Լավ է, երբ ուսումնական ամեն մի հաստատություն կահավորված, լուսավոր, մտերմիկ ու սիրելի անկյուն է ունենում թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների համար։ Այդպիսի սպասված անկյուն էր մեր վերնատունը։ 2019-20 ուստարվա վերջերին, երբ բոլորս անհաբերությամբ էինք սպասում վերնատանն իրականացվող շինարարական, կահավորման վերջին աշխատանքներին, վրա հասավ թագավարակը, ու կրթահամալիրն անցավ հեռավար ուսուցման։
Ճիշտ է՝ հասցրինք մի քանի հանդիպումներ անել՝ դասավանդողների գրական ակումբի հերթական պարապմունք, ծննդյան տոնի շնորհավորանք և էլի ինչ-որ բաներ, բայց վերնատան կայացման ու հետագա գործունեության առումով 2020-21 ուստարին ավելի արդյունավետ է, բազմապլան ու բազմաբովանդակ։ Հենց այս մասին եմ ուզում խոսել իմ այս հոդվածով։
Վերնատուն ու «Գրական խոսքի ակումբ»
Խնամված, գեղագիտորեն հաճույք պատճառող դպրոցական ամեն մի միջավայր ոչինչ է, եթե այն զուրկ է բովանդակությունից, եթե այդ միջավայրը սովորողին չի մղում՝ երևակայելու, նորն արարելու, իր ուզած անկրկնելին ստեղծելու։ Այսօր վերնատունը դարձել է մեր ուսումնական գործունեության անբաժանելի բաղադրիչը և առաջին հերթին կրթական իսկական հարթակ է հենց սովորողի համար իր կայացման ու ինքնահաստատման ճանապարհին։ Վերնատունը հավաքների, հանդիպումների, քննարկումների, ինչո՞ւ չէ՝ նաև մի փոքր հանգստանալու, օրվա լարվածությունը թոթափելու, զվարճանալու ու պարզապես փոխադարձ շփումների վայր է Քոլեջի ուսանողության համար։ Սակայն վերնատան կրթական գործառույթը կարևորելով՝ դիտարկենք ուսումնական գործընթացի մի քանի ուղղություններ։
Անվարան կարելի է ասել, որ վերնատան գոյությամբ ու ընձեռած հնարավորությունների շնորհիվ է, որ կրթահամալիրի օրացույցով սահմանված «Կարդում ենք․․․» նախագծերն այսօր դուրս են եկել դասարանական նեղ միջավայրից ու փոխել մեր դասերի ձևաչափը։ Երբ ուսուցիչը նախօրոք մտածված, ճկուն քայլերի արդյունքում կարողանում է սովորողին ներքաշել ուսումնական գործընթացի մեջ, ընթերցումներին նախապատրաստվելու ժամանակահատվածը վերածել հետազոտական լաբորատորիայի, ապա սովորողը մի երկար ժամանակ «տեղափոխվում» է սիրելի հեղինակների բանաստեղծական աշխարհ, կարդում է, փնտրում, կարդացածի մեջ խորամուխ լինելով՝ ընտրում, առանձնացնում, հետո ընտրածները ձայնագրում, ձայնաֆիլմեր ու տեսաֆիլմեր պատրաստում։ Այս ամենը, անշուշտ, լրացուցիչ ոգևորության աղբյուր է՝ ընթերցումներն ավելի գրավիչ դարձելու, մասնակիցների շրջանակը ընդարձակվելու, ինչո՞ւ չէ, նաև միևնույն հեղինակին ընթերցումների տարբեր ձևաչափով ներկայացնելու համար։
Այսպես՝ «Կարդում ենք Չարենց»-ը «Ձոն աղջիկներին ու կանանց՝ չարենցյան ընթերցումներով» նախագծի վերափոխվեց, որի ընթացքում Քոլեջի տարատարիք տղաները նախագծի հեղինակ Ալեքս Սահակյանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի առթիվ Չարենցի ստեղծագործություններով շնորհավորեցին Քոլեջի աղջիկներին ու դասավանդողներին՝ ընթերցումներն ուղեկցելով մեր շնորհաշատ տղաների՝ Գագիկի և Սիմոնի դաշնամուրային կատարումներով, Քոլեջի արական երգչախմբի ելույթով։
Շնորհավորանքից ոգևորված՝ մեր կրակի կտոր Արևիկ Գևորգյանը, որ այս տարվա սկզբից շարունակ խոսում էր Քոլեջում «Գրական խոսքի ակումբ» հիմնելու մասին, կարճ ժամանակում հասցրեց իրականություն դարձնել իր փայփայած երազանքը, միավորեց, խանդավառեց ընկերներին իր գաղափարներով՝ հերթական ընթերցումը դարձյալ նվիրելով մեծ բանաստեղծին՝ Եղիշե Չարենցին։ Իսկ ահա հաջորդ գրական ակումբը տիարի խորհրդով որոշեցինք նվիրել Միսաք Մեծարենցին, սակայն հետո նախապատրաստվելիս ընդարձակեցինք շրջանակը՝ ընդգրկելով նաև մեր մյուս արևմտահայ բանստեղծների ստեղծագործությունները։ Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ այդ ընթերցման նախապատրաստական աշխատանքները հեշտ չէին ընթանում, սովորողները դժվարանում էին արևմտահայերեն կարդալ, էլ չեմ ասում ավելին՝ վարժ ու արտահայտիչ կարդալ․ պատասխանատվությունը մեծ էր։ Ոգևորությունն էլ էր մեծ, ու արևմտահայերենի լեզվական խնդիրները հաղթահարել էր պետք։ Ուսանողներ ունեինք, որ Քոլեջում տիրող ընդհանուր տրամադրությունից ոգևորված՝ վերջապես հաղթահարել էին իրենց տարիքային և այլ բարդույթները ու առաջին անգամ որոշել էին մասնակցել ընթերցումներին, բայց արի ու տես՝ հիմա էլ բախվել էին լեզվական այս անջրպետին։ Սակայն թե՛ վերնատան տրամադրող միջավայրը և թե՛ սովորողների տրամադրվածությունը բոլոր անհանգստությունները հեռվում թողեցին։ (Տեսանյութի հղումը)։
Քննարկումներ վերնատանը
Ընթերցումները՝ ընթերցումներ, բայց վերնատան գոյությամբ փորձում եմ կարևորել հատկապես գրական քննարկումները՝ նպատակ ունենալով զարգացնել սովորողի վերլուծական միտքն ու քննադատական մտածողությունը։ Այս ուստարում այդպիսի մի համատեղ նախագիծ իրականացրինք ես ու պատմության մեր ուսուցիչը՝ Էլյա Սահակյանը։ «Zartnir» ծրագրի շրջանակում քննարկում էինք Անտուան դե Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։ Հասարակական այս կազմակերպությունը հանրապետության դպրոցներում կազմակերպում է ընթերցողական խմբակներ, տրամադրում ընթերցելիք գրականություն՝ նպատակ ունենալով խթանել սովորողների ընթերցողական հմտությունները։ Աշխատեցինք երկու փուլով․ նախապատրաստական փուլում որպես տնային ընթերցանություն՝ սովորողները կարդացին Էկզյուպերիի ստեղծագործությունը, ապա վերնատան միջավայրում իրականացրինք քննարկումը։ Մտերմիկ, ստացված քննարկում էր։
Իսկ ահա մայիսյան հավաքի շրջանակում «Վերնատան կյանքը 2020-2021 ուսումնական տարում» թեմայով կլոր սեղան-քննարկումով նպատակ ունեինք ամփոփելու վերնատան այս տարվա գործունեությունը, ձեռքբերումները և հստակեցնելու աշխատանաքային այն նոր ուղղությունները, որ նախատեսում ենք առաջիկա 2021-2022 ուստարում։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ փորձենք առանձնացնել, թե ի՞նչ է տալիս սովորողին վերնատան հանդիպումները, ընթերցումները, քննարկումներն ու կլոր սեղանները․
- դասարանական միջավայրից դուրս ձևավորվող համագործակցություն
- սովորողների միջև գիտելիքի հանդեպ ընդհանուր հետքրքրություններին վերաբերող փոխհարաբերությունների հաստատում
- ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնաարտահայտման ազատություն
- նոր հետաքրքրությունների բացահայտում և դրսևորում
- լսելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու հնարավարություն
- ինքնակրթության, ինքնադրսևորման հնտությունների զարգացում
- ճիշտ, արտահայտիչ ընթերցանության հմտությունների խթանում
- վերլուծական, քննադատական մտածողության ձևավորում ու խթանում
Վերնատունը հագեցած ու բազմաբովանդակ է դարձրել նաև մեր՝ Քոլեջի ուսուցիչներիս գործունեությունը։ Մեզանից յուրաքանչյուրն անվարան կհիմնավորի, որ բազմապատկվել են մեր կազմակերպչական ընդունակություններն արտահայտելու հնարավորությունները։ Ընթերցումները, քննարկումները, հանդիպումները համակարգելով՝ մենք ձեռք ենք բերել անձի դրսևորման մի նոր աստիճան, որն իմիջիայլոց, շատ է նպաստում սովորողի գործունեությանը ազատություն ընձեռելուն։ Շատ կարևոր է, որ դասավանդողը, վստահություն ցուցաբերելով ու առաջնորդվելով «Մի՛ վնասիր» սկզբունքով, փորձում է կողքից դիտողի հայացքով հետևել, տեսնել, արձանագրել, թե որքան ինքնուրույն, համարձակ ու նախաձեռնող են դառնում իր շնորհալի ուսանողները։ Ակնհայտ է, որ այսպիսի գործունեության արդյունքում նկատելիորեն բարձրացել է թե՛ սովորողների և թե՛ դասավանդողների աշխատանքի արդյունավետությունը։
Վերնատան գոյությամբ նաև մի հրաշալի մրցակցություն է ձևավորվել դասավանդողներիս միջև։ Մայրենիի մեր «Գրական խոսքի ակումբ», Մարիամ Քալանթարյանի «Время поэзии», Դիանա Ասրյանի «Michael Jackson» Մարիամ Մխիթարյանի «Ֆիլմադարան» Էլյա Սահակյանի «Հանդիպումներ վերնատանը» նախագծերն իրականացնելու հաճախականությունն այնքան է մեծացել, որ արդեն անհրաժեշտություն է ծագել նոր ուսումնական տարում դրանք պլանավորել ամսվա կտրվածքով, ֆիքսած օրեր ունենալ և այդ ամենը օրացուցային տեսքի բերել։ Ասել է թե՝ նոր ուստարի, նոր մտահաղացումներ, նոր ձեռքբերումներ։