Չենք կարող ասել, որ ստվերների թատրոնը մեր հեղինակայինն է։ Այն շատ հին պատմություն ունի։ Ստվերների թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է որպես սիրիական ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այն նաև երկար պատմություն ունի Հարավարևելյան Ասիայում, հատկապես՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում և Կամբոջայում: Այն եղել է հնագույն արվեստ և կենդանի ժողովրդական ավանդույթ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում և Նեպալում: Հայտնի է նաև Եգիպտոսում, Թուրքիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Իսկ ի՞նչն է հեղինակայինը այս նախաձեռնության մեջ։ Ստվերների օտարալեզու թատրոնը հեղինակային է, նախ և առաջ թատրոնի վերածված հին ավտոբուսով։ Ստեղծագործական վառ երևակայություն էր պետք այդ արդեն աղբ դարձած մետաղի ջարդոնի մեջ տեսնելու ստվերների թատրոն ՝ իր հանդիսատեսով ու բեմով։ Հեղինակայինի երկրորդ բաղադրիչն այն էր, որ այդ ապագա թատրոնը կարող էր լինել օտար լեզուներով և օտար լեզուներ սովորեցնող ստվերների թատրոն։
Մարդիկ կարողանում են մտքերը ճիշտ ու հասկանալի ձևակերպել, երբ խոսում են մի երևույթի մասին, որը ծանոթ է իրենց։ Այսինքն՝ ծանոթ են բովանդակությանը, իսկ ձևը լեզուն է, որը գալիս է բովանդակության հետևից։ Ընդհանրապես մարդիկ, հատկապես երեխաները շատ ավելի անկաշկանդ ու համարձակ են խոսում, երբ գիտեն իրենց ասելիքը։ Ես իմ փորձից գիտեմ՝ երբ երեխաներն անգլերեն որևէ պատմություն են պատմում, որի բովանդակությունը հայերենում շատ լավ գիտեն, օրինակ՝ իրենց լավ հայտնի հայերեն հեքիաթները կարողանում են անգլերեն ասել շատ ավելի հեշտ, քան իրենց համար անծանոթ մի այլ պատմություն։ Կարծում եմ՝ օտար լեզու սովորելիս պետք չէ երեխաներին միաժամանակ ծանրաբեռնել թե՛ անծանոթ բովանդակությամբ, թե՛ անծանոթ ձևով։ Երեխաներին քաջ ծանոթ հեքիաթները բովանդակություններ են, որոնց մնում է ձև տալ՝ լեզուն տալ, որն էլ անում ենք՝ խաղալով, ծիծաղով, երգով ու պարով։
Ինչպես մեր տիար Աշոտ Բլեյանն է ասում՝ մեր հեղինակային մանկավարժությունը, մեր միջավայրն է խթանել ու ստեղծել մեր հեղինակային ստվերների թատրոնը Թատրոն-ավտոբուսում։ Օտարալեզու ստվերների թատրոնը՝ որպես հեղինակային լավագույն կրթական գործիք, օգնում է մեր սեբաստացի տարատարիք սովորողներին իրենց կրտսեր ընկերներին ներկայացնել տարբեր հեքիաթներ օտար լեզվով։ Այս կերպ ուսուցումը դառնում է ավելի հետաքրքիր, մոտիվացնող, որը թույլ է տալիս մեր սովորողներին ստեղծագործել, մտածել, ինքնադրսևորվել, ինքնաարժևորվել։
Ինչպե՞ս է ստեղծվում ստվերների նոր ներկայացումը
Հեքիաթի ընտրությունը
Կրտսեր դպրոցում հեքիաթն ընտրելիս հաշվի է առնվում դրա մատչելի ու պարզ լեզվով գրված լինելը։ Շատ ավելի լավ է լինում, եթե սովորողը իր մայրենի լեզվով արդեն կարդացած է լինում հեքիաթը, այսինքն տվյալ հեքիաթն արդեն իրեն շատ ծանոթ և սիրված է։ Երբ սովորողն օտար լեզվով կարդում է իրեն քաջ ծանոթ հեքիաթը, իր համար անծանոթ բառ հանդիպելիս փորձում է կռահել բառի նշանակությունը։ Այդպես օտար լեզվով հեքիաթն ավելի արագ և հեշտ է ընկալում սովորողը։ Օրինակ՝ Թումանյանի հեքիաթներից «Սուտասանը» բեմադրելիս սովորողները հանդիպեցին «Cane» բառին և, հիշելով հայերեն հեքիաթը, անմիջապես կռահեցին՝ ասելով ձեռնափայտ, կամ ինչպես Թումանյանի հեքիաթի մեջ է՝ «դագանակ»։
Դերաբաշխում
Հեքիաթը ընտրելուց հետո սովորողները սկսում են ծանոթանալ հեքիաթին՝ սովորելով բոլոր բառերն ու արտահայտությունները։ Հեքիաթը շատ լավ սովորելուց հետո փորձում են դերերով կարդալ այն։ Այդ ընթացքում նրանք հասկանում են, թե որ դերն է իրենց համար հոգեհարազատ և որ դերը կուզենան խաղալ։ Դասավանդողն այստեղ պարզապես օգնում է սովորողին ճիշտ դեր ընտրել։ Սովորողը երբ արդեն գիտի իր դերը, սկսում է իր ստանձնած դերի մեջ մտնել՝ արտահայտելով հետաքրքիր հույզեր, օգտագործելով տարբեր հանկարծաստեղծություններ (իմպրովիզներ), այլ կերպ ասած՝ նա ստեղծում է իր դերը։
Ստվերների տիկնիկների պատրաստում
Ստվերների տիկնիկները հատուկ մեխանիզմով են պատրաստվում։ Հունվարյան ճամբարին մեր սովորողների հետ վարպետության դաս եղավ Նվեր Ղարաբեկյանի հետ, ով ցույց տվեց, թե ինչպես պետք է պատրաստել ստվերների տիկնիկները։
Վարպետության դասը շատ օգնեց, որ հետո, համագործակցելով տեխնոլոգիայի ուսուցչուհու հետ, սովորողներն իրենք ստեղծեն ստվերների տիկնիկները։ Սկզբում A4 չափսի թղթի վրա սև մատիտով նկարում են տվյալ հերոսին, որից հետո կտրում, հանում են այն և սև հաստ ստվարաթղթի վրա դնելով՝ կտրում հանում են արդեն պատրաստի տիկնիկ-հերոսին, որից հետո տեխնոլոգիայի ուսուցչուհու օգնությամբ ամրացնում ձողը։
Երաժշտության ընտրությունը
Այստեղ կամ համագործակցում ենք երաժշտության դասավանդողի հետ, կամ էլ սովորողներն իրենք են ընտրում երաժշտությունը։ Ցանկալի է, որ ներկայացումը սկսվի և ավարտվի երաժշտությամբ։
Սկսվում է օտար լեզվի մեր գիտելիքներով, մեր ձայնով, մեր ձեռքերով ստեղծվող հրաշքը՝ ստվերների տիկնիկային բեմադրությունը թատրոն-ավտոբուսում․
Ներկայացումը շատ ավելի է շահում, եթե ինտերակտիվ խաղ-բեմադրություն է կազմակերպվում, այսինքն ինտերակտիվ պարապմունք հանդիսատեսի հետ, իսկ ներկայացումից հետո էլ՝ հեքիաթի քննարկում։