Նախաբանի փոխարեն

Մարդու կյանքում շատ են պայմանականությունները: Հասարակությունն իր զարգացման ընթացքում տուրք է տվել այդ պայմանականնություններին ու յուրաքանչյուր պայմանական զարգացման փուլում` ավելացրել դրանք: Նախնադարյան մարդն իրական բնույթով մարդ էր: Նա զերծ էր պայմանականություններից: Անգամ հին թատրոնում`ողբերգությունը և տրագեդիան միախառնված էին: Դրանք բաժանված չէին: Ընդամենը կար սկիզբ, ընթացք և ավարտ: Մենք այդ պայմանականությունների սկզբունքից ելնելով ստեղծեցինք` ակնթարթ, վարկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, դար և այսպես շարունակ: Կյանքը դադարել ենք դիտել ամբողջության մեջ: Այն դիտում ենք դրվագային, միմյանցից արհեստականորեն կտրելով իրերի ուղին, որն այնքան գեղեցիկ է նկարագարված հին չինական ուսմունքներում:

Ըստ էության

Վերը հիշատակված պայմանական շրջափուլերից մեկն էլ ՝  ուսումնական տարին է։ Դեմ չգնալով հասարակության ընդհանուր պատկերացումներին՝ փորձենք ամփոփել հասարակագետների մասնախմբի ուսումնական տարին։ Ստորև կանդրադառնանք մասնախմբի դասավանդողների կողմից իրականացրած նախագծերին, հիմնական բացթողումներին և իհարկե, հանդես կգանք առաջարկություններով։

Մասնախմբի համար, տարին բավականին ամբողջական էր նախագծային ուսուցման առումով։ Շարունակվեցին ինչպես նախկին նախագծերը, այնպես էլ առաջ եկան նորերը։ Հաշվի առնելով դրանց քանակը և ծավալը՝ կառանձնացնենք կարևորները։

Հատկապես բեղուն նախագծային գործունեություն իրականացրեց Աշոտ Տիգրանյանը։ Նրա կողմից իրականացրած նախագծերից կառանձնացնեի ՝   «ՈՒԳԸ-ԱԳԸ. կրթական կամուրջներ», «Միասնական Տիեզերք», «Այլընտրանքային պատմության ուսուցումը» և մի շարք այլ նախագծեր։

Իմ կողմից իրականացված հիմնական նախագծերը վերաբերում են «Պատմության այլընտրանքային դասագիրք» բլոգի ստեղծման աշխատանքներին, «Պատմության քառուղիներ», «Դիլեմա» և այլ նախագծերի։ Մասնախմբի դասավանդողների կողմից իրականացրած կարևոր նախագծերի թվում կարելի է դասել «Ավանդական խաղերը» նախագիծը և դրա ենթանախագծերը, որոնք մեծ տարածում գտան հատկապես վերջին շրջանում։ Մասնախմբում ներառված դասավանդողներից ոմանք (Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան, Հայկազ Մարգարյան) ակտիվորեն հանդես են եկել «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային պարբերականում։

Նախագծային ուսուցման 2016-2017-ի ձեռքբերումներ կարելի է համարել.

  • նախագծային ուսուցումը դարձել է պարտադիր հանրակրթության բաղկացուցիչ.  
  • նոր սովորողներ են ընդգրկվում երկարաժամկետ նախագծերում.
  • իրականացվում են նոր նախագծեր.
  • համադրվում են ակադեմիական և ոչ ֆորմալ կրթության ձևերը.
  • գործում է սովորող-դասավանդող, դասավանդող-սովորող կապը՝  բխելով նաև սովորողների նախասիրություններից։ Այսինքն ՝  պարտադրանքը նվազում է։

Թերացումներ, չլուծված խնդիրներ

  • Նախագծային ուսուցման հարցում կրթահամալիրում առկա են տեսական և գործնական հակասությունները։
  • Պարտադիր հանրակրթության ծրագրով իրականացվող նախագծերում սովորողների մի մասը չի ներառվում։
  • Արտակրթահամալիրային կրթական, գիտական և այլ հաստատությունների հետ համագործակցության իրականացման վրա ծախսված ժամանակի մեծ մասը չի ներառվում դասավանդողի և սովորողի աշխատաժամանակի մեջ (խնդիրն հատկապես առկա է Աշոտ Տիգրանյանի մոտ)։
  • Ձևաչափական և կառուցվածքային բովանդակության դժվար ընկալում (այս խնդրին հատկապես կանդրադառնամ բլոգային ուսուցման հատվածում)։

Դասընթացների ծրագրեր

Էական առաջընթաց ունեցանք նաև դասընթացների ծրագրային մոտեցումների և բովանդակային փոփոխությունների հարցում։ Դրանց էական բացթողումները և հիմնական խնդիրներն ակնհայտ են դառնում դասավանդման ընթացքում։ Կրթահամալիրում գործող այլընտրանքային մանկավարժության սկզբունքները հնարավորություն են տալիս հընթացս կատարել փոփոխություններ և հնարավոր բացերը փակել։ Այդպես եղավ 10-րդ դասարանի փիլիսոփայության դասընթացի դեպքում։ Փորձը հնարավորություն է տալիս հանդես գալու բացառապես նոր ու ներառող ծրագրով, որն իր մեջ խտացնում է հասարակագիտության բուն էությունը և այդ տարիքի սովորողի հետաքրքրասիրության շրջանակները։

Սակայն այս հարցում ունենք հսկայական անելիք։ Ծրագրերի մի զգալի մասը դեռ փոփոխության և հեղինակային կրթական ծրագին համապատասխանելնելու կարիք ունեն։ Օրինակ՝  կտրուկ, ձևաչափական և բովանդակային փոփոխության կարիք ունի հայրենագիտության դասընթացը։ Կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում չկա միասնական ծրագիր։ Ավելին՝  իրականացվող ծրագրերը չունեն որևէ հիմնավորում կամ ծրագրային մոտ տեսք։

Բլոգային ուսուցում

Բլոգային ուսուցման միջավայրում, հատկապես ավագ ու միջին դպրոցներում առկա վիճակը կբնութագրեի՝  կայուն դոփում նույն տեղում։ Նախ, դեռ հստակեցված չեն բլոգային ուսուցման սկզբունքները և մոտեցումները։ Եթե կան որոշակի մշակումներ, ապա դրանք ամբողջական չեն։ Բլոգային ուսուցման նրբությունները պահանջում են, որպեսզի լինի կոնկրետ առարկայական մեթոդական ուսուցում յուրաքանչյուր դասընթացի նկատմամբ։ Այն մենք այսօր չունենք։ Միջառարկայական կապի բացակայությունը՝  պայմանական հումանիտար ոլորտի առարկաներ, հնարավորություն է տալիս, որպեսզի շատ դեպքերում, բլոգներում հայտնվեն ակնհայտ վրիպակներով և սխալներով, որևէ բովանդակություն չունեցող նյութեր։ Չնայած այն հանգամանքին, որ Ավագ դպրոցի պատմության ծրագրում հստակ նշված են անհատական-հետազոտական աշխատանքներին ներկայացված պահանջները, ամեն դեպքում, սովորողների շատ քիչ մասն է կատարում դրանք։ Լայն տարածում ունի «քոփի-փեյսթ» երևույթը, որը կարելի է ասել, ազատում է սովորողին ու դասավանդողին փոխադարձ «գլխացավանքից»։ Մյուս կողմի, չենք կարող չնշել, որ սովորողների մի մասի մոտ, բլոգը դարձել է իրական ինքնաարտահայտման և իր նախագծերն արտացոլելու հարթակ։ Ուստի, այս փորձի վրա հիմնելով, կարծում եմ, որ պետք է փոխվեն բլոգային ուսուցման վերաբերյալ մոտեցումները։ Այս դաշտում անելիքների շատ ունենք։

Մասնախմբի մասնագետների կողմից իրականացրած նախագծերից կկարևորեմ նաև ինտելեկտուալ խաղերի նախագծերի իրականացումը։ Աշոտ Տիգրանյանն այն լայնորեն կիրառեց միջին և կրտսեր դպրոցներում, իսկ տողերիս հեղինակը ՝  ավագ դպրոցում։ Այս խաղերն արդյունավետ են հատկապես կրթահամալիրյան ճամբարների ժամանակ։ Ուստի, դրանց կիրառումը շարունակվում է նաև ամառային ճամբարների ընթացքում։

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով