Տաթև Մանվելյան

2019-ը թվականին՝ ֆիզարձակուրդից հետո, աշխատանքի անցա Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ որպես երաժշտության ընտրության գործունեության դասավանդող։ Լինելով պրոֆեսիոնալ ֆլեյտահար՝ որոշեցի երգեցողությունից բացի փողային գործիքներից նաև շվին փորձարկել երաժշտական հանրակրթության մեջ: Սովորողների հետ շվիի կատարողականը սկսեցինք շատ փոքր քայլերից: Սկզբում նվագում էինք ձեռքիս տակ եղած փայտե շվիով: Սովորողների և իմ ոգևորությունը շատ մեծ էր, սակայն արդյունքն այդքան էլ շոշափելի չէր: Կրտսեր դպրոցի սովորողները դեռ փոքր են, մատիկները՝ փոքր. մատիկներով չէին կարողանում ծածկել շվիի անցքերը: Միայն երրորդ դասարանցիները որոշակի արդյունքի հասան, քանի որ նրանց մատները մի փոքր խոշոր ու երկար էին, և կարողանում էին գործիքը տեխնիկապես ճիշտ օգտագործել:

Ցավոք, Հյուսիսային դպրոցում երաժշտության ընտրության գործունեության պարապմունքին շվին կարողացանք կիրառել 2019 թ-ի միայն առաջին ուսումնական շրջանում. թագավարակի պատճառով աշխատանքը կանգ առավ, իսկ տանը սովորողները շվի չունեին:

2020-2021 թթ. ուսումնական տարում, երբ արդեն տեղափոխվեցի Արևելյան դպրոց, կարծես տեսանելի էր շվիի ներառումը հանրակրթության մեջ։ Նշեմ, որ այստեղ ընտրության գործունեության երաժշտության խմբերում ներառված էին տարատարիք սովորողներ, այդ թվում և բարձր տարիքի սովորողներ: Այստեղ խմբերն ավելի շատ էին: Երեխաների երգեցողության կատարողականությունը բարձր մակարդակի վրա էր, ուստի կարիք էլ չկար երաժշտության ընտրության գործունեության պարապմունքներին նորից երգեցողության վրա աշխատել: Ինձ մնում էր սովորողների համար շվիներ ձեռք բերելը և երեխաներին նվագել սովորեցնելը:

Խանութներից մեկում պատահաբար նկատեցի պլաստմասե շվիներ, որոնց անցքերը փոքր էին, նախատեսված էին երեխաների համար. ապլիկատուրայի համակարգը համապատասխանում էր փայտե շվիի ապլիկատուրայի համակարգին։ Մի քանի հատ գնելով՝ փորձեցինք և  ստացվեց: Այսպիսով՝ ուսումնական տարին սկսելուն պես շվիները շատ արագ գործածեցինք պարապմունքների ընթացքում:

Առաջին ուսումնական շրջանում սովորողներն սկսեցին ծանոթանալ շվի գործիքին, պարզագույն ձևով կարճ ժամանակում սովորեցին ապլիկատուրան, որից հետո փորձեցինք սովորել «Արև, արև»-ը։ Առաջին դասարանների առաջընթացը համեմատաբար դանդաղ էր, քան ավելի բարձր դասարանների սովորողներինը: Երկրորդ դասարանցիներից եղան սովորողներ, որ մեկ ամսվա մեջ կարողացան մեղեդի նվագել: 3-5-րդ դասարաններում գործն ավելի հեշտ և արագ էր առաջ գնում: Այս տարիքային խմբերում արդյունքն ավելի տեսանելի էր, և ակնհայտ էր կատարողական որակը:
Սակայն սովորողների թիվը համույթներ ձևավորելու համար շատ քիչ էր: Սկզբում բարձր տարիքի սովորողները թերահավատորեն էին մոտենում նախագծին: Ընթացիկ աշխատանքների ընթացքում նրանց կարծիքը փոխվեց:

2020-2021 ուստարվա երրորդ շրջանում երաժշտության ընտրության գործունեության խմբերը համալրվեցին նոր սովորողներով: Տեսանելի էր, որ նախագիծը հաջողում է, քանզի այն հետաքրքրություն էր առաջացրել։ Ուզում եմ նշել, որ 4-5-րդ դասարաններում երաժշտության ընտրության գործունեության խմբեր հազվադեպ են ձևավորվում, սակայն ես կարողացա 4-5-րդ դասարանների սովորողներից կազմված մեծ խումբ ստեղծել՝ երաժշտասեր և երաժշտական լավ տվյալներ ունեցող սովորողներով։

Որոշեցինք, որ պետք է համերգով մասնակցենք «Ձոն» ստուգատեսին։ Ամեն մի սովորողի համար ընտրեցինք առանձին ստեղծագործություն «Կաքավիկ» երգարանից: Սովորողների ոգևորությունն այնքան մեծ էր, որ նրանք շատ արագ սովորեցին շվիին տիրապետել, իրենց հայտնի երգերը կատարել։ Մինչ համերգը կարողացանք նաև մասնակցել ուրբաթ-համերգներին՝ ներկայացնելով «Ա՛յ ֆորկա» երգի մեղեդին:
«Ձոնին» պատրաստվում էին նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների սովորողները։
Երկրորդ դասարանների հետ պատրաստեցինք «Արև, արև»-ը։ Երրորդ դասարանների սովորողների հետ պատրաստեցինք առանձին ստեղծագործություններ, իսկ առաջին դասարանների հետ կազմեցինք փոքրիկ երգչախումբ։
Վերջապես հասավ համերգի օրը: Շվիահարները կարողացան ցույց տալ իրենց՝ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը, շվիին տրապետելու հմտությունները, երաժշտական ընդունակությունները: Շվիահարներին հանդիսատեսը դիմավորեց և ընդունեց բավականին բուռն ու ջերմ: Համերգը դարձավ համագործակցային, քանի որ մեզ միացավ նաև Հարավային դպրոցի «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը։

Առաջին համերգից հետո որպես նախագծի զարգացում՝ որոշեցինք երաժշտության ընտրության գործունեության խմբերը վերածել դասարանական համույթների: Կատարողական առումով ավելի նպատակահարմար է, երբ սովորողները միասին մի ստեղծագործություն են կատարում: Այդպես սովորողները կարող են մենակատար երգողին կամ երգչախմբին նվագակցել, որից շվիների ձայնը երգչախմբային երգեցողության ֆոնին չի կորչի։ Այսպես սովորողները նաև ավելի մեծ նվագացանկ կունենան: Փորձը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք: Միասնական ստեղծագործություն սովորելն ավելի արագ է և արդյունավետ: Գրեթե երկու պարապմունքի ընթացքում հաջողվեց միասնական ուժերով նոր ստեղծագործություն սովորել:
2020-2021 ուստարվա ավարտին շվիահարների դասարանական համույթները մի քանի համատեղ համերգ-նախագծի մասնակցեցին: Ուշագրավ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում շվիահարները կարողացան կրթահամալիրում ցույց տալ իրենց կատարողական հմտությունները, վարպետորեն նվագակցել տարբեր խմբերի և իրենց ստացած գիտելիքներից հաճույք ստանալ:
Նախորդ տարվա հաջող փորձից հետո սովորողների հետ զարգացնում ենք նախագիծը: Սովորում ենք նոտագրագիտություն, թերթից կարդալ ու նվագել, ընդլայնում ենք նվագացանկը՝ ներգրավելով դասական, միաձայն և երկձայն ստեղծագործություններ։
Կարծում եմ, որ շվիի ներմուծումը հանրակրթության մեջ ավելի արդյունավետ է իրագործել 4-5-րդ դասարաններում, որովհետև ընտրության գործունեության բաշխված դասաժամերը չորսն են, որոնց ընթացքում ավելի շատ բան կարելի է անել, ավելի լավ արդյունքի հասնել և բարձր որակ ապահովել։
Նախագիծը շարունակվում է։ Մի քանի ամսվա փորձը ցույց տվեց, որ այսօր արդեն ավագ դասարանների սովորողները շվիի կատարողականությունը հասցրել են շատ բարձր մակարդակի և շարունակում են կատարելագործվել:

Շվիի կատարողական այս մեթոդը դեռ պետք է մշակվի և կատարելագործվի, որպեսզի սովորողներն ավելի արագ սովորեն, կարդան նոտաները, դառնան նոտաճանաչ և ինքնուրույն կարողանան թերթից կարդալ, ճիշտ նվագել, ճանաչել երաժշտության ռիթմիկ պատկերը և, իհարկե, կարողանան վարպետորեն շվի նվագել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով