողված նախագծերից կառանձնացնեմ հետևալները.
«Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ»
«Հայերը Եվրոպայում»
Ներկայացնում ենք Քոչարի պարը
Ներկայացնում ենք մեր բանաստեղծներին
Ներկայանում ենք հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանին
«Երևանյան ցայտաղբյուրները» կարճաժամկետ նախագիծ
Վերոհիշյալ նախագծերում գերակշռում է կոլելտիվ ուսուցման մեթոդը՝ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ փոխազդեցության ձևը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու համընդհանուր համագործակցության և փոխօգնության վրա հիմնված ուսուցման գործընթաց: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր ուսումնական խնդիրներն ու նպատակներն իրագործում է մյուսների օգնությամբ՝ միաժամանակ օգնելով նրանց իրագործելու իրենցը: Նման նախագծերը խթանում են սովորողների ինքնազարգացումը, հնարավոր են դարձնում գիտելիքների՝ կոնկրետ իրավիճակներում կիրառելը: Ընդգրկվելով նախագծի մեջ՝ նրանք կատարում են հետազոտական աշխատանքներ, գտնում համապատասխան նյութեր, թարգմանում, վերլուծում, տեքստերը դարձնում իրենցը և պատրաստվում բանավոր խոսքով ներկայանալուն:
Նման նախագծեր կազմելիս պետք է.
- սահմանել իրադարձության համար նպատակ. ի՞նչ ենք ակնկալում, որ սովորողները սովորեն նոր իրավիճակում.
- հետազոտել դասի անցկացման հնարավոր վայրերը: Գործընթացը ևս կարող է հանդիսանալ ոգեշնչման աղբյուր։
Դասարանից դուրս ուսուցման կարևոր խնդիրներն են.
- ոգևորել սովորողներին և հետաքրքություն առաջացնել ուսուցանվող առարկայի նկատմամբ
- զարգացնել սովորողների ստեղծական և մտավոր կարողությունները
- զարգացնել սովորողի ինքնուրույն աշխատելու կարողությունը
- բացահայտել յուրաքնչյուր սովորողի և զարգացնել նրա ստեղծագործական անհատական ունակությունները
- սովորողների մեջ սերմանել պատասխանատվության զգացում ընդհանուր և համատեղ աշխատանքի հանդեպ։
Դասարանից դուրս ուսուցումը իր մեջ կրում է զվարճանքի, առողջ հանգստի, լավ տրամադրության, ուրախ գործունեության, սովորողներին և դասավանդողին միավորող սկզբունք: Հզոր խթան է հանդիսանում լեզվին տիրապետելու համար: Վերոհիշյալ ուսուցումը երկու հիմնական նպատակ է հետապնդում. Նախ՝ սովորողի համար օգտակար և արդյունավետ ժամանակ անցկացնել, զարգացնել նրա անհատականությունը, երկրորդ` խթանել հետաքրքրությունը և պահպանել մոտիվացիան ուսուցանվող առարկայի նկատմամբ:
Վերջում նշեմ, որ յուրաքանչյուր ուսուցում, եթե կապված է իրական կյանքի իրավիճակների և իրադարձությունների հետ, ներգրավում և հետաքրքրում է սովորողներին: Դասարանից դուրս ուսուցումը և բացահայտումը ոչ միայն ապահովում է ակադեմիական գիտելիքների և անհատական աճի հնարավորություն, այլ նաև բարելավում թիմային աշխատանքի հմտությունները, ուսուցումը դարձնում հաճելի և արդյունավետ:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան