Մանկավարժությունը ամենավերջին մասնագիտությունն էր, որ Սոնա Փափազյանը ցանկանում էր ընտրել, բայց, ինչպես ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք։ Սոնան ասում է, որ չնայած գերազանց է սովորել, բայց դպրոցից մեծամասամբ բացասական տպավորություններ էին մնացել, հետևաբար ուսուցիչ դառնալու հավանականությունը ի սկզբանե բացառում էր, մինչև ճակատագիրը նրան դպրոց բերեց, որն իր պատկերացրած դպրոցից շատ էր տարբերվում։

«Ընկերուհիս ինձ բերեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ մաթեմատիկայի ուսուցչուհի էր: Ապշել էի: Չէի հասկանում, թե որտեղ եմ՝ ճամբարու՞մ, դպրոցո՞ւմ, թե՞ ուր։ Բոլոր դռները՝ բաց, թափանցիկ, բոլորը երջանիկ, մի տեղ երեխեքը լողավազանում լողում էին, մյուս տեղում բալ էին հավաքում, կոմպոտ էին պատրաստում։ Ասում եմ՝ էս ո՞ւր եմ ընկել։ Ես իմ դպրոցից ուղղակի փախել եմ, անգամ երազներ էի տեսնում ծանր ապրումների մասին, իսկ այն, ինչ տեսնում էի «Սեբաստացի»-ում, իմ տեսած ու պատկերացրած դպրոցից ամբողջովին տարբերվում էր»,- պատմում է Սոնան։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (Բլեյանի դպրոց)  ստեղծագործ կենտրոն է, մանկավարժական-հետազոտական լաբորատորիա, որտեղ առաջնորդվում են հեղինակային մանկավարժությամբ։ 

Սոնան շատ լավ է հիշում 2012 թվականը, երբ աշխատանքի անցավ կրթահամալիրում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, ավելի ուշ արդեն շարունակեց աշխատանքը որպես հայրենագիտության և մայրենի լեզվի ուսուցչուհի։ 

Ժպտերես, դրական էմոցիաներով և միշտ պատրաստակամ ընկեր Սոնան երեխաների սիրելիներից է: Ասում է՝ ինքն էլ անսահման սիրում է իր աշակերտներին և միջավայրը, որտեղ արդեն տասներկու տարի է՝ իր ամեն օրն է անցկացրել:

«Որպես մենթոր լինում եմ նաև մարզային դպրոցներում։ Ա՛յ մարզային դպրոցում կաշխատեի, որովհետև այնտեղ երեխաներն ունեն սովորելու ցանկություն, բայց չունեն ռեսուրս, իսկ մայրաքաղաքի դպրոցներում շունչս կտրվում է, որովհետև երեխաներին ճնշելու, իրար հետ համեմատելու ու թևերը կտրելու մեթոդները դեռ աշխատում են»,- ասում է Սոնան։ 

Ինչպիսի՞ն պետք է լինի դպրոցը հարցին հակադարձում է՝ ինչպիսին չպե՛տք է լինի։ Չպետք է դասակարգվեն երեխաները՝ գերազանցիկ-ծույլիկ, խելացի-անխելք։ Հիշում է՝ իրենց դասարանում մի աղջիկ կար, որին նախատում ու երբեմն ծաղրում էին վատ սովորելու համար, և դա անում էր նաև ուսուցիչը։ 

Սոնան ավելի ուշ, արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է, որը ամենաառաջին ներառական դպրոցներից է, հասկացել, որ դպրոցում իր հետ երկար տարիներ նույն դասարանում ուսանած աշակերտուհին, որին բոլորը նախատում և նվաստացնում էին, աուտիզմ ուներ: Մինչդեռ իր դպրոցում տարիներ շարունակ այդ իրողությունը ոչ մեկը չի ընդունել՝ համադասարանցուն բուլինգի ենթարկելով: 

«Երեխաները մեր կրթահամալիրում անհատներ են, ինքը Նարեն ա, Ալեքսն ա, Մարկն ա։ Բոլորը յուրահատուկ են, իսկ մեզ ինչ էին անում՝ սթրեսի մեջ էին գցում։ Ես հումանիտար կարողություններով երեխա եմ ու մաթեմատիկայից թույլ եմ, օրինակ, բայց որպեսզի ինձ չսևացնեն, գիշերները չէի քնում, լացում էի ու դժվարությամբ սովորում էի։ Ինձ դա տրվում էր, բայց մեկ ուրիշին կարող է չտրվել։ Յուրաքանչյուր երեխա մարտահրավեր է՝ ավելի լավը դառնալու, մեթոդը փոխելու։ Կան մանկավարժական մեթոդներ, բայց դրանք բոլորի վրա նույն ձևով չեն կարող ազդել: Բոլոր երեխաներն անհատներ են»,- նշում է Սոնան։

Նա մեծապես կարևորում է նաև ինքնակրթությունը, իսկ այսօրվա երեխաների մասին խոսելիս ասում է՝ այսօրվա սերունդը հրաշք է, մի սերունդ, որից կարելի է նաև սովորել, քանի որ նույն գործողությունը նրանք նոր, ավելի հեշտ ու արագ հնարքով են կարողանում անել։ Սա նաև որոշակի առումով բարդացնում է ուսուցչի աշխատանքը ու պարտադրում յուրաքանչյուր երեխայի հետ աշխատել որպես առանձին անհատ։

«Ես միշտ վախեցել եմ երեխեքին նեղացնելուց ու ամեն օրս վերլուծում եմ, որ հասկանամ՝ կարո՞ղ է մեկին նեղացրել եմ, անգամ իմ անուշադրությամբ։ Որ ասեմ՝ բոլոր մանկավարժական ձեռնարկները ուսումնասիրել եմ, ազնիվ չի լինի, պարզապես ես սեր եմ տալիս ու ստանում իրենցից։ Հիշում եմ՝ մի օր մի քիչ լարված էի, երեխաներից մեկն ուզում էր ինչ-որ բան ցույց տալ, ես ձայնս բարձրացրի, ասեցի՝ ժամանա՞կ ես գտել, ու ինքը շատ նեղվեց։ Հետո իրեն գրկել եմ, սիրել եմ շատ, որովհետև դա էր իր ժամանակը, այդ պահին իր համար դա էր կարևոր ու չէր կարելի անտեսել»,- հիշում է Սոնան ու կարևոր համարում վատ բաները շուտ բաց թողնելու երեխաների կարողությունը, որը նաև մեծերին է պետք։

Որ մանկավարժի աշխատանքը բարդ է, ոչ մեկը կասկածի տակ չի դնում։ Երբեմն էներգիան սպառվում է, խնդիրներ ու կոնֆլիկտներ են առաջանում, դժգոհություններ են լինում։ Այս ամենը կուտակվելով էներգետիկ այրում է առաջացնում, ու դրանցից մեկի ժամանակ էլ Սոնան ազատման դիմում էր գրել։ 

Տեսանյութ

Հետո վերլուծել է ու հասկացել, որ առանց երեխաների կյանք չունի: Դիմումը խելոք հետ էր վերցրել ու շարունակել աշխատանքը, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ ուսուցչի աշխատանքը սովորական չէ, առաքելություն է, որ չես կարող կիսատ թողնել։

Մեդիաանվտանգությունը

Սոնան 8-10 տարեկան երեխաների հետ է աշխատում։ Բարդ տարիք է, իսկ դպրոցում, որտեղ կրթական ծրագրով նախատեսված է գաջեթների օգտագործում, ավելի դժվար ու պատասխանատու գործ է երեխաներին վերահսկելը։ 

«Մենք երեխաների ձեռքը տիեզերք ենք տալիս, սա և՛ օգուտ է, և՛ վնաս, բայց մենք նաև պետք է նրանց սովորեցնենք, որ դա միայն աշխատանքային գործիք է, ու վերահսկենք, որ դասի ժամանակ այլ բաներով չզբաղվեն»,- ասում է Սոնան։

Դպրոցում շատ են խոսում ու կարևորում մեդիաանվտանգությունը։ Հրավիրվում են մասնագետներ, ուսուցիչներն անցնում են վերապատրաստումներ ու երեխաներին անընդհատ հիշեցնում են անվտանգության կանոնները՝ անծանոթ մարդկանց որևէ անձնական տվյալ չտալու վերաբերյալ։

Բուլինգ

Բուլինգի ենթարկողը հաճախ հենց ինքն է ունենում խնդիր, որով պետք է զբաղվել, ու երբ կոնկրետ դեպքով սկսում ես հետ գնալ ու ուսումնասիրել, հասկանում ես, որ բուլինգի ենթարկող երեխան ինքն էլ ունի խնդիր, և արդեն սկսում է աշխատանքը այդ երեխայի ծնողի հետ: Բայց Սոնան ասում է, որ դա բոլոր դեպքերի համար պարտադիր պայման չէ, երբեմն էլ պարզապես չիմացությունն է դառնում պատճառ։ 

«Բուլինգի դեպքեր կարող են լինել, բայց մեզ մոտ փորձում ենք արագ կանխել, ընդհանուր օրինակներով, բոլորին ներառելով՝ նույն հարթության վրա ենք բերում, որ աշակերտներից մեկը մյուսի նկատմամբ երբեք առաջնահերթություն, առավելություն չունենա: Սա շատ կարևոր է: Նաև աշխատանքի բաշխման դեպքում ենք շատ հետևողական. այսօր դու ես հերթապահը, բակը մաքրողը, ուրիշ աշխատանք անողը, հաջորդ օրը՝ մյուսը, այսինքն՝ չկոտրելով անհատականություններին, փորձում ենք հարցերին լուծում տալ և օրինակի վրա էլ իրենց ցույց տալ»:

Ներառականություն

Կրթահամալիրը առաջիններից է, որ ներառական է դարձել, ու այստեղ ուսուցիչներն ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով աշխատում են լիարժեք ներառականություն ապահովելու համար։ Սեփական փորձով են այստեղ օրինակ ծառայում աշակերտներին, որ աշակերտական նստարանին նստած իրենց ընկերոջը որպես հավասարը հավասարի վերաբերվեն։ 

«Երբ հաշմանդամություն ունեցող սովորող ես ունենում, միջավայր է փոխվում, հայացք է փոխվում։ Հազվադեպ, բայց երբեմն լինում են կոնֆլիկտային իրավիճակներ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Դրանք լրիվ բացառելու համար պետք է աշխատանք տարվի նաև ծնողի հետ, որովհետև երբեմն տեսնում ենք ծնողների, որոնք դեռ իրենք չեն ընդունել իրենց երեխային այնպիսին, ինչպիսին կան»,- ասում է Սոնան ու նշում, որ իրենք նման դեպքերում ոչ թե կանչում են երեխային գրատախտակի մոտ ու ասում, որ նրան այսուհետ ոչ մեկը բան չասի, և առնում են հովանու տակ, ինչը հաճախ հակառակ արդյունք է տալիս, այլ տարբեր մեթոդներով՝ երեխային աննկատ կարևորելով, ուժեղ ու թույլ կողմերը ճանաչելով ու շեշտադրումները ճիշտ անելով՝ նրա դերը համադասարանցիների մոտ բարձրացնում են։ 

Ընկեր Սոնան հիշում է աշակերտուհիներից մեկին, որը հենաշարժական խնդիրներ ուներ և սայլակով էր տեղաշարժվում, սակայն բոլորի ուրախությունն էր, ինքն էլ՝ ուրախ ու զվարթ մի մարդ. 

«Համադասարանցիների ուրախությունն էր, ամբողջ օրը սայլակը երեխաներն էին քշում, երբեք նրան մենակ չէին թողնում ու միշտ նրա կարծիքի հետ հաշվի էին նստում: Շատ պայծառ կերպար էր»:

Կարծրատիպեր 

«Սեբաստացիի» պատերից ներս կարծրատիպեր չկան, պատերից դուրս շատ են»,- ասում է ընկեր Սոնան ու որպես ամենավառ օրինակ նշում ազատության և ամենաթողության հավասարեցումը։ Դրանք տարբեր բաներ են։ 

«Տուր երեխաներին թևեր թռչելու, բայց նաև սովորեցրու, որ իրավունքներից բացի ունեն նաև պարտականություններ»,- ասում է նա։ 

Դպրոցում իր աշխատանքը երբեք չպատկերացնող երիտասարդ աղջիկը հիմա չի պատկերացնում կյանքն առանց երեխաների։

«Եթե ես էլ երեխաներ ունենամ, նրանց կպարգևեմ երջանիկ մանկություն, որովհետև մանկությունը միշտ ասոցացվում է դպրոցի հետ, ու այդ մանկությունը պետք է զարդարել, ոչ թե խաթարել»,- ժպտում է Սոնան։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան

Աղբյուրը՝ MediaLab

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով