«Առականին», «Ֆիլմադարանը», «Շողակնը», «Գրապտույտը», «Վիքիմեդիան» «Կանթեղը» երկարաժամկետ նախագծեր են: Նախագծերը, ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, ունենում են թռիչք-վերելքի և անկում-վայրէջքի պահեր: Սակայն ի տարբերություն կարճաժամկետ նախագծերի, երկարաժամկետ նախագծերը ժամանակի ընթացքում շարունակականությունը պահելու անխուսափելի խնդիր են ունենում. ինչ-որ պահից սկսած` բնական կերպով թուլանում է հետաքրքությունը սկսած գործի հանդեպ:
Այս դեպքում թե՛ նախագծի ղեկավարից, և թե՛ մասնակիցներից լրացուցիչ ջանքեր, մտածված ելք-քայլեր են պահանջվում` սկսած գործը կիսատ չթողնելու համար: (Եթե, իհարկե, վիրտուալ գորգի այդ նախշն ունի իր ուրույն գույնն ու ձևը, իր անկրկնելի տեղը, իր դերակատարում-նշանակությունը, ասելիք-խորհուրդը և, մանավանդ, եթե որակ-զարգացում է բերում կրթահամալիրին):
Մենք հենց նման խնդրի առաջ էինք կանգնած, երբ Երևանում` մեր Բանգլադեշում, ուսումնական հերթական պարապմունքի ժամանակ ստացանք տիար Բլեյանի` «Ուխտադարան-փաթեթի» կոչ-առաջարկը: Աշխատանքի ծավալը ծանր ու թեթև անելուց հետո պարզ դարձավ, որ գործը միայն «Կանթեղ» նախագծով գլուխ չի գա: Ի՞նչ անենք: Իսկ ինչո՞ւ չմիանան նաև մյուս նախագծերը: Համարձակ որոշում էր. մանավանդ որ վերոհիշյալ նախագծերը նման նախադեպ մինչ այդ չէին գրանցել:
Ինչևէ, ամբողջանում է ևս մեկ նախագիծ`«Քրիստոսի հետքերով. ուխտագնացություն Երուսաղեմ»` իրական դարձնելով նաև տարբեր նախագծերի համատեղման հնարավորությունը: Ակնհայտ է դառնում, որ նախագծային տարբեր խմբերի միասնական աշխատանքը կարող է խթան դառնալ շարունակական և ամենամյա նախագծերի զարգացման համար: Ասել է թե` երկարաժամկետ նախագծերը ժամանակ առ ժամանակ պետք է այլ նախագծեր իրականացնեն` «շեղվելով» իրենց հիմնական անելիքից: Սա, թեևս, նոր հնարավորություններ է առաջացնում և հետաքրքրությունների դաշտ բացում: Օրինակ` «Ֆիլմադարանի» մասնակիցների համար «Կանթեղի» նախագիծը կարող է խթան լինել, որ Հիսուս Քրիստոսի մասին ֆիլմերի ու գիտահանրամաչելի հաղորդումների մեդիադարակ ստեղծվի, «Գրապտույտ» և «Շողակն» նախագծերի մասնակիցների մեջ հետաքրքրություն առաջացնել հայ և համաշխարհային գրականության մեջ քրիստոնեական թեմաներով գոհարների նկատմամբ: «Առականիի» համար Հիսուսի առակներին անդրադառնալու և նորից ընթերցելու լավ առիթ է, իսկ «Վիքիմեդիան» արդեն սկսել է համացանցի հարստացումը` Քրիստոսի անվան հետ առնչություն ունեցող տեղանունների մասին նյութեր թարգմանելով և տեղադրելով:
Եթե մեկ, երկու տարի առաջ նախագծերում աշխատող սովորողների հիմնական կազմը համեմատաբար կայուն էր, ապա այսօր միանգամայն այլ պատկեր ունենք: Սովորողներն ազատ տեղաշարժվում են մի նախագծից մյուսը` այս կերպ ընդարձակելով իրենց հետաքրքությունների տիրույթը: Սովորողների մի մեծ խումբ հաջողությամբ համատեղում է ոչ թե մեկ-երկու, այլ չորս-հինգ նախագծի մասնակցություն: Կան սովորողներ էլ, որ այս ուսումնական տարում ինձ հետ՝ որպես դասավանդողի, առնչություն չունեն, բայց շարունակում են նախագծերում իրենց աշխատանքը: Սա, անշուշտ, ուրախացնող և ոգևորող փաստ է:
Բնականոն զարգացում կարող են և հետագայում պետք է ապահովեն միջին և կրտսեր դպրոցներում արդեն ձևավորված խմբագրություն-ակումբները: Դրանք թարմություն ու նոր շնչառություն կհաղորդեն Ավագ դպրոցում գործող ակումբներին` համալրելով և նորացնելով այս կամ այն նախագծի մասնակիցների կազմը` այսկերպ ապահովելով երկարաժամկետ նախագծերի շարունակականությունն ու զարգացումը: