Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեղվաբուծությունը մեկ տարվա մեջ հասցրեց զարգանալ: Ամռան սկզբին ավելացրինք մեղվաընտանիքների քանակը ևս տասնհինգով. արդյունքում ունենք քսանյոթ ընտանիք:
Քանի որ մեղվաբուծության հիմքը կրթահամալիրում ի սկզբանե ուսումնական լինելն էր, սկզբում կպատմեմ հենց դրա մասին, առանձին կանդրադառնամ նաև մեղվաբուծության առաջընթացին, զարգացմանը:
Մեղուները ձմռան ընթացքում հանգստացան, ձմեռանոցից դուրս եկան առանց կորուստների՝ ձմեռը հաղթահարված: Այստեղ դրա մասին ավելի մանրամասն եմ պատմում: Ագարակում ձմեռած մեղվաընտանիքները պատրաստ էին դառնալու ուսուցողական լաբորատորիա՝ բաց, հյուրընկալ: Սովորողներին մեղվանոց բերելու համար՝ անհարժեշտ էր նրանց նախապատրաստել դրան: Մշակեցի մի քանի փուլից բաղկացած վարպետության դասերի ծրագիր: Վարպետության դաս՝ ճանաչենք հրաշագործ մեղվին. նախագիծը սկսեց շրջել կրթահամալիրի կրտսեր դպրոցներում՝ 5 տարեկաններից մինչև 3-րդ դասարաններում: Դասվարները սիրով համագործակցեցին, սովորողների հետ մանրամասնորեն ուսումնասիրեցին Հետաքրքիր փաստեր մեղուների մասին նյութը: Քանի որ նախագծի իրականացման հենց առաջին քայլը մեղվին, նրա սովորույթները, կարողությունները, բնույթը ճանաչելն էր, դասվարները, որոնց հետ այդ շաբաթվա մեջ պատրաստվում էի հանդիպել, ինձնից ստանում էին նախագիծը՝ իր քայլերով, նախապես սկսում էին սովորողների, նրանց ընտանիքների հետ ուսումնասիրել, ծանոթանալ տեղեկատվական նյութին: Հաճախ այնքան էին տարվում թեմայով, սկսում էին այլ փաստեր գտնել մեղուների մասին, ավելի խոր ուսումնասիրել մեղվաշխարհը: Երբ մեղվի մասին փաստերին բավականաչափ տեղյակ էին դառնում, անցնում էինք հաջորդ քայլին՝ հանդիպում մեղվաբույծի հետ: Սովորողների անկեղծ ընդունելությունից ակնհայտ էր դառնում, որ նրանք մեղուներին այնքան են սիրել, որ ինձ էլ են ջերմ դիմավորում: Ահա հերթական մի հանդիպման ժամանակ էլ, երբ մտա դասարան, տղաներից մեկը՝ լայն ժպիտը դեմքին, ասաց. «Բարև Ձեզ, ընկեր մեղու»: Մյուս սովորողներն էլ սկսեցին կրկնել նույնը: Ես հաճելիորեն հուզվել էի, որովհետև ինձ այդպես անվանելը, կոչում էր ինձ համար, որին ես արժանացել էի երեխաների կողմից: Իհարկե նրանց համար պարզ էր նաև, որ ես այն մեծ մեղվապաշտն եմ, ով իրենց ավելի լավ է ծանոթացնելու մեղուների հետ: Իսկ իրենք այնքան հարցեր էին ունենում, որ ինձ մի կարգին հարցախեղդ էին անում: Ընտանիքի անդամներ էին ներգրավվում, հետաքրքիր նյութեր պատրաստում: Առանց բացառության՝ բոլոր դասարաններից դուրս էի գալիս հիացած, բավարարաված, ոգևորված: Մեղուները, շնորհիվ նախագծի, դարձել էին սիրելի, ոչ սարսափելի միջատներ, որոնցից միշտ պետք է փախչել: Երբեմն սովորողներից, դասվարներից այնպիսի փաստեր էի լսում մեղուների մասին, որոնք իմ նյութի մեջ չկային, ինչը ինձ հիացնում էր: Դա խոսում էր այն մասին, որ թեման այնքան է հետաքրքրել նրանց, որ պեղել, գտել են ավելին, հետազոտել են մանրամասնորեն: Դե արի ու մի ուրախացիր:
Մեղվադասերը տե՛ս այստեղ.
- Լուսինե Պետրոսյան՝ Մեղվադաս
- Լուսինե Պետրոսյան՝ Վարպետության դաս
- Անահիտ Հարությունյան՝ Վարպետության դաս
- Վարսիկ Աթոյան՝ Վարպետության դաս
- Տաթև Թամազյան՝ Վարպետության դաս
- Սեդա Վիրաբյան՝ Վարպետության դաս
- Մերի Գրիգորյան՝ Վարպետության դաս
Երբ սովորողները ուսումնասիրեցին նաև անվտանգության կանոնները, հասկացան, թե ինչպես պետք է մոտենալ մեղվափեթակներին, ինչպես պետք է իրենց պահեն, երբ մեղուն պտտվում է գլխավերևում, մեղվանոցում նրանց հյուրընկալելը ավելի դյուրին դարձավ:
Եվ մենք անցանք հաջորդ քայլին, այն է՝ այցելել մեղվանոց, հանդիպել մեղուներին հենց իրենց փեթակներում: Ուսումնական մեղվանոցը դարձավ բաց լաբորատորիա: Մեղվապահի հագուստով փոքրիկ մեղվապահները՝ արդեն որոշակի իմացությամբ, սկսեցին փեթակի ներսում զանազանել մեղուներին, բոռերին, հմտորեն գտնել մայր մեղվին, զարմանալ, հիանալ նրանով: Նրանք հետաքրքիր զուգահեռներ էին տանում մեղուների և մարդկանց միջև: Անզեն աչքով տեսնում էին, թե ինչպես են մեղուները ծաղկափոշով ծանրաբեռված, հաճախ՝ ծաղկափոշու մեջ թաթախված, վերադառնում փեթակ: Տեսնում էին մեղրապատ շրջանակները և անհամբերությամբ առաջարկում էին հանել մեղրը փեթակից՝ շա՛տ գայթակղիչ տեսք ունի մեղրի փայլը: Շատերը նույնիսկ վախը հաղթահարեցին, մոտեցան մեղուներին, որովհետև համոզվեցին, որ մեր սեբաստացի մեղուները շատ բարի են, խաղաղ:
Ուսումնական մեղվանոց այցելեց ավելի քան քսան դասարան, առանձին խմբեր: Մեղուները իսկապես հյուրընկալ գտնվեցին, և որևէ լուրջ միջադեպ չունեցանք:
Այստեղ մեղվանոցային հանդիպումների մասին պատումներն են.
- Ուսումնական մեղվանոցում 5 տարեկաններն են
- Առաջին դասարանցիները մեղվանոցում են
- Մանուշակ Աբրահամյանի ամփոփումը
- Մեղվադասերը մեղվանոցում են
- Մեղվանոցային դաս
- Վարպետության դաս մեղվանոցում
- Մեղուները և առաջին դասարանցիները
- Մուտքի ճամբարը մեղվանոցում
- Մեղվանոցում
- Քրիստինե Հովսեփյանի պատումը
- Մարիամ Մխիթարյան՝ Մեղվադաս
- Արմինե Գյոնջյան՝ Մեղվասերները
- Լուսինե Պետրոսյան՝ Մեղվանոցում
- Անահիտ Հարությունյան՝ Երկրի օրը՝ մեղուների հետ
- Սեդա Վիրաբյան՝ Ուսումնական մեղվանոցում
- ֆեյսբուքյան էջը
- Վարսիկ Աթոյան՝ Հրաշագործ մեղուներին հյուր
- Նելի Թովմասյան՝ Մեղուներին հյուր
Ըստ նախագծի՝ հաջորդ փուլը Արատեսի դպրական կենտրոնում պետք է շարունակվեր՝ ողջ ամռան ընթացքում, քանի որ մայիսի 28-ին ուսումնական մեղվանոցը տեղափոխվեց այնտեղ: Արատեսում մեր մեղուներին միացան ևս տասնհինգ մեղվաընտանիքներ, որոնց կրթահամալիրը ձեռք բերեց Քարագլուխ գյուղից, որը Արատեսից գտնվում է քսանյոթ կմ հեռավորության վրա:
Մեղվանոցը ընդարձակվեց, զբաղեցրեց մեղվապահի տուն- լաբորատորիայի առաջնամասի հարթակը ամբողջությամբ: Մեղվանոցի պահապան Ռեքսը ավելի զգաստացավ: Նա ամենևին պատրվակ չբռնեց իր մեկամսյա ծննդկան լինելու փաստը և զգոնությամբ զինվեց, հսկեց, պահպանեց մեղվափեթակները: Կեցցե՛ Ռեքսը:
Աշխատանքները կրկնապատկվեցին: Բայց դրա մասին առանձին կպատմեմ: Այժմ Ճանաչենք հրաշագործ մեղվին նախագիծը արատեսյան փուլում էր գործելու: Սովորողները արդեն մասնակցելու էին մեղվապահական աշխատանքներին, ականատես էին լինելու մեղվանոցի ամառային զարգացումներին, աշնանային նախապատրաստական աշխատանքներին:
Այստեղ արատեսյան ուսումնական մեղվանոցում արված աշխատանքներն են.
- Սաթենիկ Սիմոնյան և ճամբարականներ
- Սոնա Փափազյան և ճամբարականներ
- Արևմտյան դպրոց, մուտքի ճամբար
- Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ
Որպես 9 ամիս աշխատած նախագծի ամփոփում` ուզում եմ ասել, որ նախագծի շնորհիվ մեղուները դարձան սիրելի սովորողների, ընտանիքների, շատ դասավանդողների կողմից: Դա էր իմ առաջնային նպատակը: Այս նախագիծը շարունակվելու է, ընդգրվելու են ավելի շատ դասարաններ, առանձին խմբեր, դասավանդողներ, ցանկացողներ: Չեմ կարող չարտահայտել իմ հիացմունքն ու գոհունակությունը նախագծին մասնակցած բոլոր- բոլորի հանդեպ: Հենց մասնակիցների շնորհիվ է, որ այսպիսի գեղեցիկ արդյունք ունեցանք:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կատարվում են իրական հրաշքներ. հրաշագործ մեղուն դարձավ իրական հերոս, իրական դպրոց, իրական լաբորատորիա: Սովորողը տեսավ, շոշափեց, լսեց նրան: Դարձավ սիրելի կրթահամալիրի ամենաքաղցր նախագծի իրականացնողը: