Առջևում մայիսյան 13-րդ հավաքն է, իսկ ես հետ եմ նայում դեպի 12-րդ հավաք: Այսինքն՝ հավաքից հավաք: Մեկ տարի. ի՞նչ եմ արել, ի՞նչ ձեռքբերումներ, նվաճումներ եմ ունեցել, ի՞նչ դժվարություններ ու խոչընդոտներ: Չգիտեմ՝ գրածս վերջում կդառնա՞ մեթոդական հոդված, թե՞ ոչ: Բայց պետք է, որովհետև այն առաջին հերթին անհրաժեշտ է հենց ինձ, որպեսզի որպես հաշվետվություն՝ ի մի բերեմ կատարած աշխատանքս, տեսնեմ արդյունքը և հետագայում լրացնեմ բացթողումները:
Ամենուր կատարվում են լուրջ փոփոխություններ, որոնց չի կարող չարձագանքել դպրոցը: Եվ այդ փոփոխություններին անմիջապես արձագանքում է նոր սերունդը` այսօրվա սովորողը` կամային, նպատակասլաց, ինքնավստահ սովորողը: Այն սովորողը, որի և′ հայացքներն են փոխվել, և′ սկզբունքները, որն արդեն նոր արժեքների կրողն է և ուսուցչից պահանջում է համոզիչ, խելացի, անկեղծ պատասխան, նոր, ստեղծական, հետաքրքիր մոտեցում, սովորող, որն այսօր շատ-շատ հարցերում արդեն գերազանցել է իր ուսուցիչներին: Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն այսօր անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Այսօր սովորողն այլ պահանջմունքներ ունի, տարիքն այլ բան է թելադրում, շրջապատը` ուրիշ, իսկ մենք նրան տեղափոխում ենք իր համար «խորթ ու օտար» այլ իրականություն: Ուստի ոչ միայն սովորեցնել, այլև սովորել է պետք, աշխատանքը հետաքրքիր, տարբեր, ստեղծական դարձնել է պետք:

Ի՞նչն եմ կարևորել

  • առաջարկվող թեմաները, նախագծերը պետք է հետաքրքիր լինեն
  • սովորողին պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռվի
  • հարցադրումները պետք է պարունակեն որոնողական և հետազոտական տարրեր
  • հարցադրումները պետք է ձևավորեն կարծիք, վերաբերմունք, տեսակետ։

Կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է հեղինակային կրթական ծրագրերով ուսումնական գործունեության կազմակերպման հիմքում, որը հնարավորություն է տալիս ունենալ որոնող, պրպտող սովորող և կարդացող-մտածող- սովորող դասավանդող:

Ինչպե՞ս եմ աշխատել
Նախորդ տարիների փորձը ապացուցել է արդեն, որ նախագծային մեթոդը իրագործելու դեպքում սովորողները կարողանում են աշխատել ընկերների հետ, կոնկրետ այս կամ այն հիմնախնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից ձեռք բերած իրենց գիտելիքները: Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս կարևորել եմ

  • հիմնահարցի ձևավորումը
  • աշխատանքային խմբի ձևավորումը
  • հետազոտական աշխատանքների ընթացքը
  • սովորողների և խմբի աշխատանքների գնահատումը
  • հետագա աշխատանքների նախանշումը։

Հիմա արդեն համոզված կարող եմ բարձրաձայնել, որ ուսումնական նախագծերն հընթացս նոր գաղափարներ մշակելու, փոփոխություններ կատարելու, դրանք իրականացնելու հնարավորություն են տալիս: Ու այդ նպաստում է, որ ուսուցումն ավելի կենդանի, հետաքրքիր դառնա: Տարին տարվա, այսօրը յուրաքանչյուր նախորդ օրվան կապված շղթայի մի օղակն է, նոր կառուցվող շենքի մի քարը: Ու քարը քարին անսխալ դնելու, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է և՛ կրթական ծրագրով որոշված պահանջները կատարել, և՛ սովորողին տալ ստեղծագործական ազատություն, ինքնուրույնություն դրսևորելու, ընտրություն կատարելու հնարավորություն: Եթե ես ազատ եմ նախագիծը կազմելու, նյութի ընտրության, հարցման ու գնահատման ժամանակ, ինչո՞ւ պետք է իմ առջև նստած սովորողը զրկվի իրեն դրսևորելու հնարավորությունից:

Իմ փորձից
Բլոգում յուրաքանչյուր ամսվա համար հրապարակվել են աշխատանքները՝ գրականություն, մայրենի, ինքնուրույն հետազոտական աշխատանք, թարգմանություն, ռադիոնախագծեր, ճամփորդություն: Սովորողները իրենք են ընտրել՝ անհատակա՞ն, թե՞ խմբային աշխատանք անել: Թարգմանական գործը շատ եմ կարևորում ուսուցման մեջ: Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ դասավանդողն էլ, սովորողն էլ թարգմանիչ են: 9-10-րդ դասարանի սովորողները թարգմանել են տարբեր նյութեր իրենց համար, ընկերների համար, իրենց ընտրությամբ կամ իմ առաջարկով։ Նյութերի ընտրությունը պայմանավորված է եղել կա՛մ կրթահամալիրի ուսումնական օրացույցով, կա´մ սովորողի ընտրությամբ գործունեությամբ, կա´մ որևէ ուսումնական առարկայի ծրագրով որոշված թեմայով: Թարգմանությունը նպաստել է, որ սովորողը մեկ անգամ ևս վերանայի հայերենի բառապաշարը, թերթի հոմանիշների, դարձվածքների բառարաններ` գտնելու այն համապատասխան բառը, որն անհրաժեշտ է իմաստը ճիշտ թարգմանելու համար: Տարվա ընթացքում ստեղծել ենք թարգմանական նյութերի մեդիափաթեթներ: Բոլոր աշխատանքները տեղադրվել են բլոգներում, առավել հաջողվածները՝ Ավագ դպրոցի ենթակայքում:

Նախագծեր՝ կապված կրթահամալիրի ուսումնական օրացույցի, սովորողի առօրյայի, հասարակության մեջ ընդունված տոների հետ: Այս նախագծերն իրականացնելիս սովորողը դառնում է հասարակության լիիրավ անդամ, ակտիվ, իր շրջապատը փոխող, նորացնող, նոր լուծումներ գտնող և ստեղծագործող անդամ: «Կա՞ր, թե՞ չկար կամ հեքիաթապատում», Նախագծային ուսուցման ստուգատես, «Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց»…
Կրթությունը շարունակական է, դասարանից, ժամանակի սահմաններից դուրս, ամեն օր և ամեն տեղ, ուր կարելի է շփվել, փոխանցել կյանքի ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները… Սովորողների ուսումնադաստիարակչական գործն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարևոր եմ համարել ճամփորդությունների կազմակերպումն ու դրանց իրականացումը՝ ըստ ընդունված կարգի: Կրթական ծրագրով հաստատված առարկաների ու ընդունված մեթոդների հիմնական նպատակը մեկն է` տալ սովորողին անհրաժեշտ գիտելիքներ` առօրյա կյանքում կողմնորոշվելու, ճիշտ ընտրություն կատարելու և իր հնարավորությունները օգտագործելու համար: Ճամփորդություններ կազմակերպելիս միշտ հաշվի եմ առնել հետևյալ խնդիրները՝

  • Ճամփորդության նախապատրաստական աշխատանքների միջոցով հմտություների ձեռքբերումը
  • խմբային աշխատանքի դրսևորումները ճամփորդական նախագծի ընթացքում
  • կրթական ծրագրերի, ծեսերի, նախագծերի տարածման գործնական կիրառումը
  • ճամփորդությունը սովորողի անընդհատ զարգացման գործիք դարձնելը
  • Ճամփորդության նախապատրաստական աշխատանքները սովորողի ինքուրույնության դրսևորում դարձնելը։

Ճամփորդությունները իրենց մեջ ներառել են և՛ հայրենագիտություն, և՛ կրթական ծրագրերի փոխանակում, նոր ծանոթություններ ու փոխայցելություններ: Նախապատրաստական աշխատանք՝ երթուղու քարտեզագրում, հետազոտական աշխատանք, հետճամփորդական վերլուծություններ, որոնք պատումների տեսքով հրապարակվել են սովորողների բլոգներում. «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Գյումրի», Գալշոյանին հյուրՈւխտագնացություն-1, մայիսյան ուխտագնացություն՝ նախաճամփորդական և հետճամփորդական պատումներ…

Որպես ավարտ
Յուրաքանչյուր նախագիծ ունեցել է իր ամփոփում-հաշվետվությունը, կազմակերպել ենք քննարկումներ, խոսել և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների մասին, ձևակերպել արդեն հաջորդ նախագծերի հիմնահարցերը: Սովորողի հասունությունը դրսևորվում է իսկապես ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտումի դեպքում: Հենց այդ ցանկությունն էլ խթանում է սանի ճանաչողական գործունեությունը, ընդգծում է նրա ինքնուրույն աշխատանքը: Ուսումը ձեռք է բերում անձնական իմաստ և վերաճում է ինքնակրթության:
Ու այդ դեպքում ուսումնական գործունեությունը դառնում է «իմացական ուրախության» աղբյուր:

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով