«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացրինք մանկավարժական լաբորատորիայի կողմից մշակված «Քնի ծեսի» նոր մոդել ծրագիրը: Քնապա՞րկ, թե՝ ներքնակ, սավան, ձմեռային, ամառային վերմակներ: Դե հա, սովոր ենք քնի ժամին տաք, ծանր բրդյա վերմակներով անընդհատ ծածկել սաներին: Անգամ ծնողներն են բողոքում, որ երեխաները քնելիս չեն թողնում իրենց վերմակով ծածկել և շուտ հիվանդանում են: Դե ինչ, քնապարկն ավելի տաք ու հարմար է սաների համար: Այո՛, իմ դիտարկման շնորհիվ օր օրի ավելի եմ համոզվում, որ քնապարկերն ավելի հարմար են: Մտածում էի, անհանգստանում՝ գուցե քնապարկով քնելիս երեխաները չեն կարողանա ազատ, հարմարավետ, իրենց հարմար դիրքով քնել, բայց 2-4 տարեկաններին երբեք չես կարող սահմանափակել: Իհարկե, անհրաժեշտ էր նաև քննարկումներ ծնողական համայնքի հետ:
Ծնողների արձագանքներից.
-Շատ լավ է, ես էլ մտածում էի, թե ինչ վերմակ կարել, որ պարտեզ բերեի, ի՜նչ լավ ու հարմար են քնապարկերը: Ճամփորդության էլ մեզ հետ կտանենք:
-Իմ տղան մեկ տարեկանից հրաժարվել է օրորոցից և մեծ մահճակալին է քնել, բայց քնապարկով կքնի՞:
-Ինչպե՞ս ենք լվանալու, շու՞տ կչորանա:
-Վա՜յ, ի՜նչ լավ է, իմ աղջիկը չի սիրում ծածկվել:
2-5 տարեկանների «Անուշ քուն» կամ, ինչպես ես եմ ասում, «Մուշ-մուշ քուն» նախագիծը պարտեզում իրականացնում ենք 13:00-15:00: Եթե սանն ավելի երկար է քնում՝ անուշ քուն, թող քնի, չեմ արթնացնում: Քնի ծեսը կարևոր է՝ առաջնային, պատասխանատու: Ծնողները շատ են ուրախանում, երբ երեխաները պարտեզում քնում են: Բայց դե քունը հո՞ ստիպելով չէ, եթե սանի քունը տանի, կքնի, բայց որ չի տանում ու չի ուզում քնել, շորերը չի ուզում հանել, կամ երբ քնած է, հենց ծածկում ես, վեր է կենում, չի ուզում ծածկվել, սանի որոշումն է: Բայց պարտեզ հաճախող սանը կամաց-կամաց հարմարվում է պարտեզի առօրյային, հասկանում է գործունեության հաջորդականությունը: Օր օրի սաներն սկսում են իրենց ժամին քնել ու արթնանալ: Շատ լավ է, որ քնում են, բայց որտե՞ղ և ի՞նչ անկողնում: Երբ սաներին ցույց տվեցի գունավոր քնապարկերը, սկսեցին քնապարկի շղթան արագ բացել, փակել, մտնել մեջը, դուրս գալ, քնապարկը ծալել, կապել գոտիներն ու ճամփորդական ուսապարկ դարձնել և «ճամփորդել», խաղեր կազմակերպել: Կարողանում են քնապարկը բացել, փակել ու դասավորել պահարանի մեջ:
Ծնողական համայնքի կարծիքները քնապարկի մասին տարբեր էին: Բայց օր օրի խմբասենյակում քնապարկերը շատանում էին: Հ. Գևի մայրիկը պատմում էր, որ իր տղան մեկ տարեկանից մեծ մահճակալին է քնել, հրաժարվել է իր օրորոցից: Հարգելով ծնողի կարծիքը՝ ոչ մի պարտադրանք : Հասկացա, բայց մի քանի օր հետո Գևի մայրիկն ասաց, որ Գևը հավանել է քնապարկը և ուզում է պարտեզում քնապարկի մեջ քնել: Անգամ մայրիկին ստիպել է իր քնապարկի վրա ասեղնագործել իր անունն ու ազգանունը և վրան արև նկարել: Ներքնարկներ, վերմակներ այլևս պետք չէին: Շարունակվում էին ծնողական խմբի հուզող հարցերը. «Ինչպե՞ս լվանալ, շու՞տ է չորանում, բարա՞կ չէ, չե՞ն մրսի»:
Երկշերտ սինտիպոնից կարված քնապարկերը շատ տաք են, եթե անգամ լվանում ենք, սինտիպոնը նույնն է, չի նստում և տաքությունը չի կորցնում: Լուսավոր, տաք խմբասենյակում երբեմն սաները բացվում են, ասում` շոգ է:
Արևելյան դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների հանգիստ քունն արդեն չորս ամիս է կազմակերպվում է քնապարկերով: Դե ինչ՝ քնապարկ, ուսապարկ: Անհանգստանալ պետք չէ, պայուսակը մոռացե՞լ եք, որ անկողինը տանեք: Քնապարկը նաև ճամփորդական ուսապարկ է: Երկու շաբաթը մեկ սաները քնապարկը փոխարինում են ուսապարկի և տանում են տուն` լվանալու: Սաներն օր օրի ավելի ինքնուրույն են դառնում. իրենք են իրենց անկողինը հավաքում, տանում տուն ու բերում: Ես կարողանում եմ ․ այո՛, մի´ զարմացեք, ծնողներն այլևս պայուսակների համար չեն անհանգստանում:
Ընդարձակ, անվտանգ խմբասենյակ, որտեղ սաներն ազատ են իրենց գործունեության մեջ, սիրում են խաղեր հորինել և խաղալ: Քնապարկերը նորություն էին սաների համար, և ոչինչ չի խանգարում գունավոր քնապարկերը օգտագործել որպես մարզական գույք: Խմբասենյակում քնապարկերը վերածվեցին մարզական գույքի: Այո՛, սկզբում խմբավորեցինք քնապարկերը, դասավորեցինք ըստ գույների, հետո հեթականությամբ սկսեցինք բոլորս թռչել: Ա՜յ քեզ հավես խաղ․ տարատարիք խմբում բոլորը ներգրավվեցին խաղին: Գույն, թիվ, հաշիվ, տրամաբանության զարգացում, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:
Դե բոլորիս հայտին է, որ 2-5 տարեկանները շատ են սիրում մարզական խաղեր խաղալ, գլուխկոնծի տալ: Իսկ ով է ասել , որ միայն օղակները, գնդակները և այլ իրերը կարող են մարզական գույք լինել:
Երբ քնապարկերը վերածվում են մարզական գույքի․
Գլուխկոնծի , լողավազան, տուն․ զարմացաք, այո՛, այստեղ է սաների ստեղծագործական աշխարհի կարողությունների ճանապարհը՝ անսպասելի իրից կարող ես ստեղծել քո ուզած խաղը:
Ամեն օր նոր խաղեր են ստեղծվում: Այսօր էլ «Ով ամենաարագն ուսապարկը կհագնի» խաղը խաղացինք: Հետո էլ ճամփորդեցինք ու սկսեցինք երգել: Դավիթն ուսապարկն առաջ բերեց ու սկսեց «ակորդեոն» նվագել: Ջա՜ն, հաջորդ խաղը խաղալու ենք երաժշտության պարապմունքին,երբ քնապարկը կդառնա երաժշտական գործիք:
Ուսապարկ, ճամփորդական քնապարկ՝ երբ ուզեմ, որտեղ ուզեմ, կարող եմ տաքուկ քնել և խաղալ: Խաղում ենք քնապարկով ու քնում․․․
Չուգունե ջեռակները փակվեցին լամինատե փայտերով, որը ծառայեց սաների համար ինքնաշեն խաղ: Սաները թելերն անցկացնում են փայտերի մեջ: Ո՞վ ամենաարագը թելերը կանցկացնի կամ ո՞վ կարող է ցատկել: Անվտանգ միջավայր, որտեղ սանի խաղը սկսվում է միջավայրի թելադրանքով:
Սանի խաղը սկսվում է միջավայրի թելադրանքով: Խաղայնությունն առավել կարևոր ապրում է, քան խաղը: Հետևաբար խաղային վիճակն ազատ վիճակ է:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրահատուկ են նաև նախակրթարանի խմբասենյակները՝ ընդարձակ, լուսավոր, անվտանգ: Այո՛, միջավայրը նպաստում է սանի երևակայությանն ու մտածողության զարգացմանը․ մտքի թռիչք՝ ինքնաբուխ խաղերի տարափ, մտահղացումներ: Ո՞վ ասաց, որ քնապարկերը չեն կարող դառնալ ուսապարկեր կամ մարզական գույք: Այո՛, սանն ազատ է, ինքնուրույն է, որի արդյունքում 2- 5 տարեկանների մոտ զարգանում է ստեղծագործելու, տրամաբանելու, հետազոտելու հմտությունը: Բանավոր խոսքի զարգացում, շփում, հանդուրժողականություն, ընկերասիրություն, համերաշխություն: Պարտադիր չէ խմբասենյակը լցնել տարիներով հավաքած խաղալիքներով կամ պաստառներով: Հավատացեք, եթե անգամ մեծ տարածություն լինի, և կրթահամալիրի սաները մտնեն այդ սենյակ, իրենց խաղը կստեղծեն՝ թեկուզ վազելով, ստվերի հետ խաղալով կամ ազգային խաղեր խաղալով: Չկա վախ, տագնապ, ընկճվածություն… Վա՜յ, ես խաղալիք, չունեմ, չեմ ուզում, չեմ կարող, ո՛չ , ես կարող եմ՝ սա է կրթահամալիրի «բանալին»։ Ես կարող եմ: