Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը
Սկիզբը
Կոնգրեգացիայի սկզբունքը[1]
Մենք ապրում ենք սյուրռեալիստական ժամանակներում: Դպրոցական գիտական համակարգը պետական չափորոշիչներ, պետական ծրագրեր և պետական բարելավված ստնադարտ թեստավորում ներմուծելու միջոցով շարունակում է կրթական համակարգի հետագա կենտրոնացման ծրագրերը պահել: Ամեն տեղից դպրոցական խնդիրները լուծելու կախարդական լուծումներ խոստացող ձայներ են լսվում: Հույսերը կա´մ տեխնիկայի համատարած ներդրման, կա´մ նախադպրոցական ուսուցման նոր ձևերի, կա´մ ինֆորմացիոն տեխնոլոգիաների հրաշագործության հետ են կապվում: Մեկուկես հարյուրամյակ լուծման ապարդյուն փնտրտուքից հետո ոչ մեկը, կարծես, ոչ մի րոպե չի կասկածում, որ այդպիսի լուծում կա: Լուծում միակն է: Միակ ճիշտը:
Հնարավոր է, որ դուք էլ եք այդպես կարծում, իսկ հնարավոր է՝ ոչ: Բայց եթե անգամ փոքր-ինչ հույս ունեք, որ դպրոցական հիվանդության այդպիսի կենտրոնացված դեղամիջոց կա, եկեք կարճ ժամանակով միասին վերադառնանք գաղութային Նոր Անգլիա, այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սալեմը և Մարբլհեդը, Ֆրամինգհեմը և Դեդհեմը, Ուելֆլիտը և Փրովինսթաունը: Հենց այդտեղ է ծնվել և զարգացել հասարակական այն կարգը, որը հիմա կարող է մեզ օգնել:
Այս համակարգն առաջացել է Սալեմի առաջին պուրիտանական եկեղեցում, որը հիմնադրվել է 1629թ. այսպես կոչված «Սալեմյան կարգի» կողմից: Քանի որ այդ ժամանակ ոչ մի եկեղեցական պաշտոնյա մոտակայքում չի եղել, համայնքն իր վրա պատասխանատվություն է վերցրել և ինքն է որոշել քահանայի ընտրության հարցը: Այս պարզ գործողության շնորհիվ իշխանությունը, որ ավանդաբար պատկանում էր դիպլոմավորված մասնագետներին, տրվել է համայնքին: Միակ չափանիշը, որ ձայնի իրավունք էր տալիս, եկեղեցի կանոնավոր հաճախելն ու միաբանության անդամ լինելն էր: Կարծես թե տեղային նշանակության այս իրադարձությունը լուրջ հետևանքներ ունեցավ: Հաջորդ երկու դարերի ընթացքում յուրաքանչյուր կոնգրեգացիա ինքն էր ակտիվորեն որոշում իր գոյության նպատակներն ու իմաստը` ոչ թե դրսից պարտադրված որոշմամբ, այլ թեժ բանավեճերի միջոցով, ինքնուրույն լուծում սեփական խնդիրները` հին անգլիական իշխանություններին կամ նոր արիստոկրատիային հանձնելու փոխարեն: Սա վերաբերում էր ինչպես տնտեսական ոլորտին, այնպես էլ գաղափարական և կրթական: Այսպիսով այդ պարզ գործողությունը, ինչպիսին քահանայի ինքնուրույն ընտրությունն է, խախտեց ճշմարտության տարածման հարցում պետության և եկեղեցու մենաշնորհը:
Անցած աշնանը ելույթ ունեցա Դեդհեմ քաղաքի եկեղեցում, որը կառուցվել է 1638 թ., ինը տարի այն բանից հետո, որ «Արաբելան»[2] միգրանտներին իջեցրել էր Բոստոնում: Այդ եկեղեցին հիմա պատկանում է միացյալ-ունիվերսալիստական համայնքի, բայց սկզբնապես եղել է կոնգրեգացիոն: Սպիտակ ծայրաձող, զարմանալի պարզություն և գծերի վեհություն՝ կոնգրեգացիոն եկեղեցական ճարտարապետության պարզությունն ու կոռեկտությունը հնարավոր չէ շփոթել ուրիշ բանի հետ. այն զարմանալի է և միանման: Գուցե գիտեք, գուցե և՝ ոչ, որ կոնգրեգացիան երկար ժամանակ (երկու դարից ավելի՝ սկսած «Սալեմյան կարգերից» մինչև 1834թ.) Մասաչուսեթսի ծովախորշի գաղութը բնակեցրած մարդկանց համար միակ հնարավոր կրոնն է եղել: Կա՛մ պետք է միաբանության կողմնակիցը լինեիր, կա՛մ քեզ արտաքսում ևունույնիսկ հետապնդում կարող էր սպառնալ: Թերևս, մեզ վտանգող դպրոցական մենաշնորհից ավելի վատ է թվում, չէ՞:
Միաբաններն այնքան բուռն էին պաշտպանում իրենց կրոնական մենաշնորհը, որ հարյուր յոթանասուն տարի առաջ կրոնավոր Լայման Բիչերը, լսելով ունիտարիստների ժամանելու մասին, անցնում էր փողոցներով բղավելով «Ունիտարիստները գալի՜ս են: Ունիտարիստնե՜րն են գալիս»: Ակնհայտ է, որ միաբան քահանային այնքան էլ չէր ուրախացրել սպասվող ժամանումը: Բայց հաջորդող հարյուր տարվա ընթացքում զարմանալի բան տեղի ունեցավ: Կոնգրեգացիայի կողմնակիցները դանդաղ, առանց արտաքին ճնշման, իրենք փոխեցին իրենց հայացքները, և 1800 թվականների վերջին ունիտարիստները Նոր Անգլիայում ամենուր հարգելի էին:
Համարվում է, որ գաղութատիրական Նոր Անգլիան ԱՄՆ պատմության մեջ մեծագույն կոնֆորմիզմի[3] օրինակ է: Բայց կոնգրեգացիայի բուն էությունը անհատականություն է ենթադրում, այլ ոչ թե խիստ կարգապահություն: Եկեղացական ծառայությունը պատարագ գրեթե չի պարունակում, շատ ժամանակ է հատկացվում տեղական խնդիրների հետ կապված քարոզին: Միաբանության յուրաքանչյուր անդամի, որ ինքն իր համար և՛ քահանա էր, և՛ փորձագետ[4], մշտական ձգտումը դեպի լույսը բոլորին հաստատուն մոտեցնում էր ճշմարտությանը: Ինչո՞ւ եմ սա ասում: Արիստոտելը, Կարլ Մարքսը, Թոմաս Հոբսը կամ մեկ ուրիշ մտածող նոր նկարագրված պրոցեսը «դիալեկտիկա» կանվաներ: Կոնգրեգացիան մինչև իր արմատները դիալեկտիկական էր, ինչը լրիվ թշնամական է ստորակարգված մտածողությանը:
Պատմության ցանկացած փուլում կենտրոնացված ծրագրման կողմնակիցները արհամարհում են դիալեկտիկան, քանի որ այն խանգարում է զարգացման «միակ ճիշտ» ճանապարհը արդյունավետ պարտադրելուն։ Կես դար առաջ Բերտրան Ռասելը է նշել է, որ Միացյալ Նահանգները աշխարհի միակ մեծ երկիրն է, որն իր երեխաներին գիտակցաբար չի սվորեցնում դիալեկտիկական մտածողության: Նա խոսում էր քսաներորդ դարի Ամերիկայի՝ պարտադիր պետական դպրոցական կրթական համակարգով երկրի մասին, ոչ թե կոնգրեգացիոն Նոր Անգլիայի: Մտածե՞լ էիք արդյոք, թե ինչու էին յանկիները համարվում համառ, մռայլ և մանրախնդիր: Հիմա այդ հարցի պատասխանը գիտեք: Բազմազանություն ցուցաբերելու հնարավորության և կյանքի որակի միջև հստակ կապը դեռ Ռոջեր Ուիլյամսն էր ցույց տվել իր աշխատություններում: Մեկն առանց մյուսի անհնար է:
Ավելի ուշ կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ տասնյոթերորդ դարում Մասաչուսեթսի քաղաքներն ամենևին էլ համասեռ չէին: Ցանկացած մեկը կենտրոնական պետական իշխանության պարտադրած գաղափարախոսությունից շեղվելու հնարավորություն ուներ: Դեդհեմի, որտեղ անցած աշուն ելույթ էի ունենում, սկզբնական վերաբնակիչները ծագումով Արևելյան Անգլիայից էին, որտեղ հարգի էր մասնավոր սեփականությունը և անհատապաշտությունը: Արևելյան Անգլիային բնորոշ ինստիտուտներն արագ արմատավորվեցին և Նոր Աշխարհում: Մյուս կողմից, Դեդհեմի հարևան Սադբերի քաղաքն ի սկզբանե բնակեցված էր սաքսոնական և կելտական ծագման գաղութարարներով, որ միասնական աշխատանքի ավանդական հետևորդներ էին: Ինչպես Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում էլ նրանք մշակում էին համայնքային դաշտերը: Այսպիսով, գաղութացված Մասաչուսեթսում կառուցվածքային հակասություններ կային տարածաշրջանի միասնական մշակույթի և տեղական գյուղական ինդիվիդուալիստական մշակույթի միջև: Ինչպես երաժշտության կամ պոեզիայի մեջ է հնարավոր դասական ոճի կողքին դրանից տարբեր շեղումների գոյությունը, այնպես էլ տարբեր փոքր քաղաքների, տարբեր կոնգրեգացիաների միջև և հենց կոնգրեգացիայի ներսում եղած հակասությունները զարմանալի էներգիա, արգասաբեր և հրաշալի յուրօրինակություն էին առաջացնում, ինչը գաղութացված Մասաչուսեթսին հատուկ մթնոլորտ էր հաղորդում: Սակայն Նոր Անգլիայի քաղաքական կյանքում նաև բացասական կողմեր կային, որոնք հիմա մեզ մի քիչ շփոթեցնում են: Յուրաքանչյուր քաղաք կարող էր վտարել նրանց, ում չէր հավանում: Մարդիկ կարող էին իրենք որոշել, թե ում հետ կցանկանային աշխատել, կարող էին իրենք կառուցել իրենց կյանքի ծրագիրը: Դեդհեմ քաղաքի առաջին կանոնադրությունը հստակ արտահայտում է այդ տրամադրությունը. սկզբնական վերաբնակիչները ցանկանում էին բացառել (և բացառում էին) «մարդկանց, ում բարքը հարմար չէ մեզ, ում ներկայությունը կարող է մեզ վնասել»: Այդպիսով, այդ հին քաղաքները գործում էին որպես ընտրյալ ակումբներ կամ քոլեջներ, ինչպես Հարվարդը կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն են գործում՝ մարդկային տարբերություննեը նեղացնելով այնքան, որ հնարավոր լինի մարդասիրաբար ղեկավարել: Եթե նկատի առնենք մեծ սթրեսը, որ առաջանում էր այն պատճառով, որ յուրաքանչյուրը սեփական քահանան է, սեփական կյանքի տերը, ապա հասկանալի է դառնում, որ կոնգրեգացիոն համայնքն ուրիշ ելք չուներ: Եթե ստիպված եք ընդունելու բոլորին, որքան էլ ձեզ, ձեր փիլիսոփայությանը կամ ձեր գործունեությանը թշնամաբար տրամադրված լինեն, ապա կարելի է ճշգրիտ ասել, որ ցանկացած ձեռնարկ շատ արագ կաթվածահար կլինի ճակատագրական տարաձայնություններից: Այս դեպքում մարդկանց միավորումներին բնորոշ ընդհանուր նպատակները և գործողությունները պետք է հանգեն մի քանի անվնաս, քաղաքական երանգ չունեցող նախաձեռնությունների, եթե ընդհանրապես այդպիսիք գոյություն ունեն:
Այստեղ մի նրբություն կա. դիալեկտիկական կյանքը, որ վարում էին Նոր Անգլիայի վերաբնակիչները, թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների, բացահայտելու մարդկանց բնավորության և ոգու ուժեղ կողմերը, բայց կյանքի այդպիսի բնույթը հնարավոր չէ, երբ բոլոր մարդիկ ուժով են հավաքվում կամ քշվում մի տեղ, ինչպես դա արվում է մենաշնորհված պետական դպրոցական կյանքում: Քաոսից խուսափելու համար ղեկավարությունը պետք է ցանկացած մեթոդներով միօրինակության հասնի ամեն ինչում՝ ժամանակի, տարածության, տեքստերի, գործընթացների: Հույները լեգենդ ունեն մի մարդու մասին, որ հենց այդ գործն էր անում, նրան Պրոկրուստ էին կոչում: Նա ճամփորդներին երկարացնում կամ կարճացնում էր, որ իր հյուրատան մահճակալների չափսերին համապատասխանեին: Համակարգը հիանալի էր աշխատում, բայց այդ ընթացքում հաշմում կամ սպանում էր մարդկանց:
Նոր Անգլիայի բնակիչները մշակել էին համակարգ, որը միասին ապրել և աշխատել ցանկացող մարդկանց հնարավորություն էր տալիս ապրելու այնպես, ինչպես իրենք էին ցանկանում: Ընդ որում ամբողջ տարածաշրջանը ծաղկում էր՝ նյութապես, մտավոր և հասարակական առումներով: Տպավորություն էր ստեղծվել, որ հիմնականում սեփական խնդիրներով զբաղված մարդիկ ինչ-որ կախարդական ձևով կարողանում էին լուծել նաև հասարակական խնդիրները: Սեփական ուժերի վրա հույս դնելու, ինքնահարգանքի, անվախության, ժողովրդավարության և տեղանքին նվիրվածության սովորությունը լավ քաղաքացիներ էր ծնում: Պետական հանրակրթական դպրոցները հիմա լրիվ այլ կերպ են գործում: Մարդիկ ամեն ձևով պոկվում են իրենց բնական կյանքից և չափորոշված թեստերի գնահատականների հիման վրա տեղադրվում տարբեր դարակներում: Նրանց ստիպում են վարվել և գործել օտար մարդկանց պահանջներին համապատասխան: Իր «Միակ և ճշմարիտ դրախտ» երկում ամերիկացի պատմաբան և հասարակական քննադատ Քրիստոֆեր Լաշը (Christopher Lasch) գրում է. «Շատ դժվար է հիպոթետիկ ինչ-որ բանի նվիրվելը: Նվիրվածությունը որոշակի մարդկանց և որոշակի տեղանքի պետք է վերաբերի, այլ ոչ թե մարդու ընդհանուր իրավունքների վերացարկված գաղափարին: Մենք կոնկրետ մարդկանց ենք սիրում, ոչ թե ամբողջ մարդկությունը»:
Սա մասամբ բացատրում է, թե որն է իրենց չափսերով Նոր Անգլիայի քաղաքներին չզիջող պարտադիր դպրոցների խնդիրը, դպրոցներ, որոնք չեն թույլատրում ծրագիր, փիլիսոփայություն կամ ընկերներ ընտրել: Նույն միտքն է զարգացնում ժամանակակից ամերիկացի էսսեիստ Ուենդել Բերին (Wendell Berry). «Չեմ կարծում, որ «գլոբալ մտածողությունն» անօգուտ է, համարում եմ, որ անհնար է: Հնարավոր չէ մտածել մի բանի մասին, ինչը չգիտես: Ոչ ոք այս մոլորակը ամբողջությամբ չգիտի, որոշ մարդիկ մի քիչ գիտեն նրա առանձին մասերի մասին… «Գլոբալ մտածող» մարդիկ երկրագունդը բաժանում են մասերի՝ վերացարկված և վիճակագրական բաժանման եղանակով: Այդ հարցում առավել հաջողակ են քաղաքական բռնակալները և արդյունաբերական մագնատները: Նրանց հայեցակարգերը և ագահությունը վերացական են, և այդ վերացարկումները սարսափելի ուղղակիությամբ և պարզությամբ անխուսափելիորեն հասցնում են քայքայիչ հետևանքների: Եթե ցանկանում եք բարի ստեղծական աշխատանք կատարել, պետք է մտածեք և գործեք տեղայնական: Բարի գործ անելու փորձերը համատեղելի չեն համընդհանուր խաղերի հետ: Անհնար է համընդհանուր բարի գործ անելը… Գործը, որպեսզի բարի համարվի, Ալեքսանդր Պոուպի[5] խոսքերով, պետք է կիրառելի լինի «տեղի հանճարի նկատմամբ»: Իսկ դա ենթադրում է տեղային գիտելիքներ, տեղային հմտություններ և տեղանքի սեր, որ գործնականում ոչ մեկս էլ չունենք, և որոնք անհնար է ունենալ համընդհանուր մտածելով: Դա կարելի է միայն ձեռք բերել տեղանքի նկատմամբ մի քանի սերունդ պահպանվող հավատարմությամբ: Չեմ ցանկանում սիրված լինել մարդկանց կողմից, որ ինձ չեն ճանաչում. եթե Երկիր մոլորակը լինեի, նույն բանը կզգայի»:
Տեղային հմտություններ, տեղային գիտելիքներ, տեղային սեր և տեղային հավատարմություն. այս ամենը հիանալի դաստիարակել է Նոր Անգլիայի կոնգրեգացիոնիզմը, բայց և այդ «տեղայնությունն» էլ իր բացասական կողմերն ուներ:
Կրոնական խտրականությունը վաղ Նոր Անգլիայում տեղային բավարար ներդաշնակություն ապահովելու միջոց էր, որպեսզի համախոհների համայնքին ամրանալու հնարավորություն տրվեր։ Ահա մի պատկեր, որը երեք հարյուր տարի առաջ կարելի էր տեսնել այն նույն եկեղեցուց, որտեղ ելույթ եմ ունեցել. քաղաքով քշում են մինչև գոտկատեղը մերկացված, սայլին կապված երեք կին-քվակերի[6] և ձաղկում են մտրակով: Քիչ է ասելը, որ նման վերաբերմունքը վկայում է Դեդհեմի բնակիչների կողմից քվակերության շարժումը մերժելը: Միաժամանակ, պետք է նշել, որ երիցականությունն[7] էլ ընդունելի չէր: Ջոն Միլթոնը գրել է, որ «նոր երիցականը նույն քահանան է, միայն ուրիշ անունով»: Բոլոր երիցականները քշվեցին Նյու-Ջերսիի անտառները, որտեղ նրանք հիմնադրեցին Փրինստոն քաղաքը: Դեդհեմում անվտանգ չէր նաև կաթոլիկների, լևելերների, դիգերների[8] կամ գուտերիտների[9] համար: Դեդհեմն այս գարշելի եղանակով 234 տարի պահեց իր կրոնական անարատությունը: Հետագայում նրա կոնգրեգացիայի մենաշնորհը խաթարվեց:
Եվ ի՞նչ է սա նշանակում: Միայն հետևյալը՝ կոնգրեգացիոն տեսակի տեղական ինքնակառավարման բացասական կողմերը հեշտ է տեսնել և կանխատեսել: Դա է վկայում գաղութացված Դեդհեմի օրինակը: Բայց ամեն ինչ ավելի բարդ է, քան ուղղակի կրոնական խտրականությանը կամ մարդկանց համայնքին այս կամ այն հասարակական ձևին պատկանելու դրդող և մարդկանց սահմանափակող հասարակական ցանկացած այլ ընտրության վատ թվանշան նշանակելը։ Օրինակ, որտեղ փնտրենք այն հարցի պատասխանը, թե ինչու մարդիկ աստիճանաբար ավելի հանդուրժող դարձան և թույլ տվեցին, որ իրենց համայնքում տարբեր կրոնական ձևեր լինեն: Իրենց պահպանողական հայացքներն այնքան կտրուկ փոխեցին, որ Մասաչուսեթսը նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաազատական նահանգը համարվեց: Առանց պարտադրանքի, վախեցնելու կամ գործուն օրենսդրության ինչպե՞ս կարող էր հայացքների այսքան արմատական փոփոխություն կատարվել: Ինչպե՞ս կարողացան Դեդհեմն ու նրա նման քաղաքները ինքնուրույն բարեփոխվել՝ առանց փորձագետների ցուցումների, չդիմելով կենտրոնական իշխանության միջամտությանը: Հիշեք՝ սկզբում ձայնի իրավունք միայն մեկ կրոնի կողմնակիցներն ունեին: Բայց մարդիկ փոխվեցին: Եվ ոչ ոք նրանց չստիպեց: Կոնգրագացիոնալիզմի ներսում ինչ-որ խորհրդավոր բան նրանց ստիպեց կամավոր հրաժարվել ընտրյալությունից, ինչը քարոզվում էր աստվածաշնչային դավանաբանական միայն մեկ ընտրախավին պատկանելությամբ:
Վստահ եմ, որ այդ «ինչ-որ» բանը հենց ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությունն է: Դա ինքնակարգավորող էր: Քանի որ քաղաքային եկեղեցիները չէին միավորվել որպես ուղղափառ պաշտամունքային կառույց (ինչպես հիմա պետական դպրոցներն են անում), ինչը բոլոր քաղաքները իրար նման կդարձներ, մի եկեղեցու սխալը հնարավոր էր ուղղել մյուսի կողմից: Քանի դեռ մարդիկ ոտքերով ընտրություն կատարելու հնարավորություն ունեին, ազատ շուկան խիստ պատժում էր սխալների համար՝ որոշ եկեղեցիներից առաջացնելով արտահոսք և մյուսներում՝ ներհոսք։ Եվ եթե անգամ բավարար թվով մարդիկ էին գտնվում, որ ինչ-որ կասկածելի գաղափար մշակեին և եկեղեցի ստեղծեին, վնասը, որ գործի այդպիսի ընթացքը կարող էր հասցնել մարդկանց, խիստ սահմանափակ էր մինչև բոլորին այդ մեկ գաղափարին ենթարկելու մեխանիզմ ստեղծելը: Ինչ-որ թույնով բոլորին թունավորելու իրական վտանգ է առաջանում միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն գործիքներ, որոնց միջոցով բուրգի նման կենտրոնացված օրթոդոքսալ կառույց կարելի է ստեղծել:
Այո, տեղական ընտրության բացասական կողմերը հեշտ են աչքի ընկնում, իսկ նրա օգտին ջախջախիչ փաստարկը, որ ժողովրդավարությունն առանց դրա հնարավոր չէ, այնքան էլ ակնհայտ չէ: Քանի որ տեղական մակարդակում հաճախ մենիշխանություն է լինում, հանուն արդարության իշխանությունը կենտրոնին հանձնելու գայթակղություն է առաջանում, որպեսզի կենտրոնական շտաբից ավելի լավ ղեկավարեն բոլորին՝ իրենց իսկ բարօրության համար: Դպրոցական միասնական պետական ծրագրերը պարտադիր ներմուծելու հիմքում հենց այս գաղափարն է ՝ խելամիտ արդարացի ճանապարհով վերացնել վատ դպրոցները: Պետական ծրագիրը երբեք չէր թույլատրի, որ Դեդհեմը, Սադբերին, Ֆրամինգհեմը կամ Ուելֆլիտը զարգանային այնպես, ինչպես նրանք զարգացել են. դա վտանգավոր, անկանխատեսելի, անջատողական կլիներ. ոչ, դրանք կենտրոնացված կղեկավարեին, ինչպես հիմա մեր դպրոցները, թեկուզ և առանց պետական ծրագրի և առանց պետական չափորոշիչների:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Ջոն Թեյլոր Գատո կայքից
[1] Կոնգրեգացիա (լատ. Congregatio՝ միավորում, անգլ. Congregation՝ հոտ) համայնք, հավաք, որը ղեկավարում է քահանան: Կոնգրեգացիան եկեղեցիական կյանքի հիմքն է: Կոնգրեգացիայի ներսում գործում են, այսպես կոչված, եկեղեցիական ժողովրդավարության սկզբունքները. քահանան ընտրվում էր հաճախողների ուղղակի քվեարկությամբ: Այդպիսով կոնգրեգացիաներին ինքնավարություն էր տրվում: (Այստեղ և հետագայում ծանոթագրությունները ռուսերեն տեքստի խմբագրինն են):
[2] «Արաբելա» — նավ, որով կոնգրեագացիոնների խումբն ուղևորվեց Անգլիայից դեպի Նոր Երկիր: Վերաբնակեցման կրոնական շարժման խորհրդանիշերից մեկն է: Նման նավերից առաջինը «Մեյֆլաուերն» էր, որով պուրիտան վերաբնակները հասան Նոր Անգլիա:
[3] Կոնֆորմիզմ (անգլերեն to conform — ընդունել) այս դեպքում բողոքական տարբեր միավորումների միջև համաձայնություն և փոխադարձ հարգանք:
[4] Քահանայությունից հրաժարվելը եղել և մնում է բողոքական կրոնական ցանկացած միավորման կարևոր տարրը: Սա կապված է բողոքականության այն թեզի հետ, որ մարդու և Աստծո միջև միջնորդներ չկան: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր բողոքական-միաբան պետք է լիներ և՛ քահանա, և՛ Աստվածաշնչի գիտակ (փորձագետ), քանի որ հենց բողոքականությունն է Աստվածաշնչի նկատմամբ աստվածավախ վերաբերմունք խրախուսում:
[5] Ալեքսանդր Պոուպ (Alexander Pope), 1688-1744, անգլիացի բանաստեղծ։
[6] Քվակեր — քվակերության հետնորդ: Քվակերությունն առաջացել է XVII դարի կեսերին պուրիտանների միջավայրում: Քվակերների հիմնական գաղափարը կապված է «ներքին լույսի», «Քրիստոսի ներկայության» միստիկ փորձի հետ: Քվակերներն իրենց հոգևոր կյանքում հրաժարվեցին կաթոլիկության տարրերից՝ երդումից, տիտղոսներից, կենցաղի ավելորդություններից: XVII դարի կեսերից քվակերներն սկսել են վերաբնակվել Նոր Աշխարհում: Նրանց հիմնական բնակավայրը Փենսիլվանիան էր:
[7] Երիցականություն — XVI դարում Շոտլանդիայում առաջացած կրոնական հոսանք: Անունը առաջացել է հունական «պրեսվիտեր» (երեց) բառից: Երիցական քահանաները հոտի առաջնորդ էին. նրանք եկեղեցիները համաձայնեցված ղեկավարելու համար դատարան էին կազմել: Համայնքի ներսում գործում էր եկեղեցական ժողովրդավարություն (քահանայի ազատ ընտրություններ):
[8] Դիգերներ, լևելերներ — սոցիալ-քաղաքական հոսանքներ հեղափախական Անգլիայում XVII դարի կեսերին: Հանդես էին գալիս «աղքատության հավասարություն» վաղքրիստոնեական համայնքների վերականգնման համար: Տարածված էր բնակչության ամենաաղքատ շերտում, ինչպես նաև հավատացյալների մոտ:
[9] Գուտերիտներ — բողոքական սեկտայի անդամներ, որ տարածված էր Հարավային Դակոտա նահանգի և Կանադայի տարածքներում: Սեկտան առաջացել էր Եվրոպայում (1533) և կոչվել էր Յակոբ Գուտերի անունով, ով սրբադասվեց 1536թ.: