Թեև վստահ չենք, թե ով է հորինել տնային աշխատանքը, սակայն կան աղբյուրներ, որոնցում նշվում է, որ «տնային աշխատանք» տերմինի հիշատակումը գալիս է դեռևս հին Հռոմից։ Տնային աշխատանքների կազմակերպումը ուսումնական գործընթացի շղթայում ամենահակասականն է: Բազմաթիվ հետազոտություններ և ուսումնասիրություններ են արվել, մեծ թվով հոդվածներ են գրվել տնային աշխատանքների օգտակարության կամ անօգուտ` նույնիսկ վնասակար լինելու մասին։ Շահառուների մի մասը կարծում է, որ դրանք շատ արդյունավետ և օգտակար են, նպաստում են բարձր արդյունքներ ապահովելուն և զարգացնում են մի շարք հմտություններ (ինքնուրույնություն, ժամանակի կառավարում, ինքնակրթություն), հնարավորություն են տալիս ծնողներին իրենց երեխաների կրթությունից տեղյակ լինել և դրա մասնակիցը լինել։ Ի հակադրություն սրան` շատերը կարծում են, որ դրանք կրթական և դաստիարակչական որևէ խնդիր չեն լուծում, սթրեսի են ենթարկում երեխաներին, վնասում նրանց առողջությունը, և շատ հաճախ ծնողները, չունենալով բավարար ժամանակ կամ չիմանալով, թե ինչպես աջակցել երեխաներին, իրենց բարկությունը «թափում են» երեխայի գլխին` ավելի շատ սթրեսի ենթարկելով նրանց։ Եթե մենք փորձենք հետհայացք գցել անցյալին, կնկատենք, որ տնային աշխատանքների կարևորության հետ կապված կարծիքներն ու տեսակետներն անընդհատ փոփոխվել են։ Ինչքան տնային աշխատանքները կան, այնքան էլ կան դրանց մասին հակասական տեսակետները։ Եվ այս հարցը մեր օրերում նույնքան արդիական է, որքան անցյալում։ Այստեղ ցանկանում եմ անդրադառնալ տնային աշխատանքների կատարման գործընթացում ծնողների ներգրավվածությանը։ Կան բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց, կրտսեր դպրոցում տնային աշխատանքներ հանձնարարելը նպատակահարմար և արդյունավետ չէ, հիմնականում չի նպաստում երեխաների առաջադիմության բարձրացմանը և որոշակի հմտությունների ձևավորմանը։ Հիմնավորումն այն է, որ այս տարիքում երեխաներն ինքնուրույն չեն, նրանք դեռ նոր են գիտելիք ձեռք բերում, չունեն բավարար հմտություններ ինքնուրույն սովորելու համար և նոր սովորում են, թե ինչպես սովորել։ Այս դեպքում տնային աշխատանքի պատասխանատուն դառնում է ծնողը, իսկ ծնողը հաճախ չգիտի, թե ինչպես կարող է ճիշտ աջակցել։ Ես կողմ չեմ որևէ ծայրահեղ մոտեցման։ Կարծում եմ, որ տնային աշխատանքները կարևոր են, և դրանք կարող են հանձնարարվել նաև կրտսեր դպրոցում, սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուր անգամ տնային աշխատանք տալուց առաջ ուսուցիչն իրեն տա հետևյալ հարցերը` ո՞րն է այս տնային աշխատանքի նպատակը, ինչո՞ւ եմ այն հանձնարարում, որքանո՞վ եմ վստահ, որ երեխան կարող է առանց օգնության այն կատարել։ Եթե աշակերտն օգնության կարիք ունի, ապա ո՞ւմ պետք է դիմի։ Այս հարցերին պատասխանելուց հետո պետք է հնչեն որակի և քանակի մասին հարցերը՝ ի՞նչ որակի աշխատանք է այն, ինչը ցանկանում եմ հանձնարարել, աշխատանքն ունի՞ ստեղծագործական, հետազոտական տարրեր, ի՞նչ հմտություններ է զարգացնելու, երեխան այս աշխատանքը հաճույքո՞վ կկատարի։ Եթե իմ հանձնարարած աշխատանքը մեխանիկական է, ապա ի՞նչ խնդիր եմ լուծում, քանի՞ առաջադրանք հանձնարարելն է խելամիտ և այլն։ Վստահ եմ, որ եթե ուսուցիչներն այս հարցերն իրենց տան և ազնվորեն պատասխանեն այս հարցերին, ավելի շատ կլինեն ստեղծագործական, հետազոտական, հետաքրքիր տնային աշխատանքները, և ավելի քիչ կլինեն մեխանիկական աշխատանք պահանջող տնային առաջադրանքները։ Քանի որ արդեն իսկ նշել եմ, որ այս հոդվածում իմ քննարկման առարկան պետք է լինի տնային հանձնարարություններին ծնողների ճիշտ ներգրավվածության հարցը, ապա կկենտրոնանամ այդ խնդրի վրա։
Ցավոք սրտի ես շատ հաճախ եմ ականատես եղել (վստահ եմ՝ դուք նույնպես), թե ինչպես են ծնողները երեխաների հետ տնային աշխատանքները կատարում։ Ծնողների մեծ մասն այնքան հմտություն և համբերություն չունի, որպեսզի կարողանա ճիշտ և գրագետ աջակցել իր երեխային։ Ամենաշատ խնդիրներն առաջանում են 1-ին դասարանի այբբենական և հետայբբենական շրջանում։ Ծնողն ստիպված է հետևել (երբեմն էլ սովորեցնել), որ մի քանի տող տառ գրի տանը (և գրի շատ գեղեցիկ), սովորեցնել կարդալ, պատմել, կատարել թվաբանական գործողություններ։ Հաճախ մի սխալ գծած գիծ, թեք մասնիկ, տգեղ գրված տառ, սխալ կարդացած բառ դառնում են երեխային նախատելու առիթ։ Գոռում-գոչյունները, որոնցով ուղեկցվում են ծնողների օգնությամբ տնային աշխատանքների կատարմանը, ուղղակի հակամարդկային են։ Թո՛ղ ներեն ինձ բոլոր այն ծնողները, որոնք գուցե ավելի համբերատար և «երեխայամետ» են, բայց մեծամասամբ սա է մեր իրականությունը։ Հիմա եկե՛ք մեզ պատկերացնենք որևէ լուրջ և մտավոր լարում պահանջող նոր բան սովորելիս և պատկերացնենք, որ մեր ուսումն ընթանում է այդպիսի միջավայրում։ Մենք կարո՞ղ ենք սովորել, մենք կշարունակե՞նք հաճույք զգալ մեր սովորածից, միանշանակ` ոչ։
Այս ամենի արդյունքում երեխան սկսում է ատել այն ամենը, ինչ կապված է դպրոցի և ուսման հետ։ Ինչպե՞ս կարող է երեխան սիրել մի բան (դպրոցը, ուսումը), ինչն առիթ է դարձել, որ իրեն մինչ այդ շատ սիրող մայրիկը հանկարծ դառնա իր վրա գոռգոռացող, իրեն անընդհատ փնովող մեկը։ Պարզ է, որ ամենօրյա ռեժիմով կրկնվող այս գործընթացը երեխային կարող է բերել այն համոզման, որ ամեն ինչում մեղավորը դպրոցը և ուսումն են։
Իսկ ի՞նչ պետք է անի ծնողը։ Արդյո՞ք որևէ կերպ չպետք է հետաքրքրվի իր երեխայի ուսումնառությամբ, չպետք է ընդգրկված լինի նրա կրթության մեջ, արդյո՞ք կրթությունը տանը չպետք է շարունակականություն ունենա։ Ծնողը միանշանակ պետք է ընդգրկված լինի այդ գործընթացում, և դպրոցում իրականացվող ուսումնառությունը պետք է իր շարունակությունն ունենա տանը, բայց լրիվ այլ կերպ։ Ծնողը չպետք է դառնա ուսուցիչ, այլ պետք է մնա հոգատար և իր երեխայի կրթությամբ ու դաստիարակությամբ հետաքրքրվող և զբաղվող մեկը։
Տնային աշխատանքները պետք է նպաստեն ծնող-երեխա հարաբերությունների զարգացմանը, այլ ոչ թե այդ հարաբերությունները դարձնեն թշնամական։
Տնային աշխատանքը կարող է ծնողներին երեխաների կրթության մեջ ներգրավվելու հրաշալի գործիք լինել։ Այստեղ ցանկանում եմ առաջարկել ծնողների «արդյունավետ ներգրավմամբ» իրականացվող հանձնարարությունների մի քանի տարբերակներ։ Վստահ եմ, որ լավ ուսուցիչն այս տարբերակներից բացի կգտնի տասնյակ այլ, գուցե շատ ավելի հաջող տարբերակներ։
Ընտրե՛ք որևէ հեքիաթ, պատմվածք և հանձնարարեք ծնողներին այդ հեքիաթը մի քանի օր կարդալ երեխաների համար։ Նշված օրից հետո առաջարկեք երեխաներին պատմել հեքիաթը։ Թո՛ղ խոսեն այն մասին, թե որ ծնողն է հեքիաթը կարդացել, ինչ են քննարկել։ Արդյո՞ք իրենց դուր է եկել այն, որ ծնողներն են իրենց համար կարդացել և այլն։
Երբ երեխան տեսնում է, որ ծնողն իր համար ամեն օր կարդում է, նա ևս ցանկանում է կարդալ։ Նա վստահաբար կցանկանա հնարավորին շուտ գրել և կարդալ սովորել, որպեսզի ինքնուրույն կարողանա կարդալ իրեն դուր եկած գրքերը։
Ծնողին պետք է առաջարկել երեխայի հետ գնալ զբոսանքի և նրա ուշադրությունը հրավիրել տարբեր երևույթների վրա և տուն վերադառնալիս առաջարկել տան անդամներից որևէ մեկին, իսկ հաջորդ օրը նաև դասընկերներին պատմել զբոսանքի մասին։ Երեխաները շատ դժվարությամբ են կարողանում պատմել իրենց տեսածը և շատ կարևոր է զարգացնել այս հմտությունը։
Կարելի է նաև հանձնարարել որևէ խաղիկ, բանաստեղծություն սովորել։ Երբեմն կարող եք հանձնարարել, որ ծնողները երեխաներին սովորեցնեն իրենց իմացած հանելուկները, շուտասելուկները, առած-ասացվածքները։ Պատկերացնու՞մ եք, թե քանի հետաքրքիր հանելուկ, շուտասելուկ և առած-ասացվածք կհնչի դասարանում։
Երբեմն ծնողները կարող են երեխաներին իրենց դպրոցական կյանքից կամ մանկությունից որևէ հետաքրքիր դրվագ պատմել։ Ծնողները կարող են բարեմաղթանքներ, բացիկներ, փոքրիկ նամակներ գրել իրենց երեխային (գեղեցիկ ձեռագրով, պարզ բառերով, այնպես, որ երեխան կարողանա կարդալ)։ Կարդալու համար դրանից էլ լա՞վ նյութ և մոտիվացիա։
Տնային հանձնարարությունները պետք է վերածել խաղի։ Կարելի է առաջարկել երեխայի հետ տարբեր տեսակի տառախաղեր խաղալ, որոնք կնպաստեն, որ երեխան կարողանա հիշել անցած տառերը, «բառքամոցի» խաղալ և գտած բառերը գրի առնել, որպեսզի երեխաները սովորեն ինքնուրույն բառեր կազմել և գրել։ Առաջարկե՛ք գնել այդ տարիքին համապատասխան զարգացնող խաղեր և որոշ օրերի հանձնարարել ընտանիքով խաղալ այդ խաղը։
Կարելի է իրականացնել ընտանեկան նախագծեր՝ հեքիաթի բեմականացում, համատեղ դերային ընթերցանություն, միասին որևէ բան պատրաստել և այլն։
Ես այստեղ ներկայացրի հատկապես կրտսեր դպրոցականների համար առավել հարմար առաջադրանքներ, սակայն նման առաջադրանքներ կարող են ստանալ նաև բարձր դասարանի աշակերտները` բնականաբար ավելի բարդ և իրենց տարիքին համապատասխան թեմաներով։
Ֆիզիկա առարկայից «Պարզ մեխանիզմներ» թեման ուսումնասիրելիս կարելի է հանձնարարել ծնողների հետ լծակ, անշարժ և շարժական ճախարակ կամ բազմաճախարակ պատրաստել։ Երեխան կօգտագործի ֆիզիկայից ստացած իր գիտելիքները, կկատարի մաթեմատիկական հաշվարկները, իսկ ծնողը կարող է նրան աջակցել իր փորձառությամբ և ձեռքով որևէ բան պատրաստելու հմտությամբ։ Միասին աշխատելով և միմյանց օգնելով՝ գործը գլուխ կբերեն և միասին հրաշալի ժամանակ կանցկացնեն։
«Մեկ օր ծնողիս աշխատավայրում» թեմայով բարձր դասարաններում հրաշալի նախագիծ կարելի է իրականացնել։ Երբ երեխան մեկ օր անցկացնում է ծնողի աշխատավայրում և փոձում է տարբեր գրառումներ կատարել ծնողի աշխատանքի մասին՝ հարցազրույց է վարում ծնողի հետ, ուսումնասիրում է նրա կատարած աշխատանքը, արդյունքում երեխան իրականում ծանոթանում է ծնողի աշխատանքին, սկսում է գնահատել ծնողի աշխատանքը։ Նախագիծն օգնում է նաև մասնագիտական կողմորոշման հարցում։
Եթե մենք ցանկանում ենք, որ տնային աշխատանքները նպաստեն, որպեսզի ծնողը աշակերտի ուսումնառության մեջ «իմաստավոր» ներգրավվի, և ծնող-երեխա հարաբերությունները «հարստանան», ապա նմանատիպ տնային աշխատանքները պետք է ունենան աշակերտները։ Հանձնարարություններ, որոնք մեխանիկական չեն, որոնք ծնողին չեն դարձնում «ուսուցիչ», որոնք օգնում են, որ ծնող-երեխա հարաբերությունները ջերմ, աջակցող և սիրով լի մնան։