Սովորեցրեք ձեր սեփականը
Սկիզբը
Նախորդ հատվածը
Երեխաները, նրանց բնույթն ու կարիքները
Երեխաներին սիրող շատ մարդիկ դեռևս այն հին մտայնությանն են, թե կրթելով նրանց՝ մենք պետք է նրանց մեջ մի կարևոր բան փոխենք: Ինձ համար այս գաղափարը սխալ ու վնասակար է: Պարզապես ճիշտ չէ, թե ցանկացած առաքինություն ճնշված չարիք է, կամ որ քաղաքակիրթ մարդիկ ոչ այլ ինչ են, քան ահաբեկված վայրենիներ: Ինչպես Աբրահամ Մասլոուն է ասում՝ սա բացատրում է մարդկային առաքինությունները՝ «բացառելով դրանք»: Նման բացատրությունները չեն արտացոլում ամենօրյա փորձը:
Մի հայտնի մանկական հոգեբույժ ասել է, որ մանուկը փսիխոպատ է:
Ես իմ լավ ծանոթ մի մայրիկի կողմից եմ, որը յոթ երեխա մեծացնելուց հետո ասել է. «Երեխաները լավ մարդ են»: Փոլ Գուդմանը մի անգամ գրել է «երեխաների վայրի ցեղի» մասին, տպավորիչ և ճշգրիտ մի արտահայտություն։ Երեխաները հաճախ թվում են տաղանդավոր բարբարոսներ, որոնք իսկապես կցանկանային քաղաքակիրթ դառնալ: Շատ ազատ դպրոցներ, և որոշ բարի ու լավ տրամադրված ծնողներ աշխատել են այն մտքով, որ երեխաների մեջ ինչ-որ վայրի ու թանկարժեք բան կա, որը որքան հնարավոր է՝ երկար պիտի պահպանվի աշխարհի հարձակումներից: Հենց որ մենք ազատվենք այս մտքից, կհասկանանք, որ երեխաների հետ մեր կյանքը հեշտանում է, և երեխաներն ավելի երջանիկ են դառնում: Սա գրելիս ես վերջերս շատ ժամանակ եմ անցկացնում փոքր երեխաների հետ, և իմ հիմնական տպավորությունն այն է, որ նրանք հիմնականում ցանկանում են մասնակցել, անել հենց այն, ինչ մենք ենք անում: Եթե միշտ չէ, որ կարողանում են անել դա, նրանից է, որ փորձի պակաս ունեն, և էմոցիաներն են խանգարում իրենց:
Որքան էլ տարօրինակ է, երեխաներին ճնշելու և ռոմանտիկ ազատական տեսակետները նույն դրամի հակառակ կողմերն են: Համառ մարդիկ ասում են, որ երեխաներին աշխարհին հարմարեցնելու համար պիտի վատ բաները հանել նրանց միջից: Երեխաների ռոմանտիկ երկրպագուներն ասում են, որ նրանց աշխարհին հարմարեցնելու համար խաթարում ենք նրանց մեջ լավագույնը: Մի խումբն ասում է, որ երեխաները փոքր ու անկատար մեծահասակներ են, մյուսը՝ որ մեծահասակները մեծ ու թերի երեխաներ: Ոչ մեկն էլ ճիշտ չէ:
Իսկապես երեխաներին օգնելու ճանապարհներ կան, որ նրանք մեծանան՝ պահպանելով և զարգացնելով իրենց լավագույն հատկանիշները: Այս գլխի թեման է, թե ինչպես կարող ենք դա անել:
Մենք շատ բան կարող ենք սովորել Ջին Լիդլոֆի հեղինակած «Շարունակական կոնցեպտ» գրքից (Նյու Յորք, Կնոփֆ, 1975)՝ իմ երբևէ կարդացած գրքերից ամենակարևորը: Լիդլոֆը (մի շարք այլ հեղինակների հետ՝ Լեբոյեր, Մոնթագու, Բոուլբի և այլն) ասում է և ցույց է տալիս, որ երեխաներն ամենալավը մեծանում են առողջության, երջանկության, մտավորականության, անկախության, ինքնավստահության, քաջության և համագործակցության մթնոլորտում, երբ նրանք ծնվում ու դաստիարակվում են մարդկային կենսաբանական «շարունակական» փորձի մթնոլորտում, այսինքն «պարզունակ» մայրական խնամքի ու դաստիարակության պայմաններում, և հավանաբար միլիոնավոր տարիներով գոյատևում են:
Այն, ինչ երեխաները սիրում են, ինչի կարիքը զգում են, ինչից զարգանում են իրենց կյանքի առաջին ամիսներին մինչև չոչ անելու և հետազոտելու փուլին հասնելը, իրենց մայրերի հետ մշտական ֆիզիկական շփումն է (կամ նույնքան լավ ճանաչած ու վստահած մեկի): Երեխաները միշտ ունեցել են սա, համենայն դեպս մինչև վերջին հազարամյակը, և յուրաքանչյուր նորածին երեխա, որ ոչինչ չգիտե պատմությունից, բայց գիտե իր սեփական կենդանական բնույթը, ակնկալում է սա, ուզում է սա, զգում է սրա կարիքը, և ահավոր տառապում է, եթե չի ստանում: Այստեղ, արտակարգ արտահայտիչ և զգայուն զրույցներից մեկում, Ամազոնի ավազանի Յեքուանա հնդկացիների մեջ ապրող երեխայի նկարագրությունն է Լիդլոֆի կողմից, որն ապրել է այնտեղ որոշ ժամանակ․ «Ծնված օրվանից ի վեր անընդհատ նորածիններին տանում են ամենուր: Մինչև պորտալարն ընկնելն արդեն նորածնի կյանքը լի է գործողություններով: Ողջ ժամանակ նա քնած է, բայց նույնիսկ քնած ժամանակ սովորում է իր ցեղակից հարևանների ձայներին, նրանց գործունեությունների ձայներին, խայթոցներին, ռազմականչերին, որ սկսվում են առանց նախազգուշացման և դադարում առանց նախազգուշացման, իր մարմնի տարբեր մասերի վրա ճնշումներին, մինչ իր խնամակալը շարժում է նրան՝ իր աշխատանքին կամ իրեն հարմարեցնելով, և ցերեկվա ու գիշերվա հերթագայությանը, գործվածքի և ջերմաստիճանի փոփոխություններին իր մաշկի վրա, և ապահովության ճիշտ զգացումը կենդանի մարմնի կողքին լինելն է»: Նման վերաբերմունքի արդյունքը, ինչպես շատ ժամանակակից մարդիկ կակնկալեին, երկչոտ, փեշին կպած, քմահաճ ու կախյալ մանուկը չէ, այլ ճիշտ հակառակը: Լիդլոֆը գրում է. «Երբ փորձի բոլոր ապաստաններն ու խթանները նրա զինանոցում են ամբողջությամբ, մանուկը կարող է նայել դեպի իր մորից հետո եկող աշխարհին:
Մշտական շփման կարիքն արագ մարում է, երբ նրա փորձառության չափաբաժինը լցվում է, և երեխան՝ ճուտիկը կամ մանչուկը, իրեն տրված ուժի համալրում կպահանջի միայն վտանգի պահերին, որի ժամանակ իր ներկայիս ուժերը չեն բավարարում:
Այս պահերը դառնում են ավելի հազվադեպ և ինքնավստահությունն աճում է արագությամբ, խորությամբ և լայնությամբ, ինչը խիստ հսկայական կթվար բոլոր նրանց համար, ովքեր գիտեին միայն քաղաքակիրթ երեխաներին, որոնք ամբողջովին զրկված են գրկում մեծանալու փորձից»:
Ինչպես Լիդլոֆը ցույց է տալիս, այսպես դաստիարակվող երեխաները նկատում են, թե ինչ են անում իրենց շրջապատում գտնվող մարդիկ և ուզում են միանալ ու մասնակցել, հենց որ և որքանով իրենց ուժերը կներեն: Ոչ ոք ոչինչ չպետք է անի երեխաներին ներառելու կամ խմբի կյանքին մասնակցել ստիպելու համար: Նրանք շփվող են ծնվել, դա նրանց բնույթն է:
«Քաղաքակիրթ» մարդկանց հորինած ամենաուշագրավ կործանարար գաղափարներից մեկն այն է, որ երեխաները վատն են, և նրանց պետք է սպառնալ ու պատժել, որ անեն այն, ինչ շուրջբոլորն անում են: Շարունակական ոչ մի մշակույթ չի ենթադրում, որ երեխաները վատը լինեն, վատ վարք ունենան, անախորժություն ստեղծեն, մերժեն օգնել, փչացնեն ամեն բան և ցավ պատճառեն ուրիշներին, և երեխաների դաստիարակության տևական ավանդույթ ունեցող մշակույթներին մեզանում ընդունված այս ձևերը, ըստ էության, խորթ են:
Մի քանի տարի առաջ ամերիկյան մանկական փորձագետների մի խումբ մեկնեց Չինաստան՝ ուսումնասիրելու չինացի երեխաներին, երեխաների դաստիարակությունը և դպրոցները: Իրենց չինացի գործընկերներին նրանք հարցրին, թե ինչ են անում, երբ երեխաները զայրույթի պոռթկում են ունենում, կռվում են, ծաղրում, քմահաճություն անում, իրեր ջարքում, վիրավորում մարդկանց և այլն: Չինացիները շփոթված նայեցին նրանց:
Ամերիկացիները նույն հաջողությամբ կարող էին հարցնել.
-Ի՞նչ եք դուք անում, երբ ձեր երեխաները երեք հարյուր ֆուտ բարձրությամբ թռչում են օդում:
Չինացիները միայն շարունակ կրկնում էին.
— Երեխաները նման բան չեն անում:
Ամերիկացի այցելուները միանգամայն շփոթված հեռացան: Երբևէ նրանց մտքով չէր անցել ենթադրել, որ չինացի երեխաները մերոնց պես վատը չեն այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրանց մասին այդպես չի մտածում: Լինելով փոքր, հսկողությունից դուրս, ոչ փորձառու և ճկուն, նրանք ժամանակ առ ժամանակ կարող են մոռանալ լավ վարքի ուղին: Սակայն պետք է ուղղել նրանց՝ համբերատար հիշեցնելով, որ իրենք մոռացել են, որ այստեղ մենք նման բաներ չենք անում: Ոչ ոք չի մտածում, թե նրանց ուշքն ու միտքը սխալ բան անելն է, և որ միայն երկար ու դժվարին պայքարը նրանց հեռու կպահի այդ մտադրությունից և կստիպի ճիշտն անել: Կարճ ասած՝ արևմտյան հարուստ աշխարհի խնդիր երեխաները մեր մշակույթի արդյունքն են, ինչպես մեր մեքենաները: Ինչ որ մենք կոչում ենք հոգեբանություն, «մարդկային բնույթի» մասին մեր ենթադրյալ գիտելիքն է և որքանով միայն սոցիալապես թերի մարդկանց յուրահատուկ ձևերի ուսումնասիրություն է, այնքանով հեռու մարդկային երկարատև կենսաբանական փորձառության նորմերից, որոնք նրանց (մեր) քմահաճույքն անվանելը դժվար կլինի:
Լիդլոֆի կողմից մանկան ծնվելու և դրան հաջորդող օրերի ու ամիսների (թե ինչպես պիտի մանուկն անցնի դրանք) «ժամանակակից», «բժշկական», «գիտական» նկարագրությունները բավարար են լացելու կամ գիշերային մղձավանջների համար, կամ երկուսի համար էլ: Մի՞թե մենք այդքան վատն ենք:
Բայց ես կցանկանայի, որ տիկին Լիդլոֆը գրքի սկզբում ասեր այն, ինչ վերջապես ասում է ավարտին. վաղաժամ ծանր կորստի (մտերմության և շփման) առավել վնասակար հետևանքներից մի քանիսը կամ դրանց մեծ մասը կարող են հիմնականում շրջանցվել կամ բուժվել, եթե հետագայում կյանքում մարդն իր առաջարկած եղանակներով առատորեն ապահովված լինի այս անհրաժեշտություններով: Սա կարևոր է: Շատ զգայուն ու սիրառատ մայրիկներ ու հայրիկներ, որ ժամանակակից «քաղաքակիրթ» ճանապարհով են ծնել ու մեծացրել են երեխաներին, այս գիրքն ընթերցելով և անդրադառնալով նրան, թե ինչպես են իրենք առանց գիտակցելու դավաճանել իրենց երեխաներին, պիտի որ մեղքի և ցավի զգացում ունենան: Բավականաչափ բարի, քնքույշ, համբերտար և բարեկիրթ յուրաքանչյուր մեկը կարող է ունենալ այս վաղ կորստից:
Ինձ համար անհնար է ասել, թե որքան կարևոր է այս գիրքն ինձ համար: Անցյալ քսանհինգ տարիների ընթացքում ինձ համար պարզ է դարձել, որ աշխարհով մեկ սփռված գիտական ու արդյունաբերական քաղաքակրթությունը, իր ողջ հարստության ու հզորության հետ միասին, ամեն օրվա հետ ավելի էր մոտենում իր ամբողջական քանդմանը:
Ի՞նչն է սխալ:
Ի՞նչ կարող ենք անել:
Շատ մարդիկ մատնանշել են որոշ օգտակար պատասխաններ:
Սակայն միայն անցյալ տարի կամ վերջին երկու տարիներին ինձ համար պարզ դարձավ, որ մեր խնդրի ամենախորը պատճառն այն է, թե ինչպես ենք վերաբերվում մեր երեխաներին, և ի վերջո բոլոր մանուկներին:
Ես միանգամայն համոզված եմ, որ սոցիալական և քաղաքական փոփոխությունների և ոչ մի ծրագիր, որը չի ներառում այն ձևերի փոփոխություններ, որոնցով մեծացնում և դաստիարակում ենք երեխաներին, և չի սկսվում դրանցից, հնարավորություն չունի բարելավելու հանգամանքները:
Հուսով եմ, որ շատ մարդիկ կկարդան «Շարունակական հայեցակարգ»-ը, որքան շատ, այնքան լավ, և ամենաշատը՝ փոքր երեխաների մայրիկներն ու հայրիկները, ապագա ծնողները, մարդիկ, որոնք երեխաներ չունեն, բայց կարծում են, որ մի օր կունենան, նորապսակները կամ ապագա նորապսակները, դեռահասները, դայակները, մանուկների ավագ եղբայրներն ու քույրերը, նաև բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները և այլն: Կարճ ասած՝ յուրաքանչյուր մեկը, որ որևէ կապ կարող է ունենալ մանուկների կամ մանկիկերի հետ:
Մարդկային ռասան, ի վերջո, փոխվում է ամեն նոր սերնդի հետ, և միայն առողջ ու երջանիկ երեխաների մեկ կամ երկու սերունդ կարող է բավարար լինել մեզ փոխելու համար:
Բարի ծնված
Իմ լավ հին ընկերոջ, տարրական դպրոցի ուսուցչի նամակից. «Ինձ դուր եկավ մանկապարտեզի ձեր խմբի հետ լինելը: Չեմ հիշում, թե երբ եմ այսքան ուժգին ընկերություն սկսել երեխայի հետ, այսքան արագ, ինչպես Մոլիի հետ: Մեր զրույցը շատ լուրջ էր, մի երկխոսություն, որ ավելի մեծ մեկից կարելի էր ակնկալել:
Բացի դրանից, շատ զգացված էի իմ մասին նրա մտահոգությունից: Մի պահ, ես դա ձեզ չէի ասել, պպզել էի սեղանի կողքին, որի վրա աշխատում էր երեխաների մի մասը: Ահագին ժամանակ անց վեր կացա, և ինչպես նման դեպքերում միշտ լինում է, փոքր-ինչ փայտացել էի, և մի երկու վայրկյան տևեց, որ ծնկներս ուղղվեն: Մոլին և մի քանի ուրիշներ հարցրեցին, թե ինչ եմ անում, և ես բացատրեցի, որ երբ իմ տարիքի մարդիկ կքանստում են երկար ժամանակով, նրանց վերջույթները թմրում են:
Ամենաքիչը մեկ ժամ անց, երբ ես կրկին կքանստել էի մի քանի երեխաների կողքին, Մոլին ինձ ասաց.
— Մի՛ նստիր այդքան երկար:
Զարմացած հարցրի.
— Ինչո՞ւ ոչ:
Նա ասաց.
— Ոտքերդ կթմրեն:
Ես արդեն մոռացել էի նախորդ դեպքը:
Հետո, ինչպես արդեն ասացի, երբ նա տեսավ, թե ինչպես եմ ճզմել և քերծել գլխիս ծայրը մեկ շաբաթ կամ մի քիչ ավելի առաջ Մեյնում, շատ անհանգստացավ. ուզում էր իմանալ, թե ինչպես է դա պատահել, և թե արդյոք ցավո՞ւմ է: Սա շատ ավելի շատ կարեկցանք է, քան ես կարող էի ակնկալել նման փոքրիկ անձնավորությունից, և ավելի շատ սիրեցի նրանց»:
«Հոգեբանությունն այսօր» ամսագրի 1979թ․ համարում կար Մայա Փայնզի հեղինակած սրտաշարժ, բացահայտող և քաջալերող մի հոդված, որ կոչվում էր «Բարի սամարացիները երկու տարեկանում»: Հոդվածի թեման այն է, որ խորը հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ երեխաներ, նույնիսկ մեկ տարեկան հասակում, երբ տեսնում են ուրիշներին հուսահատված կամ տառապելիս, տխրում են և ցանկանում օգնել: Հոդվածում ասվում է. «Մի երկու տարեկան պատահաբար հարվածում է մի աղջնակի գլխին: Նա սարսափահար է:
— Ես խփեցի քո մազերին,- ասում է նա աղջնակին:- Խնդրում եմ, լաց մի՛ լինիր:
Մի ուրիշ երեխա՝ տասնութ շաբաթական մի աղջնակ, տեսնում է, թե ինչպես է իր տատիկը պառկել հանգստանալու:
Նա թեքվում է դեպի իր օրորոցը, վերցնում իր վերմակը և դրանով ծածկում տատիկին: Այս երեխաները սովորական ամերիկացիներ են, ոչ հրեշտակներ են, ոչ էլ բացառիկ, ասում է Մարիան Ռադկե Յարոուն՝ Ազգային հոգեկան առողջության ինստիտուտի Զարգացման հոգեբանության լաբորատորիայի տնօրենը: Տասն ամսական և երկուս- երկուսուկես տարեկան երեխաների մանրազնին ուսումնասիրությունից հետո նա ակնկալում է, որ երեխաները կարեկցանք ցուցաբերեն մյուսների զգացմունքների հանդեպ:
Նա ասում է, որ նորածինները զարմանալիորեն մեծահոգության ազդակներ ունեն, և շատ երեխաներ կատարում են ալտրուիստական գործողություններ զարմանալիորեն վաղ տարիքում: Նման գիտելիքը մարտահրավեր է նետում երեխայի զարգացման ավանդական տեսություններին, համաձայն որոնց փոքր երեխաներն ամբողջովին եսակենտրոն են ու եսասեր և բացարձակ հակված չեն ալտրուիստական գործողությունների մինչև հինգ կամ վեց տարեկանը:
Այնուամենայնիվ, Յարոուն և Քարոլին Զահն Վաքսիերը չափազանց համոզված են իրենց ապացույցներով։
Նրանց տվյալները հստակ ցույց են տալիս, որ երեխաները գոնե մեկ տարեկանից, ունեն կարեկցանքի և տարբեր տեսակի հասարակական վարքի կարողություն, չնայած այն կարող է զուգակցվել ագրեսիայի և զայրույթի կարողությունների հետ, որոնք հոգեբանները շեշտել են՝ Ֆրեյդից սկսած:
Ուսումնասիրության ամենազարմանալի հայտնագործություններից մեկն այն է, որ որոշ երեխաներ մեկ տարեկանում փորձում են հանգստացնել արտասվող կամ ցավեր ունեցող մարդկանց: Նրանք մագլցում են նրանց վրա, շոյում ու գրկում նրանց: Երբեմն նույնիսկ փորձում են օգնել նրանց:
Երբ մայրիկներից մեկը լցված կոկորդով գնաց բժշկի, նրա կոկորդը փայտիկով տամպոն մտցրին, և նա սկսեց խռխռալ: Հանկարծ նրա փոքրիկ տղան, որ ընդամենը հիսուն շաբաթական էր, միանգամից փորձեց տամպոնը խլել բուժքրոջ ձեռքից և պաշտպանել մորը:
Մեկ ուրիշ մայր պատմում է իր տասներեք շաբաթական որդու մասին, որն ախորժակով շիլա էր ուտում, երբ հայրը գալիս է տուն և ակնհայտորեն հոգնած՝ նստում է տղայի կողքին՝ գլուխը ձեռքերով բռնած: Երեխան անմիջապես քաշում է հոր ձեռքը և փորձում նրան շիլա կերցնել: (- Վեհանձն արարք,- նշում է մայրը,- քանի որ ինքն էր ուզում այդ շիլան ուտել):
Մոտավորապես տասնութ շաբաթականում հնարավոր է դառնում նմանակել ուրիշ մարդկանց ծիծաղը, լացը կամ սպառնական հայացքները: Մի կին, որը պատահաբար կծել էր թուշը, ճմլվելով հայտարարեց, որ իր դստեր դեմքը «ցավի մի իսկական հայելի է»:
Մեկ այլ երեխա տեսավ մի նորածնի արտասվելիս. մեկ րոպեի չափ նայում էր, թե ինչպես են արցունքները գլորվում աչքերից, և ինքն էլ սկսեց արտասվել:
Այն երեխաները, որոնք ալտրուիզմի ճանապարհին են, ուրիշներին օգնելու շատ ձևեր են մշակում։ Երբ Լաուրան տասնչորս ամսական էր, պատմում է մայրը, երբեք ոչինչ չէր անում այն երեխաների համար, որոնք լաց էին լինում իրենց տանը: Մի անգամ, երբ երեք տարեկան մի տղա բարձրաձայն լալիս էր, նա հուսահատվեց, կնճռոտեց դեմքը, ձեռքերը բարձրացնելով՝ մորը ցույց տվեց, որ ուզում է՝ իրեն գրկեն, բայց նա անհանգստացած էր միայն իր համար: Նրա մայրը գրկեց նրան ու շոյեց մազերը: Մոտ մեկ ամսից անց Լաուրան լսեց, թե ինչպես մեկ այլ երեխա լալիս է: Նա սկսեց նույնպես լալ՝ լիարժեք նմանակումով: Տասնյոթ ամսականում նա կատարեց իր առաջին շարժումը դեպի արտասվող երեխան։ Նա մոտենալու փորձ արեց, հետո հետ քաշվեց, հետո նորից մոտեցավ՝ անձեռոցիկ առաջարկելով: Տասնութ ամսականում նա արդեն շատ հնարամիտ ալտրուիստ էր: Երբ բարձր աթոռին վեց ամսական երեխան թխվածքաբլիթը գցելուց հետո սկսեց լաց լինել, Լաուրան վերցրեց այդ թխվածքաբլիթը և դժկամությամբ տվեց նրան (նա սովորություն ուներ ձեռքն ընկած ամեն ինչ ուտելու՝ նկատում է մայրը): Սակայն երեխան շարունակեց լաց լինել. մորն էր ուզում։ Լաուրան էլ շոյեց նրա գլուխը: Երբ դա օգուտ չունեցավ, նա փորձեց խոսել նրա հետ.
— Բալիկ, բալիկ:
Երեխան շարունակեց լաց լինել: Լաուրան սկսեց նվնվալ և պահանջեց, որ մայրը գա իրենց մոտ: Նա նույնիսկ իր մոր ձեռքը դրեց երեխայի գլխին: Երեխան փոքր-ինչ հանգստացավ, սակայն Լաուրան դեռևս մտահոգ տեսք ուներ: Նա շարունակում էր բալիկին խաղալիքներ բերել և շոյել նրա մազերը (ինչպես մայրն էր անում իր համար), մինչև որ նա ամբողջովին խաղաղվեց:
Նման բացահայտումները մեծապես նպաստում են 1975-ի հոգեբան Մարտին Հոֆմանի առաջ քաշած ալտրուիստական տեսությանը: Հոֆմանը պնդում է, որ Արևմուտքում տարածված ենթադրություններն անհիմն են, թե ամբողջ ալտրուիզմը, ի վերջո, կարելի է բացատրել էգոիստական, եսակենտրոն դրդումներով: Նա հավատում է, որ ալտրուիզմը բխում է վշտի պրիմիտիվ ինքնաբուխ զգացողությունից, երբ ուրիշները նույնպես տառապում են, և դրա պատասխանը «տառապանքի ապրումակցումն է», որը հանդիպում է նույնիսկ նորածինների մոտ և կարծես բնածին է:
Երկու օրական նորածինները հիվանդանոցային մսուրներում հաճախ ավելի են հուզվում և բարձրաձայն լաց լինում, երբ մեկ այլ նորածին է լաց լինում, քան այլ բարձր ձայների դեպքում:
Տառապանքի ապրումակցումն այնքան տհաճ բան է, որ երեխաները ձգտում են օգնել մյուսներին՝ այն հանգցնելու համար:
«Ոչ» ասելիս
Քանի որ քչերն են մեծացնում երեխաներին շարունակական ձևերով, մեզնից շատերը դեռ խնդիր ունեն սովորեցնելու նրանց ապրելու մեր կանոններով: Մենք այս խնդիրը պետք եղածից ավելի ենք բարդացնում, առավել ևս այն պատճառով, որով օգտագործում ենք «ոչ» բառը: Վերջերս ես այցելեցի իմ մի ընկերոջ, որն ունի խասկիի մի գեղեցիկ, աշխույժ, սիրառատ մեկ տարեկան ձագ: Նա միայն մի թերություն ունի: Նա սիրում է, որ իրեն շոյում են, և եթե դուք շոյել եք նրան և դադարել, կամ եթե նա հենց նոր է մոտեցել ձեզ, թաթը դնում է ձեր ոտքին, թողնում է, որ սահի, նորից է դնում, և այսպես այնքան ժամանակ, մինչև որևէ բան չձեռնարկեք: Կեղտոտում է շորերը, ճանկռում մաշկը և ցավեցնում: Նրա տերը ժամանակ առ ժամանակ փորձել է ետ պահել նրան այս սովորությունից՝ հանդիմանելով նրան, ետ հրելով և այլն, սակայն ոչինչ չի ստացվել: Նա չափազանց զբաղված էր իր աշխատանքով, որպեսզի շատ ժամանակ ծախսեր նրա վրա:
Մեկ օր ես մտածեցի, որ քանի որ այցելել եմ, որոշ ժամանակ ունեմ և սիրում եմ ձագուկին, կարելի է ետ պահել նրան այս սովորությունից: Այսպես, ամեն անգամ, որ մոտենում էր ինձ, ես շոյում էի նրան կարճ ժամանակ, իսկ հետո դադարում և սպասում՝ ձեռքս պահած նրա թաթը բռնելու, հենց որ այն բարձրանար: Երբ նա բարձրացնում էր այն, ես բռնում էի այն գետնից մի երկու մատնաչափ բարձր և զգուշորեն իջեցնում գետնին՝ նույնքան մեծահոգաբար ասելով.
— Ոչ, ոչ, թաթդ պահիր գետնին:
Հետո շոյում էի նրան, ասում, թե որքան հրաշալի շուն է նա, և որոշ ժամանակ անց նորից կանգ առնում: Շուտով թաթը նորից բարձրանում էր, և ես բռնում էի այն և կրկնում ամբողջը նորից: Երբեմն անում էի սա նստած, երբեմն՝ կանգնած:
Մի քանի անգամից հետո ես ետ ընկրկեցի. հետո, հենց նա մոտենում էր, ասում էի մեղմ, բայց նախազգուշական ձայնով.
— Հիմա ցած պահիր այս թաթդ։
Կամ.
— Հիմա հիշիր՝ չորսն էլ գետնին:
Ձեռքս պատրաստ պահում էի՝ բռնելու նրա թաթը բարձրանալու պահին, որը նա սկզբում միշտ անում էր:
Սակայն որոշ ժամանակ անց նա սկսեց հասկանալ, և շատ հաճախ իմ ձայնի տոնայնությունը, իմ բառերի հնչողությունը, և երևի թե իմ մարմնի ու ձեռքի դիրքը բավական էին նրան հիշեցնելու, և նա թաթը ցած էր պահում:
Ես այնտեղ էի ընդամենը մի քանի օրով, և չեմ կարող պնդել, թե ամբողջովին արմատախիլ արեցի նրա այս սովորությունը: Բայց նա իհարկե արդեն շատ ավելի լավ էր պահում իրեն, և սովորաբար մեկ նախազգուշացումն ու թաթը բռնելը բավական էր՝ հիշեցնելու համար: Խնդիրն այն է, որ նույնիսկ փոքրիկ շունը բավականաչափ խելացի է հասկանալու համար, որ «ոչ»-ը միայն ազդանշան, աղմկոտ զայրույթի պայթյուն չէ:
Այն կարող է գաղափար փոխանցող բառ լինել: Այն չպետք է ասի.
— Դու վատ շուն ես, բայց մենք պատարստվում ենք դուրս հանել վատ բաները քո միջից:
Փոխարենը կարող է ասել.
— Դու լավ շուն ես, բայց այն, ինչ դու անում ես, այն չէ, ինչ մենք այստեղ անում ենք, ուրեմն, խնդրում եմ, այլևս մի՛ արա դա:
Եվ եթե հասնում է շանը, ապա ինչո՞ւ ոչ երեխային: Բացի մեծ սթրեսի կամ վերահաս վտանգի ժամանակից, պատճառ չկա, թե ինչու չենք կարող երեխաներին «ոչ» ասել նույնքան բարեկիրթ ու մեղմ տոնով, որով ասում ենք «այո»:
Երկուսն էլ բառեր են: Երկուսն էլ փոխանցում են գաղափարներ, որոնք նույնիսկ փոքրիկ մանուկները բավականաչափ խելացի են ընկալելու:
Մեկն ասում է.
— Մենք դա այդպես չենք անում։
Մյուսն ասում է.
— Մենք այսպես ենք սա անում:
Ըստ էության սա այն է, ինչ երեխաները ցանկանում են իմանալ: Բացի հոգնածության, հետաքրքրասիրության կամ հուզմունքի կամ քնքշության հաղթահարման դեպքերից, նրանք ուզում են անել այնպես, ինչպես մենք, մասնակցել:
Ընկերոջս ու շանն իմ այցելությունից մի փոքր անց ես այցելեցի երկու այլ ընկերների, և նրանց սքանչելի տասնհինգ ամսական տղային: Ճաշի ժամանակ փոքրիկ խոհանոց-հյուրասենյակում ես հանեցի իմ թավջութակն ու սկսեցի նվագել: Երեխան հմայված էր, ինչպես որ սպասում էի: Նա դադարեցրեց այն, ինչ անում էր, և արագ չոչ արեց դեպի թավջութակը: Նրա ծնողները փոքր-ինչ լարված էին թվում, բայց ես ասացի.
— Մի՛ անհանգստացեք, ես կպաշտպանեմ թավջութակը, չեմ թույլ տա, որ նա վնասի:
Նա մոտեցավ թավջութակին, բարձրացավ կանգնեց և սկսեց հպվել լարերին, կամրջակի տակ:
Միևնույն ժամանակ աղեղը (որը նա կարող էր վնասել) պահելով այնպես, որ նա չկարողանա հասնել դրան, ես հպվում էի լարերին կամրջակի վրայով, որն արտաբերում էր գեղեցիկ հնչյուններ: Ժամանակ առ ժամանակ ես տեսնում էի, թե ինչպես է նրան համակում հուզմունքի ալիքը, և որ նա ուզում է թփթփացնել թավջութակին, ինչպես փոքրիկ բալիկները սիրում են թփթփացնել առարկաների վրա: Բայց երբ նրա ձեռքերը սկսում էին այս իմպուլսիվ շարժումները, ես բռնում էի դրանք շան թաթի պես, դանդաղ իջեցնում, մեղմորեն ասելով․
— Հանգիստ, հանգիստ, թեթև, թեթև, բարի՛ եղիր թավջութակի հանդեպ:
Երբ նրա շարժումները դանդաղում ու հանգստանում էին, ես հանում էի ձեռքերս:
Որոշ ժամանակ նա շոյում էր փայտն ու քաշում լարերը: Հետո նորից սկսում էր հուզվել։ Բայց հենց որ սկսում էր, ես բռնում ու զսպում էի նրա ձեռքերը կրկին, առաջվա պես ասելով.
— Մեղմորեն, մեղմորեն, հանգիստ ու թեթև:
Որոշ ժամանակ անց նա նորից ետ էր սողում, մինչ ես զրուցում էի ծնողների հետ:
Հետո ես էլի էի նվագում, և նա նորից սողալով գալիս էր՝ նայելով ու դիպչելով: Ես պետք է ասեի՝ «Նուրբ, նուրբ», մեկ կամ երկու անգամ, ոչ ավելի:
Մեծ մասամբ այս փոքրիկ տղան, որ տակավին դեռ երեխա էր, նույնքան զգույշ և ուշադիր էր թավջութակի հետ, որքան որ ես: Եվ սրան հասավ լոկ մեկ երեկոյի ընթացքում. առաջին անգամ էր տեսնում նման տարօրինակ, հմայիչ գործիք:
Լուիս Էնդրիեշինը՝ մի ծնող Մենիթոբայից, այս մասին ասում է. «Դուք հիանալի կերպով տարբերություն եք դրել «ոչ» զայրացած ազդանշանի և «ոչ» իմաստալից բառի միջև»:
«Ոչ»-ի երրորդ տեսակն էլ կա, գուցե ամենաընդունվածը, որը ո՛չ զայրույթի պայթյուն է, ո՛չ էլ իմաստալից բառ. ոչ, ոչ, ոչ, որ որոշ ծնողների դեպքում տևում է ողջ օրը: Այս մշտական, պարզապես վազող խոչընդոտը անարդյունավետ արգելք է: Ծնողները դա նկատի չունեն. ո՛չ զայրույթ կա, ո՛չ էլ հանդիմանություն՝ նրանց ձայներում…
Մեր մշակութային ակնկալությունն այն է, որ երեխաները վատն են, միշտ ընկնում են ինչ-որ անախորժությունների մեջ, իսկ ծնողները պետք է դիկտատորներ լինեն, որ հսկում են իրենց երեխաներին (պաշտպանելու համար): Այս երեք «ոչ»-երի հետ հարմարվելը շատ ավելի բարդ է, քան կարելի է կարծել:
Դուք ասում եք՝ եթե իմանանք, թե ինչպես օգտագործենք «ոչ»-ը, կարող ենք փոխել դրա կիրառությունը։ Եվ ես համաձայն եմ ձեզ հետ երկու դեպքում։ Առաջինը, իբրև ծնողներ, կարող ենք պարզապես լռել: Եթե կարողանանք ետ նստել ու լսել ինքներս մեզ, ապա կլսենք, թե որքան բացասական արգելք ենք նետում մեր երեխաների վրա: Եթե ծնողը լրջորեն ու օբյեկտիվորեն լսի (իր երեխայի ականջներով), թե ինքն ինչ է ասում, կվախենա և հավանաբար ջանք կգործադրի նման «ոչ»-ը փոխելու:
Այստեղ ես մտածեցի Լայզիի մասին (որն այն ժամանակ երեք տարեկան էր), որն իր վրա կաթ էր թափում երեկ: Նա այն վերցրել էր սառնարանից, բացել, լցրել մի շատ փոքրիկ հյութի բաժակի մեջ, խմել էր այն, ապա թղթե սրբիչ էր վերցրել և սրբում էր սեղանին թափված կաթը: Ավելիշատ կաթ էր թափվել, քան սրբիչը կարող էր ներծծել, այնպես որ նրա սրբելու հետ կաթը սեղանից թափվում էր դռան վրա:
Այդ պահին ես մտա և սկսեցի վազելով «ոչ, ոչ» բղավել բողոքելով.
— Օհ, ո՛չ, Լայզի, դու պետք է ինչ-որ մեկին խնդրեիր մեկ գավաթ կաթ լցնել, ո՛չ, մի՛ սրբիր, թափվում է հատակին, հիմա կանգ առ, մի՛ արա այդպես, ես կանեմ, սեղանին վատ իրավիճակ է, նայի՛ր, հիմա այդ ամբողջը գետնին է. դու շատ աշխատանք ես ստեղծում ինձ համար:
Բարեբախտաբար այդ պահին իմ գլխում մի առողջ միտք ծագեց և ասաց ինձ.
— Բավական է լաչառություն անես, Լայզին հենց նոր լցրել է իր առաջին բաժակ կաթը, այն էլ՝ ինքնուրույն, և դու փչացնում ես նրա ողջ տոնը:
Եվ հանկարծ ես նայեցի ու տեսա մի շատ փոքրիկ աղջնակ, որը ջանում էր մեծանալ՝ փորձում էր սրբել ինքնիրեն այն խառնաշփոթից, որն ինքն էր ստեղծել՝ կաթ վերցնելով:
Եվ ես ասացի.
— Լայզի, կարծում եմ Սփարքլին (շանը) դուր կգա այս ավելորդ կաթը:
Լայզին կանգ առավ և նայեց ինձ: Ես վերջապես ասել էի նշանակություն ունեցող որևէ բան: Մինչ այդ բոլոր բացասական ոտնձգությունները նա փորձում էր անտեսել: Ես ասացի.
— Եթե գտնես Սփարքլի ամանը, կարող ենք կաթն այնտեղ լցնել:
Նա գտավ դա, և մենք այդպես էլ արեցինք:
Եվ անմիջապես նա մի աշխույժ շատախոսություն սկսեց այն մասին, թե ինչպես է Սփարքլին դուր գալու այդ կաթը, և ինչպես է ինքը երկուսին լցրել խմելու կաթ, և այլն։ Մինչ այդ բառ չէր ասել:
Անշուշտ, եթե ես հեռացնեի նրան. — Լավ, Լայզի, դուրս արի խոհանոցից, մինչ ես կմաքրեմ քո ստեղծած խառնաշփոթը,- նա հավանաբար լացով կավարտեր (թափված կաթի պատճառով):
Բայց այս երջանիկ ավարտն իմ կողմից շատ ջանք չպահանջեց, քանի որ էմոցիոնալ առումով ես այնքան էլ ներգրավված չէի: Մտովի ես դեռևս անկախ էի իրավիճակից և ունակ էի կառավարել կամ փոխել այն:
Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան