Մենք եկել ենք օգնելու․ նախագծի անունն էլ, որպես օժանդակություն գտնված է՝ «Աշտարակը բաց
հանրակրթական լաբորատորիա», մեր փորձը՝ բաց-հասանելի իրենց համար․․․
Մանկավարժական մեջբերումները Աշոտ Բլեյանի օրագրից
Ուսումնական Արագածոտն․․․ Մուղնիի դպրոցում մեր երեկվա անուշով-թեյի կլոր սեղանի շուրջ մանկավարժական զրույցը մնաց. մի կողմից՝ սեբաստացիների խումբը, մյուսում՝ Մուղնիի բարեհամբույր ուսուցիչների, իրենց ընդունակ-տնօրեն Գրետա Համբարձումյանի առաջնորդությամբ․․․ Բողոքել չկա. ես գիտեմ արատը, մի կողմից՝ ծննդի պակասի ու չթուլացող գաղթի արդյունքում մարող, շարունակ դաս-ժամի-աշխատավարձի պակասի անհաշտությունը, լարում-անվստահությունը, մյուս կողմից՝ էսպիսի, օրը մթնեցնողի աշխատանքի իներցիոն ընթացքը փոխելու-բեկելու անկարողությունը, որի համար անհրաժեշտ է դառնալ հեղինակ մանկավարժության ու․․․ Մուղնիի համար ասեմ, 80-ի չափ առաջինից 9-րդ դասարանցի սովորող, հրաշալի բարձունք-հարթակի վրա. մի կողմից՝ Քասաղի աննման կիրճը՝ Արայի սարով ու Արագածով քառագագաթ, մյուս կողմի վրա՝ Սուրբ Գևորգի նշանավոր եկեղեցու գմբեթը ու նույնքան և ավելի պատմությամբ փոխված գյուղը․․․ Մի կրթական-մշակութային ծառայության պատվեր կա, որ սպասարկեր գյուղը, այն դարձնելով որպես երկրագործական (պտղաբուծության-մշակման) համայնք, Աշտարակի մեջ, Երևանին կպած, դեպի Գյումրի-Վրաստան, դեպի Վանաձոր-Վրաստան բարեկարգ ճանապարհների խաչմերուկում, նպաստելով ապրումին․․․ Հսկա հողատարածք՝ ասֆալտի տակ թողած, երախտավոր արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի օրհնությունն ունեցող, լուսավոր-հսկա ծավալով ջեռուցվող շինություն․․․ Ախր ի՞նչ կա մտածելու, գրաբար աղաղակեմ. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի», մնում է թևքերը քշտեն ու գյուղացոնց հետ կպչեն գործի․․․
Մենք եկել ենք օգնելու․ նախագծի անունն էլ, որպես օժանդակություն գտնված է՝ «Աշտարակը բաց հանրակրթական լաբորատորիա», մեր փորձը՝ բաց-հասանելի իրենց համար․․․ Գտնված է նաև մեր փորձի փոխանցման կերպը․․․ Զառա Ոսկանյանի այս պատումը այնքա՜ն էր տպավորվել, որ առաջարկում եմ նորից կարդալ բոլորով, ովքեր մասնակցելու են մեր մանկավարժության փոխանակման ծրագրերին, հատկապես Աշտարակում Արագածոտնի մարզում, քանզի ծնվել է այստեղ, հրապարակային քննություն բռնել։ Պատրաստեք տեխնոլոգիական հանրակրթական փորձի փոխանցման խմբեր, ընտրեք Աշտարակում-Աշտարակի շրջանում, որպես մեկ միասնական ամբողջական բաց հանրակրթական լաբորատորիա, ձեր տարածք-դպրոցը, ուսումնական հաստատությունը, այդ թվում՝ արտադպրոցական, նախադպրոցական, պայմանավորվեք ու սկսեք․․․ Իմը՝ հիմնավորված գործերով, հայտերի ժամանակին բավարարումն է, այլ աջակցություն կստանաք մանկավարժության կենտրոնից, իրարից․․․
Մարինե Մկրտչյան երաժիշտ-ազգագրագետի ճշգրիտ այս ձևակերպումով, մարինավարի անմիջականությամբ արտահայտված այս տեսանյութը-շարքը անպայման դիտեցեք՝ մասնակից դառնալու համար Աշտարակ բաց լաբորատորիայում կրթահամալիրի քոլեջի «Համայնքային ծես» դիպլոմային նախագծի մեկնարկի մարդկային ազդեցությունը գնահատելու, ապրումակցության համար: Տպավորված եմ, շնորհակալ եմ Մարինեին, Թամարին, Սյուզիին, Սվետային՝ նախագծային խմբի մեր ղեկավարներին, աշտարակյան առաջին շրջանի աշխատանքի համար: Այսօր Աշտարակի երաժշտության դպրոցում շարունակվում են նախագծային խմբի պարապմունքները, իսկ վաղը ի մի կբերվի մինչ այս կատարվածը, ու կրթահամալիրի քոլեջում Աշտարակի մանկապարտեզների դաստիարակների նախագծային խումբը փետրվարի 19-ից կսկսի դիպլոմային նախագծի երևանյան փուլը: Հիշեցնեմ, որ դիպլոմային պաշտպանությունը կկայանա հուլիսի առաջին օրերին…
Ահա այսպիսի լրջությամբ ենք սկսել մոտենալ կրթահամալիրում քոլեջային բոլոր դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը… Կրթահամալիրի մասնաժողովը փետրվարի 27-ին կհաստատի բոլոր մասնագիտություններով 2018թ. շրջանավարտների նախագծերը՝ իրենց ղեկավարներով ու աշխատակարգերով։ Մենք դիպլոմը որպես թուղթ կնքողներ չենք… Վճռական ընտրել ենք, ձևափոխելով Աշտարակի դպրոցներից մեկի ցուցապաստառը, «մասնագետի կռման դարբնոց» ճանապարհը… Դիպլոմնիկների կարողությունների գործադրմամբ փոփոխված աշխարհը նկատելի՞ կլինի…
Իսկ Աշտարակը սկսում ենք ընկալել որպես զարդ Արագածոտնի, որպես թափառումի քաղաք… Ես երեք անընդմեջ օրվա աշխատանքով, նախագծային խմբով ունեցա սրանում համոզվելու այդպիսի հնարավորություն՝ թափառումի քաղաք Աշտարակը, վստահ եմ, շատերի համար բացահայտելու… Ամեն անգամ հատուկ ընտրված քայլքային ուղիները ես շարունակելու-ծավալելու հաճույքից ինձ չեմ զրկի:
Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան