Ինքնակրթությունն ունի ավելի մեծ հնարավորություն, ավելի մեծ բաժին կրթության մեջ և ավելի էժան է, ավելի հարմար է մարդուն։
Հանրային ռադիո, «Արևիկ», 24.03
— Շատ պատանիներ ավարտում են դպրոցը և չգիտեն՝ ի՞նչ են անելու։ Ո՞րն է դպրոցի դերը պատանուն կողմնորոշելու հարցում։
Այն մասը, որ ասում եք՝ գիտի, ավելի շատ գիտի, որ բուհ է գնալու ուսումը շարունակելու մասով, բայց դա դեռ մասնագիտական կողմնորոշում չէ։ Մասնագիտական կողմնորոշում ասելով՝ մենք հասկանում ենք, որ ինքը ուզում է, գիտի, որոշել է, ինչ մասնագիտական գործունեություն է ծավալելու, և դրան է ուղղված իր հաջորդ շրջանը։
Ուսուցումը կլինի բուհական, քոլեջային, կարող է լինել վարպետային պարզապես, ինքնակրթությամբ կամ պարզապես։
Բայց նաև ճիշտ եք, որ մի խումբ էլ կա, որ ավարտում է և իրեն տալիս է պարապության շրջանի։ Կարծես հանրակրթության տասներկու տարին մի մեծ արձակուրդ էր… Ավելի շուտ՝ ինքը իրեն արձակուրդի հնարավորություն է տալիս, ասելով ՝ կտեսնենք դեռ, կյանքը դիտում է մի մեծ արձակուրդ։ Մասնագիտական կողմնորոշումը սահմանված չէ, իրականում կարող է պարզվել, որ դա մանկավարժությունն է, այսինքն՝ անձն է, անհատն է, որ պետք է դրսևորվի, էդ թվում՝ դպրոցական կյանքում, իրեն գտնի, իրեն ճանաչի… Թե չէ՝ ի՞նչ ասել է մասնագիտական կողմնորոշում։ Ցավոք սրտի, հանրակրթությունում օգտագործելով պետական լծակը (պետության անունից է, չէ՞, հանդես գալիս, մենք գործ ունենք պետական դպրոցի հետ)՝ ուսումնական պլանը ոնց ուզի կկազմի, քանի ժամ ուզի կծանրաբեռնի… Բայց դա նշանակում է՝ սովորողի կյանքից խլեց, այդ թվում՝ ընտանիքի, սովորողի ջանքերը ինքը տնօրինել։ Ինչ առարկա կուզի կավելացնի, ինչպես կուզի կստուգի, դրանով կտնօրինի նաև քո ընտանեկան ժամանակը. դպրոցականը քիչ էր (որ գտնվում ես դպրոցում), նաև տնային աշխատանքը։ Գիտե՞ք՝ դա ինչ բռնության գործիք է, որ ուսուցիչը ինչ կուզի կհանձնարարի։
Պետությունն էլ՝ իր լծակներով. կարևոր չէ՝ ԳԹԿ է, թե նախարարություն, ինքը ստուգումների է, ինչ ստուգի, ինչպես ստուգի։ Լավ էլ չի նայված էդտեղ, ինքը երեխայի բոլոր ուժերը քամում է։ Այդ հանրակրթություն կոչվածը չի ուղղված ինքնաճանաչմանը անհատի, որ երեխան կարողանա ինքն իրեն ճանաչել, ինքն իրեն դրսևորել, հասկանալ՝ ի՞նչն է սիրում, ի՞նչն է լավ ստացվում, ինչը լավ է ստացվում դրանով՝ շատ զբաղվի ․․․կրթությանը էդպես չեն նայում, էդպես չեն գնահատում։
Մենք մասնագիտական կրթությունը ուզում ենք իրականացնել այսօր Հայաստանում հայտնի ֆիրմաներում։ Արտադրության մասով՝ ֆիրմայում արվի, իսկ մյուս մասով՝ արդեն կրթահամալիրի Քոլեջում։
Ֆիրմաներն էլ պետք է գնան էդ ճանապարհով։ Բոլորը պետք է մտածեն մասնագիտական կրթության մասին, որքան հնարավոր է շուտ պատանուն ներգրավեն ավելի շուտ իր աշխատաժամանակը նպատակային օգտագործելու, փող աշխատելու մեջ, կարողությունների ձևավորմանը։ Եվ էստեղ է ճանապարհը դուալ կրթության, երբ որ արտադրությունը և ուսուցումը իրար ընդառաջ են գնում և կարողանում են որպես գործընկերներ հանդես գալ. թե չէ՝ տպավորություն է, որ կարող է մի քոլեջ ինքնուրույն մասնագիտություն բացել․․․ Դա չի կարող անել, քանի որ գլխավոր հարցը կառաջանա, ինչո՞ւ պետք է էդ լավ մասնագետը ուզենա արժանապատվությունը վիրավորող աշխատավարձով աշխատել. ուրեմն պահանջված մասնագետ չէ, իսկ եթե չկա էդ մասնագետը, որ կուզենա ուսուցանի, ապա ի՞նչ իմաստ ունի։ Կամ եթե չկա էդ միջավայրը. ո՞նց դու կստեղծես իրական արտադրական միջավայր, որը գրավիչ կլինի պատանու համար, որ գա երեք-չորս-հինգ տարի։ Տեսե՛ք, քոլեջային ուսուցումը խայտառակություն է։ Դա կլինի մարդուն նորից կտրել… Լավ կլինի քոլեջները դա պատվեր ընդունեն և իրենք փոխվեն, հակառակ դեպքում կստացվի, որ թուղթ տալու համար են։ Էդքան ժամանակ էլի երեխան ավարտի, էլի մասնագիտություն չստանա, նորից մտածի, թե հիմա տեսենք՝ ինչ է անելու․․․ Սա ամենավտանգավորը կլինի։
Գիտե՞ք ավագ դպրոցների վատը ի՞նչն է, որ նրանք փակ համակարգեր են։ Ոչ միայն, որ շենքը բանալիով փակ է, այլ որ կտրված են հասարակական կյանքից։ Էդ տարիքում հիմնական կրթությունից հետո, երեք տարի է, չէ՞, ամենապայծառ շրջանն է ուժերի, և էստեղ պետք է բաց լինի, որ ինքը հասարակական կյանքին լիարժեք մասնակցի։ Որովհետև մտածել, որ մի ավագ դպրոցում, անկախ նրանից երկու հարյուր, թե երեք հարյուր հոգի են սովորում, էդտեղ երկու հարյուր, երեք հարյուր անհատ են, հնարավոր է էդ անհատների կարողություններին, սիրուն համապատասխան ուսում տալ… դա դժվար է։ Դրա համար պետք է բացվի, գործունեության շրջան դառնա։
Տեսե՛ք, ավագ դպրոցներն ուղղված են քննական համակարգին, և էնպես չէ, որ քննությունները կյանքի հետ են կապվում, անգամ բուհական, մասնագիտական կրթության հետ չեն կապվում։ Էդ առարկայական ուսուցումը, էդ թեստային քննությունները մարդուն ջլատում են. ողբերգությունը դա է։ Եվ ստացվում է սովորողի երկու ժամանակ. մեկը՝ էդ քննությունները, որ ինքը պետք է տա, և մյուսը՝ իր իրական ջանքերը․․․ Պետք է չմոռանալ, որ ընտանիքը էսօր պատրաստ է գործընկեր լինելու, ընտանիքը շատ էլ լավ պատկերացնում է, որ լավ կրթությունը թանկ արժե, պետք է անհատական ուշադրություն։ Դրա համար դպրոցը որպես հանրակթրություն, ավագ դպրոցը և ընտանիքը պետք է կարողանան իրար հետ պայմանավորվել։
Այսինքն՝ լրացուցիչ կրթության պատվիրատուն և կազմակերպիչը դառնա ընտանիքը, անհատը, իսկ, ահա՛, բուն հանրակրթությունը, որ պատանի քաղաքացուն, պատանի մարդուն է ուղղված, էդ պետք է դառնա ավագ դպրոցի ու հասարակության գործը։ Էդտեղ էլ ընտանիքը պետք է խրախուսի, և էդտեղ պետք է ժամանակ տաս ընտանիքին, լրացուցիչ կրթությունը բերես ուսումնական պլան։ Ոչ թե սովորողը գա, ամբողջ օրը դպրոցում անցկացնի, պետության անունից խոսես՝ հետո ժամանակ չմնա, մեղք է էդ մարդը, իր սիրո համար, իր թափառման համար, իր Չարենցի, իր Տերյանի համար ժամանակ չի ունենա։
Ուսումնական պլանը ուրիշ պետք է լինի՝ բաղկացած սովորողի ընտրության, անհատի, ընտանիքի մասնագիտության հայացքով, իր հետաքրքրություններով, և կա էդպես մի ընդհանուր կրթություն, որտեղ ճաշակն է, թեմաներ են հետաքրքիր։ Պատկերացնենք, որ սովորողը որոշել է, ընդունենք՝ ընտրել է իր մասնագիտական գործունեությունը, բուհական, այլ մասնագիտական կողմնորոշում ունի՝ բժշկական, մանկավարժական, արտադրական կոնկրետ մասնագիտություն և այլն։ Հիմա պատկերացրեք՝ էդ կողմնորոշված երեխայի ուսուցումը։ Հանեք առարկայականը, պատրաստությունը հարգանքով ընդունում ենք, զուտ որպես գործունեություն, որպեսզի ինքը հասկանա էդ մասնագիտությունը այսօր, այդ մասնագիտությունը մեր ժամանակներում։ Եվ էսօր էդ հասարակական հաջողված միավորները՝ արտադրական, հասարակական, սոցիալական ծառայությունների մասնակցեին։ Ինչո՞ւ չէր կարող ուսումնական պլանում լիներ մասնագիտական փորձառություն, ոչ դպրոցում, դպրոցում անհնար է կամ շատ դժվար է։ Մեր տիպի կրթահամալիրում, որ երեսուն տարում ստեղծել ենք, գիտենք էդ դժվարությունները, ոչ ամեն մասնագիտությամբ դա կարելի է անել, և պետք էլ չի անել։ Ես նկատի ունեմ այսօր տնտեսական, հանրային, արտադրական կյանքը, որ ինքը վերցնում է իր վրա՝ սկսած դատարաններից, վերջացրած հանրային ռադիոյով, իրական արտադրություն է։
Հայացքի փոփոխություն է ենթադրվում, այն նեղ, քննական հայացքի, որ կա, դա ոչ մի լավ բան չի կարող ստեղծել, ես այդպիսի քննարկումների չեմ էլ մասնակցի, որովհետև դա վերարտադրում է։ Իսկ նոր հայացքը պատանուն ուղղված, որի հերոսը պատանին է, իր ժամանակն է, իր կյանքն է և, ահա՛, մեր խնդիրն էլ աջակցությունն է։ Գիտեք՝ դա ինչքան կազնվացնի հասարակությունը, չենք փնթփնթա, դպրոցին քիչ պահանջներ էդ առումով կներկայացնենք։ Անընդհատ պահանջատեր չի կարելի լինել, գործընկեր կարելի է լինել, փորձել օգնել։
— Ի՞նչպես ընտրել մասնագիտություն։
— Դա ամենահեշտն է, սերն է, չի կարելի որևէ ձևով երկրորդել այն, էդտեղ իր ուժեղ կողմերն են։ Ի՞նչն է ձգում, որովհետև եթե ձգում է, եթե էդ սերն է, ուրեմն էդտեղ դու ներդրում կանես քո ուժերը։ Որևէ կարգով չի կարելի գործարքի գնալ, հա, դժվար պետք է լինի ճանապարհը։ Կտակարանային միտք է, գնացեք դժվար ճանապարհով, բայց սիրով անցեք էդ ճանապարհը։ Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով․․․
Գինով անցեք, արբեցած անցեք, բա ո՞նց մարդը կդրսևորի իր տաղանդը, ո՞նց կդառնա հաջողակ, էս փինաչիական, յոլայի շրջանը ինքը պետք է հաղթահարի, ինքը պետք է հաջողակ լինի, ինքը պետք է հարուստ լինի, ինքը պետք էլավ ապրի և դրա համար ինքը պետք է ստեղծի, իսկ դա էսօր հնարավոր է էս մրցակցության պայմաններում։ Էստեղ որևէ գործարքի չի կարելի գնալ, և ծնողներն էլ պետք է խթանեն, ասեն. «Քո սիրո ճամփով գնա, քո հետաքրքրությունների, ինչ որ քեզ մոտ հաջող է ստացվում, լավ է ստացվում, հեշտ է ստացվում»։
Շատ արագ փորձեք տնտեսապես ինքնուրույն լինել։ Նախ՝ դրանով հարգանք եք դրսևորում ձեր ծնողների նկատմամբ. նրանք կարող են չկարողանալ օգնելու առումով, ձեզ պահելու առումով և չխոստովանել, իրենց առողջության հաշվին, չապրելով, իրենք չապրեն, որպեսզի դուք ինչ-որ կարիքներից զերծ լինեք։
Ծնողները ընդհանրապես չպետք է իրենք որոշեն։ Որոշելու տարբեր ձևեր կան. կարելի է պարտադրել՝ անընդհատ նեղացնելով, չխրախուսելով, ռիսկի չգնալով ․․․ չկարևորելով պատանու ընտրությունը։ Ծնողները պետք է հասկանան, որ կյանքը տվել են աստվածային, բայց դա իրենց որևէ իրավունք չի տալիս էդ առումով․․․ Իրենք պետք է առավել ուշադիր լինեն երեխայի հետաքրքրությունները ճանաչելու առումով, եթե ունեն միջոցներ, թող օգնեն, հարցը դա չէ, պահում են՝ ի՞նչ անեն, բայց մեկ է՝ ո՛չ երեխայի ինքնուրույնության հաշվին։
Երեխան պետք է իր մասնագիտության հետ կապված որոշումները ինքնուրույն կայացնի, և երեսով չտաք որևէ ձևով՝ ինձ չլսեցիք, բան․․․ Թող անցնի իր ճանապարհը։ Թող փոխի, ի՞նչ է եղել։
Հիմա, որ նայեք՝ վերջին երեսուն տարում շատ մարդիկ, որ հաջողություն ունեցան, փոխեցին մի քանի անգամ մասնագիտությունը։ Մենք գործ ունենք ցկյանս կրթության հետ։ Հաջողում է նա, ով շարունակական կրթության մեջ է, և դա սովորական է։
Ինքնակրթությունը ունի ավելի մեծ հնարավորություն, ավելի մեծ բաժին կրթության մեջ և ավելի էժան է, ավելի հարմար է մարդուն։ Եթե մարդը չի օգտվում դրանից, ուրեմն չի օգտագործում էս կյանքի առավելությունները, ուրեմն փնթփնթան է լինելու։