Ուսուցումը քանդել, հավաքելու, քոնը ստեղծելու հմտությունների ձևավորումն ու զարգացումն է:
Ես ուրախացել եմ, որ տղաս քանդում է խաղալիքները: Հիշում եմ՝ միշտ քանդում էր, մի մասը մյուս տեղին կպցնում, ինչ-որ նոր բանի վերածում կամ տեսնում մեջն ինչ կա: Մտածում էի՝ թող ուսումնասիրի, իրենը ստեղծի, իր խաղին ու պահանջներին հարմարեցնի: Շատերը զարմանում էին՝ ինչպես խաղալիքը ջարդի, ասում էի՝ չի ջարդում, ուրիշ խաղալիք է սարքում:
Իրականում խաղալիք քիչ էլ գնել եմ, չգիտեմ՝ աշխարհում ինչ խաղալիքներ կան, բայց Հայաստան ներկրվող խաղալիքները հայտնի չէ, թե ինչ նյութից են պատրաստված, որքանով են անվնաս, հիմնականում գունային անճաշակ համադրությամբ: Անիմաստ ձայներ հանող, որևէ բան չսովորեցնող խաղալիքներ էլ երբեք չեմ գնել: Միշտ մտածել եմ՝ լավ է իր ուզած թոկն առնեմ, օգնեմ իր ուզած փայտը գտնի, տաշի, փորձի նետ սարքել, քան պատրաստի անորակ մի նետ գնեմ, որը տաս րոպե է օգտագործվելու, ջարդվելու է:
Կյանքն ուսումնասիրելու, ապրելու ու ստեղծելու համար է: Մեզ շրջապատող աշխարհում, նաև՝ մեր կենցաղում, շատ կան տարատեսակ նյութեր, իրեր, երևույթներ, որոնք կարելի է ուսումնասիրել:
Ուսումնասիրել ու կազմաքանդել, սարքել նորը, բայց չջարդել՝ սրանք տարբեր երևույթներ են. նույնացնել չարժե: Ջարդում ես, որովհետև չես ուզում, որ ուրիշն էլ տեսնի, ունենա, խաղա, որովհետև չես կարևորում, գնահատում ունեցածդ, որովհետև ներսիդ չար ուժերին կառավարել չես կարողանում, որովհետև…
Նույնը կրթության գործընթացն է. դու ոչ թե քանդել ու ջարդել, մոռանալ ու մերժել ես սովորեցնում, այլ՝ ուսումնասիրել, քննարկել ու կասկածել, մասերի բաժանել ու հասկանալ:
Կազմաքանդել բառը, տեքստը, պնդումը, խնդիրը. կարևոր է հասկանալ, թե քեզ ինչ է առաջարկվում ու ինչու: Միայն այս ժամանակ է մարդը մտածում: Էքսպրեսիոնիստները կարծում էին, որ մարդը մտածում է միայն այն դեպքում, երբ հայտնվում է սահմանային իրավիճակներում՝ ասենք՝ պատերազմ, մահ: Ես էլ կարծում եմ, որ մարդը՝ սովորողը, մտածում է, երբ իր առջև խնդիր է դրվում: Երբ առաջարկվող նյութը ներկայացվում է ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն, այլ նյութ, որի հետ կարելի է չհամաձայնել, վիճարկել, հարցեր տալ, ապացուցել, որ ճշմարիտ է. կարճ ասած՝ քանդել ու հավաքել: Նույն խաղալիքն է՝ քանդում ես, ուսումնասիրում, ստեղծում քոնը: Էստեղ կարևոր է ստեղծելը: Սովորողը ուսումնական գործընթացի յուրաքանչյուր փոքր բաղադրիչից էլ պետք է ուժեղացած դուրս գա՝ մի միտք ձևակերպած, մի բառ իրենը դարձրած, մի կասկած սրտում: Հակառակ դեպքում սովորողը ոչինչ չի ունենում. իրենը չդարձած, չուսումնասիրած ու չքանդած որևէ նյութ չի կարող երկար մտապահվել:
Ուսուցման գործընթացը խաղ է՝ հանելուկ ու խնդիր, ոգևորող, առաջ մղող մի ուժ, եթե հանես ոգևորությունը և սովորողին չհետաքրքրես, կմնա պարտադրանքն ու անհավես գոյատևումը: Իսկ մենք միաբերան պնդում ենք, թե որքան կարևոր է սովորելը, լավ կրթություն ստանալը, բայց կրթության մեջ հոգի չենք դնում, չենք կապում սովորողի ու մեր կյանքի հետ, չենք թողնում, որ սովորողը կպչի անձեռնմխելիին: Մատուցում ենք բացարձակ համարվող կամ մեզ համար բացարձակ դարձած ճշմարտություններ՝ թույլ չտալով սովորողին դիպչել դրանց, որովհետև դրանք մեծություններ են։