Մանկավարժական հունվարը Աշոտ Բլեյանի օրագրում
Երանիներ. Նոր Կտակարանից բնաբան-ընթերցումը՝ Աշոտ Բլեյանի
Իմ հունվարմեկյան գիրն էլ, որքա՜ն սովորական-հերթական, որ անընդհատությունը՝ 2017-ի ելքով, 2018-ի մուտքով ապահովված լինի, կրում է փոփոխություններ, ինչպես ամեն մի կրթահամալիրային մշակում՝ ծրագիր, օրացույց, ուսումնական, թե աշխատանքային պլան, նախագիծ․․․ Հատուկ տոնական աուդիո-վիդեո ողջույնի ոչ մի խոսք չեք լսի․․․ ինչի՞ համար, երբ լրագրող Վարդ Սիմոնյանի վերջին նախագիծը, այդպիսին ներկայանալու բոլոր հատկանիշներն ունի. և՛ ամփոփում-անդրադարձ է անցնող 2017-ին, և՛ հայացք 2018-ին․․․
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
Վարդուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Եվ իմ պատասխանները՝ առաջադրված հարցերին
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Ես ո՛չ կառավարման-կրթության փորձագետ եմ, ո՛չ վերադաս պաշտոնյա։ Գնահատելը, առավել ևս ոլորտում տարվող պետական քաղաքականության արդյունավետության որոշումը որևէ բալանոց համակարգով, իմը չէ։ Դրանից իմ գիտակից կյանքում ես հետևողական խուսափել եմ։ Իմը խրախուսելն է, հասարակական առաջընթացին նպաստող որևէ գործողությունը, առաջացած հնարավորության բացահայտումը, դրա լիարժեք օգտագործման ճանապարհը բացելը՝ միշտ, որպես կանոն, առջևից գնալով, ուղի հարթելով։ Հատկապես որ, որպես պետական քաղաքականություն բացակայում է հանրային ջանքերի-նախագծումների-լուծումների-ծրագրերի հերոսիկրթությունը՝ իր ազատ ընտրությամբ, որի գլխավոր մեթոդը ինքնակրթություն-ինքնուսուցումն է, դրա համար հարկավոր գործիքների յուրացում-կիրառումը՝ իր, իր ընտանիքի, մերձավորի, իր պատասխանատվության-ազդեցության շրջանակում գտնվող համայնքի կյանքի խնդիրների-նախագծերի լուծում… Ցավոք։ Այս տեսանկյունից դուք գնահատեք, քանի բալանոց համակարգով ուզում եք, կրթահամալիրում մեր արածը, ուսումնական մեր նախագծերը, որ մեզ՝ մեր ուսուցչին ու սովորողին, մեր շրջապատը փոխում են հաստատ։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հանրակրթական անհեղինակ ծրագրի կազմակերպումը, երբ անհատականություն չհարգող, անհատի կենսական ժամանակը խժռող, նյութակեր հաստատության միջոցով ստրկացած-ճորտացած տնօրենը-ուսուցիչը-սովորողը ինքնարտահայտման-ինքնաճանաչման հաճույքից շարունակում են զրկված մնալ…
Մասնագետի պատրաստության պատվիրատուի՝ գործատու շուկայի փոխարինումը պետական որակավորման հանձնաժողովի անունից դիպլոմներ բաժանող հաստատությունով։
Կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ կրթության գործի մասնակիցներին պիտի վստահել կրթության ծրագրման գործը՝ իր դասընթացը որոշող, ուսումնական նախագծեր մշակող, անընդհատ սովորող ուսուցչին, իր անհատական պլանը կազմող, սովորեցնող սովորողին։
3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Իմ՝ արդեն հնչեցրած «վայ»-երից, կարծեմ, հետևում է պատասխանը։ Անպատասխանատվության արմատը ուսումնական հաստատության, նրան ենթակա մասնագետի՝ պետության անունից գործելն է։ Մասնագետը նախ պիտի գիտակցի իր իրագործած ծրագիրը (մասնակցի, համաձայն լինի) պատասխան տա իր գործածի համար, չանի բաներ, որոնց հետ, իբր թաքուն, համաձայն չէ։ «Ինչ արած»-ի, տունը պահելու պատրվակներից զրկված լինի։ Նույնը՝ նաև սովորողի, նրա ընտանիքի դեպքում. ստեղծականությունը՝ որպես առանցք, անցնի կրթության-ուսուցման հյուսիսային բևեռից հարավային բևեռ, այնպես, որ նրա շուրջ պտտվեն կրթական խմորումները։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել․կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չենք կարող ծառայել Աստծուն և Մամոնային․․․»։ Չես կարող անգիրի դպրոցում, նրա գործունեության դաշտում լինել և իբր երազել ստեղծականության մասին։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
«Եվ իր աշակերտներից մեկն ասաց․ «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ, նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուս նրան ասաց․ «Դու իմ ետևից արի և թույլ տուր մեռյալները թաղեն իրենց մեռելներին»»։
Ուսումնական հաստատությունները քննություններ անցկացնելու-շարունակ ստուգելու կենտրոններից վերածել անընդհատ ուսուցողական-հետազոտականի․․․ Վերացնել բոլոր կարգի քննությունները, այդ թվում՝ կենտրոնացված, միասնական, որ ուսուցանողը դառնա ուսուցման ծրագրի կազմակերպման ու բովանդակության հեղինակը։ Վերացնել հավատարմագրումը, պետության անունից որակավորումներ շնորհելը. որ լինի այնպես, ինչպես ասված է Կտակարանում՝ ուսուցանել «ինչպես մեկը, որ հեղինակություն ունի, այլ ոչ թե ինչպես օրենսգետները»։ Վճռականորեն անցում կատարել նախագծերով մեդիաուսուցման, վերացնել խոչընդոտները մանկավարժ աշխատելու վճիռ կայացրած գործող մասնագետի առաջ, վերացնել խտրությունը համատարած տիրապետող առկա ուսուցման և այդպես էլ չկիրառվող, տնային ուսուցման միջև։ Թող ազատ ընտրի սովորողը։ Վերացնել արգելքները պետական և հեղինակային (այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև։ Զարկ տալ ամենուր ինքնավարությանը-ինքնուրույնությանը։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հարցնում եմ՝ ե՞ս… Ո՛չ կայունություն ունեմ ֆինանսական, և ո՛չ բարեկեցություն, բայց գործում եմ չթուլացող վստահությամբ, որ մեծագույն օգուտ եմ տալիս Հայաստանի Հանրապետությանը, եթե այդ հանրապետությունը իսկապես կոչված է գրավիչ-պաշտպանված բնակավայր դառնալ երեխաների համար։ Պատրաստ եմ նորից նստել՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նորից խցում ընդունել սեբաստացիների բազմապատկված շնորհավորանքներն ամանորյա (միայն թե ոչ Նուբարաշենի քննչական մեկուսարանում, որտեղ եղել եմ երկուս ու կես տարի, այլ Հայաստանի որևէ գաղութում)։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը եղել է և կա հազարների՝ համեստ միջոցներով հասարակ մարդու-քաղաքացու կրթական պատվերը կատարող հաստատություն։ Նրանց կայունություն և բարեկեցություն ենք ցանկանում ամեն նոր տարում։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
2017-ի սեպտեմբերը սկսեցինք նաև հեռավար ուսուցմամբ սովորողներով։ Բնակիչների ավտոտնակները կարողացանք ներառել մեր բացած-ստեղծած շրջակա կրթական միջավայրում։ Աչք ենք տնկել մեր բնակելի Բանգլադեշի շենքերի, մանկապարտեզների՝ դեռ մնացած չափարներին, մետաղե դարպասներին, անապատացող հողերին, ասֆալտ-բետոններին։ Ուզում ենք ողջը, գոնե 2018-ին, կանաչեցնել, հարմարության, ճաշակի մեջ կորցնել։
Սկսել ենք «Ուսումնական Գյումրի», «Աշտարակը ազգագրության բաց լաբորատորիա», «Երկրագործի կրթությունը խոշորացված համայնքում», «2800 խնդիրներով Երևան», …. նախագծերի իրագործումը։ Ես չեմ սիրում ինձ հայելու մեջ նայել, ինքնահիացման նարցիսականությունից զերծ եմ՝ հեծանվի վրա։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»։ Երջանիկ րոպե ունեմ, որին սպասել եմ ողջ կյանքում, Խաչատուր Աբովյանին կրկնեմ, «ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ»։ «Սիրեցեք զիրար, շա՛տ սիրեցեք, որպեսզի ապրեք».- այս մեկն էլ Կոմիտասն է ասել։
Մասնակցեք համահայկական անճաշակությունը հաղթահարելու՝ կրթահամալիրի հանրակրթական նախագծերին, հանրային առարկայական դարձող պատվերով դպրոց-պարտեզների ստեղծմանը հանրապետությունով մեկ, «Բարեկամություն» բաց ճամբարի խողովակներով մանկավարժական նորարարության տարածմանը։ Միացեք մեզ։
Թումանյան թերապիան՝ իրիկնային ամենօրյա ընթերցումը բարձրաձայն ու ձեզ համար, mskh.am-ի եթերում, ինձ օգնում է նաև նոր տարում կարգավորելու քունս, ոչ միայն հասնելու խաղաղությանը իմ հոգու, այլև բերելու այն ձեզ…
Իմ Ուսուցչի պատվիրաններից ողորմության գաղափարն է իմ փորձաքարը 2018-ի… Նրանով եմ սկսել…
Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի Հօրէն ձերմէ որ յերկինսն է: Այլ յորժամ առնիցես ողորմութիւն. մի հարկաներ փող առաջի քո. որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս. որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես. մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ. եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ` հատուսցէ քեզ յայտնապէս:
Նոր Կտակարան, Մատթեոսի, 6:1-21
Հավեսի՞ մանկավարժություն, այո, ու մեր ջանքերն էլ-գործն էլ, բառեր եմ փնտրում բառարանից հայոց, հավեսի գցելն է, հավեսի բերելը… էս անհավես խալխին, ինքներս մեզ անընդհատ հավեսի մեջ պահելը, մեր մարդուն, որ չգիտի ապրելը հենց պատվիրանով, որ աշխարհի-մարդու արարչաստեղծմամբ իր բնական վիճակը պիտի որ լինի… Հավեսաբեր ուսումնական հունվարը ուսումնական ինքնուրույն շրջանի բերելը մեր ստեղծագործական հավաքանիի ծնունդն է, հանկարծ չօտարեք, խորթ աչքով չնայեք… Ես չգիտեմ յուրացման համար սովորողի ուսուցչի-ծնողի համար ավելի պարտադիր կարգ, քան իմ այս սուրհանդակը, որում մեկ-երկու լրացում եմ արել, կարդացեք խնդրում եմ այդ նշումներով…
Միքայել Ղազարյանի ու իր խմբի՝ Գեղասահքի մարզադպրոցը չմուշկ ունեցող-չունեցողների՝ չմշկասերների հարմար ուսումնական ճամբարի վայր դարձնելու նախաձեռնությունը, ես ողջունում եմ… Ճանաչել երևանյան սահադաշտերը (մի ձեռքի մատները բավարար են հաշվելու), ընտրել ամենահարմարը… Հավեսի վատ օգտագործված աղբյուր է… Ուսումնական նախընտրելի մարզաձև կարող է այսպիսով դառնալ մեկ-երկուսի համար, բայց հաշվեք այն ուրախությունը, պատմելի (բա յուրաքանչյուրիդ ուսումնական բլոգն ինչի՞ համար է) հավեսը, որ կարող է պարգևել տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների և ուսուցիչների…
Պիտի բանալ հավեսի բոլոր աղբյուրները, լսո՞ւմ եք: Ոչ շիտակ տիար չի լինում, էն էլ՝ գրում իմ, ասում եմ, ես հիմա հավեսի կարիքով եմ ու շնորհակալ եմ Դավիթ Բլեյանին… ինձ ձեռք պարզելու համար: Ընկերություն է:
Լավ նշան է, որ ճամբարային ուսումնական առաջին օրը ես սկսում եմ քոլեջում, շարունակում միջնակարգ կրթության վկայականի համար դեկտեմբերյան պետական ավարտական քննությունները հանձնած, սրանից ավելի ինքնուրույն-ինքնավստահ, հավեսը, երևում է, տեղը պատանիների՝ ավագ դպրոցի շրջանավարտների հետ հանդիպումով… Դիմացը կամավորական (հանրային) աշխատանքի, ինքնակրթության, մեր մանկավարժության հանրայնացման, անհատական ուսումնական պլանի, հասուն-ազատ ընտրության շրջան է, թվում է՝ ուսուցմամբ հենց սրան՝ ընտրությանը պատրաստ լինելու… և՛ հունվարյան ճամբարը, և՛ ուսումնական երրորդ շրջանը 12-րդցիների՝ որպես «Ցտեսություն» ուսումնական նախագիծ… 45 րոպեանոց դասի տևողությամբ մեկ հանդիպումով ծավալուն օրակարգը սպառելու խնդիր չէր դրված ո՛չ իմ, ո՛չ էլ Մարթա Ասատրյանի առաջ… Իմ օրագիրը նաև առաջարկի, հենց հիմա առաջացած ցանկությունները բարձրացնելու միջոց է… որ երբ վարչականի շրջանը, թվում է, հետևում է մնացել, օգտակար լինի իմ ու 12-րդցիների ճամբարային-նախագծային գործունեության կազմակերպմանը, որ կարող է հետո էլ շարունակություն ունենա… մինչև «Ցտեսություն» նախագծի «Ցնծության» հարթակ՝ մայիսյան Մարմարյա սրահ…
Թող իմանա ողջ աշխարհը… Իրիկունը ուշ՝ 10-ի 11-ի արանքում, ես սկսում-շարունակում եմ իմ զրույցը Հովհաննես Թումանյանի հետ, որպես ռեժիմային ուսումնական աշխատանք… Կարգապահ-ստեղծական աշխատանք պիտի դառնա այս նախագիծը, ինչպես իմ բլոգապատում-օրագիրը…
Ճարտարապետ-պատմաբան Սերգո Տոնոյանի մեր «Հարթակում» հայտնվելը տեղին է, ինչպես արվեստագետ-ծիսագետ Մարիաննա Տիգրանյանինը… Հունվարը նախագծային ուսուցման պատվիրատու է նման մասնագիտական կապի առաջացման համար, սովորող-սովորեցնողի՝ բաց հասարակության մասնակցության…
Ամենահետաքրքիրն այն է, որ այս դպրոցի երեխաները չեն զզվում աղբ հավաքելուց ու ասում են, որ դա իրենց բակն է, ու պետք է հավաքեն ու չթափեն,- գրում է իր առաջին անգամ բացած բլոգում առաջին նյութը առաջին անգամ Մուտքի ճամբարով կրթահամալիրի Արևմտյան դպրոց ոտք դրած չորրորդ դասարանցի Շուշան Կարապետյանը: Իհարկե, ձեռքբերում է կրթահամալիրային Շուշանին զարմացնելը… Ինչպե՞ս, ո՞վ, ինչո՞ւ սրա համար չի պարգևատրում կրթահամալիրին… Բայց ինձ համար օրակարգային է մնում այսպիսի ձեռք բերման անհատականացումը, կենցաղային ուսումնական նոր՝ բացառիկ մշակույթի հաստատումը յուրաքանչյուր սովորող-ուսուցչի համար… Քայլում է ուսապարկ-խուրջինով հարսանքավոր-ճամբարական սեբաստացին. դպրոցի ներսում-դրսում նկատեց աղբը՝ խուրջինից հանեց տոպրակը-ձեռնոցը… Իմ ասածը վերաբերում է և հագուստի համապատասխան գործածմանը, առանց վերարկուի՝ շենքի ներսում, ծնող-ուսուցիչ-սովորող, հանդես կլինի, ընդհանուր առավոտյան պարապմունք, թե ուսումնական այլ առօրյա, անհատական պահարանի առկայություն-ամենօրյա գործածումը ամեն մի սեբաստացու համար… Սա եմ ես անվանում ուսումնական կենցաղային նոր մշակույթի հաստատում…
Խոստովանում եմ, որ աղոթքի պես մնացել է իմ հոգում, որ առավոտվա 5-6-ի արանքում ֆեյսբուքի իմ սովորական թափառումով Արմինեի էջում, նրա ուղիղ եթերում հանդիպեցի՝ ապշեցի-լսեցի մինչև վերջ․․․ հունվարի 12-ի սեբաստացիական մեդիաուրբաթ երգ-երգոցը՝ մեր Ավետի՜սը, մեր 2018-ի Սուրբ Ծննդյան Պատարագի ուսումնական նախագծի անո՞նսը․․․ մեր՝ 2018-ի մեկնարկի այցեքարտը, որպես մեր 2017-ի հոգևոր հավաքանիի ձեռքբերում-հարթակը․․․ Սա շատ է, կներեք, անձնային-կարևոր, ու որպեսզի մաքուր-ճշմարիտ լինի իմ գիրը-զգացողությունը, ես խոսում եմ իմ անունից, որպես խոստովանություն կիրակնօրյա իմ գրով․․․
2018-ի հունվարի օրացույցով որոշված, որպես հեղինակային մանավարժությամբ ձեռքբերված արդյունք-ինքնակրթություն, Մարմարյա սրահում, 300-ից ավելի սեբաստացիներ, որպես համույթ, որպես նշան-կամուրջ՝ Կոմիտասի 1910-1914թթ․ Պոլսի 300 հոգիանոց մանկական երգչախմբի, մեջքով կանգնած տեքստ-էկրանին (Արման Երանոսյանի երեկվա դիտարկումն է), ասել է թե գոց-բերանացի երգում-աղոթում են Մարմարյա սրահում ավետիսներով ու շարականներով, ու ողջ սրահը՝ Արագածոտնի Մուղնիից, Ոսկեհատից, Ջավախքիցեկածներով, ուսուցիչ-ծնող-բարեկամներով մասնակցում է այս ուսումնական պատարագին, կրթահամալիրի Մարմարյա սրահում․․․
Նախագծերով-ճամբարային ուսուցման մեր փորձը հենց Յուրա Գանջալյանի մասնագետ-հետախույզի ուսումնասիրած Արևմտյան դպրոցի ճամբարային՝ Սոնայի, Արմինեի, Զառայի… սիրելի օրինակներով, հեղինակային մանկավարժության ձեռքբերումներ են, մոբիլ-ստեղծական աշխատանքի իսկական հանք՝ նախագծային ուսուցման ուսումնական-ճամբարային՝ յուրաքանչյուր հետազոտող ուսուցչի կազմակերպմամբ, յուրաքանչյուր ջոկատի օրացույցով… Մենք չենք կարող հարգանքով չվերաբերվել տարիներ կատարած ու ճամբարային առաջին շաբաթում լիուլի՝ կրթահամալիրով մեկ տարածված մեր մանկավարժական՝ Հայաստանի մանկավարժության համար սկզբունքորեն նոր փորձառությանը… Մեր հեղինակած մանկավարժությունը հենց հիմա, նախագծային-ճամբարային ուսուցման այս երեք շաբաթում, ջնջում է լեզվական-աշխարհագրական-պետական սահմաններ՝ նոր լուծումներ-ասելիք առաջարկելով մանկավարժության նորարությամբ հետաքրքրվածներին… Համակարգը մեր բաց է ֆիզիկական ու մեդիա միջավայրում, բայց… կրթության նախարարության, հայ հասարակության միտքն առայժմ առարկայական, դաս-դասարանային համակարգի ճիրաններում է… Ու մենք՝ մեր փորձառության տարածման-փոխանցման պատասխանատուն… «Դպիր», «Թարգմանիչ», պատանեկան ամսագրերը, կրթահամալիրի ուսումնահետազոտական կենտրոնը՝ իր Գևորգ Հակոբյանով, մանկավարժության լաբորատորիաներով, ուսուցչի բլոգներով, աշխուժություն ինչո՞ւ չենք առաջացնում: Դինոզավրական աշխուժության մասին է խոսքը, չէ՞…
Վոլդ Վիժն ոչ կառավարական կազմակերպության կենտրոնական գրասենյակում, որքան էլ՝ հանդիպումը նախօրոք որոշված, շնորհակալ եմ Արամազդ Ղալամքարյանին, ինձ… հեծանվով չէին սպասում… Առաջինը Հայաստանով մեկ ներառականություն ու աշխարհին այլ հայացք տարածող հայտնի միջազգային կազմակերպության կայանատեղիում ամենուր մեքենաներ են՝ կառավարական-ոչ կառավարական, ու, սովոր եմ, իմ հեծանիվը… Շնորհակալ եմ արագ-վստահելի փոխըմբռնման համար. Գյումրիի քաղաքապետարանի հետ մենք ուզում ենք երրորդ ուժ էլ ներառել, ու Գյումրիի Մուշ-2 թաղամասում հեղինակային մանկավարժության դպրոց-պարտեզի ծնունդ ունենանք, թե չեղավ՝ կրթահամալիր… Նոր տարի սկսող «Իսկական հարսանիքով», Սուրբ Ծննդյան ուսումնական պատարագի ինձ-ձեզ մեծ ավետիսով՝ սեբաստացիական աշխարհի տիարը դինոզավրի ուժի գործեր չհեղինակի՞… Գյումրի իմ-մեր շաբաթական այցերը «Ուսումնական Գյումրի»նախագծով-օրացույցով այդպիսի աշխատանքի կազմակերպում են, ու համեցեք, իմ-մեր առաջիկա հինգշաբթին՝ իր հագեցած օրակարգով, սպասարկեք…
Ինչպե՞ս ընդարձակենք պարսկերենը նախընտրելի օտար լեզու համարող սեբաստացի սովորողների թիվը… Մեր ուսումնական իրականությունը՝ իր վրացերենով, թուրքերենով, թույլ է տալիս մեզ օրինակներով խոսել, մեր փորձով, որ փոխանցելի է և պարսկերենի ու Իրանի դեպքում… Տեսնենք. երկուստեք հաստատում ենք մեր վճռականությունը հայ-իրանական հանրակրթական կամուրջներ հաստատելու՝ պարսկերենի ուսուցումը տեղափոխելով սովորողների և ուսուցիչների կրթամշակութային փոխանակումների՝ ճամփորդությամբ ուսուցման հարթակ, դեպի ապրող-իրական հարևանների փոխադարձ ճանաչողություն, պատանիների և նրանց ուսուցիչների փոխադարձ հետաքրքրություն… ինչպիսին, տեսեք, վրացական խառը խմբի օրերն են, ինչպիսին ըստ նախագծի կլինեն սեբաստացիների օրերը Ստամբուլի «Տատյան» վարժարանում մայիսին և փոխանակման ծրագրով՝ «Տատյան» վարժարանի օրերը կրթահամալիրում հոկտեմբերին, կրթահամալիրի Բանգլադեշում… Մենք իրանական կողմի հետ, որպես գործնական-հարթակ-ստուգատես, հայտարարում ենք իրանական օրեր կրթահամալիրում, որ օրացույցով 2018-ի մարտի կսկսենք մարտի 20-ից, երբ մեր հարևանների հետ նշելով պարսկական նովրուզը… Ամենասեբաստացիական, նախագծային ուսուցման ճամբարով հունվարը լավ շրջան է այս նոր նախաձեռնության նախագծումն ավարտելու, իրանական օրերի բովանդակությունը կազմելու… Կրթահամալիրի գրական ակումբ, գեղարվեստ բազմազան, հասարակագետներ… ուշադիր լսում եմ…
Հայաստանում Իրանի կրթության և մշակույթի կենտրոնի փոխնախագահ Փարսին Քազեմինի այցի մասին պատմել եմ իմ երեկվա գրում… Եվ տեսեք՝ իմ գրասեղանին Փարսինի նվիրած երեք գրքերն են բաց՝ իրանական կենտրոնի հրատարակած, երեքն էլ՝ հայերեն թարգմանություններ պարսկերենից, իսկական ուսումնական ձեռնարկներ… Պարսիկ կին գրող Փարվին Էթեսամիի այս գրքույկը ինձ համար նոր լեզվաշխարհի-նոր մարդու հայտնագործություն է, այնպիսի, որ առանձին բանաստեղծական տողեր դառնում են-կդառնան իմ գրի սկիզբ-գլխագրեր…
Պայմանավորվածությունները մեր բոլոր ավելի մեծ հարգանք են ենթադրում մեր յուրաքանչյուր գործընկերոջ հանդեպ, որ 2018-ում մեր գործը կես քայլ առաջ ընկնի խոսքից կամ գոնե կես քայլով ետ մնա… Թե չէ՝ կստացվի Կոմիտասի նկատածը՝ «Բերնեն ականջ շա՛տ կարճ է. բանեն փաստ՝ շատ երկար»… երկար ու անհաղթելի ճանապա՞րհ… Այդպես նոր տարի չի լինի: Իմ էլ. փոստին, իմ օրագրին, իմ ու ձեր գրագրությանը, մեր հարաբերություններին-պայմանավորվածություններին, բոլոր կարգերի-տարիքների սեբաստացիներ, ես այսպիսի չափումով-պահանջով եմ վերաբերվում… Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի բլոգում կարող եք ծանոթանալ Իրանի մշակույթի կենտրոնի հետ իրականացվող, այո, ընթացքի-պատրաստության մեջ, ուսումնական նախագիծ-առաջարկներին… Լրացրե՛ք դրանք ձերով, հայ-իրանական հանրակրթական կամուրջների ստեղծմանը մասնակցելով…
Մեր երեկվա-աշխատանքային իրիկունի քննարկումն է՝ ձեզ հայտնի տրիոյով, գումարած Մարիետ Սիմոնյանը, ում այս կարծիքը-դիտարկումը ուսանելի եմ համարում, երեկվա իմ մտահոգության շարունակությունը, սովորողի-երեխայի, մանկավարժության մասին է իմ խոսքը, ու մարդու օգտին ոչ մի փաստարկ-դիտարկում դուրս չպիտի մնա… «Լավ մանկավարժական խոսակցություն է սկսվել: Հավաքենք ամբողջական տեղեկատվություն այդ սովորողների մասին, լսենք կողմ ու դեմ կարծիքներ, ունենանք ամբողջական պատկերացում յուրաքանչյուրի մասին և այն սովորողներին, որ իրենք իրենց մեր կրթական ծրագրից արդեն դուրս են թողել, ասենք հաջողություն: Դա առողջացման ճանապարհ է…» :
Կրթական (մշակութային) փոխանակումները, որպես նաև ճամփորդությամբ ուսուցման՝ գրավիչ-մատչելի-ներառական-խթանող, մեր հեղինակած մանկավարժությամբ կարևորված, ծավալվող նախագծային ուսուցման ուղղություն է… Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը տեղեկացնում է մայիսին-հոկտեմբերին նախատեսած Ստամբուլի հայկական Տատյան վարժարանի կրթական փոխանակման նախագծի պատրաստության ընթացքի մասին և ճիշտ է անում, ճիշտ ժամանակին… Թվում է՝ ո՜ւր մայիս-հոկտեմբերը, ուր մենք՝ մեր բազմազբաղ-խելառ ընթացքով հունվարի, բայց ոչ… նախագծային-ճամբարային ուսուցման մեր շրջանը նաև այսպիսի նախագծերի հանրայնացման-կազմակերպման կոնկրետացման-մասնակիցների ներգրավման փուլ է… Տեսեք, փութաջան-ծրագրված գործողություններով կրթահամալիրի կրտսեր պատանիների խումբը՝ իր Հասմիկ Թոփչյան, Մարալ Կարապետյան ղեկավարներով, առաջ է տանում «Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար 2018» ուսումնական նախագիծը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը նույն փութաջանությամբ պատրաստվում է այս տարվա հուլիսի «Վիեննայի տղաներ» հանրահայտ միջազգային փառատոնին… Սրանով, այս նախապատրաստական կոչված շրջանով, որը ես հետևողական պատրաստություն եմ կոչում, ջնջում են սահմանը բուն ճամփորդական օրերի՝ Ստամբուլում կլինի, Թբիլիսիում, Իզմիրում, Վիեննայում, Գյումրիում թե վաղը-մյուս օրը՝ Թեհրանում, և մինչճամփորդական նախագծային շրջանների միջև…
Ուսումնական հունվարյան ճամբարի հարսանյաց ավագ շաբաթի ծիսական աշխույժում չկորավ հանրապետության դաստիարակների հերթական հնգօրյա ուսուցումը՝ իր սիրելի կարգապահ-ստեղծական-մոբիլ-ուրախ կազմակերպմամբ, հեղինակային նախադպրոցական կրթության ծրագրի փոխանցումը ծեսի մեջ ծիսական կազմակերպում ստացավ․․․ Աղոթք, նշանակում է աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց․․․ Դասընթացի ամփոփիչ 5-րդ օրը մենք սկսեցինք սեբաստացի սովորող-ուսուցիչների մի խմբի հետ, բոլոր 47 դաստիարակների մասնակցությամբ, Սուրբ Երրորդություն եկեղեցում, առավոտ 09։00-ին, որպես ուսումնական մի ժամերգություն-աղոթք՝ շարականների-ավետիսների միացյալ կատարմամբ՝ հոգևորը հայաստանով մեկ-հայաստանցիներին մեր բոլոր խողովակներով փոխանցելու ազդեցիկ ձևով․․․ Հետո, ընթացքը ծիսականացված, Սուրբ Երրորդություն եկեղեցուց Րաֆֆու փողոցի անցումով, Կենտրոնով մեր-կրթական գլխավոր աստիճաններով-կրթական պարտեզի Գեղարվեստ-Արևելյան ճառագայթով՝ Մայր դպրոց, Մարմարյա սրահում սեբաստացի 1-3-րդ դասարանցիների հետ վրացական հարսանիք-պարային բեմադրությունըդիտելու․․․ Այսպիսի՜ անսահման աջակցությամբ-ուրախությամբ հայ-վրացական տոն․․․ ծես է․․․ Ցնծություն․․․
Այսպիսի՜ շաբաթից հետո, որ իսկական հարսանիք դառավ ոչ միայն Լուսինե-Խորենի գլխին, այլև բոլոր ճամբարական-հարսանքավոր սեբաստացիների․․․ Այս շաբաթը, հունվարը 2018-ը՝ իր ուսումնական պատարագով և իսկական հարսանիքով, Նոր տարով Գյումրու Սլոբոդկայում, կմնա, որպես իմ անձնային-մանկավարժական-քաղաքացիական կյանքի ձեռքբերում․․․ Շնորհավո՜ր, ասում եմ ես, որպես շնորհակալություն, որպես Փառքդ շա՜տ․․․
Եվ կարևոր է մեր եկեղեցու և մեր կրթահամալիրի օրացույցների կապի հաստատումը՝ որպես ամենօրյա ուսումնական աշխատանք, ժամերգություն և ընդհանուր պարապմունք, որ օրը այդպես սկսվի մեզանում, Մոցարտի-Կոմիտասի հաստատումով․․․ նրանց մշտական ներկայությամբ․․․
Կրթահամալիրի Մեդիակենտրոնում երեկ օրվա վերջում Լուսինե Փաշայանի՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի նախաձեռնած քննարկումն է, որը սոսկ դասվարներին վերաբերող եռօրյա վերապատրաստման խոսակցությունից ստացավ ավելի ամբողջական-գործածական տեսք՝ հեղինակային մանկավարժության տարածման-կրթական փոխանակման, ուսուցիչների վերապատրաստման փետրվարի գործողություններ, փետրվարյան օրացույցային աշխատանքի կազմակերպում… Այստեղ և՛ հանրապետության դասվարների, թիրախում ունենալով Շիրակի մարզի Գյումրին, Արագածոտնի մարզի Աշտարակը, եռօրյա, ամենամսյա դարձող, և՛ դաստիարակների հերթական հնգօրյա, և՛ երաժշտության ուսուցիչ-դաստիարակների հատուկ պատվերով, և՛ կրթահամալիրի գործատուի բաժնով եկող մասնագետների աշխատանքի-նորարական-ստեղծական որակների զարգացումն է: Անգամ մեզ համար՝ աննախադեպ ծավալով ու կազմակերպմամբ… Սա է, որ ես ասում եմ՝ շնորհավոր…
«2800 խնդրով Երևան» նախագիծ
Երևանագետ՝ ճարտարապետ-պատմաբան Սերգո Տոնոյանի հետ «Հարթակում» սկսված սիրելի-լսելի խոսակցությունը մեծ թվով տարատարիք ճամբարական սեբաստացիների հետ Գեղարվեստի «Հարթակում» հո չավարտվե՞ց․․․ շարունակեցինք միասին քայլել Սերգոյի հետ Երևանի կրթահամալիրի Բանգլադեշում․․․ Կարողացանք զարմացնել երևանագետին․․․ ով չէր տեսել մեր գեղեցկուհուն՝ իր այսօրվա արդուզարդի մեջ, անցումներով-լանջերով-պուրակներով-հարթակներով․․․ մինչև Մայր դպրոցի տանիք-պարտեզ, ընթերցարան ու հրապարակներ խաղային-մարզական․․․ Ճշտեցինք հանուն Երևանի-երևանցու մեր 2018-ի համատեղ աշխատանքի եզրերը, հաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը․․․ Անեզր՝ 2800 խնդրով Երևանի ամեն խնդիր՝ միասնական նախագիծ, յուրաքանչյուրը սրանից, որևէ ընտրությամբ, կարող է լինել մեր օրվա շարունակությունը։
Երևանի «Լաչինի միջանցքը»՝ «Հաղթանակի» վերջից, գինու կոմիբնատի Արգիշտի փողոցի մայթով համարյա վազքով անցա․․․ երկու կողմից «Viva-call»- ի և «Նոյ»-ի սեղմված հատվածում անախորժությունների սպասումով։ Փողոցն էլ՝ մեքենաներով խցված․․․ Տանել չեմ կարողանում Լաչինի այս միջանցքը, ինչպես Վայոց Ձորի Շատին-Եղեգիս անցումի՝ Շատինի գյուղամիջով նեղ ճանապարհը՝ միշտ լարված… Քայլեցի Իտալականի սկզբով, աջ աստիճաններով-նորից նեղ միջանցքով՝ ֆրանսիական ու իտալական դեսպանատների շնորհ արած մի այլ, գաղութին վայել անցումով․․․ Կոմայգի մտա փախուստի պես. սիրտդ բացվեց, շնչիր․․․ Քաղաքը քաղաք չի դառնա, քանի չենք քայլում, ոտքով չենք անցնում մեր օրվա ճանապարհը. մեքենայով՝ ղեկին, թե որպես ուղևոր, տանուլ տվեցինք-ձեռքից բաց թողեցինք մեր թառլան ծննդավայր Երևանը, հիմա բռնել-հավաքել կլինի՞․․․ Լսե՛ք, բոլոր կարգի երևանցիներ, չեմ խնդրում, իմ օրինակով առաջարկում եմ հետևողական հարգանքով՝ իջե՛ք մեքենայից, քայլե՛ք, շատ, արագ, որպես ճամփորդական անցում՝ տնից տուն, տնից աշխատավայր, բլուրից բլուր, ինչպես մեր Միջին դպրոցի Գոհար Եղոյանն ու ընկերները, ինչպես սեբաստացիները՝ «Երևան 2800» նախագծով… որ քաղաքը մեր խելքի բերենք․․․
Սոնա Փափազյանի հայրենագետ-հետախույզների ճամբարական ջոկատը հանկարծ հայտնվեց տիարի հետախուզական թիրախում… Լավ նախագիծ դարձավ, Երևան 2800-ի խնդրագրքում մի մեծ բաժին ավելացավ, ոչ տեղային նշանակության… Պարզվեց, որ առաջացած աղբանոցը բնակելի թաղամասում հանրապետական հյուսիս-հարավ ճանապարհի ԾԻԳ-ի սեփականությունն է… Իսկ մենք ի՞նչ գիտենք Բաբաջանյան փողոցը Աշտարակ-Գյումրի մայրուղուն կապող շինարարության մասին, որի սկիզբը փետրվարին կտեսնենք… Չէ՞ որ այդ շինարարությունը, որ կտրում-անցնում է կրթահամալիրի Բանգլադեշով, շոշափում է ոչ միայն Հարավարևմտյան զանգվածի Բ-4 և Բ-1 թաղամասի բնակիչների շահերը, այլև բոլոր սեբաստացիների՝ սովորող թե ուսուցիչ… Աղբանոցի գոյությունը՝ քանի՜ ամիս, բացատրություն-արդարացում չունի… օր առաջ-ժամ առաջ պիտի վերացնել… Տեսնենք՝ ինչ շարունակություն կընտրեն Արևմուտքի դպրոց-պարտեզի եռանդուն-համերաշխ հայրենագետ-հետախույզները… Ի՜նչ հետքի վրա են դուրս եկել, ու արդյոք պատահակա՞ն, թե՞ Սոնայի ակումբը ձևավորված-գործող լրտեսական ցանց ունի Բանգլադեշում…
Հեծանիվն ընկեր է․ առաջ, երբ ճանապարհին հեծանիվը ակի պատճառով ինձ դավաճանում էր, ես նեղանում-թողնում էի նրան ու ճանապարհս շարունակում մենակ․․․ Հիմա այդպես չէ, ես ու իմ հեծանիվը ընկերներ ենք հարազատ, ու ես նրան մենակ չեմ թողնում․․․ Երեկ տան ճանապարհին՝ «Հաղթանակ» կամուրջ չհասած, առջևի անիվը նստեց․․․ Որքա՜ն խաղաղ ես գուրգուրեցի իմ ընկերոջը, զրուցեցի նրա հետ մինչև տուն մեր ընթացքին․․․ Այսպիսի քայլքը զույգով ավելի ուշադիր էր ինձ դարձրել. մենք մտանք քաղաքի աշխարհագրական կենտրոնի բակեր, նրբանցքներ․․․ Իսկ կենտրոն կոչվածը՝ Խորենացի և Տիգրան մեծ փողոցներով ձգվող, մինչև Խանջյանի անցումը մեր, Մանկավարժական համալսարանի ծածկված բնակելիով՝ իսկական ավերակ․․․ Այսքա՜ն մեծ-զզվանք առաջացնող-լքյալ-աղբի մեջ կորած-անմարդ կենտրոնական Երևան․․․ Կառուցեն, քանդածը հավաքեն, չքանդածը քանդեն, հավաքեն, հիմքեր գցեն, բարձրահարկեր հայտնի խոյանան ու կառաջանա մի նոր Բանգլադե՞շ․․․ Լավ, սրա այլընտրանքը չկա՞, չի՞ առաջանում։ Էս հսկա միլիոնանոց քաղաքը չունի՞ հոգևոր-ստեղծական ներուժ՝ այն առաջադրելու, ա՜յ Համլետ Խաչատրյան․․․
Ընտանեկան ընթերցումների ֆլեշմոբ
Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։ Դավիթ Բլեյանի վաղ մանկության ամենաազդեցիկ գրական ստեղծագործությունը էպոսը՝ «Սասունցի Դավիթ» վիպերգի Թումանյանի մշակումն է, իհարկե, իմ մատուցմամբ, Լիլիթ Բլեյանինը՝ «Անուշ» պոեմը, իմ պատումով, անշուշտ․․․ Դավթի ու Լիլիթի երաժշտականության համար սրանք, պնդում եմ, աննկատ չեն անցել ու ազդել են։
- Ընթերցում Նոր Կտակարանից
- Ընթերցում Կտակարանից․ Տասներկուսի առաքելությունը
- Հոգևոր ընթերցումներ
- Ընթերցում Կտակարանից
- Հոգևոր ընթերցում․ Հովհաննես Թումանյան
- Հ․Թումանյան․ կարդում է Աշոտ Բլեյանը
- Իմ Թումանյանը
- Գյումրի․ պոեզիա։ Տեսանկարահանումը՝ Արմինե Աբրահամյանի
- Միացում Մուղնիից։ Տեսագրումը՝ Նունե Մովսիսյանի։
- Հ․ Թումանյան։ Ծագումն
- Գիշերային ընթերցում․ Հ․ Թումանյան
Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի
Խմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան