Սիրում եմ մեր Մայիսյան հավաքները, ի տարբերություն աշնանային հավաքների, դրանք լիքն են ու լեցուն: Էլ ի՜նչ գարուն, որ աշնան հասունություն չունենա…
Մայիսյան հավաքները ստիպում են մի պահ կանգ առնել, հետադարձ հայացք ձգել անցնող ուսումնական տարուն, ի մի բերել արած-չարածը, ամփոփել ու վերլուծել արդյունքները:
Նայեցինք ետ. 2014-15 ուս. տարին սկսեցի Միջին դպրոցի 4 դասարանների հետ՝ 9.1, 8.1, 8.2, 8.3, 100-ի չափ սովորող: Բացի 9-րդ դասարանցիների մի խմբից, մնացած դասարանների սովորողներին չէի դասավանդել և այնքան էլ ծանոթ չէի նրանց: Եվ, բնականաբար, առաջին բանը, որ պիտի անեի, նրանց հետ ծանոթանալն էր: Ծանոթանալ ասելով` ի նկատի ունեմ ոչ միայն եթե ոչ ազգանունով, ապա անունով հիշելը, որքան հասկանալը, թե ինչ ներուժ ունեցող սովորողների հետ պիտի աշխատեմ: Սա շատ կարևոր էր հետագան պլանավորելու համար:
Մեկ ամիս շարունակ ուսումնասիրում էի, դիտարկում սովորողներին, փորձում ծանոթանալ նախասիրություններին ու որոշակի չափով պատկերացում կազմել նրանց հետաքրքությունների մասին: Հընթացս սովորողներն սկսեցին աստիճանաբար ծանոթանալ տարվա, ամսվա, շաբաթվա ընթացքում իրենց կատարելիք աշխատանքի ծավալին, գնահատման համակարգին, առարկայական ծրագրերին, մեկնարկային մեդիափաթեթներին և այլն:
Տարվա սկզբի համար կազմած մեդիափաթեթների հենքի վրա աստիճանաբար որոշակիացան անելիքները: Մեզ համար նորից առանձնացրինք պետական չափորոշիչային նվազագույն պարտադիր պահանջները` առարկայական ծրագրերին համապատասխան դրանք ապահովող աշխատանքը որոշելու համար: Սա աշխատանքի այն ծավալն է, որը նախատեսվում է միջին մակարդակ ապահովող սովորողի համար: Իմ կարծիքով, մենք առայժմ՝ գոնե այս փուլում, չենք կարող զանց առնել այս մակարդակը պարզ պատճառաբանությամբ. մեր սովորողների գերակշիռ մասը միջին ընդունակությունների տեր է: Բացի դրանից, այս փուլը սովորողին ինչ-որ բան սովորեցնելուց առաջ սովորեցնում է տեսնել նպատակը և աշխատել: Սա շատ կարևոր է: Ստեղծագործ մարդ` ամենից առաջ նշանակում է աշխատանք: Իմ խորին համոզմամբ, քիչ թե շատ լիքը մարդը կարող է միայն ստեղծագործել կամ գոնե ստեղծական մտածողության ինչ-ինչ որակներ ունենալ:
Հենց սովորողը կարողացավ կենտրոնանալ ու կատարել որևէ գործ (մայրենիի դեպքում՝ քերականական վարժություններ կամ գրականագիտական առաջադրանքներ), նրան, ըստ էության, կարելի է արդեն տեղափոխել այլ դաշտ՝ նախագծերի տիրույթ, որը, ինչ խոսք, մեկ մակարդակ ավելի բարձր է և պահանջում է որոշակի պատրաստվածություն:
Բայց քանի դեռ սովորողն ինքը հոգեբանորեն և գործնականում պատրաստ չէ նախագծերի «ծանրության» տակ մտնելու, պետք չէ նրան «քարշ տալ» դեպի նախագծեր: Միևնույն է, վաղ, թե ուշ նա ձանձրանալու է, որովհետև դա իր աշխարհը չէ, ինքը այնտեղ անելիք չունի ու չի էլ ուզում ունենալ:
Միջին ընդունակություններ ապահովող սովորողների կողքին սկսեցին առանձնանալ սովորողների խմբեր, ովքեր նվազագույն պարտադիր մասը կատարում էին արագ՝ շաբաթվա համար նախատեսված աշխատանքը անելով երկու-երեք օրվա ընթացքում: Սրանք միջինից բարձր ընդունակություններ ունեցող մեր սովորողներն էին: Նրանք էլ հենց սկսեցին ձևավորել այս կամ այն նախագիծը: Հոկտեմբերին ծնվեց «Առականին», նոյեմբերին՝ «Շողակնը», դեկտեմբերին՝ «Ֆիլմադարանը»: Սրանք այն նախագծերն էին, որոնց շուրջ միավորվեցին նույն կամ նմանտիպ նախասիրություններ ու հետաքրքություններ ունեցող սովորողներ, ոգևորվեցին ու սկսեցին միասին աշխատել: Քանի որ այս նախագծերը բավականաչափ ներկայացված են նախորդ՝ «Բլոգոլորտը՝ միավորող վիրտուալ գորգ» հոդվածում, նպատակահարմար եմ գտնում անցնել առաջ:
Եկանք-հասանք երկրորդ կիսամյակ: Արված գործը, կարծես, չէր գոհացնում (փակագծերում ասեմ, որ քիչ, շատ քիչ՝ բացառիկ դեպքերում եմ գոհ լինում կատարածս աշխատանքից: Ոնց որ թե ոչ էլ հիշեցի՝ վերջին անգամ երբ եմ գոհ մնացել):
Չէր գոհացնում, որովհետև այսօր քիչ թե շատ հայտնի երեք նախագծերում աշխատում էին սահմանափակ թվով սովորողներ: «Առականի» նախագծի հիմնական խմբագրակազմում ընդգրված են երեքը (ևս երկու-երեք սովորող համագործակցում են), «Շողակնում» 5-ն են (երկու-երեք սովորող էլ՝ այստեղ), գրեթե նույն պատկերն է նաև «Ֆիլմադարանում»: Փաստորեն, նախագծերում ընդգրկված էին 100 սովորողից 18-20-ը: Իսկ մնացա՞ծ սովորողները…
Երկրորդ կիսամյակում իրադարձությունները հաջորդեցին այնպես, որ այս խնդիրն էլ, ըստ էության, լուծում ստացավ: Տիար Բլեյանի խորհրդով (շնորհակալություն, տիար ջան) ծնունդ առան ևս երկու՝ «Վիքիմեդիա» և «Ռաֆայել Իշխանյան» նախագծերը: «Ռաֆայել Իշխանյան» նախագիծը, ըստ իս, աննախադեպ էր մի քանի առումներով՝ ժամանակի, արդյունքների, սովորողների ընդգրկվածությամբ, որոշակի ճշգրտումներ եղան նաև նախագծի մշակման՝ իմ ունեցած նախկին պատկերացումներում: Նախ` կարճ ժամանակահատվածում՝ 5 օրում, արվեց զգալի աշխատանք: Նախագծի աշխատանքին, այս կամ այն չափով, մասնակցություն ունեցան 70-80 սովորողներ: Նման լայնածավալ աշխատանքին նպաստեց նաև ընտրված ձևաչափը՝ առցանց դասեր, առցանց քննարկումներ, ընթերցանության համար նախատեսված տարաբնույթ նյութեր, հոդվածների վերլուծություն և այլն:
Նախկինում որևէ գործ (ուսումնական և ոչ միայն) նախագծելիս առաջին հայացքից զարմանալի մի երևույթ էի նկատել: Հատկապես չեն աշխատում կամ լավ չեն աշխատում այն նախագծերը, որոնք ամենայն մանրամասնությամբ՝ դետալ առ դետալ նախապես «գծված» են ու հաշվարկված, ուղղություններն էլ՝ հստակ կանխորոշված: Եվ հակառակը՝ անհամեմատ արդյունավետ են աշխատում այն նախագծերը, որոնց վրա սկզբնական փուլում այնքան էլ ջանք ու եռանդ չես ներդրել:
Առանց դույզն-ինչ լարումի ու շատ կարճ ժամանակահատվածում մատնանշվեցին «Ռաֆայել Իշխանյան» նախագծի հնարավոր ուղղությունները: Սովորողները ծանոթացան նախագծին, գրադարանի կողմից առաջարկվող «Ռաֆայել Իշխանյան» մեդիափաթեթի նյութերին: Այնուհետև սովորողները սկսեցին աշխատել նախապես ուրվագծված ուղղությունների հնարավոր դարձնելու գործընթացը: Սա հնարավորություն տվեց սովորողներին ինքնադրսևորվելու, նորանոր ուղղություններ կամ ենթանախագծեր ավելացնելու, աշխատանք էլ ավելի ստեղծական ու հետաքրքիր դարձնելու:
Միով բանիվ՝ ոչ այնքան ջանք թափվեց նախագծման վրա, որքան այն իրագործելու և արդյունքները հավաքելու՝ նախագծի վերջնական մշակման վրա: Ամենայն մանրամասնությամբ արված նախագիծն իրականացնողին զրկում է ստեղծագործելու, դրսևորվելու, բացահայտվելու, սեփական կարողություններն ի ցույց դնելու հնարավորությունից: Նախագծողը հնարավորինս պիտի զերծ մնա իր կամքն ու միտքը թելադրել-պարտադրելուց՝ ի նպաստ նախագիծն իրականացնողի երևակայության բացահայտման:
Այս առումով ընդարձակ, նախագծային աշխատանքի աննախադեպ դաշտ է բացում «Վիքիմեդիա» մեգանախագիծը: Այս նախագծում կարող են ընդգրկվել ինչպես սովորողներ, այնպես էլ դասավանդողներ: Վիքիպեդիայում աշխատելու բազում դրական կողմերից մեկն էլ այն է, որ նախագծի մասնակցից հատուկ պատրաստվածություն չի պահանջվում: Կա անեզր մի մեդիատիրույթ՝ Վիքիպեդիա, ուր կարող են և տեղավորվում են բոլոր տեսակի, անգամ՝ ամենաքմահաճ նախասիրությունները: Չկա որևէ սահմանափակում, արգելք կամ խոչընդոտ: Հայերե՞ն ես ուզում, խնդրեմ՝ հայերեն թարգմանիր, ա՞յլ լեզուներով ես ուզում՝ հայալեզու Վիքիպեդիայից թարգմանիր: Չես ուզո՞ւմ թարգմանել, բարի՛, ինքդ պատրաստիր նյութ կամ հոդված: Թեև «Վիքիմեդիան» ձևի առումով խստապահանջ է ու կանոնակարգված, սակայն բովանդակային առումով ազատ ու սահմաններ չճանաչող նախագիծ է:
Սիրում եմ մեր Մայիսյան հավաքները, որ ի տարբերություն աշնանային հավաքների, լիքն են ու լեցուն: Էլ ի՛նչ գարուն, որ աշնան հասունությունն ու լրջությունը չունենա:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան