Կրթահամալիրում մարտ ամսի հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման արդյունքում ընտանեկան դպրոցն արդեն իսկական է՝ նոր հարաբերություններով, թափ առնող հավեսով, աշխուժությամբ։
Մենք՝ սեբաստացի մանկավարժական աշխատողներով, ընտանիքներով, կրթական համայնք ենք. ընտանեկան դպրոցները այս համայնքինն են, որ մարտի 28-ին երկու տպավորիչ առցանց հավաք ունեցավ։ Մեր ընտանեկան դպրոցներում սովորողն ամեն օր ավելի ինքնուրույն է, իր կրթության պատասխանատուն, ծնողը ուսուցիչ է, կրթահամալիրի ուսուցիչը՝ խորհրդատու։ Ահա ինչու, ամեն օր՝ ժամը 15։00, կրթահամալիրի մանկավարժական բաց, առցանց խորհրդին յուրաքանչյուր ուսուցիչ, ծնող, սովորող կարող են մասնակցել, իրենց հարցերը բերել։
Մարտի 23-27-ի մանկավարժական դպրոցը մնաց ետևում։ Այս օրերին դեռ ամփոփում ենք դրա արդյունքները։ Հատկապես կարևոր են «Դպիր» մանկավարժական հանդեսում ընտանեկան դպրոցի մասին հրապարակումները, «Դպիր TV»-ի ներխուժումը մեր կրթական համայնք։
Մանե Աբգարյան, 8-րդ դասարան, տուն-թանգարան, վիրտուալ ճամփորդություն
Մարտի 30-ից առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.
- 1-2-րդ դասարանցիներինը՝ դասարանի, դասվարի բլոգում,
- 3-12-րդ դասարանցիներինը, քոլեջի սովորողներինը՝ իրենց անհատական ուսումնական բլոգներում.
- ուսուցիչներինը՝ իրենց ուսումնական բլոգներում։
Երրորդ դասարանցիներին հիշեցնում ենք, որ պիտի ցույց տան ընտանեկան դպրոցում հեռավար-առցանց ուսուցման իրենց հմտությունները՝ ունենալով դասվարի, ծնողների աջակցությունը։
1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։
4-11-րդ դասարանցու, քոլեջի ուսանողի անհատական պլանը, առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպումը հիմնվում են սովորողի ինքնավարության, ինքնուրույնության վրա. նա իր ընտրած կրթության հեղինակն է և կազմակերպիչը։
Սեբաստացիական ընտանեկան դպրոցը
Ընտանեկան դպրոցի սովորողի պլանը չորս բաղկացուցիչ ունի՝
- ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները.
- ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր է, որ նկարագրվեն, հրապարակվեն.
- հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.
- սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։
Կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտները ինքնուրույն կյանքի մի շրջանում են, որը պիտի մասնագիտորեն կողմնորոշված սովորողի, մասնագետի որակավորում ստացող ուսանողի անհատական պլանում երևա։
Անհատական պլանի կատարողականն ամեն օր արտացոլում է սովորողների, 1-2-րդ դասարանի դասվարների բլոգներում։
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի բլոգը այսպիսով նաև ընտանեկան դպրոցի ամենօրյա օրագիր է։ Հաճույքով կկարդանք բոլոր բլոգային հրապարակումները։
Ծնողն՝ ուսուցիչ, ուսուցիչը՝ խորհրդատու
Տնային ռեժիմը հատուկ ուշադրություն է պահանջում առողջ ապրելակերպի, իմունիտետի զորացման վրա։
Ընտանեկան դպրոցի խնդիր դարձնենք թագավարակի մասին կարևորը իմանալը, վարակվելը ողբերգություն չդարձնելը, սեփական և հարազատի առողջությանը հետևելը, իր և շրջապատի նկատմամբ հոգատար լինելը։ Այս թեմայով թարմ նյութը է սա. առաջարկում ենք կարևորել, լրացնել։ Սրանով մասնակցում ենք մեդիագրադարանում ընտանեկան դպրոցի առողջապահական փաթեթի ստեղծմանը։
Դրանում, ընտանեկան դպրոցի առօրյայում հատուկ ուշադրություն դարձնենք ամենօրյա մարզանքի ձևերին, պարապմունքներին, այդ թվում՝ բացօթյա, զբոսանքներին՝ խստիվ հետևելով սահմանված կարգին։ Ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչներին առաջարկում ենք վերականգնել ընդհանուր ֆիզպատրաստության պարապմունքները, հեռվից հետևել սովորողներին, ինչպես դա անում են լրացուցիչ կրթության մյուս ուսուցիչները։
Առցանց-հեռավարի շրջանում են մեր բոլոր կրթական ծրագրերը․
2-5 տարեկանների, 6 տարեկանների, 1-3-րպդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարանների, նախնական և միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության…
Մանկավարժական աշխատողներից ով չի մասնակցում դրանց կազմակերպմանը, նա ձևակերպված արձակուրդում է։
Կարևորում ենք նաև ընտանեկան կրթության գրադարանը՝ բաց ու շարունակական.
- Մեդիագրադարան
- Դպիր-ում հեռավար-առցանց ուսուցման համարները՝ 3 (151), 4 (152), Դպիր TV հավելվածը,
- Աշոտ Բլեյան Առանց մահանայի, անընդհատ ուսուցում, Ընտանեկան ուսուցման արտակարգ ստուգատես…, Որ ընտանեկան ուսուցումը լինի գրավիչ…
- Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան Մեր մանկավարժությունն անընդհատ է, ինչպես սովորելու մեր ձգտումը, ինչպես կյանքը
- Գևորգ Հակոբյան Անհատն է ու իր կրթական պատվերը
- Սուսան Մարկոսյան Հեռավար դպրոցը, ընտանեկան կրթությունը պետք է օգնեն առկա դպրոցին
- Յուրա Գանջալյան Առցա՞նց․ թե՞ հեռավար կրթություն
- Մարիետ Սիմոնյան. Գուցե ընտանիքներում ձևակերպվի սովորողի կրթության իրական, անհատական պատվերը․․․
Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար