Սկսեմ նրանից, որ Աշոտ Բլեյանն իր առանձնահատուկ շնորհը (արտոնությունը) ինքն է ստեղծել տասնամյակների քրտնաջան աշխատանքով, իր կյանքով, իր ստեղծած բրենդով, որ հենց բլեյանի դպրոց է կոչվում։ Ո՞վ չգիտի, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Բլեյանի դպրոցն է. ի՞նչ արտոնություն։ Ո՞վ չգիտի, որ Բլեյանը ոլորտում հեղինակություն է, հայտնի հանրային գործիչ է. ոչ թե ուղղակի պաշտոն է վարել, աշխատել է այդ ոլորտում, այլ ստեղծել է կրթության բովանդակություն, կազմակերպում, միջավայր, փոխել է կրթության նկատմամբ հայացքը, միավորել է մարդկանց այդ հայացքով, կրթական գործուն համայնք է ստեղծել։ Բլեյանը ուրիշ է, հասկանո՞ւմ եք։ Չեք կարող նույն արշինով չափել, և մի՛ փորձեք չափել անչափելին։ Դուք չեք կարող նրան արտոնություն տալ կամ չտալ։ Ես չգիտեմ՝ ինչպես եք նայում, որ չեք տեսնում ակնհայտ բաները. փոխեք տեսանկյունը։
Բայց, այ, ԿԳՄՍ նախարարը արտոնյալ է։ Նա կարող է արտոնել (միջնորդել կառավարությանը), որ Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց ՊՈԱԿ-ը Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի վերակազմավորվի, Գնահատման և թեստավորման կենտրոնից հետ վերցնել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին իր ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար տրամադրել պետական գույքը։ Հալալ լինի։ Իսկ սեբաստացի կրթական բաց համայնքին իր պահած-պահպանած (եկեք՝ ստուգեք), երեսունմեկ տարի շենացրած-ծաղկեցրած գույքն ու տարածքները տրամադրելը նպատակահարմար չի համարում։ Չիմացողների համար հատուկ ասված է՝ գույքը պետական սեփականություն է, հողը՝ Երևանի համայնքինը, և կրթահամալիր ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմակերպվելուց հետո էլ շարունակելու են պետության, Երևան համայնքի սեփականությունը լինել։ Արտոնություններ տրամադրողը պիտի հասկանալի բացատրություն տա՝ ինչու է մեկին տրվում, պիտի հիմնավորումներ բերվեն։ Եթե կրթահամալիրում ուսուցանվող վրացերենը, պարսկերենը, գերմաներենը, իտալերենը, իսպաներենը ձեր սրտով չեն, ասեմ, որ ֆրանսերեն էլ կա, հարգելի նախարար, չինարենի ակումբ էլ կլինի շուտով։
Չգիտեմ՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը մյուս ոլորտների խնդիրներին, ոլորտի կազմակերպությունների բարձրացրած հարցերին, ոլորտում հեղինակություն համարվող մարդկանց դիտարկումներին ինչպես է արձագանքում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրավոր առաջարկություններից, Աշոտ Բլեյանի հրապարակային հնչեցրած դիտարկումներից մի քանի օրինակ բերեմ. փորձեք գտնել դրանց արձագանքը, պատասխանը, քաղած դասը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող առաջարկություններ
- Գիր մանիֆեստի…
- Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն…
- Գնահատման բաց համակարգ
- Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր
- Հինգ տարեկանների իմացումի հրճվանք
- Օրենքը պիտի համապատասխանի իր վերնագրին (քննարկում բարձրագույն կրթության մասին օրենքի փոփոխության մասին)
- Կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում
- Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում
- Կեղծ օրակարգ և իրական խնդիրների անտեսում (բուհական ընդունելության մասին)
- Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը
Նպատակահարմար համարո՞ւմ եք այսպիսի վիճակը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական հիմնադրամ է։ Կցում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ը պետական հիմնադրամի վերակազմակերպվելու մասին տեղեկությունների գրադարան, որ ով ինչ չգիտի, իմանա։ Կարդացեք իրենց հավելվածներով, հղումներով։ Տեսեք՝ սա մեր իրավունքն է. մենք էլ որոշում ենք նպատակահարմարությունը։
- «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպելու առաջարկը (2020թ. հունիսի 10)
- Առաջարկի լրացումը (2020թ. օգոստոսի 4)
- Բաց նամակ ՀՀ վարչապետին
- Աշոտ Բլեյանի բլոգից՝ կրթահամալիրի մասին «Մի՛ խճճեք» տեղեկանքների շարքը, որ լրացվում է
- Կրթահամալիրի կայքից, կրթական համայնքի բլոգից՝ հանրային դարձած քննարկման արձագանքները
Վերջացնեմ նրանով, որ եթե քայլելը որոշիչ հանգամանք է, ո՞վ չգիտի, որ Աշոտ Բլեյանը հանրապետությունով մեկ քայլել է, իր ոտքով, իր սաների հետ, եղել համայնքներում, դպրոցներում, բարձրացել Հայաստանի գագաթները, իջել ձորերը։ Այդ ամենն արել է որպես ուսումնական աշխատանք, որպես մանկավարժություն։ Ու եթե ուզում եք, Հայաստանի բոլոր դռներից դեպի Երևան միաժամանակյա քայլերթի ֆլեշմոբ կանենք։ Մենք կրթական բաց համայնք ենք՝ Բլեյանի դպրոցը։