Մաթեմատիկան ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, չափելու և նկարագրելու գործողությունների հիման վրա։
Մաթեմատիկայի ուսուցման գործընթացը կրթահամալիրի կրտսեր դպրոցում գերազանցապես խաղային է։ Մեր պարապմունքների անբաժանելի մասն են կազմում մաթեմատիկական խաղերը, որոնք կենդանի են, պատկերավոր ու դինամիկ։ Առաջին դասարանցիների հետ խաղում ենք տարատեսակ խաղեր՝ աջ-ձախ, առաջ-ետ, մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր-ցածր՝ հասկացությունները տարբերելու նպատակով։ Խաղուսուցման համար հարմար են թե՛ դպրոց-պարտեզի ներսը, թե՛ բակ-պարտեզը։ Ներսում դիտարկում ենք տարբեր առարկաներ, բակում`շրջակա միջավայրը․ ինչն է ինչից բարձր, ցածր, մեծ, փոքր, երկար, կարճ և այլն։ Համեմատում ենք՝ ո՞ր ծառն է որից ավելի բարձր, ո՞ր շենքն է որից ավելի լայն և այլն, ապա նաև որոշում ամենաբարձրը, ամենալայնը, ամենաերկարը։ Սովորողների մեջ այսպիսի խաղերի միջոցով ձևավորվում, աստիճանաբար զարգանում են՝
- ստեղծագործական երևակայությունը,
- համադրելու, համեմատելու կարողությունները,
- դիտարկելու, չափելու ունակությունները։
Խաղային ուսուցումը հնարավորություն է տալիս ուսուցչին անսահման մտածել, ստեղծագործել, իսկ սովորողը չի զգում, որ սովորում է կամ ինչպես և երբ է սովորում։ Մարզախաղերն օգնում են սովորել առարկաները խմբավորել, բաժանել հավասար մասերի։ Հավես չափչփում ենք դպրոց-պարտեզի լանջերի երկարությունը, լայնությունը ոտնաչափերով, ցանկապատի երկարությունը՝ թզաչափերով, համեմատում ստացված թվերը։ Դրանով էլ չենք չսահմանափակվում. հաճելի խաղ-զբաղմունքը սովորողները տեղափոխում են տուն, ուղարկում են տեսանյութեր, որտեղ ցույց են տալիս՝ ինչպես են հաշվում ննջասենյակի, մահճակալի, գորգի երկարությունը և այլն։ Այսպես սովորողների մեջ շարժվում է հետաքրքրասիրությունը, մեծանում ավելին իմանալու ձգտումը։
Կրտսեր դպրոցում մաթեմատիկայի ուսուցման հիմնական և կարևոր բաժինը բանավոր համրանքն է: Այն շարժուն, աշխույժ գործընթաց է սովորողի համար, մեծ ակտիվություն է մտցնում ուսումնական գործընթացի մեջ՝ պարապմունքը վերածելով հաճելի զբաղմունքի։ Հաշվում ենք միասին, կատարում հետհաշվարկ՝ լսելով և հետևելով մեկս մյուսին։ Հաշվում ենք մարմնի մասերը, որոշում՝ որից քանի հատ ունենք։ Այս՝ թագավարակային տարում, երբ ուսումնական գործընթացը առժամանակ տեղափոխվեց ընտանեկան դպրոցներ, սովորողներն իրենց նախաձեռնությամբ այդ «աշխատանքն» անում էին տանը, նկարահանում և ուղարկում էին իմ էլփոստին՝ ցույց տալով իրենց հաշվելու, հետհաշվարկի, նախորդ, հաջորդ թվերի հերթագայությունը գտնելու, հարևան թվերը ճիշտ որոշելու կարողությունները։
Տարատեսակ խաղերի ներառումը ուսումնական գործընթացում մաթեմատիկան դարձնում է կենդանի, նոր շունչ տալիս, հնարավորություն տալիս ընդլայնելու մտահորիզոնը։
Կրտսեր դպրոցում, ինչպես գիտենք, ուսումնական գործունեությունը նույնպես իրականացվում է նախագծային ուսուցմամբ։ Նախագծերը հնարավորություն են տալիս սովորողին ձևավորել և զարգացնել բազմաթիվ հմտություններ ու կարողություններ։ Անկախ նրանից, թե նախագծերն ինչ բնույթ ունեն՝ լեզվական են, մարզական, խոհանոցային, տեխնոլոգիական, թե երաժշտական, միջառարկայական կապի «շնորհիվ» մաթեմատիկան միշտ «մասնակից» է։ «Շարոցթաթխիկ» նախագծով, օրինակ, հաշվում, համեմատում ենք ընկույզները, ապա հաշվում շարոցները և այլն։ Կամ՝ բարձունք ենք հաղթահարում՝ հաշվելով քայլերը, համեմատելով, համադրելով։ Բոլոր նախագծերում էլ մաթեմատիկայի ներառումը հերթական անգամ ամրապնդում և ընդլայնում է գիտելիքները։
Կրտսեր դպրոցում մաթեմատիկան հետաքրքիր են դարձնում նաև կենդանի խաղերը, որոնք խաղում ենք միասին։ «Թզուկ-հսկա» խաղի միջոցով, օրինակ, սովորում ենք զույգ, կենտ, միանիշ, երկնիշ թվերը։ Սովորողների հաճախ հորինում ենք խնդիրներ, որոնց հերոսները հենց իրենք են։ Հորինում ենք նաև ըստ ուսումնական օրացույցի նախագծերի՝ տիեզերքի, դդմի, զատկի մասին և այլն։ Դրա համար գործնական անհրաժեշտ պայմաններ ենք ստեղծում։ Այստեղ մեզ օգնության է գալիս նաև մեդիակրթությունը։ Թվանշանները ծեփելուց, թխելուց բացի նկարում ենք Paint-ով, ապա տվյալ թվին համապատասխան առարկաներ, հաշվում, ավելացնում, պակասեցնում։ Խնդիրը ճիշտ պատկերացնելու և պահանջն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով հաճախ օգտվում ենք Paint ծրագրից։ Նկարում ենք խնդրի պահանջը, նայում, հաշվում, տրամաբանում։
Արևելյան և Արևմտյան դպրոցի սովորողները 3 շարք նարգիզ տնկեցին, ամեն շարքում՝ 5 հատ։ Հարավային ու Հյուսիսային դպրոցի սովորողները 2 շարք քրիզանթեմ տնկեցին, ամեն շարքում՝ 8 հատ։ Բոլոր սովորողները միասին քանի՞ ծաղիկ տնկեցին։
Նկարել ենք բոլոր ծաղիկները՝ յուրաքանչյուրն իր շարքում՝ նշված թվով։ Ապա հաշվել ենք և գտել պատասխանը։
Մեդիահմտությունների կիրառությամբ մաթեմատիկական խնդիրներ լուծելու այս եղանակը սովորողների մեջ մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելու այլընտրանքային ևս մեկ միջոց է։ Paint ծրագրի օգնությամբ նաև հորինած խնդիրները մուտքագրում և նկարում ենք։
Մտավոր խաղերի միջոցով զարգացնում ենք երեխաների հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը։
Մաթեմատիկական հմտությունների զարգացման գործում մեզ օգնում են նաև սեղանի խաղերը՝ դոմինո, լոտո, այլկերպ և այլն։ Խաղալով սովորում ենք հաշվել, հավասարեցնել, համեմատել, խմբավորել, մտապահել թվանշանները, ինչպես նաև՝ սովորել թվերի կազմությունը:
Թվերի կազմությունը սովորելու համար նկարում ենք թվերի տներ՝ ցույց տալիս, թե որ թվի տանը ինչ թվեր կարող են ապրել։
Գումարելու, հանելու կարողությունները հաշվել կարողանալու հմտության զարգացման արդյունք է։ Սովորողները սկզբում գործողությունները կատարում են առարկաների միջոցով, ավելացնելով՝ հաշվելով, պակասեցնելով՝ հաշվելով, ապա աստիճանաբար կատարում են թվերով՝ տրված թվից հաշվելով հետ կամ առաջ կամ ավելացնելով մինչև կլոր տասնյակը, ապա մնացորդի ավելացումով։ Որքան էլ հետաքրքիր լինի առարկայական դասընթացը, միևնույնն է, սովորողը
կարիք ունի փոփոխությունների` նոր գիտելիքների, գիտելիքների ձեռքբերման և յուրացնելու նոր ձևերի, որոնք իր ստեղծագործական նոր մոտեցումներով միշտ պիտի ապահովի դասընթացի հեղինակ-ուսուցիչը: Ուսումնական այն գործընթացը, որ կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներում, ինքնին այլընտրանքային-հեղինակային է իր խաղ-ուսուցման տարատեսակ ձևերով ու մեթոդներով, որոնց հեղինակը շարունակ ինքնակրթվող ուսուցիչն է։