Անցավ ևս մի ուսումնական տարի՝ 2023-2024․․․ Հերթակա՞ն․․․ Հետաքրքիր է, մանկավարժական, գործունեություն իրականացնող ուսուցչի համար ուսումնական տարին հերթական լինո՞ւմ է։ Չի կարող լինել, եթե հետազոտող ուսուցիչ ես, եթե ստեղծագործաբար ես մոտենում մանկավարժությանը, եթե յուրաքանչյուր տարին նոր մարտահրավերներ է դնում քո առաջ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ է պահանջում։ Բացվող նոր օրը ինձ համար հերթական չէ․ այն նոր օր է, ուրիշ, տարբերվող օր՝ նոր զգացողություններով ու ընկալումներով, նոր գնահատումներով և վերագնահատումներով։ էլ ինչպե՞ս կարող է տարին հերթական լինել, այն էլ մանկավարժական․․․Իմ դիտարկումները 2023-2024 ուստարվա մասին՝ որպես ուսուցիչ։ Հատկապես ուզում եմ խոսել իմ այն սովորողների մասին մասին, որոնց հետ աշխատել եմ յոթ ուսումնական տարի։
Նախ՝ սովորողներդ տարեցտարի մեծանում են, առաջանում են նոր մանկավարժական խնդիրներ, պահանջվում են նոր մոտեցումներ։ Փոխվում են սովորողների հետաքրքրությունները, սովորելու նկատմամբ մոտեցումները, աշխարհընկալման և աշխարհայացքային փոփոխություններ են լինում, անձնային նոր տիպի հարաբերություններ են ի հայտ գալիս։ Կարող են առաջանալ նաև սոցիալական, ընտանեկան խնդիրներ, որոնք կոնկրետ ազդեցություն են ունենում սովորողի վրա։ Այնպես որ, մանկավարժական խնդիրները և դրանց պահանջվող լուծումները անընդհատ են, եթե դու ընդամենը դասատու չես, ով մտնում է դասարան, դաս է տալիս ու դուրս գալիս, իսկ մնացածը իր խնդիրը չէ՝ սովորողի անտրամադիր լինելը, ագրեսիվությունը, սովորելու ցանկության կտրուկ անկումը, մեկուսանալու կամ անընդհատ հակադրվելու ցանկությունը, խնդիրները ընկերների հետ և այլն․․․ Խնդիրներ, որոնք անխուսափելի են մանկավարժական գործունեության ընթացքում։ Սրանք մանկավարժական խնդիրներ են։ Կան նաև ուսումնական խնդիրներ՝ նոր նախագծեր, ուսուցման նոր մեթոդներ, ուսումնական հետաքրքիր նյութեր և դրանց մշակումներ․․․Յուրաքանչյուր օր նոր ձեռքբերումների, քո մանկավարժական լաբորատորիայի լրացման հնարավորություն է տալիս, և ուսումնական տարին դառնում է նոր, գուցև փոքրիկ հայտնագործությունների, հաջողությունների և դժվարությունների հաղթահարման տարի։ Էլ ո՞նց կարող է այն հերթական լինել։
Պատանեկան տարիքում դասարանում առաջանում են տղա-աղջիկ իրար համակրող այնպիսի զույգեր, որոնք չեն պատրաստվում թաքցնել իրենց նոր տիպի հարաբերությունները։ Ես այս երևույթին միշտ սիրով և համակրանքով եմ նայել։ Ինչո՞ւ ոչ։ Բնական, պատանեկան, պարզ ու մաքուր զգացողություններ են։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ սովորողները չեն ցանկանում թաքցնել այն։ Գիտեմ, որ կան ուսուցիչներ, որոնց բարկացնում են սովորողների անթաքույց վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Ես դրանից երբևէ չեմ լարվել։ Եթե զգացել եմ, որ թույլատրելիության սահմանն անցնում են (պատանիներ են, դա էլ բացառված չէ), զգուշությամբ մտերմիկ զրուցել եմ հատկապես աղջիկների հետ։ Ինչո՞վ դա մանկավարժական խնդիր չէ։ Դրանք բնական, տարիքի հետ առաջ եկող հարցեր են, որոնք շրջանցել չենք կարող։ Մոտեցման ճանապարհներ են պետք գտնել։ Իսկ այսպիսի խնդիրներին լուծումներ չես կարող տալ, եթե հոգևոր ոչ մի կապ չունես սովորողի հետ, եթե յուրային չես և չես յուրայնացրել քո սովորողին։
Այս ուսումնական տարին ևս յուրահատուկ էր։ Այս տարի ավարտեցին իմ այն սովորողները, որոնց հետ ուսումնական երկար ճանապարհ էինք անցել։ Այս սովորողներին սկսել էի մայրենի դասավանդել, երբ նրանք դեռ 6-րդ դասարանում էին սովորում։ Եվ դասավանդման յոթ տարիների ընթացքում նորից հնարավորություն ունեցա տեսնելու մեր մայրենիի հեղինակային ծրագրի ակնհայտ ազդեցությունը մեր սովորողների ընդհանուր գրագիտության, աշխարհայացքի ձևավորման, աշխարհընկալման, քննադական մտածողության զարգացման վրա։ Ուսումնառության ընթացքի դիտարկողը եղա, ականատեսը եղա նաև ուսուցման արդյունքի և գոհացա։ Զարմանալի զգացում է, երբ տարեցտարի հասունացող մարդու զարգացման այդ ընթացքի հետևողն ես դառնում։ 6-րդ դասարանից սկսած ստեղծագործական բավականին երկար ճանապարհ անցանք՝ ,,Չաչանակ,, ամսագրի ստեղծում, Գրական թատրոն, Գրական Մեդիա, ,,Թարգմանում ենք,, ամսագիր, անհատական նախագծեր․․․Ավագ դպրոցում արդեն այս սովորողները տարբեր հանդիպումների ու կլոր սեղանների կազմակերպիչներ էին, հետազոտական բավականին լուրջ աշխատանքների հեղինակներ․․․ Սովորողների զարգացման այս ընթացքում տարբեր բացահայտումներ եղան։ Եղան սովորողներ, ովքեր 6-7-րդ դասարաններում թվում էր, թե աճի մեծ հնարավորություններ չունեն։ Դե, մտածում ես՝ մարդը միջին կարողություններ ունի, ավելին ի՞նչ պահանջես։ Փորձում ես ընբռնումով մոտենալ, չափաձողը հնարավորիս ցածր դնել։ Եվ հանկարծ այնպիսի մի թռիչքային զարգացում է սկսվում սովորողի մոտ, էնպիսի որակներ են ի հայտ գալիս, էնպիսի թափ է ստանում առաջընթացը, որ ապշում ես։ Որտեղի՞ց հայտնվեց այդ ներուժը, ինչպե՞ս է, որ առաջ զգացնել չէր տալիս։ Ինչպես այդ ,,անճոռնի ճուտիկից,, էսպիսի նրբիրան կարապ ստացվեց։ Կրտսեր դպրոցում ներառական կրթության մեջ ընդգրկված սովորողը Միջին, հատկապես Ավագ դպրոցում քայլում է համաքայլ իր հասակակիցների հետ, երբեմն նաև մեկ-երկու քայլ առաջ։ Այս մյուս սովորողը, որը նաև Ավագ դպրոցում է ներառական կրթության ցուցակում, էնպիսի մտքեր է շարադրոըմ,, էնպիսի ինքնատիպ վերլուծություններ անում, որոնք հետաքրքիր են հենց իր Լինում է նաև ընդհակառակը։ Պայծառ, թվում է մեծ կարողություններ ունեցող սովորողը հանկարծ խամրում է, աչքերի կայծը մարում է, կորցնում է մտքի ճկունությունն ու անսպասելիությունը։ Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, խոփը ո՞ր քարին դեմ առավ․․․ Այսպիսին է մանկավարժությունը։ Անընդհատ հարցերի շարան է առաջադրում, հարցեր, որոնց լուծումները ցանկանում ես գտնել, և դա է քեզ հետաքրքրում քո ընտրած մասնագիտության՝ մանկավարժության մեջ։
Ավարտական պարտադրված քննությունները լուրջ հարված են հասցնում ստեղծական ուսումնառության գործընթացին։ Որքան էլ դու, որպես ուսուցիչ, փորձում ես հնարավորին չափ խաղաղ մոտենալ սերտում պահանջող քննական այդ մղձավանջին, սովորողն ու նրա ծնողը կարևորում են այն․ կա քննությունը ձախողելու վախը, բարձր գնահատանիշ ստանալու ձգտումը։ Սովորողի խնդիրը չի կարող նաև քոնը չդառնալ։ Քո ստեղծական աշխատանքի մեջ ժամանակ ես տրամադրում նաև սովորողին այդ քննություններին պատրաստելու։ Իհարկե, փորձում ես էնպես անել, որ այն ևս արդյունավետ լինի, հակառակ չլինի քո ուսուցման սկզբունքներին։ Սակայն դրանով հանդերձ՝ կրկնուսույցին դիմելու անհրաժեշտությունը սովորողների մեծամասնության մոտ ոչ մի կերպ չի հաղթահարվում։ Եվ այդպիսի ծանրաբեռնվածությունը Ավագ դպրոցում ունենում է ուսումնական գործընթացի վրա իր ոչ ցանկալի ազդեցությունը։
Սխալ կարծիք կա մեր նոր սերնդի մասին։ Ասում են՝ իբր այս սերունդը չի կարդում։ Որտեղի՞ց են դա վերցրել։ Կարդում է ու էն էլ շատ, էն էլ բազմատեսակ գրականություն։ Եվ դա ուսուցչի գործը բավականին դժվարացնում է, նոր մարտահրավեր է ուսուցչի համար։ Դու չես կարող անհաղորդ լինե քո սովորողի նախասիրությունների նկատմամբ՝ ի՞նչ է կարդում, ինչպե՞ս է կարդում, ինչպե՞ս է ընկալում․․․ Ուսումնական գործընթացում դու փորձում ես գիտակցված, գնահատող ընթերցանության հմտություններ փոխանցել, և հետաքրքիր է, ինչպե՞ս է սովորողը դա կիրառում իր նախասիրած ընթերցանությունը կազմակերպելիս։ Այն հմտությունները, որոնք տարիներ շարունակ դու փորձել ես փոխանցել ուսումնական պարապմունքներին, ի՞նչ արդյունք են տվել։ Էլ չեմ ասում, որ սովորողն էլ սովորությոան ուժով երբեմն ցանկանում է քեզ հետ քննարկել իր կարդացածը։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ նա իր կարդացած գիրքը քեզ է փոխանցում՝ քեզ հետ այն քննարկելու ակնկալիքով։ Սա ժամանակատար, բայց անհրաժեշտ ընթերցանություն է ուսուցչի համար։ Այդպես, այս տարի ես նորից կարդացի դետեկտիվ և գիտաֆանտաստիկ գրականություն։ Չեմ ասի, որ տհաճությամբ կարդացի, բայց քանի որ մեր ժամանակը անսահմանափակ չէ, կնախընտրեի դրանց փոխարեն ավելի շատ այլ գրականություն կարդալ։ Սակայն սովորողին առավելապես օգտակար լինելու համար չես կարող նրա հետաքրքրությունների հետ համընթաց չքայլել։ Դա մեր մանկավարժության կարևոր բաղադրիչներից է։
Ինչևէ, ավարտվեց յոթնամյա ուսումնական ընթացքը՝ լի ոգևորություններով, հաջողություններով և դժվարություններով։ Հետաքրքիր էր արդեն հասուն, 17-18 տարեկան պատանիների հետ քննարկել մայրենիի ծրագիրը, իրենց անցած ուսումնառության ճանապարհը։ Բարձր են գնահատում մայրենիի ծրագրի ազդեցությունը իրենց բանավոր և գրավոր խոսքի զարգացման, աշխարհայացքի ձևավորման, համարձակության և ինքնավստահության, նախաձեռնողականության և ինքնարտահայտման դրսևորման գործում։ Իհարկե սովորողի վրա իր ազդեցությունն է թողնում մեր ողջ հեղինակային ծրագիրը, սակայն սովորողները հատկապես առանձնցնում էին իրենց աշխարընկալման վրա թողած գրական նյութի ընտրության, դրանց քննարկումների մեծ ազդեցությունը։ Գտնում են, որ մայրենիի ծրագիրը խթանել է սերն ընթերցանության նկատմամբ, որը նրանց կարծիքով, ինքնակրթության կարևոր բաղկացուցիչ է։
Դե, ինչ։ Ես էլ եմ շնորհակալ այն հետաքրքիր ճանապարհի համար, որ անցանք միասին։ Հասկացա, որ երկուստեք մեզ լավ ենք զգացել իրար հետ, գնահատում ենք իրար և գոհ ենք միմյանցից։ Իսկ դա , իմ կարծիքով, ամենակարևորն է։ Սիրով ու ոգևորությամբ անցած ևս յոթ տարի։ Հրաշալի է։