Հոկտեմբեր ամսին վերսկսեցի աշխատանքս կրթահամալիրում։ Աշխատեցի երրորդ դասարանի սովորողների հետ։ Չնայած ուսումնական առաջադիմությանը, կարողություններին, ունեինք տվյալ տարիքային խմբին հատուկ հուզական աճի, զարգացման առանձնահատկություններ։ Փորձել եմ առանձնացնել այն դժվարությունները, որոնց հանդիպել և տվել եմ մանկավարժական լուծումներ։ Փորձել եմ 21 սովորողի ուսումնական առօրյայի, հույզերի ճանաչման, կառավարման, փոխզիջման, փոխօգնության, ուսումնական գործունեության կազմակերպման փոքրիկ անդրադարձ անել։
Այն ինձ համար կարևոր է, քանի որ ազդել է իմ մանկավարժական հայացքների, մոտեցումների վրա և իր դրական ազդեցությամբ է՛լ ավելի է մեծացրել իմ մանկավարժական հնարավորություններն ու սերը դեպի աշխատանքս, սովորողը։
Շալվա Ամոնաշվիլին ասում է․ «Բարի հիշողությունը կենդանի դաստիարակ է մարդու համար»։
Ինչպե՞ս է ազդում մանկավարժական սերը ուսումնառության, սովորողի անձնային աճի և ուսումնական հաջողությունների վրա։
— Ամեն մարդ իր բնավորությունն ունի, սա էլ իմ բնավորությունն է, սիրեք ինձ այսպիսին, ընկեր Մարինե, — ասաց մի օր սովորողներից մեկն, ով ուներ վարքային ընդգծված դրսևորումներ։
Նա գիտեր, որ սիրում եմ և այդ պատճառով վստահ խոսեց այդ մասին՝ կարևորելով իրեն ճանաչելն ու այդպիսին ընդունելը։ Ինքն այդպես էր պատկերացնում սերը․ եթե ընդունեմ վարքային նման դրսևորումները, ապա սիրում եմ։
Անսպասելի էր նման հայտարարությունը, հուզեց, բայց հասկանում էի, որ ժամանակ է պետք։ Իր համար շատ կարևոր էր, որ ես իրեն սիրեմ՝ ճանաչելով և ընդունելով իր տեսակը, իսկ ինձ համար կարևոր էր տեսանելի և հիմնավորված դարձնել իմ մանկավարժական որոշումներն ու քայլերը սովորողների համար։ Սովորողի վարքականոնին ուղղված մանկավարժական միջոցառումները, հնարները, քայլերը անպայման պետք է բաց և հիմնավորված, ընդունելի լինեն ոչ միայն տվյալ սովորողի, այլև մյուս սովորողների համար։ Բոլորը պետք է ներառված լինեն, որ մանկավարժական նպատակը իսկապես սեր դառնա՝ փոխօգնության, ընկերության, կենդանի շփման իրական դրսևորումներով։
Պատասխանեցի․
-Տե՛ս, դու ասում ես ընկեր Մարինե, ուրեմն քո ընկերն ես համարում, ուրեմն հասցրել ենք չէ՞ ընկերանալ։ Քեզ սիրում եմ, բայց քո այն պահվածքը , որ կնեղացնի ընկերոջդ ու քո տեսակին, ես օգնում եմ, որ չլինի։ Երբ իմ վարքով պատահաբար նեղացնում եմ ուրիշին, փորձում եմ արագ շտկել, որ վատ խոսքը կամ պահվածքը չգան ու կպչեն ինձ, ինձ այդպիսին չհիշեն, չընդունեն։ Օրինակ, երբ նեղացնում եմ ընկերոջս, հետո անպայման բացատրում եմ պատճառը, որ հասկանա դրանով չեմ ցանկացել իրեն նեղացնել, պարզապես այդ պահին ես ինձ մի փոքր լավ չեմ զգացել, լավ չեմ քնել, լավ մտքեր չեմ ունեցել։ Հաշտվում ենք, անցնում է։ Պատճառը բացատրելով դու ոչ թե արդարացնում ես քո արարքը, այլ փորձում ես շտկել, հարթել իրավիճակը, չկորցնել ընկերությունը։
Այսպես հնարվորություն տվեցի, որպեսզի իր տարբեր վարքային դրսևորումների համար չամաչի, անհնարին չհամարի շտկելը, այլ հավատա, որ կարող է կառավարել հույզերը, պարզապես պետք է նախ ճանաչել սեփական հույզերը։
-Ընկե՛ր Մարինե, օրինակ, երբ անցած օրը նայեցի ձեզ և անձայն, բերանս շարժելով ասացի ապուշ, ձեզ հետ չէի, ուղղակի ջղայնացած ժամանակ վատ բառերը գալիս են մտքիս ու չեմ կարողանում զսպել ինձ։ Պարզապես այդ օրը լավ չէի քնել։
-Լավ է, որ դու հիմա խոսում ես այդ մասին, ուրախ եմ, որ կարևոր է քեզ համար մեր ընկերությունը։
-Գիտե՞ք, ընկեր Մարինե, ես էլ չգիտեմ՝ ոնց է լինում, որ ինձ վատ եմ պահում։ Ուղղակի ինձ լավ չեն հասկանում, ես էլ ջղայնանում եմ, բայց սիրում եմ բոլորին։
-Գիտե՞ս, մի գաղտնիք եմ ասելու,- շուրջս եմ նայում ու շարունակում,- ընկերներդ շատ են ուզում նմանվել քեզ այն ժամանակ, երբ ժպտում ես ու ուրախ ես։ Դու այդ ժամանակ շատ ուժեղ ես դառնում, այնքան ուժեղ, որ ամեն գործ հրաշալի ես անում։
Այսօր քեզ առաջադրանք եմ տալիս, մտածի՛ր՝ ինչի՞ց ես ամենաշատը ուրախանում, ե՞րբ ես սիրուն ժպտում։
Մանկավարժություն է, որ օգնես սովորողին հասկանալ, ընկալել, ընդունել վարքը ոչ թե անձնային խնդիր, այլ ընդհանուր երևույթ, որ ամեն օր կարող էր դրսևորվել բոլորի կողմից։ Ինչպե՞ս հասնել բարեվարքության՝ հույզերի կառավարման, խաղաղման և հոգեհուզական աճի զարգացման՝ պահպանելով առօրյա ուսումնական գործունեության բնականոն ընթացքը։
Մտածում էի՝ ի՞նչ մանկավարժական հնար կարող է ավելի ազդեցիկ լինել, որ սովորողը չհեռանա քեզնից և քո մեջ տեսնի աջակցող, ապրումակցող ընկերոջ, բայց և գիտակցի իր վարքից բխող հետևանքների լրջությունը, կրի պատասխանատվություն և շարունակի սիրով ներառվել ուսումնական գործընթացում։
Այս հարցերն ինձ համար դարձան կենդանի, գործող մանկավարժական գործունեության հիմնական նպատակը։
Ինձ համար առաջնային էր սովորողների հուզական աճի զարգացումը, և ուսումնական գործունեութունը կառուցել եմ սովորողների՝ միմյանց հույզերը ճանաչելու, փոխօգնության շուրջ։
Լուծումը մեկն էր՝ օգնել սովորողին ճանաչել իր ուժեղ կողմերը և կենտրոնանալ փոքրիկ հաջողությունների վրա։
Երբ չես ճանաչում սեփական հույզերդ, չես կարողանում դրանք կառավել։ Իսկ չկառավարելով` դու սահմանափակում ես ոչ միայն քո , այլև ընկերոջդ հնարավորությունները։
Երբ անդրադառնում ես այս կամ այն վարքային դրսևորմանը, սովորողը չի գիտակցում, որ իր վարքում որևէ բան լավ չէ, չի անջատում իր ես-ից վարքը, այլ այն կապում է անմիջապես իր անձին, ընկալում է որպես բնավորություն ու վերջ, որի հետ պետք է հաշտվես ու ընդունես։ Սովորողն ընդունել հասկանում է արդարացի համարել տվյալ պահի իր վարքը, բայց ընդունել նշանակում է ժամանակ տալ սովորողին իրեն այդպիսին դրսևորելու, բացահայտելու, վեր հանելու թաքնված հույզերը, ճանաչելու և կառավարելու դրանք։ Փորձեցի լինել էլ ավելի համբերատար, օգտագործել մյուս սովրողների հետ կապը, նրանց ընկերական ազդեցությունը։ Սովորողներն օգնեցին հաղթահարել շատ խնդիրներ, սիրով համագործակցում էին։ Մեծ ազդեցություն գործեց գովքը, սեփական ես-ը կարևորելը։
«Ընկերս հեքիաթում» հետաքրիքր ստեղծագործական աշխատանքի ընթացքում միմյանց մասին հեքիաթներ հորինեցինք։ Ծանոթ հեքիաթի հերոսներին փոխեցին իրենց ընկերների կերպարներով, զվաճալի պատումներ ստացվեցին։ Օգտվելով power point ծրագրից պատրաստեցինք էլեկտրոնանին ընթերցարան։
Տղաներից մեկը, որ ինքնուրույն սովորել էր համակարգչային ծրագիր, ընկերոջն առաջարկեց համակարգչային այլ խաղերի փոխարեն ստեղծել Scratch ծրագրով իր սեփական խաղը։
Սովորողի դրական հատկանիշների վրա աշխատելով, զարգացնելով՝ հաջողվեց հասկանալ, որ վատ արարքը բնավորություն չէ, որ դա երևույթ է քեզնից դուրս, որ պետք է կարողանաս ժամանակին բաց թողնել։
Ընդունել նշանակում էր ճանաչել , օգնել գիտակցել հետևանքը, բաց թողնել վատը։
Մի օր էլ նկատեցի, որ սովորողներից մի քանիսի միջև տարաձայնություն էր ծագել։ Նրանցից մեկը հուզված փորձում էր հնարավորինս ապացուցել, որ լավ մաթեմատիկա գիտի։ Իր համար շատ կարևոր էր, որ ընկերները դրանում համոզված լինեին։
Զրուցեցի, բացատրեցի, որ մեզանից յուրաքանչյուրն իր ուժեղ կողմն ունի և ըստ այդ նախասիրության, կարող է ինչ- որ բան ավելի լավ անել, փորձենք հնարավորություն տալ միմյանց բացահայտելու մեր ուժեղ կողմերը։ Այդ ժամանակ սկսեցի նախագծային մի աշխատանք, որի ժամանակ սովորողը ինքը հանդես եկավ սովորեցնողի դերում և հնարավորություն ստացավ ներկայացնելու իր կարողությունները, ստեղծագործելու, վարելու իր սիրելի գործունեությամբ պարապմունքը։
Այս նախագիծը շատ ոգևորեց սովորողներին, ամեն անգամ մեկը հանդես էր գալիս որևէ նախաձեռնությամբ։ Պարապմունքը վարում է սովորողը։
Սովորղները հնարավորություն ստացան վարելու տարբեր դաս-պարապմունքներ և մեծ ոգևորություն ապրեցին, որ իրենց շուրջ հավաքեցին ընկերներին և եղան սովորեցնողի դերում։
Ուսումնական գործընթացը հաջողեց ընկերասիրության, գովքի, դրական կողմերի վրա կենտրոնանալու մանկավարժությամբ։
Համախմբված ստեղծեցինք եռալեզու խաղ-ներկայացում։
Ունեցանք հավես և անչափ հետաքրքիր համագործակցություն օտար լեզվի, տեխնոլոգիայի մասնագետների հետ։ Այս գործունեության հիմքում ներքին ինքնուրունության հաստատումն էր, փոխօգնությունը, ընկերական սիրո դրսևորումը , որն արտահայտվեց թատրոն- խաղ -լեզվագործունեությամբ, մաթեմատիկական խաղ- որոնումներով, տեխնոլոգիական հնարամտությամբ, ստեղծագործական մտքի զարգացումներով, հուզական աճի կառավարելիությամբ։
Ընտրեցինք Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները և խաղ-գործունեությամբ դարձրինք հետաքրիքր թատրոն-բեմականացում։ «Մկների ժողովն» ու «Շաղգամը» դարձան մեր գլխավոր ասելիքը․ ժողովվեցինք շուրջը շաղգամի։
Ողջ տարի մեզ համար համակարգիչը՝ որպես ուսումնական գործիք, նման էր շաղգամի՝ իր դրական ազդեցությամբ։ Համակարգչի շուրջն էինք հավաքվում ստեղծագործական զարգացնող գործունեությամբ, նոր մեդիակարողություններով, իսկ՝ մկների ժողով, որովհետև շատ ամբարող ու ճստանն էինք։
Ահա, այսպիսի հետաքրիքր նախապատրաստական ընթացքով ուսումնական նախագծային գործունեությամբ տարեվերջյան համերգ- ներկայացում ունեցանք, որն իր մեջ ամփոփում էր շուրջտարյա մանկավարժությունը՝ ծնողի, սովորողի, դասավանդողի՝ սեր և սեր ամեն ինչի և ամենքի հանդեպ։
Ժպտերեսներն ասում են․
-Բարին ցանենք, բարին հնձենք։
Եվ այդ մեծ պատասխանատվությամբ ու սեփական բարիքի պտուղներով ճամփորդեցինք դեպի Արատես։
Արի ու տես․ այստեղ է, որ դրսևորվեց դասարանական սերն ու ծնողական համայնքի սիրո, հարգանքի հաստատումով փոխօգնությունը։ Երեք օր միասին բնության գրկում կենցաղավարելով, հետազոտելով, միմյանց բացահայտելով շարունակեցինք ինքնակրթվել, զարգացնել ճանաչողական կարողությունները և ժպտալով գնալ առաջ։
Այսպես են որոշել հնարամիտները․
-Հա ժպտանք ու ժպտանք, աշխարհի համը դառնանք։
Վստահ եմ, որ այս ստեղծագործ, արարող մանկավարժության համն ու լույսը իրենք են՝ ստեղծագործ, ազատ մտածող, ազատ հուզական ապրումով սեբաստացի սովորողը և համագործակցող ծնողը։