Ես Երևանցի եմ, երևանցի եմ արդեն իմ չորս սերնդով: Հայրս ծնվել է Երևանի Ձորագյուղ թաղամասում, որը ձգվում էր Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Ես նույնպես այդ թաղամասի ծնունդ եմ: Ծնվել եմ այդտեղ, բայց մեծացել եմ Երևանի Աջափնյակ թաղամասում:
Երեխաներս նույնպես ծնվել են Աջափնյակում: Թոռնիկներս երևանցի են: Թվում է՝ իմ այս կյանքով-կենսափորձով ես պետք է Երևանը լավ իմանայի:
Ծնվել եմ Երևանում՝ Զանգվի ձախ ափին, մեծացել աջ ափին, բայց արի ու տես, որ ոչ Երևանը լավ գիտեմ, ոչ առավել ևս՝ Զանգուն:
Այսօր նոր իմանում եմ, որ Հրազդան գետը 141 կմ երկարություն ունի, որ «նրա մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումն է, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը»: Այսօր առաջին անգամ եմ լինում Հրազդանի ձախ ափի այս թաղամասերում: Երբևէ մտքովս կանցնե՞ր, որ Երևանի մեջ կարող էր այսպիսի Երևան լինել:
Իսկ դպրոցում սովորել եմ գերազանց: Մինչև հիմա հիշում եմ սերտածս անգիրը՝ Ասիան Եվրոպայից անջատվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով, Կումա-Մանիչի իջվածքով… Ականջդ կանչի աշխարհագրության իմ ուսուցիչ, ընկեր Բաղդասարյան, ի՜նչ ջանասիրությամբ էր մեզ սերտել տալիս այդ կարևորագույն փաստը, կարծես հենց վաղը Ասիայից Եվրոպա էինք անցնելու ու կարող է ճանապարհը չգտնեինք… Իսկ մեր համար 100 դպրոցը հենց Զանգվի ափին էր…
Կրթություն եմ ասել, է՜… Կյանքը սովորողի մի կողքով էր անցնում, կրթությունը՝ մյուս: Եվ ուսուցչի գործն էլ դառնում էր ուշադիր լինել, որ հանկարծ դրանք իրար չհանդիպեն: Եվ էսպես քանի՜ տարի, քանի՜ սովորողի կողքով է անցնում, անցնելու կրթությունը: Այս ի՜նչ օտարում է, որ էդպես էլ չի հաղթահարվում…
Հիմա նայում եմ սեբաստացիների այս խմբին՝ տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, և կենտրոնում տիար Բլեյանն է: Քայլում են տնօրենի հետ, լսում են խաղաղ պատումը: Կմոռացվի՞ այս պատումը: Եթե անգամ պատումը մոռացվի, իրենց տեսածն ու զգացածը ո՞նց կմոռացվեն: Ոգով սկսած «Աբովյանի հետ». «Սիրուն Զանգի». «Գետը քաղաքում» փաթեթով նախագիծը կրթահամալիրում թափ առավ՝ ներառելով ոչ միայն սեբաստացիների, այլև ոչ սեբաստացիների նորանոր խմբեր: Քանի՜ սեբաստացի այս օրերի ընթացքում իր համար հայտնագործեց Զանգուն, Երևանյան լիճը, Աբովյանին… Քանի՞ բանասեր և ոչ բանասեր նորից ձեռքները Աբովյան վերցրին: Քանի՞ ուսուցիչ Աբովյանի Զանգվի գովքը փոխանցեց իր սովորողին, իր սովորողի հետ քայլեց Զանգվի ափերով՝ Աբովյանի խոսքը ականջներում՝ Զանգի, Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի… Եվ եթե սրանք չեն ուսումնական պարապմունքները, բա որո՞նք են:
Տիար Բլեյանի հետ անցկացրած այս մի քանի ժամը լավագույն ուսումնական պարապմունքներից էր՝ կենդանի, գրավիչ: Տնօրենի ոգեղենությունն անցնում է բոլորին՝ սովորողներին, ուսուցիչներին: Պատմում է իր ծննդավայրի, իր մանկության կամրջի, իր ընկերների, իր Գետառի, իր Զանգվի մասին: Պատմում է սիրով, ոգևորված: Պատմում է ու ցույց է տալիս: Ոգին փոխացվում է ոգու հե՞տ, տիար Բլեյան: Լսում ենք, տպավորված ենք: Գետառին, Հրազդանին, կիրճին, կամրջին նայում ենք Ձեր աչքերով: Էս ինչքա՜ն սիրուն է մեր Հրազդանի կիրճը…
Ավելի լավ վարպետության դա՞ս մեզ՝ ուսուցիչներիս համար:
Ձեր մի գրում, տիար Բլեյան, գրեցիք, թե կուզեիք Մարիետ Սիմոնյանի պես ուսուցիչ լինել: Ես Ձեր սովորողն եմ եղել և մնում, այսօր էլ շարունակում եմ սովորել ձեզնից: Եվ դրա համար շնորհակալ եմ:
Հատվածներ տիար Բլեյանի պատումից:
Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան