2024-ի մարտի 14-15-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, հետազոտական վարժարանում, քոլեջում «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացման օրերն էին։ Նախօրոք կազմվել էր օտար լեզուների բաց պարապմունքների ընդհանուր ծրագիրը։ Կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուներով հայտարարությունները հրապարակվեցին կրթահամալիրի կայքի օտար լեզուների էջերում՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, վրացերեն։ Ծրագրում ընդգրկվել էին օտար լեզու դասավանդողների իրականացրած նախագծերի ամփոփումները, դեռ իրականացվող նախագծերի ընթացքը, այլ տիպերի ուսումնական բաց պարապմունքներ, որոնցով հիմնականում բացահայտվեց այն հեղինակայինը, որը բնորոշ է մեր կրթահամալիրում եվրոպական և տարածաշրջանային լեզուների, ինչպես նաև ռուսերենի դասավանդման գործում։
«Օտար լեզուների» ուսումնական բնագավառի բաց հավաքը ցույց տվեց, որ կրթահամալիրի դպրոցներում և Քոլեջում օտար լեզուների ուսուցում-ուսումնառությամբ ձևավորվում է տարբեր լեզուների տիրապետող անձ, որն ունակ է հաղորդակցվել և գործել ժամանակակից բազմալեզու և բազմամշակույթ աշխարհում, ինչը հենց օտար լեզուների դասավանդման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատություններում։
Սովորողների համար օտար լեզվով հաղորդակցվելու նպաստավոր միջավայրի ստեղծում
Կրթահամալիրի բոլոր դպրոցներում, ուսումնական կենտրոններում, ընթերցասրահներում ստեղծված և հասանելի է համացանցային WiFi կապ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մեդիակրթություն՝ չսահմանափակվելով օտար լեզու ուսուցանող որևէ դասագրքով։
Յուրացված լեզվական գիտելիքների կիրառման և հաղորդակցման հմտությունների և կարողունակությունների ձևավորում սկսած կրտսեր դպրոցներից
Հավաքը յուրահատուկ հարթակ էր, որպեսզի մեր Հարավային դպրոցի դասավանդողներ Աննա Գանջալյանը (անգլերեն) և Վիկտորյա Հովսեփյանը (ռուսերեն) ներկայացնեին ստվերների թատրոն-ավտոբուսը։ Տարիների փորձով է ապացուցվել, որ կրտսեր դպրոցներում օտար լեզուն սովորողների համար հաղորդակցման լեզու ավելի հեշտ է դառնում, եթե ուսուցումը հիմնվում է լավ հայտնի բովանդակության վրա։ Տվյալ դեպքում բովանդակությունը սովորողներին քաջ հայտնի Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, իսկ ձևն էլ ուսուցանվող օտար լեզվի լեզվական կառույցներն են, բառերն ու արտահայտությունները։
Սովորողները շատ հաճախ նույնիսկ կռահում են նոր բառերի կամ արտահայտությունների իմաստները և տեղին էլ դրանք օգտագործում։
Քննական մտածողության, հետազոտականության և հիմնավորված դատողունակության զարգացում
Հետազոտական վարժարանի անգլերեն դասավանդող Նունե Այդինյանի 11-րդ և 12-րդ դասարանցիների ընտրությամբ խմբերի սովորողները ներկայացրեցին «Ընթերցում ենք» նախագծի «Արգելված գրքեր» ուսումնասիրությունը, որը քննական մտածողության, հետազոտականության և հիմնավորված դատողականության հաջողված օրինակ էր։ Նրանք ոչ միայն ներկայացնում էին գրքերի հեղինակներին, գրքերի բովանդակությունը, այլև պատճառաբանում էին, թե ինչու էին այդ գրքերը տևական ժամանակ արգելված, իսկ հիմա դրանք վերահրատարակվում են մեծ տպաքանակներով։
Ուսումնառողների նորարարական, ստեղծարար և համագործակցային կարողությունների զարգացում
Հետազոտական վարժարանի անգլերեն դասավանդող Իրինա Ապոյանի 10-րդ դասարանցիների ընտրությամբ խմբի սովորողները ներկայացրեցին «Բիզնես և գովազդ – Business and Advertisement» նախագիծը, որն ամենալավ ձևով է վկայում ուսումնառողների ստեղծարար և համագործակցային կարողությունների անընդհատ զարգացման մասին։
Միջմշակութային իրազեկության և բազմազանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի խրախուսում
Կրթահամալիրում երրորդ օտար լեզուն ուսուցանելիս շեշտը դրվում է ոչ թե տվյալ լեզվի լեզվական կառուցվածքների, քերականական երևույթների, բառապաշարի և դարձվածքների խորը իմացությանը, այլ լեզվակիր ժողովրդի մշակույթին ծանոթանալուն, երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելուն։ Այս տարի կրթահամալիրում նշվեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»-ի հաստատման 15-րդ տարեդարձը։ Մարտի 14-ին կրթահամալիրի հյուրն էր Դոմինիկ Վեսը ՝Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալը։ Կրթահամալիրի Մայր դպրոցում շրջայց կատարելուց հետո նա մասնակցեց Կարինե Թևոսյանի «Ծնո՛ւնդդ շնորհավոր, մեծն Շառլ Ազնավուր» բաց ուսումնական պարապմունքին։
Ուսումնական պարապմունքներ լեզվակիր մասնագետների հետ
Կրթահամալիրի վարժարանում տարբեր օտար լեզուներով պարբերաբար ուսումնական պարապմունքներ են անցկացնում հրավիրյալ լեզվակիր մասնագետներ, ինչը նույնպես կրթահամալիրում օտար լեզուներ ուսուցանելու հեղինակային բաղադրիչներից մեկն է։ Մարտի 14-ին Մարիամ Սարդարյանի իտալերենի ընտրությամբ խմբի բաց պարապմունքը վարեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ Բիանկա Գրելլան։ Այդ օրը տիկին Գրելլան լեզվական խաղով իտալերեն սովորելու վարպետության դաս տվեց։ Հետաքրքիրն այն էր, որ նա բացատրությունները անգլերեն էր անում, որպեսզի սովորողների համար ամեն ինչ հասկանալի լիներ։
Հայաստանի մշակույթը, պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը օտար լեզուներով ներկայացնելու կարողությունը և լեզվական հմտությունները զարգացնելը կրթահամալիրում օտար լեզուների ուսուցման կարևոր բաղադրիչներից է
Մարտի 15-ին Քոլեջի վերնատանը «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում օտար լեզուների խորացված իմացությամբ» մասնագիտությունը սովորող ուսանողները ներկայացրեցին «Հայաստանի մարզերը» նախագիծը անգլերեն (դասավանդող՝ Արմինե Խաչատրյան) և ռուսերեն (դասավանդող՝ Մարիամ Քալանթարյան ), իսկ «Մեր թաղամասը» նախագիծը՝ իսպաներեն (դասավանդող՝ Բելլա Աբրահամյան)։
«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաքը ամփոփվեց կլոր սեղան քննարկումով՝ մարտի 15-ին, Քոլեջի վերնատանը։
Կլոր սեղանին մասնակցում էին հյուրեր տարբեր ուսումնական հաստատություններից, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթահամալիրի դպրոցների ղեկավարներ, դասավանդողներ, սովորողներ։ Ելույթ ունեցողների խոսքի հիմնական առանցքը կրթահամալիրում օտար լեզուների ուսուցման հեղինակային ծրագրերի բաղադրիչներն էին։ Տպավորիչ էր ՀՀ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագետ Կարինե Թամիրօղլյանի ելույթը։
Հավաքի հյուրերը՝
Դոմինիկ Վես — Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ,
Կարինե Թամիրօղլյան — ԿԶՆԱԿ-ի օտար լեզուներ ուսումնական բնագավառի մասնագետ,
Մերի Առաքելյան — ԱՄՆ կամավորական խաղաղության կորպուսի մասնագետ,
Բիանկա Գրելլա — Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ,
Այգուլ Շամշուտդինովա — Հայաստանում ռուսական տուն․ ռուսաց լեզվով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող,
Սոնա Սարաջյան — Հայաստանում ռուսական տուն․ ռուսաց լեզվով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգողի օգնական,
Մարինե Մկրտչյան — Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ռուսերենի ուսուցիչ,
Լուսինե Ղազարյան -Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի իսպաներենի դասախոս,
Սոնա Նաջարյան — լրագրող, հաղորդավար, Ավանի մշակույթի տան «Ռադիոմշակույթ» երիտասարդ լրագրողների ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար,
Ելիզավետա Աբաջյան — Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի,
Մարինա Գրիգորյան — Ռանչպարի միջնակարգ դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Մարինա Գրիգորյան,
Իրինա Ամիրյան – Գ․ Գյուլբեկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ։