Մի քանի տարի  քայլքով էի գնում կրթահամալիր։ Աջափնյակից 1 ժամ, 3-5 րոպեում հասնում էի Մեդիա-կենտրոն՝ իմ աշխատավայր: Իմ լավագույն տարիներից էին։ Թեթև, խաղաղ։ Երկար քայլքը միշտ այլ էներգիա է հաղորդում մարմնիդ, որը ձևավորում է մի ուրիշ տրամադրություն, մի ուրիշ հոգեվիճակ։ Կրթահամալիրում միշտ է կարևորվել քայլքը, և ճիշտ է արվել։ Մեզ մոտ բոլոր տարիքի սեբաստացիները քայլում են՝ ճամփորդությունների ժամանակ, կրթահամալիր տարբեր մասնաճյուղեր այցելելու ընթացքում, միասնական տրանսպորտից օգտվելու համար․․․ Մարմնի առողջությունը միշտ է կրթահամալիրում առաջնային եղել։ Այն նաև առողջ հոգու գրավականն է։

Քայլքը քայլ, բայց կրթահամալիր են գալիս Երևան քաղաքի ամենատարբեր ծայրերից, նաև քաղաքին մոտ շրջաններից՝ Աշտարակից, էջմիածնից, Գառնիից և այլն։ Հասկանալի է․ որ այս դեպքում տրանսպորտը դառնում է անհրաժեշտություն։

Խոսեմ մեր ուսումնական ավտոբուսներից, որոնցից արդեն ստիպված ես էլ եմ օգտվում՝ բնակավայրս փոխելու պատճառով։ Գառնիից դժվար ոտքով կհասնես կրթահամալիր, որքան էլ քայլելու ցանկությունդ մեծ լինի․․․

Մեր կրթահամալիրյան տրանսպորտից օգտվում  եմ առավոտյան՝ միշտ, օրվա երկրորդ կեսից՝ երբեմն։ Բոլորս ճանաչում ենք իրար, երբեմն նաև գիտենք անուններով՝ էս Դավիթը չկա՞ էսօր, Մաքսը ուշացել է, թե՞ չի գալու, Անուլ, ինչո՞ւ ես անտրամադիր… Սիրելի դարձած միջավայր ու մարդիկ՝ մեծով ու փոքրով… Բոլորը ճանաչում են բոլորից, չնայած կրթահամալիրի տարբեր դպրոցներում են սովորում։

Հատկապես ուզում եմ առանձնացնել երթուղու պատասխանատու դասավանդողներին։ Ներկա-բացակա անելու կարիք չունեն։ Բոլորին գիտեն հականե-անվանե՝ կրթահամալիրի ո՞ր դպրոցից է, առավոտյան որտեղի՞ց է բարձրանում, օրվա վերջում՝ որտե՞ղ է իջնում, ո՞վ է դիմավորում, փողոց անցնո՞ւմ է, թե՞ չէ․․․ Սովորող սեբաստացիները տարբեր դպրոցներից են, բայց պատասխանատու դասավանդողը գիտի բոլորին։ Նույնիսկ գիտի, թե երեկոյան ինչ պարապմունք ունեն, շաբաթ-կիրակի որտեղ են հանգստացել, ինչ գիրք են կարդում, վերջացրե՞լ են, թե՞ դեռ չէ․․․ Երեխաները բաց են ջերմ ու հոգատար մարդկանց առաջ, սիրով են զրուցում, պատմում։ Թեթև, ուրախ, անկաշկանդ մթնոլորտ… Ի վերջո՝ ամեն օր ոմանք մոտ մեկ ժամ ճանապարհ են կտրում իրար հետ։ Եթե դիմացինն էլ սիրով լսում է, հետաքրքրված է, հարցեր է տալիս, ինչո՞ւ չպատմել։  Սեբաստացի սովորողներին անուններով ճանաչում են նաև վարորդները։ Դիմում են սիրալիր, մտերմիկ տոնով, նույնիսկ նկատողությունը թույլատրելիության սահմանում է՝ ավագի իրավունքով, մեծի հոգատարությամբ։ Երբեմն ճանապարհին  երգում են ծրագրային երգեր, այն, ինչ սովորել են կրթահամալիրում։ Սա իրական մեծ, համերաշխ համայնք է՝ սեբաստացիական համայնք։

Անեմ նաև մտահոգող մի քանի դիտարկում։ Կրթահամալիրյան տրանսպորտից օգտվում են հատկապես մեր կրտսեր սեբաստացիները։ Ծնողներին հարամար է էդպես․ տրանսպորտը առավոտյան տանում է, երկարացված օրից հետո՝օրվա երկրորդ կեսին, բերում է, նույն տեղում իջեցնում։Երթուղային ավտոբուսի փոքր տարածքում ուզած-չուզած լսում ես նաև սովորողների զրույցը։ Զրուցում են ամենատարբեր բաներից՝ ֆիլմերից, խաղերից սկսած մինչև ամենաանսպասելի թեմաներ․․․ Եվ որքան էլ զարմանալի է, այդ զրույցները հիմնականում ռուսերեն են՝ վարժ, առանց առոգանության, ազատ, անբռնազբոս․․․ Էդպիսի երևույթ եմ նկատել նաև ավելի ավագ սեբաստացիների մոտ, երբ դասամիջոցներին անցնում եմ Ավագ դպրոցի միջանցքներով։ Տարբերությունն այն է, որ ավագ տարիքի սեբաստացիները նույնքան վարժ խոսում են անգլերեն։
Մի կողմից՝ լավ է, որ մեր սովորողներն այդքան վարժ տիրապետում են օտար լեզուներին, որը հավանաբար համացանցի, օտարալեզու կայքերի տեսահոլովակների առատության արդյունք է, տեսանյութեր, որոնք սովորողների  հետաքրքրությունների շրջանակում են։
Արդյունքում տարատարիք սովորողներ արագ տիրապետում են օտար լեզուներին։ Սա էլ մեր այն պնդման ապացույցն է, որ օտար լեզվի արդյունավետ ուսուցման ձևը չի կարող քերականության սերտումը լինել։ Մարդը արագ տիրապետում է լեզվին, եթե ստեղծվում է լեզվական միջավայր։ Տվյալ դեպքում այդ միջավայրն ապահովում է համացանցը։
Այո, դա էդպես է, և այդ փաստի հետ պետ է հաշվի նստել։ Բայց ինձ համար անհասկանալի է և անհանգստացնող այլ բան։ Ինչո՞ւ են երեխաները իրար հետ հաղորդակցվելիս նախընտրում օտար լեզուն։ Ի՞նչն է էդտեղ գրավում նրանց։ Գուցե նոր հմտություն է, որն ամրապնդելու կարիք են զգում, կամ ձեռքբերում է, որը ցանկանում են ցուցադրել։ Ամեն դեպքում՝ մտածում եմ այդ մասին և դեռ չեմ գտել դրա պատասխանը․ ինչո՞ւ է օտար լեզվով հաղորդակցվելը այդքա՜ն կարևորվում և դառնու առաջնային մայրենիի հետ համեմատած։ Ի վերջո՝ սա խնդիր է, որովհետև մասսայական բնույթ է կրում։ Դասարաններում կան սովորողներ, և դրանք քիչ չեն, որ ռուսերեն են մտածում։ Հետևաբար նրանց մայրենին բավականին խճողված է։ Սկզբում մտածում էի, որ գուցե ընտանիքը ռուսախոս է։ Բայց պարզվեց, որ ոչ․ մաքուր հայալեզու ընտանիք է, իսկ տան երեխաները միմյանց հետ հենց տանը ռուսերեն են խոսում։ Հասկանալի է, որ դասարանում էլ դժվարանում են մայրենին օգտագործել։ Ցավալի է, բայց փաստ է։

Մի այլ մտահոգող դիտարկում։

Ծնող է ճանապարհում սովորողին՝ պայուսակը ինքն է բերել մինչև կանգառ: Սովորողը բարձրանում է ավտոբուս, իսկ ծնողը պայուսակը փոխանցում է ինձ. ես եմ դռան մոտ կանգնած: Երևի աչքերիս մեջ տարակուսանք է տեսնում: Չտված հարցիս մեղավոր պատասխանում է. «Շատ է ծանր, դժվար է իր համար»: Հարցս մնաց օդում կախված՝ բայց ինչո՞ւ է ծանր: Ավտոբուսը շարժվում է: Պայուսակ եմ ասել, հա՜: Մի կերպ տեղավորում եմ սովորողի ոտքերի տակ: Ասեմ, որ աղջիկը 1-ին դասարանի սովորող է: Անուններ չեմ տալու՝ ո՛չ սովորողի, ո՛չ դպրոցի: Խոսելու եմ երևույթի մասին:
— Էս քա՞ր ես տեղափոխում, ի՞նչ կա պայուսակիդ մեջ, որ էսքան ծանր է:- Փորձում եմ ներքին դժգոհությունս խոսքիս չփոխանցել:
— Լիքը բաներ,- խաղաղ ժպտում է աղջնակը:
Մտածում եմ՝ տեսնես, էս երեխայի ծնողը լսե՞լ է կրթահամալիրի տնօրենի էն խոսքը, որ մեր սովորողի պայուսակը չի կարող ծանր լինել, որովհետև դա առողջապահական խնդիր է: Դա նկատի ունենալով՝ մենք առաջարկել էինք նաև թեթև համակարգչի պարամետրեր, այնպես որ և՛ թեթև լիներ, և՛ հարմար լիներ ուսումնական խնդիրներ լուծելու համար։
Անեմ մի քանի հարցադրում, տեսեք, համաձա՞յն եք դրանց հետ: Մենք իրավունք ունե՞նք սովորողի պայուսակը նայելու։ Իրավական հարցադրում է իհարկե։ Հարցադրմանը պատասխանում եմ.

  • մենք իրավունք չունենք չիմանալու՝ ինչո՛ւ է մեր սովորողը իր դեռ չձևավորված ողնաշարի վրա այդպիսի ծանրություն կրում, կամ մի ձեռքով բռնած ծանր պայուսակով ողնաշարը թեքում մի կողմ,
  • մենք իրավունք չունենք չիմանալու համակարգչից բացի ի՞նչ իրեր է տանում-բերում սովորողը,
  • մենք իրավունք չունենք ծնողի հետ չքննարկել սովորողի պայուսակի պարունակության խնդիրը, ընդհանրապես առողջապահական խնդիրներ։

Եվ ընդհանրապես այն, ինչ վերաբերում է մեր սովորողին, հատկապես նրա առողջական խնդիրներին, ինչպե՞ս կարող է չհետաքրքրել մեզ: Մանկավարժության մեջ փոքր խնդիրներ չեն լինում:
Սովորողի պայուսակն իր պարունակությամբ շատ լավ ուսումնական աշխատանք կարող է դառնալ։ Սովորողի հետ կարող ենք հաշվել պայուսակի կշիռը, ծավալը, ինչպե՞ս է փոխվում այդ կշիռը, երբ որոշ իրեր հանում ենք: Միայն նեթբուքով կամ պլանշետով պայուսակի կշիռն ինչքա՞ն է, և այլն…  Եթե մենք խնդիր ենք տեսնում, մի՞թե դժվար է դրան մանկավարժական-ուսումնական մոտեցում ցույց տալ: Ինչո՞ւ դա չքննարկել ծնողի հետ, եթե երկուստեք նախևառաջ կարևորում ենք սովորողի առողջությունը։ Սովորողի պայուսակն իր կշռով ու պարունակությամբ մաքուր մանկավարժական խնդիր է, որը կարելի է և պարտավոր ենք լուծել առանց սովորողի իրավունքը ոտնահարելու:

Ահա այսպիսի մտքեր մեր կրթահամալիրի ուսումնական տրանսպորտից օգտվելու ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով