Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին։
Գարեգին Նժդեհ:
Հայրենասիրություն ասվածը հենց հայրենիքում ապրելն է: Իսկ այդ Հայրենիքը պահպանելու, գնահատելու համար ոչ թե գրքային ձևակերպումներ, տեսական, երբեմն ամպագոռգոռ խոսքեր ու ելույթներ են պետք, այլ հայրենաճանաչություն՝ Հայաստանի Հանրապետությունը ոտքի տակ տալով, սար ու ձոր, տնետուն շրջելով, բնության, նյութական մշակույթի, բնական հարստությունները ճանաչելով, բառ ու բանը, բարբառը լսելով, ընկալելով, արհեստավորի, գյուղացու կողքին կանգնելով կամ հետն աշխատելով:
Դե՝ գնացինք:
Մեր առջև է այսօրվա ՀՀ-ի քարտեզը՝ իր մարզերով, մարզկենտրոններով, քաղաքներով ու գյուղերով, գետերով ու մշակութային կոթողներով. ո՞ւր գնալ և ինչպե՞ս գնալ:
Ամենամոտիկն, իհարկե, տունն է, թաղը, թաղամասը: Այստեղից էլ պետք է սկսել: Սովորողները պատմում են իրենց թաղամասի, քաղաքի, գյուղի, տատիկ-պապիկների ծննդավայրի մասին, գնում ենք մեզ ծանոթ հետաքրքիր մարդկանց հետքերով:
Հետո, հաճախ ըստ ուսումնական օրացույցի, երբեմն հրավերով կամ ինքնաբուխ, գնում ենք Երևանից դուրս:
Քարտեզի վրա գտնում ենք մեր նախանշած վայրը, գծում ավտոճանապարհային քարտեզը՝ նշելով կանգառները, ապա անցնում համացանցային, գրքային ուսումնասիրության՝ տեղեկանում ենք այդ վայրերի մասին, գտնում ենք ծանոթ կամ անծանոթ մարդկանց, որ կարող են մեզ հյուրընկալել, կապ ենք հաստատում նրանց հետ (գյուղապետ, դպրոցի տնօրեն, հարազատ-ծանոթ) և ուղևորվում դեպի նշանակետը:
Դժվարն առաջին անգամն է: Մեր սաներն արդեն գիտեն՝ ինչ դնել ճամփորդական պայուսակում: Դա առանձին և կարևոր ուսումնական աշխատանք է։ Ճշտում ենք եղանակը, վայրի աշխարհագրական դիրքը, հեռավորությունը Երևանից, գիշարակացի պայմանները, ճամփորդության գլխավոր նպատակը, մեր անելիքները տեղում… Մի խոսքով՝ հենց այնպես չենք վեր կենում ու գնում:
Ճամփորդության նախագծում անպայման նշված են լինում՝
- ճամպրուկի պարունակությունը
- մեր գնալու նպատակը
- մեր անելիքները ճանապարհին
- մեր գործողությունները նպատակակետում:
Տեղում սկսում ենք մեր ուսումնահետազոտական աշխատանքները: Շրջայց բնակավայրում, ծանոթացում բնակիչների հետ, բանահավաքություն, հարցազրույցներ: Նոր միջավայր, ուրիշ կենցաղով ապրող մարդիկ, այլ խոսվածք։ Ինչ է մնում՝ հաղորդակցվել մարդկանց հետ, ճանաչել իրար, ուսումնասիրել կենցաղը, ապրել այդ կենցաղով: Երեխաները սիրում են այս աշխատանքը. մի փոքր վարանումից հետո արագ մտնում են երկխոսության մեջ, դառնում անկաշկանդ, կարևորելով իրենց գործը՝ ինքնավստահ, հարցերն էլ՝ ավելի հետաքրքիր ու իմաստալից:
Հարցազրույցներն օգնում են երեխային գրագետ խոսել, հարցը ճիշտ ձևակերպել, տեղին հարցադրումներ անել, ամբողջական խոսք կառուցել: Հարցազրույցը նաև կիրթ պահելաձևի ու դիմացինին լսելու, հասկանալու, ճիշտ արձագանքելու կարողություններ է ձևավորում: Հոգևոր արժեքները ճանաչելու, արժևորելու, մեր պատմությանը հաղորդակից լինելու համար այցելում ենք բնակավայրի տեսարժան վայրերը/1,2/, հարցազրույցների միջոցով ծանոթանում դրանց պատմությանը/1/: Աշխույժ ու բովանդակալից են անցնում հանդիպումները սովորողների ու ուսուցիչների հետ (դպրոցում կամ դպրոցից դուրս): Մեր սովորողները պատմում են իրենց դպրոցի, դասերի մասին, ներկայացնում կայքը, ստուգատեսներն ու դիջիթեքը, ընտրությամբ գործունեությունն ու ընտրած մարզաձևը: Հպարտությամբ, բայց ոչ մեծամտությամբ են պատմում, ներկայացնում, իսկ վերջում՝ հրավիրում կրթահամալիր: Ընթացքում սիրով և համբերատար կրկնում են տեղի բնակիչների համար չպարզաբանված բաները, սովորեցնում նյութեր պատրաստել, նամակներ գրել:
Հաճախ ենք մտնում գյուղապետարան, տեղեկանում այսօրվա գյուղի՝ բնակչության, զբաղմունքի, գյուղացու ապրելակերպի՝ ուրախությունների, հոգսերի մասին, համեմատում իրականությունը իրենց մասին եղած համացանցային տեղեկության հետ, հարցեր տալիս, պարզաբանումներ մտցնում, իսկ երեկոյան ամեն երեխա իրեն հյուրընկալող տանը ապրում է իր հասակակցի հետ, տեսնում և զրույցի միջոցով շատ բան իմանում տվյալ բնակավայրի մասին: Մեծ է գիշերակացով ճամփորդությունների առավելությունը, քանի որ շատ ու շատ խնդիրներ են միաժամանակ լուծվում: Ինքնադրսևորման, ինքնահաստատման լայն հնարավորություններ են ընձեռում եռօրյա ճամփորդությունները: Ճամփորդության գերխնդիրը միջավայրը և այդ միջավայրում ապրող մարդն է, որի հետ պիտի շփվես, խոսես, հաց կիսես, խաղաս, երգես ու պարես, օգնես դրսի և ներսի աշխատանքներում՝ կով կթես, փայտ ջարդես, հաց թխես, ջուր կրես, գիշերները բարբառով պատմած ծիծաղելի պատմություններ կամ հուշեր լսես: Արդյունքում՝ հետաքրքիր պատումներ։ Եվ ամենամեծ ձեռքբերումը՝ ընկերներ, մտերիմ-ծանոթներ, ինքնաճանաչում, հայրենաճանաչում:
Ճամփորդության արդյունքում էլ պատրաստում ենք հաշվետվություն, տեղեկատվական, նկարագրական տարբեր նյութեր, որտեղ ներկայացնում ենք մեր անցած երթուղին, վայրը՝ իր մարդկանցով, առանձնահատկություններով:
Այսքանից հետո, պարզ չէ՞, որ երեխան հպարտությամբ կխոսի հայրենիքի մասին, նվիրումով կվերաբերվի իր տեսած, ճանաչած, վայելած երկրին:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան