Մաս 1. Ընթերցանությունը՝ որպես գործունեություն

Գլուխ 1. Սովորական  ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ բարեկիրթ չի հնչում, բայց ես ամենևին չէի ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի բազմիմաստության և մեկնաբանությունների պատճառով: Նա, ով կարդաց այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառի որոշակի իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ  նկատի ունեմ: Գիրքը ուղղված է նրանց, ովքեր «ընթերցանություն» բառի  նշանակություններից միայն մեկով են կարողանում կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության բազմաթիվ տեսակներ և այդ կարողության տարբեր մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր ձևով կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղղված այս գիրքը: Որպես օրինակ երկու ծայրահեղություններ բերեմ: Մեզանից ոմանք՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղսունակ արարածներ ընդհանրապես չեն կարողանում կարդալ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը վիրտուոզ տիրապետողներ. նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ամենացանկալի ընթերցողներն են: Բայց մեր գրքում խոսքը կարդալու արվեստի մասին է և այն մասին, թե ինչպես սովորենք ավելի լավ կարդալ։ Այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կգտնենք սովորական ընթերցողներին՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպ իմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենք զգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէ բան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանալ տվել՝ ինչքան շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել դրանում: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ՝ ինչպես Ձեզ գրավեմ: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարեն: Ենթադրում եմ՝ բանն այն է, որ շատերն ընթերցանությունը չեն համարում բարդ գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստ, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հղկել կարողությունները: Մենք նույնիսկ չենք ենթադրում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ՝ որպես այդպիսին: Մեզ ավելի հաճախ թվում է, թե կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա, ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր՝ ինչի մասին եմ գրում, և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Ընդ որում, իմ զրուցակիցը ակնկալում էր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, որ ինչ-որ ոչ բարդ բաղադրատոմս իրեն անհապաղ կհասցնի հաջողության: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի քանի տասնյակ էջեր պահանջվեցին: Ես պատմեցի, որ թենիս խաղալ սովորողների համար դասագրքի պես մի բան եմ գրում։ Սովորաբար այդպիսի ձեռնարկներում քննարկվում են տարբեր հարվածներ իրականացնելու տեխնիկան, դրանց կիրառման տարբերակները և հաջող խաղի ընդհանուր ռազմավարության մշակումը։ Կարդալու արվեստը հարկավոր է ներկայացնել նման կերպով:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս:
Երիտասարդը շփոթվեց: Նա կասկածում էր, որ չի կարողանում ճիշտ կարդալ, բայց չէր պատկերցանում` ինչքան շատ բան է հարկավոր ուսումնասիրել այդ իրավիճակը շտկելու համար: Իմ զրուցակիցը երաժիշտ էր, այդ պատճառով ես իմ հերթին հետաքրքրվեցի` արդյոք բոլոր նրանք, ովքեր ձայներ լսելու կարողություն ունեն, կարողանում են սիմֆոնիա լսել: Նրա պատասխանը կանխատեսելի էր. իհարկե՝ ոչ: Ես խոստովանեցի, որ ինքս էլ չեմ կարողանում ճիշտ լսել երաժշտությունը և խնդրեցի, որ բացատրի՝ ինչպես դա անել երաժշտի տեսանկյունից: Իհարկե, նա կարող էր բացատրել, բայց ոչ երկու բառով: Սիմֆոնիա լսելը հեշտ չէ: Բավական չէ միայն ներկա գտնվելը, կարևոր է ուշադրություն դարձնել նրբերանգների վրա, տարբերել դրանք և իրար մեջ համակարգել: Կարճ պատմել այն ամենի մասին, ինչ ինձ հետաքրքրում է, երիտասարդը չկարողացավ: Ավելին, անհրաժեշտ էր, որ ես բավական երկար ժամանակ երաժշտություն լսելի, որպեսզի դառնայի փորձառու գնահատող և հասուն ունկնդիր:
Այժմ իմ զրուցակիցն ինձ ավելի լավ էր հասկանում, քանի որ նույնը վերաբերում է նաև ընթերցանությանը: Ես կարող եմ սովորել երաժշտություն լսել, իսկ նա՝ կարդալ նույնատիպ պայմաններում: Կարդալ կարողանալը շատ նման է ցանկացած այլ արվեստի կամ հմտության: Հարկավոր է սովորել և կիրառել որոշ կանոներ: Անհրաժեշտ սովորություններն ու հմտությունները ձեռք են բերվում բացառապես փորձով: Անհաղթահարելի դժվարություններ չկան, միայն սովորելու ցանկություն և համբերություն է պետք:
Չգիտեմ՝ իմ պատասխանն ամբողջությամբ բավարարեց երիտասարդին, թե՝ ոչ, քանի որ այդ հարցին իր մոտեցման մեջ ես մի կարևոր խնդիր նկատեցի. նա ոչ ամբողջովին էր գիտակցում, թե ինչ է ընթերցանությունը: Համարելով, որ կարդալ կարող է յուրաքանչյուր ոք, քանի որ դա դեռ տարրական դպրոցում է ուսուցանվում, նա դժվար թե կարողանա հասկանալ, որ ընթերցանությունը քիչ է տարբերվում երաժշտություն լսելուց, թենիս խաղալուց և բարդ գործունեության այլ ձևերից, որտեղ կիրառվում են զգայարաններն ու մտածողությունը:
Վախենամ՝ այս խնդիրը մեզանից շատերին է վերաբերում, այդ պատճառով գրքի առաջին մասում ես մտադիր եմ ընթերցանությունը դիտարկել որպես գործունեություն: Բայց գիտակցելով, թե ինչ է այն իրենից ներկայացնում, դուք (ինչպես այդ երիտասարդը) պատրաստ չեք լինի անհրաժեշտ ուսուցմանը:
Իհարկե, ես ենթադրում եմ, որ ցանկանում եք սովորել: Բայց չեմ կարող ձեզանից լավ սովորեցնել ձեզ: Ոչ ոք չի ստիպի ձեզ ավելին սովորել, քան դուք ցանկանում եք կամ անհրաժեշտ եք համարում: Մարդիկ հաճախ ասում են, որ կկարդային հաճույքով, եթե իմանային՝ ինչպես դա անեն: Իրականում նրանք կարող են սովորել, միայն պետք է փորձել: Եվ նրանք կփորձեն, եթե իրոք ցանկանում են:

2

Պետք է խոստովանեմ, որ ինքս կարդալ չգիտեի, մինչև քոլեջն ավարտելը: Դա պատահաբար բացահայտվեց, երբ փորձեցի այլոց կարդալ սովորեցնել: Կարծում եմ, շատ ծնողներ են նման բացահայտում արել, երբ իրենց երեխաներին էին կարդալ սովորեցնում: Պարադոքսալ է, բայց այդ գործընթացի արդյունքում ծնողներն ավելի շատ բան են իմանում ընթերցանության մասին, քան երեխաները: Պատճառները պարզ են. նրանք ակտիվ դիրքում են, այլապես անհնար կլիներ սովորեցնելը:
Վերադառնանք իմ պատմությանը: Եթե հավատանք ուսումնական քարտուղարի գրառումներին, այդ ընթացքում ես Կոլումբիայում հաջողակ ուսանողներից էի: Մենք լավ գնահատականներ էինք ստանում: Բավական էր մի քանի հնարք սովորել, և ամեն ինչ սահուն էր ընթանում: Եթե այն ժամանակ մեկն ասեր, թե մենք քիչ բան գիտենք կամ վատ ենք կարդում, մենք լուրջ ցնցում կապրեինք։ Մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ բավարար չափով լավ է լսում դասախոսությունները և կարդում է ուսմանն անհրաժեշտ գրքերը, որ կարողանա քննատոմսերի հարցերին գերազանցի պատասխանել։ Հենց սա էինք համարում մեր ընդունակությունների հաստատումը։
Մեզանից ոմանք գրանցվել էին դասընթացի, որն ազդելու էր մեր ինքնագնահատականի բարձրացման վրա: Այն անցկացնում էր Ջոն Էրսքինը: Դասընթացը տևում էր երկու տարի, կոչվում էր ,,General Honors” (Գերազանցիկների համար ընդհանուր դասընթաց) ու ուղղված էր բարձր ու ցածր կուրսեցի ընտրյալ ուսանողներին: Այնտեղ բացառապես հայտնի գրքեր էինք կարդում՝ սկսած հունական դասականներից, հին հռոմեական և միջնադարյան  գրականության գլուխգործոցներից, մինչև ժամանակակից հեղինակներ, ինչպիսիք են Ուիլյամ Գեյմսը, Էյնշտեյնը, Ֆրեյդը: Ընթերցանության համար գրքեր ընտրում էինք տարբեր ոլորտներից՝ պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, հոգեբանություն, պոեզիա, արձակ… Շաբաթը մեկ անց էինք կացնում ոչ ֆորմալ սեմինարի նման մի բան, որտեղ կարդացածը քննարկում էինք դասավանդողների հետ: Դասընթացն ինձ վրա կրկնակի ազդեցություն թողեց: Մի կողմից ինձ թվում էր՝ ոսկի երակ եմ գտել։ Իսկական նյութ և դրա վրա իսկական աշխատանք։ Դրանք ակադեմիական դասագրքերն ու կոնսպեկտները չէին, ինչի համար միայն մարզված հիշողություն էր պետք։ Ցավոք, ես ոչ թե պարզապես որոշեցի, թե ոսկի եմ գտել, այլ ինձ դրեցի հանքատերի տեղ։ Ինձ «հանրահայտ» գրքեր էին շրջապատում: Ես կարողանում էի կարդալ: Ամբողջ աշխարհն իմ գրպանում էր: Եթե ավարտելուց հետո բիզնեսով, բժշկությամբ կամ իրավաբանությամբ զբաղվեի, մի օր կմտածեի, թե կարողանում եմ կարդալ ու մյուսներից կարդացած եմ, բայց քնից շուտ արթնացա:
Քոլեջում ձևավորված ամեն մի պատրանքին ի պատասխան կյանքը պատրաստում է իր դաժան դասը։ Բժշկին կամ իրավաբանին նման բացահայտման համար գործունեության մի քանի տարին հերիքում է։ Բիզնեսի կամ լրագրության աշխարհը իրեն ֆինանսիստ կամ գրչի վարպետ համարող պատանուն նման պատրանքից ազատում է դիպլոմն ստանալուց անմիջապես հետո։ Ես համալսարանն ավարտեցի՝ համոզված լինելով, որ ստացել եմ հիանալի կրթություն և գերազանց կարողանում եմ կարդալ: Նման մոլորությունից ինձ բուժեց դասավանդումը: Պատիժը ճշգրտորեն համապասխան էր հանցանքին։ Ավարտելուց մեկ տարի անց ես պիտի վարեի գերազանցիկների հենց նույն կուրսը, որտեղ ես իմ ժամանակին ինքնահավանությունս էի զարգացնում: Բոլոր այն գրքերը, որոնց մասին ինձ վիճակված էր պատմել, կարդացել էի ուսանողական տարիներին: Ես երիտասարդ էի ու ինքնավստահ, հետևաբար որոշեցի շաբաթը մեկ վերընթերցել դրանք հիշողությունը թարմացնելու համար: Մեծագույն զարմանքով բացահայտեցի, որ ասես առաջին անգամ եմ կարդում այն գրքերը, որոնք ես հետևողականորեն ու համառորեն «յուրացնում էի» ուսման տարիներին: Գիտակցումը ավելի ուշ եկավ ու դարձավ հայտնություն. ես ոչ միայն քիչ բան էի հիշում այդ գրքերից, այլ նաև վատ էի ընթերցել: Որպեսզի թաքցնեի տգիտությունս ու անիրազեկությունս, ես այնպես էի գործում, ինչպես ցանկացած երիտասարդ դասավանդող, ով վախենում էր առաջին աշխատանքից ու սովորողներից: Ես ակտիվորեն դիմում էի հավելյալ աղբյուրների՝ հանրագիտարանների, հոդվածների, գրքերի մասին գրքերի՝ հույս ունենալով դրանց միջոցով սովորողներից ավելի կրթված երևալու: Աշխատելով ինչ- որ գրքի վրա՝ ես մտածում էի, որ նրանք անպայման կհասկանան, որ իմ հարցերն ու դատողությունները հիմնված են շատ խորը ու մտածված ընթերցանության վրա: Բարեբախտաբար, ինձ բացահայտեցին: Հակառակ դեպքում ես այդպես էլ կբավարարվեի դասավանդման խաբկանքով, ինչպես ավելի վաղ ուսման խաբկանքով էի բավարարվում: Հաջողությամբ հիմարացնելով ուրիշներին՝ ես շուտով կզբաղվեի ինքնախաբեությամբ: Ճակատագրի առաջին ընծան եղավ կուրսի իմ գործընկերը՝ բանաստեղծ Մարկ Վան Դորենը: Նա քննարկումներ էր վարում պոեզիայի մասին, իսկ ես՝ պատմության, գիտության ու փիլիսոփայության մասին: Մարկը մի քանի տարով մեծ էր ինձանից և զգալի չափով ավելի լավ էր կարողանում ընթերցել: Դրա հետ մեկտեղ հավանաբար նա ավելի ազնիվ էր ինձանից: Ստիպված էի համեմատել նրա ուսուցման ոճը իմի հետ ու անմխիթարական հետևություններ անել. խաբել ինձ ես չէի կարող: Հասկանալու համար ես կարդում էի ոչ թե գիրքը, այլ նրա մասին: Ես իմ ունկնդրին այնպիսի հարցեր էի տալիս, որ կարող էր տալ ցանկացած մեկը, ով տեղյակ չէր գրքից: Դրա հետ մեկտեղ ես նման էի այն մարդուն, որը տոննաներով  հավելյալ նյութեր է փորփրել, որոնք նախատեսված են կարդալ չկարողացող կամ չուզող մարդկանց համար: Մարկի հարցերը, հակառակը, ծնվում էին գրքի բովանդակությունից: Թվում էր՝ նրա ու հեղինակի մեջ արդեն վստահելի հարաբերություններ են առաջացել: Նրա համար յուրաքանչյուր գիրքը մի ողջ աշխարհ էր՝ անծայրածիր տարածություն հետազոտության համար: Ու արդարացի պատիժ էր իջնում այն ուսանողի գլխին, որը պատասխանում էր հարցերին այնպես, կարծես այդ աշխարհում ճանապարհորդելու փոխարեն շտապ ուղեցույցն էր թերթել: Տարբերությունը չափազանց ակնհայտ ու անտանելի էր ինձ համար: Այն վայրկյան անգամ չէր թողնում ինձ մոռանալ, որ ես չեմ կարողանում ընթերցել: Ճակատագրի մյուս ընծան դարձավ սովորողների իմ առաջին կուրսը: Նրանք անմիջապես առաջ նետվեցին՝ գերազանցելու իրենց դասավանդողին, ու սովորեցին հանրագիտարաններ, հոդվածներ ու դասականների վերաբերյալ նախաբաններ ընթերցել ինձանից ոչ պակաս: Նրանցից մեկը, որը հետագայում քննադատ դարձավ, առավել մեծ եռանդ էր ցուցաբերում: Անհատնում հիացմունքով նա դիմում էր հավելյալ նյութերի քննարկումների՝ դրանով մյուս սովորողներին ու ինձ հենց գրքի մասին խոսելու անհրաժեշտությունը մատնանշելով: Ընդ որում, ես կարծում եմ, որ այդ խմբի ուսանողները, ապագա քննադատին էլ վերցրած, ինձանից լավ չէին կարդում: Իհարկե մեզանից ոչ մեկը, բացառությամբ Վան Դորենի, իսկապես չէր կարդում: Դասավանդողի դերում լինելուց մեկ տարի անց ես ազատվեցի իմ՝ կարդացած լինելու պատրանքից: Այդ ժամանակվանից ես ուսանողներին վեց տարի շարունակ սովորեցնում էի կարդալ Կոլումբիական համալսարանում Վան Դորենի հետ և հետո նաև տասը տարի՝ Չիկագոյի համալսարանում, նախագահ Ռոբերտ Հաթչինսոնի հետ նույն շարքում: Համարում եմ, որ այդ տարիների ընթացքում ես աստիճանաբար ավելի լավ սովորեցի կարդալ, դադարեցի ինքնախաբեությամբ զբաղվելուց ու ինձ մասնագետ կարծելուց: Ինչո՞ւ: Կարդալով տարեցտարի միևնույն գրքերը՝ ես ամեն անգամ անկեղծորեն զարմանում էի. գիրքն ինձ կատարելապես նոր էր թվում, կարծես ես այն առաջին անգամ էի բացում: Վերընթերցելով հերթական գիրքը՝ ես ինքս ինձ ասում էի, որ հիմա արդեն կատարելապես յուրացրել եմ ամեն ինչ, բայց ամեն հերթական ընթերցումից հետո ես գտնում էի նախորդ անգամ սխալ հասկացած մասեր: Կարծում եմ, որ այդպիսի մի քանի կրկնությունից հետո նույնիսկ հետամնաց մարդը կհասկանա, որ չի կարողանում կարդալ ինչպես հարկն է: Իհարկե գործը անելով է վերջանում, բայց ընթերցանության հմտության մեջ, ինչպես ցանկացած այլ հմտության մեջ, ավելի շատ պրակտիկա է անհրաժեշտ, քան ի սկզբանե թվում էր:

3

Ես կիսվում եմ երկու ցանկությունների արանքում: Անկասկած, ես ուզում եմ, որ դուք ինչքան հնարավոր է արագ ընթերցել սովորեք, բայց դրա հետ մեկտեղ չեմ համարձակվում ձեզ խաբել՝ արագ ու հեշտ արդյունք խոստանալով: Համոզված եմ, որ դուք ինքներդ էլ չեք ցանկանում խաբված լինել: Ընթերցանության ուսուցումը, ինչպես ցանկացած այլ հմտության ձեռքբերում, որոշակի դժվարություններ է ենթադրում, որոնց հաղթահարումը ջանք ու ժամանակ է պահանջում: Կարծում եմ՝ ով որ որևէ գործունեություն է սկսում, պատրաստ է դրան ու գիտակցում է, որ ոչինչ չի տրվում առանց ջանքի: Մանկասայլակից դուրս գալու, մի ողջ կարողություն վաստակելու, երջանիկ ընտանիք կազմելու կամ գտնելու համար իրական իմաստությունդ  ժամանակ ու ավյուն է անհրաժեշտ: Մի՞թե տրամաբանական չէ, որ կարդալու կարողությունն ու արժանի գրքերի ընտրությունը նույնպիսի ջանքեր են պահանջում:
Իհարկե ամեն ինչ մի քիչ ավելի արագ կլիներ, եթե մենք ուսուցումը դեռ դպրոցից սկսեինք: Ցավոք, սովորաբար հակառակն է տեղի ունենում՝ դպրոցում մենք կասեցնում ենք շարժը: Մանրամասն դպրոցների թերությունների մասին ես կարտահայտվեմ հետո: Հիմա միայն փաստն եմ արձանագրում, որը բոլորին է վերաբերում, քանզի զգալի կերպով հենց դպրոցն է մեզ դարձնում ընթերցել և դրանից օգուտ ու հաճույք քաղել չկարողացող մարդիկ։
Ուսում ստանալու պրոցեսը չի դադարում ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո, ինչպես նաև յուրաքանչյուրիս կրթության պատասխանատվությունը չի կարելի լիովին դնել դպրոցական համակարգի վրա: Յուրաքանչյուրը կարող է ու պետք է ինքը որոշի՝ բավարարում է իրեն ստացած կամ ստանալիք կրթությունը: Եթե ոչ, ապա շտկել դրությունը թե՝ ոչ, յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Քանի ուսումնական հաստատությունները մնում են այնպիսին, ինչպիսին այսօր են, ևս մի դիպլոմը հազիվ թե օգնի: Լուծման տարբերակը (երևի թե միակը մեզանից շատերի համար) բարձրացնելն է ընթերցանության որակը, որպեսզի այդպիսով արդյունավետ սովորենք գրքերով:
Հենց այդ որոշման մասին է այս գրքում խոսվելու: Այն հասցեագրված է մեծերին, ովքեր սկսում են հասկանալ, թե ինչքան քիչ գիտելիք են ստացել դպրոցում ու քոլեջում: Այս գիրքը պետք կգա այն մարդկանց, ում բախտը ավելի քիչ է բերել, քանզի միայն հիմա զարմանքով իմացան, որ ինչ- որ բանից զրկված են եղել: Գիրքը կարող է օգտակար լինել դպրոցների ու քոլեջների սովորողներին, որոնք պարբերաբար հարց են տալիս, թե ինչպես և ինչով լրացնեն սեփական կրթությունը: Եվ վերջապես գիրքը պետք կգա նույնիսկ դասավանդողներին, որոնք երբեմն զգում են, որ իրենց սովորողներին բավականաչափ գիտելիք չեն տալիս, բայց չգիտեն ինչպես շտկեն դրությունը:
Խոսելով սովորական ընթերցողների այսքան լայն լսարանի մասին, ես հաշվի եմ առնում նրանց մակարդակների և ունակությունների բոլոր տարբերությունները, կրթության ու փորձի և, իհարկե, հետաքրքրությունների ու մոտիվացիաների աղբյուրների միջև տարբերությունները: Բայց առաջնային կարևորությունը այս հարցում ընդհանուր նպատակն ու դրա արժեքավորությունը հասկանալն է:
Մենք կարող ենք զբաղվել գործունեությամբ, որն ընդհանրապես կապ չունի ընթերցանության հետ, բայց այնուամենայնիվ զգալ, որ կյանքը ավելի տարատեսակ կլինի, եթե առօրյայի մի մասը նվիրենք ինքնազարգացմանը, օրինակ՝ գրքերի օգնությամբ: Բացի դրանից՝ երբեմն աշխատանքը մասնագիտական գրականության ընթերցում է պահանջում. բժիշկը միշտ պիտի տեղյակ լինի բժշկական նորություններից, իրավաբանը պարտավոր է դատական գործեր կարդալ, գործարարը պիտի ուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունները, ապահովագրական քաղաքականությունը, պայմանագրերը և այլն: Կարևոր չէ, կարդում ենք աշխատանքի, թե ինքնազարգացման համար, պարզ է մի բան. դա կարելի է անել կամ որակով, կամ՝ ոչ այնքան:
Մենք կարող ենք քոլեջում սովորել, օրինակի համար, լինել աստիճան ստանալու թեկնածու և դրա հետ մեկտեղ գիտակցել, որ ավտոմատ կերպով մեր գլուխը գիտելիք են խցկում, ոչ թե բառի լայն իմաստով զարգացնում են։ Ուսանողների մեծ մասը մինչև բակալավրի դիպլոմ ստանալու պահը չորս տարի այսպես թե այնպես տարբեր առարկաներ է ուսումնասիրել, որից հետո քննություն է հանձնել: Այդ գործընթացի հաջողությունը կախված է եղել նույնիսկ ոչ այդ առարկայից, այլ դասավանդողի անձից: Եթե ուսանողը քաղել է նյութի հիմնական մասը դասախոսություններից և դասագրքերից՝ լինելով, դրա հետ մեկտեղ, դասավանդողի սիրելին, ապա նա բավականին հեշտ քննությունը կհանձնի: Բայց, դրա հետ մեկտեղ, բաց է թողել զարգանալու հնարավորությունը:
Իհարկե, մենք կարող ենք դպրոցում, քոլեջում կամ համալսարանում դասավանդել: Հուսով եմ, որ դրանով հանդերձ մենք գոնե ինքներս մեզ  կխոստովանենք, որ ընթերցանության մասնագետներ չենք: Մենք հրաշալի հասկանում ենք, որ որակյալ ընթերցանության մեջ շատ հեռու չենք անցել մեր ուսանողներից: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ որոշակի հնարքներ կան, որոնք օգնում են հանրության վրա տպավորություն գործելուն: Ուսուցչի հնարքը գիտելիքը և փորձը առաջին պլանում դնելն է: Դա այնքան էլ խորամանկություն չէ, որովհետև սովորաբար մենք այնուամենայնիվ գիտենք ու կարող ենք մի քիչ ավելին, քան մեր ուսանողները: Բայց չարժի ինքներս ընկնենք այդ թակարդը: Եթե մենք չենք հասկանում, որ ուսանողը չունի որակյալ ընթերցանության հմտություն, դա խորամանկությունից ավելի վատ է, որովհետև այս դեպքում մենք որպես մանկավարժ մեր ուղիղ պարտականությունները չենք կատարում: Իսկ կարդալու սեփական ունակության նկատմամբ մոլորությունը ընդհանրապես վերածվում է ինքնախաբեության:
Լավագույն բժիշկները կարողանում են գրավել հիվանդի վստահությունը՝ բացահայտ խոստովանելով իրենց սահմանափակումների մասին: Մենք ամենալավ ուսուցիչ ենք համարում  նրան, ով ամենաքիչ պահանջները ունի: Եթե ուսանողները փակուղում են հայտնվել դժվար խնդրի լուծման մեջ, ապա դասավանդողը, ով չի թաքցնի իր դժվարությունները, կօգնի նրանց ավելի շատ, քան մանկավարժը, որը բարձրացել է պատվանդանի վրա: Եթե մենք ազնվորեն խոստովանեինք, որ դժվարություններ ունենք ընթերցանության մեջ, և քիչ թաքցնեինք, թե ինչքան դժվար է մեզ համար ընթերցելը, ապա մենք կկարողանայինք շահագրգռել ուսանողներին հենց գիտելիք ստանալու ընթացքով, քննություն տալու փաստի փոխարեն:
Կարծում եմ՝ մինչ այս պահը ընթերցել չիմացող մարդիկ արդեն հասկացան, որ ես ինքս էլ նրանցից այնքան էլ առաջ չեմ: Ես հստակ հասկանում եմ՝ ինչ չգիտեմ ու, հնարավոր է, թե ինչու չգիտեմ: Իմ հիմնական առավելությունը հենց դա է: Դա է նաև իմ հիմնական նվաճումը այսքան տարի դասավանդելու ընթացքում: Անկասկած, եթե ես մի բան ավելի լավ եմ կարողանում անել, քան ուրիշները, հաճույքով պատրաստ եմ օգնելու շրջապատիս՝ հանուն նպատակի, որը արդարացնում է այսչափ լուրջ ջանքերը:
Երբեմն անսպասելի պարզվում է՝ ոչ այդքան շնորհալի ուսանողը ընդունակ է որակով ընթերցել գիրքը: Մասնագետներն ընթերցում են սովորաբար ոչ պակաս մակերեսային, քան մենք, բայց նրանք հաճախ այդ առումով շատ լուրջ աշխատանք են կատարում, եթե տեքստը ուղղակի կապված է նրանց մասնագիտության հետ և հատկապես, եթե դրանից է կախված նրանց հեղինակությունը: Իրավաբանը ամենայն հավանականությամբ բծախնդրորեն կվերլուծի իր պրակտիկայի համար բոլոր հրատապ դատական գործերը: Բժիշկը նույն կերպ ուշադիր կկարդա ցանկացած կլինիկական ուսումնասիրության մասին, եթե դրանում իր համար կարևոր ախտանիշների մասին տեղեկություն կա: Այս օրենքը գործում է նաև գործունեության այլ ոլորտներում: Նույնիսկ բիզնեսը ստանում է գիտական նրբերանգ, երբ գործարարները ստիպված են լինում ֆինանսական հաշվետվություններ կամ պայմանագրեր կարդալ: Ճիշտ է, ես լսել եմ, որ շատ գործարարներ չեն կարողանում ինչպես հարկն է նման փաստաթղթեր կարդալ, նույնիսկ եթե սեղանին է դրված նրանց սեփական ֆինանսական բարեկեցությունը:
Ընդհանուր առմամբ կանանց ու տղամարդկանց շրջանում նույնանման հմտությունները վերլուծելու փորձից, անկախ նրանց գործունեության բնույթից, ես հիշում եմ միայն մի իրադրություն, երբ մարդիկ ընթերցանության մեջ գերազանցում են իրենք իրենց: Ստանալով սիրային գրություն՝ սիրահարները կարդում են տողերի արանքում ու դրանց տակ եղածը, ուսումնասիրում են մանրագույն մասնիկները և տեքստն ամբողջությամբ, նրբորեն զգում են համատեքստը, երկիմաստությունը, ակնարկներն ու թաքնված իմաստը:  Նրանք որսում են բառերի գույնը, արտահայտությունների բույրն ու նախադասությունների քաշը: Երբեմն նրանք նույնիսկ ուշադրություն են դարձնում կետադրության վրա: Եվ նրանք դեռ անընդհատ վերընթերցում են այդպիսի նամակները ամեն անգամ առաջին անգամվա պես: Բոլոր այս օրինակները, հատկապես վերջինը, օգնում են պատկերացում կազմելու ընթերցանության գործընթացի իմ անձնական նկատառումների մասին: Եվ այնուամենայնիվ, դա դեռ բավական չէ: Որպեսզի ավելի խորը հասկանանք դրա  էությունը, հարկավոր է ավելի հստակ տարբերել ընթերցանության տեսակներն ու մակարդակները: Գիրքը ավելի գրագետ ընթերցելու համար (իսկ ես հատկապես այդպես եմ ուզում ձեզ ընթերցել սովորեցնել) պետք է ընկալել նման տարբերությունների էությունը: Այդ մասին մենք կխոսենք հաջորդ գլխում: Հիմա կարևոր է հասկանալ, որ այս գիրքը ոչ թե ընդհանրապես ընթերցանության մասին է, այլ այն ընթերցանության մասին, որը մարդիկ սովորաբար չեն կարողանում, եթե իհարկե սիրահարված չեն:

Թարգմանիչ՝ Մարի Գաբանյան

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով