Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

2-րդ գլուխ 

Միք Ֆլիթվուդը աշխարհի հայտնի և առավել ձայնագրված ռոք-թմբկահարներից մեկն է: Նրա խումբը՝ Fleetwood Mac-ը, իրենց ձայնագրություններից վաճառել է տասը միլիոն օրինակ, իսկ ռոք քննադատները նրա ալբոմները՝ Fleetwood Mac-ը և Rumours-ը, համարում են իսկական գլուխգործոցներ: Բայց երբ Միքը սովորում էր դպրոցում, նրա գնահատականներից դատելով կարելի էր ենթադրել, որ ինտելեկտի պակաս ունի:

«Ուսման մեջ ես լրիվ զրո էի, և ոչ ոք չէր հասկանում՝ ինչու,- պատմում է Միքը,- դպրոցում սովորելու հետ կապված խնդիրներ ունեի, որոնք առ այսօր չեն անհետացել: Բոլորովին չեմ հասկանում մաթեմատիկան, ընդհանրապես, հիմա էլ ինձ համար դժվար կլինի, եթե անհրաժեշտ լինի ասել այբուբենը հակառակ հերթականությամբ: Դեռ լավ է, եթե այն ճիշտ ասեմ սովորական հերթականությամբ:  Եթե ինչ-որ մեկն ինձ հարցնի, թե որ տառն է այբուբենում տվյալ տառից առաջ, ինձ սառը քրտինք կպատի»:

Միքը սովորել է Անգլիայում`գիշերօթիկ դպրոցում, այդ փորձը խորը հիասթափեցրել էր նրան: «Ունեի լավ ընկերներ, բայց երջանիկ չէի: Զգում էի, որ ինձ քամում են: Տառապում էի, չէի հասկանում, թե ինչով զբաղվեի կյանքում, որովհետև ինչը կապված էր ուսման հետ, անհաջողության էր մատնվում, իսկ այլ ուղենիշներ կյանքում չունեի»:
Բարեբախտաբար Միքի համար (և բոլոր նրանց, որ ավելի ուշ  գնել են նրա ալբոմները կամ գնացել են համերգներին), Միքի ընտանիքում սովոր չէին սահմանափակվելու ուսման շրջանակներում և դպրոցական ստուգողական գրավորների արդյունքներով: Նրա հայրը փորձարկող-օդաչու էր թագավորական ВВС-ում, բայց հետո թողել էր ծառայությունը՝ հետևելով գրական գործունեության իր իսկական կրքին: Որպեսզի իրականացնի իր երազանքը, նա ընտանիքի հետ երեք տարով եկել էր ապրելու Քենտ կոմսությունում Թեմզայի ափին կանգնած զբոսանավի վրա: Միքի քույրը՝ Սալին, մեկնել էր Լոնդոն, որ քանդակագործ դառնար: Նրա երկրորդ քույրը՝ Սյուզենը, ընտրել էր թատերական գործը: Ֆլիթվուդի ընտանիքում հասկանում էին, որ հաջողության կարելի է հասնել գործունեության տարբեր բնագավառներում, իսկ մաթեմատիկայից թերանալը կամ այբուբենը չկարողանալ ասել հակառակ հերթականությամբ, դեռ չի նշանակում, որ մարդը կյանքում չի կարող ոչնչի հասնել:
Իսկ Միքը կարողանում էր թմբկահարել: «Դաշնամուր նվագելը, գուցե, ավելի հարգանք է ներշնչում և ստեղծում ստեղծական գործունեության պատրանք,- ասում է նա,- ես ընդամենը ուզում էի ինչպես հարկն է թմբուկ կամ «բարձ» խփել: Դրանում գուցե ինտելեկտուալ բան չկա, բոլորն էլ կարող են. այն ստեղծականության ամենաբարձր ձևը չէ, բայց ես սկսեցի «խփելով» զբաղվել լրջորեն, և այդ որոշումը դարձավ ճակատագրական»:

Միքի համար ինքնաբացահայտման պահն այն ժամանակ էր (պահ, երբ «խփելը» դարձավ իր կյանքի առաջ մղող ուժը), երբ, դեռ փոքր էր և եկել էր Լոնդոն՝ քրոջ մոտ, և հիշում է, որ Չելսիում գնացել էր մի վայր, ուր դաշնամուր էին նվագում:

«Այնտեղ մարդիկ էին (հիմա արդեն գիտեմ), ովքեր կատարում էին Մայլզ Դեվիսի գործերից և ծխում էին «Ժիտան» սիգարետներ: Հետևում էի նրանց և զգում, որ իմ առջև բացվում է մի ուրիշ աշխարհ, այդ մթնոլորտը ձգում էր, ես ինձ լավ էի զգում: Ինձ ոչինչ չէր սահմանափակում: Դա իմ երազանքն էր:

Երբ վերադարձա դպրոց, այդ կերպարները դեռ իմ առջև էին, և ես ձգտում էի դուրս գալ իմ սովորական աշխարհից: Նույնիսկ չգիտեի՝ կարող եմ նվագել այդ մարդկանց հետ, բայց այդ կերպարն ինձ օգնեց չընկնել մղձավանջային ուսման ճահիճը: Բնույթով ես աշխատասեր էի, բայց աներևակայելի դժբախտ, որովհետև ամբողջ դպրոցում  սահմանված ստանդարտների չափանիշներից ելնելով՝ ինձ մատնացույց էին անում որպես անօգտակար մեկը»:

Միքի առաջադիմությունը շարունակում էր մտահոգել նրա ուսուցիչներին: Նրանք գիտեին, որ տղան ընդունակ է, բայց գնահատականներն հակառակն էին ասում: Ուսուցիչները վաղուց ձեռք էին քաշել նրանից, և դա մեծ հիասթափություն էր տղայի համար: Բայց թմբկահար դառնալու երազանքն ամրապնդվել էր: Վերջապես, դեռահաս դառնալով՝ զգաց, որ բավական է:

«Մի անգամ դուրս եկա դպրոցից և նստեցի հողին՝ մի մեծ ծառի տակ: Ես հավատացյալ չեմ, բայց այդ ժամանակ արցունքն աչքիս Աստծուն խնդրում էի, որ ինձ այդ վայրից վերցնի: Ուզում էի լինել Լոնդոնում, նվագել ջազ ակումբում: Ես միամիտ էի ու ծիծաղելի, բայց հաստատ որոշել էի, որ թմբկահար եմ դառնալու»:

Միքի ծնողները հասկացան, որ դպրոցը Միքի նման ինտելեկտով մարդու համար չէ: Տասնվեց տարեկանում նա ծնողներին հայտնեց, որ որոշել է թողնել դպրոցը: Իմաստուն ծնողները նրան Լոնդոն մեկնող գնացքի տոմս գնեցին, ապահովեցին տղային թմբուկ նվագելու ամեն անհրաժեշտ պարագաներով և թույլ տվեցին զբաղվել նրանով, ինչը վաղուց հրապուրում էր նրան:

Դրան հաջորդեցին մի շարք հաջողություններ, որոնք կարող էին երբեք չիրականանալ, եթե Միքը մնար դպրոցում: Մի անգամ, երբ նա թմբկահարում էր ավտոտնակում, դուռը ծեծեց հարևանը՝ ստեղնաշարահար Պիտեր Բարդենսը: Միքը մտածեց, թե նա եկել է խնդրելու կամաց նվագել, բայց դրա փոխարեն երաժիշտն առաջարկեց միասին համերգ կազմակերպել տեղի երիտասարդական ակումբներից մեկում: Դա Միքին օգնեց 1960-ականներին ընկնել Լոնդոնի երաժշտական կյանքի ամենաեռուն տեղը: «Երբ ես փոքր էի, չգիտեի, թե որն է հաջողության զգացումը, հիմա արդեն գիտեմ՝ ես եմ և իմ գործը, և դա այդքան էլ վատ չէ»:

Նրա ընկեր Պիտեր Գրինն առաջարկեց թմբկահարի տեղ John Mayall’s  խմբում, ուր տարբեր ժամանակներում նվագել են Էրիկ Կլեպտոնը, Ջեկ Բրյուսը և Միք Թեյլորը Rolling Stones խմբից:

Հետո Միքը Գրինի և Bluesbreakers-ից մեկ ուրիշ երաժշտի` Ջոն Մակվիի հետ ստեղծեց իր խումբը՝ Fleetwood Mac-ը, ապա սկսվեց պատմությունը մուլտիպլատինային ալբոմների և լեփ-լեցուն ստադիոնների: Բայց նույնիսկ այսօր, չնայած Միքն աշխարհի հայտնի թմբկահարներից մեկն է, իր տաղանդը վերլուծում  է դպրոցական տխուր փորձի պրիզմայով:

«Ես չունեմ մաթեմատիկական հստակություն: Տեղում կքարանամ, եթե ինձ հարցնեն, թե ինչ կլինի, եթե չորսը բաժանեն ութի: Երաժիշտները, ում հետ ես աշխատում եմ, գիտեն, որ ես երեխա եմ այդ հարցում: Նրանք կարող են ասել.«Գիտե՞ս, կրկներգում՝ երկրորդ տակտում…», իսկ ես էլ կպատասխանեմ.«Ոչ, չգիտեմ…»,որովհետև իսկապես չգիտեմ, թե երգի մեջ որտեղ է կրկներգը, եթե դուք երգեք, ես չեմ կարող առանձնացնել և իմանալ այն, որովհետև ես լսում եմ միայն բառերը»:

Միք Ֆլիթվուդի համար փախուստը դպրոցից և թեստերից, որոնք գնահատում էին նրա ինտելեկտի սոսկ չնչին մասը, բացեց անչափ հաջող կարերիայի ճանապարհը: «Իմ ծնողները տեսան, որ այդ փոքրիկ զվարճալի արարածի` իրենց տղայի տաղանդը հաստատ ակադեմիական չէ»: Ամեն ինչ հաջող ընթացավ, քանի որ Միքը մանկուց զգում էր, որ ինքն ունի ընդունակություն, որ երբեք չէին կարող բացահայտել ոչ մի ուսուցիչ, գնահատական և ստուգողական աշխատանք:  Միքը գտավ իր կոչումը, որովհետև նա հրաժարվեց ընդունել, որ ինքն անօգտակար է՝ համաձայն ընդունված ստանդարտների:

Ընդունում ենք որպես աքսիոմա

Առանցքային սկզբունքներից մեկը, որ կարևոր է մարդուն իր տարերքի ընկալման համար, կասկածի ենթարկելու անհրաժեշտությունն է այն, ինչը սովորաբար ընդունում ենք որպես աքսիոմա կապված մեր ընդունակությունների և այլ մարդկանց ընդունակությունների հետ: Դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Ամենապրոբլեմատիկը դառնում են այն երևույթները, որոնց որպես աքսիոմա ենք ընդունում, առանց իմանալու, թե ինչ են դրանք  իրականում: Մենք սովոր ենք այդ աքսիոմաները համարել անհատի գնահատման հիմք, հիմնական տարբերիչ նախապայման, ինչը երբեք կասկածի չենք ենթարկում, որովհետև ընկալում ենք որպես մեր կյանքի անբաժան մաս՝ ինչպես օդը, ձգողականության ուժը կամ Օպրա Ուինֆրիին:
Շատ մարդկանց կողմից աքիսոմա ընդունելու վառ օրինակ է հանդիսանում մարդկային զգացումների քանակը: Ելույթների ժամանակ ես երբեմն խնդրում եմ կատարել տարրական վարժություններ այդ մտքի արտաբերման համար: Ես հարցնում եմ, թե իրենց կարծիքով քանի զգացողությունների են տիրապետում: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ կա հինգ զգացողություն՝ համի, շոշափելիքի, հոտի, տեսողության, լսողության: Ոմանք խոստովանում են նաև վեցերորդ զգայարանը՝ ինտուիցիան: Եվ այդ ցուցակին արդեն դժվար է ինչ-որ բան ավելացնել:
Բայց անշուշտ կա տարբերություն առաջին հինգի և վեցերորդի միջև: Առաջին հինգը ֆիզիոլոգիական են՝ քիթը՝ հոտի, աչքերը՝ տեսողության, ականջը՝ լսողության և այլն: Եթե վնասվի կամ վտանգի տակ դրվի օրգանը, զգացողությունը ևս կտուժի: Դրան զուգահեռ ոչ ոք չգիտի վեցերորդ զգայարանի աղբյուրը: Դա ինչ-որ հանելուկային զգացողություն է, որով ենթադրվում է կանայք ավելի շատ են օժտված են: Եվ այսպես՝ այն մարդկանց, ում հետ ես շփվել եմ տարիներ շարունակ, առկա է այն, որ մենք ունենք հինգ «շոշափելի» և մեկ խորհրդավոր զգացողություն: Այդ առումով ուզում եմ հիշել գրավիչ մի գիրք «Մշակույթ և զգայարաններ» (“Culture and the Senses”), հեղինակ` մարդաբան Քեթրին Լին Ջերթս: Գրքում հեղինակը գրում է Արևելյան Գանայի անլո էվե կոչվող  ժողովրդի հետ իր կատարած աշխատանքի մասին: Անկեղծ ասած՝ ես որոշակի խղճահարություն եմ զգում մեր օրերում հատուկ առանձնացված էթնիկ խմբերի հանդեպ: Թվում է, թե գիտնականներն անընդհատ հետապնդում են նրանց, և ցանկացած ցեղի միջին ընտանիք ունի երեք երեխա և մարդաբան, որ միշտ նստած է կողքին և հարցնում է, թե ինչ են նրանք ուտում նախաճաշին: Բայց և այնպես Ջերթսի հետազոտությունը մեզ համար բավականին տեղեկատվական էր, քանի որ անլո էվե (анло эве) ժողովուրդը մեր մտածելակերպի տեսանկյունից ունի բացառիկ առանձնահատկություն՝ բնության հանդեպ զգացողություն:
Առաջին հերթին նրանք երբեք չեն մտածել իրենց զգայարանները հաշվելու մասին: Այդ միտքն անգամ աբսուրդային է թվում նրանց համար:

Բացի դրանից, երբ Ջերթսը նրանց համար թվարկել է դասական հինգ զգայարանները, որոնք մենք աքսիոմա ենք համարում, նրանք հարցրել են ևս մեկի մասին, թերևս ամենակարևորի: Նրանք խոսել են ոչ թե «խորհրդավոր» զգայարանի մասին, ոչ էլ տարրականի բանի մասին է, որ բացառապես պահպանվել է այդ ցեղում, բայց կորել է այլ ցեղերի մոտ: Նրանք խոսել են մի զգայարանի մասին, որն ունենք բոլորս, և որն աշխարհում մեր գոյության հիմքն է: Դա հավասարակշռության զգայարանն է:

Ներքին ականջի ոսկորները և կռճիկը, ինչպես հայտնի են, պատասխանատու են մեր հավասարակշռության զգացողության համար: Բավական է հիշել, թե մեր կյանքում ինչ ազդեցություն է ունենում հավասարակշռության խաթարումը, հիվանդության կամ ալկոհոլի պատճառով, որպեսզի հասկանանք, թե ինչ կարևոր դեր է այն խաղում մեր առօրյայում: Բայց մարդկանց մեծամասնության մտքով էլ չի անցել այն ներառել զգայարանների ցուցակում, որովհետև քրեստոմատիաների հինգ զգայարանները մեզ համար վաղուց դարձել են աքսիոմա: Մի՞թե կարելի է թույլ տալ ևս մեկ զգայարանի առկայությունը, այն «խորհրդավորի»…

Բայց ես վստահ եմ, որ մեր զարգացման և ստեղծականության համար ամենագլխավոր թշամիներից մեկը մեզ պաշարած առողջ միտքն է: Դրամատուրգ Բերտոլդ Բրեխտը վստահ էր. հենց մենք սկսում ենք ինչ-որ բան համարել աշխարհում ամենաակնհայտը, ուրեմն դադարել ենք փորձել այն հասկանալուց:

Եթե կարդալու ընթացքում դուք անմիջապես չեք կռահել, որ ևս մեկ զգայարանը հավասարակշռության զգայարանն է, մի հուսահատվեք: Իմ զրուցակիցներից շատերը նույնպես չեն գտել ճիշտ պատասխանը: Այս օրինակը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես են փշրվում մեր պատկերացումները աքսիոմաների մասին:

Հոգեբանների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հինգ համընդհանուր զգայարաններից բացի կա ևս չորսը: Առաջինը՝ ջերմաստիճանի զգացումն (տերմոցեպցիան) է, որը տարբերվում է շոշափելիքի զգայարանից: Պարտադիր չէ միշտ դիպչել ինչ-որ բանի, որ զգանք` տաք է, թե սառը: Դա մեզ համար առանցքային զգացմունքներից մեկն է, չէ՞ որ մարդիկ կարող են գոյատևել միայն որոշակի ջերմաստիճանային դիապազոնում: Տերմոցեպցիան, ընդ որում, այն պատճառներից մեկն է, որ մենք հագուստ ենք կրում:

Երկրորդ զգացումը ցավն (նոցիցեպցիա) է: Գիտնականներն այսօր համամիտ են, որ դա լրիվ առանձնահատուկ սենսորային համակարգ է: Դատելով ամեն ինչից՝ կարող ենք ասել, որ կան ցավը որոշող այլ ինդիկատորներ: Հատկապես պետք է նշել այսպես կոչված վեստիբուլյար զգացումը, որը պատասխանատու է մեր հավասարակշռության և արագացման համար: Եվ վերջապես չի կարելի անտեսել  կինեստետիկ զգացումը, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են մեր մարմինն ու վերջույթները տարածության մեջ գտնվում մեկը մյուսի նկատմամբ: Այն խիստ կարևոր է մարդու շարժվելու համար, նշանակում է՝ ապրելու:

Թվարկված բոլոր զգացողություններն անգին են մեր աշխարհընկալման և շրջապատող աշխարհում գոյատևելու ընդունակության համար: Բայց ես պնդում եմ, որ մարդկային զգացումների գամման ավելի լայն է:

Օրինակ՝ որոշ մարդկանց մոտ հայտնաբերել են այնպիսի երևույթ, ինչպիսին է սինեստեզիան, երբ զգացումները խառնվում են կամ իրար վրա են գալիս, արդյունքում ծնվում է ձայներ տեսնելու և գույներ լսելու զգացումը: Ստանդարտ մտածողության տեսակետից նման երևույթները համարվում են անոմալիաներ` մարտահրավեր նետելով ողջամտությանը: Դրանք ցույց են տալիս մեր աշխարհընկալման վրա զգացումների ազդեցության իրական ուժը: Բայց և այնպես մեզնից շատերը չեն էլ մտածում դրանց գոյության մասին և ապրում են՝ առաջնորդվելով ստերիոտիպերով:

Այս առումով հատկանշական է Բարտի ճակատագիրը: Նա մի սովորական երեխա էր և ապրում էր Մորթ Գրոուվում (Իլինոիս նահանգ): Բայց վեց տարեկանում երեխայի մոտ հայտնվեցին էքստրաօրդինար ընդունակություններ: Պարզվեց, որ նա կարողանում է քայլել ձեռքերի վրա նույնքան լավ, որքան ոտքերի: Դա այնքան էլ փառահեղ բան չէր, բայց ժպիտ էր առաջ բերում, իսկ ընտանիքը աջակցում էր: Ընտանեկան երեկույթների և խնջույքների ժամանակ նրան ասում էին, որ ցույց տա իր առանձնահատուկ հնարքը, և նա սիրով համաձայնում էր՝ ոգևորված և՛ իր հնարքից, և՛ ընդհանուրի ուշադրությունից. նա կանգնում էր ձեռքերի վրա, ցատկում վեր և հպարտորեն հետ ու առաջ անում ոտքերը վեր:  Տարիքի հետ այն աստիճան էր վարժվել, որ սկսեց այդպես նաև աստիճաններով իջնել-բարձրանալ:

Այս ամենը, բնականաբար, չուներ գործնական մեծ նշանակություն: Վերջ ի վերջո ձեռքերի վրա քայլելը ակնհայտորեն այնւ ընդունակությունը չէր, որ կարող էր օգնել ուսման կամ հաջող կարիերայի հարցում: Բայց այդ տաղանդն իրոք տղային տվեց նկատելի հայտնիություն, չէ՞ որ հետաքրքիր է ծանոթ մարդկանց շրջանում ունենալ մեկը, ով կարողանում է քայլել աստիճաններով՝ ոտքերը վեր բարձրացրած:

Երբ Բարտը դարձավ 10 տարեկան, ֆիզկուլտուրայի ուսուցիչը մոր համաձայնությամբ երեխային բերեց տեղի գիմնաստիկայի կենտրոնը: Բարտը մտավ այնտեղ, և նրա աչքերը հիացմունքից թռան ճակատին: Նա կյանքոււմ ավելի զարմանալի բան չէր տեսել: Այնտեղ կային պարաններ, զուգափայտեր, ճոճաձողեր, աստիճաններ, բատուտներ, արգելքներ, որոնցով կարող էր մագլցել, որոնց վրա նա կարող էր ցատկոտել և ճոճվել: Փոքրիկ Բարտը կարծես միաժամանակ հայտնվել էր Սանտա-Կլաուսի արհեստանոցում և Դիսնեյլենդում: Դա հոյակապ տեղ էր իր համար, այդ պահին նրա կյանքը շրջվեց: Հանկարծ պարզվեց, որ նրա բնածին ընդունակությունները կարող են օգտակար լինել էլի ինչ-որ մի բանի, բացի իրեն և ուրիշներին զվարճանք պատճառելուց:

Ութ տարի անց, անհամար ժամեր անցկացնելով ցատկերի ու ձգումների վրա և ծանրություններ բարձրացնելով, Մոնրեալում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ Բարտ Քոները արդեն ներկայացնում էր ԱՄՆ-ը: Արդյունքում նա դարձավ ազգային և միջազգային մրցույթների բոլոր աստիճաններում առաջին ամերիկացի մարմնամարզիկը, որ մեդալներ էր շահել:

Նա ԱՄՆ-ի չեմպիոն էր, ազգային ասոցացիայի ուսանողական սպորտի չեմպիոն, պանամերիկյան խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթի  և օլիմպիական չեմպիոն: Նա մասնակցել է երեք օլիմպիական խաղերի՝ 1976, 1980 և 1984 թվականներին: Նրա ելույթը 1984 թվականին Լոս-Անջելեսում դարձավ լեգենդար. Բարտը ելույթ էր ունեցել հազիվ ապաքինված լուրջ վնասվածքից ( ճեղքված մկանով) և շահել էր երկու ոսկե մեդալ: 1991 թվին նրա անունը գրվեց ԱՄՆ-ի Օլիմպիական փառքի սրահում, իսկ 1996 թվականին Միջազգային գիմնաստիկայի սրահի փառքի տարեգրքում:

Այսօր Քոներն օգնում է մյուսներին իրականացնել իրենց կիրքը գիմնաստիկայի հանդեպ: Իր կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Նադյա Կոմանեչիի հետ նա ղեկավարում է գիմաստիկայի ծաղկող ակադեմիան: Նրանց է պատկանում նաև «Միջազգային գիմնաստիկա» (International Gymnast) ամսագիրը և հեռուստատեսությունը:

Նման ատլետները, ինչպիսիք են Բարթ Քոները և Նադյա Կոմանեչին, խորապես գիտեն իրենց մարմնի հնարավորությունները: Նրանց առաջընթացը ցույց է տալիս, թե որքան ենք մենք սահմանափակ, և մեր պատկերացումները կաղապարված են մարդկային ընդունակությունների վերաբերյալ: Հետևելով ատլետներին, պարողներին կամ երաժիշտներին իրենց աշխատանքի ժամանակ դուք կտեսնեք, որ նրանք ելույթ են ունենում և մտածում յուրահատուկ ձևով՝ ուշադրություն դարձնելով իրենց մարմինների զարգացմանը և իրենց դժվար շարժումները հասցնելով ավտոմատիզմի: Ընդ որում նրանք հենվում են այն բանի վրա, որն ընդունված է կոչել «մկանային հիշողություն»:

Ելույթների ժամանակ նման մարդկանց շարժումները բավականին բարդ և կոնկրետ են, որպեսզի համարես նորմալ մեխանիզմների գիտակցված մտածողության և որոշումների կայացման արդյունք: Այդպիսի պահերին մարդիկ ոգեշնչում են կորզում զգացմունքների և ինտուիցիայի անսպառ աղբյուրներից: Նրանք մաքսիմալ ձևով օգտագործում են ֆիզիկական ռեֆլեքսները և կոորդինացիան: Այդ գործընթացի ժամանակ ներգրավվում է ամբողջ ուղեղը, ոչ թե նրա ճակատային մասերը, որոնք մենք կապում ենք ռացիոնալ մտածողության հետ: Ակնհայտ է, որ նման մարդկանց համար չկա այլ միջոց ամբողջովին իրացնելու իրենց կիրքն ու տաղանդը:

Նման ձևով մարդիկ, ովքեր օժտված են շարժումների տաղանդով, օգնում են կասկածի տակ դնել ամենաանսասան, բայց սխալ աքսիոման՝ մեր պատկերացումներն ինտելեկտի մասին:

Ձեր ինտելեկտի մակարդակն ինչքա՞ն է

Ելույթ ունենալով մարդկային խմբերի համար հաճախ նրանց խնդրում եմ գնահատել իրենց ինտելեկտը տասը բալանոց համակարգով. տասը ամենաբարձրն է: Սովորաբար մեկ-երկու հոգի են իրենց ինտելեկտը գնահատում տասը բալ: Երբ այդ մարդիկ բարձրացնում են իրենց ձեռքերը, առաջարկում եմ նրանց գնալ տուն, որովհետև հաստատ նրանք ավելի հետաքրքիր գործեր կունենան, քան ինձ լսելը:

Մի քանիսն իրենց գնահատում են ինը, ավելի շատ են ութ գնահատողները: Բայց ավելի մեծ մասը գնահատում է յոթ կամ վեց: Որքան սանդղակով իջնում ենք ներքև, այնքան պատասխանների քանակը սկսում է քչանալ, բայց պետք է խոստովանեմ, որ ես երբեք հարցումը չեմ հասցնում մինչև վերջ, կանգ եմ առնում երկու միավորի վրա՝ ցանկանալով իրենց մեկ միավոր գնահատողներին պաշտպանել հասարակության առաջ այդ փաստը խոստովանելու անհարմարությունից: Ինչո՞ւ եմ ես միշտ կոր ստանում զանգի տեսքով:  Մտածում եմ, որ դա հենց կապված է այն բանի հետ, որ ինտելեկտի վերաբերյալ որոշ պատկերացումներ մենք ընդունում ենք որպես աքսիոմաներ:

Հետաքրքիր է, որ մարդկանց մեծամասնությունն իրոք բարձրացնում է ձեռքերն ու գնահատում, երբ այդ հարցը տալիս եմ: Նրանք ոչ մի խնդիր չեն տեսնում հարցի մեջ և իրենց ուրախ տեղավորում են ինտելեկտի սանդղակի մեջ: Միայն մի քանիսն են այս ընթացքում կասկածի տակ դրել հարցը և հետաքրքրվել, թե ինչ նկատի ունեմ ինտելեկտ ասելով: Մտածում եմ, որ այդպես պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Ավելին՝ վստահ եմ, որ դոգմաներն ու ստերեոտիպերը մարդու ինտելեկտի բնության վերաբերյալ հայացքներում մեզնից յուրաքանչյուրին խանգարում են գտնելու իր տարերքը:

Առողջ միտքը մեզ սիրով ասում է՝ մենք բոլորս ծնվում ենք ֆիքսված ինտելեկտով, որը մարդկային այնպիսի գիծ է, ինչպիսին են կապույտ կամ կանաչ աչքերը, կարճ կամ երկար վերջույթները: Կա կարծիք, որ ինտելեկտը արտահայտվում է գործունեության որոշակի ձևերում, հատկապես մաթեմատիկայում և հարուստ բառապաշարում, իսկ մարդը կարող է չափել իր ինտելեկտը թղթի վրա տպված լեզվական կամ մաթեմատիկական թեստի օգնությամբ, ահա և ամբողջը:
Ես կարծում եմ, որ ինտելեկտի վերաբերյալ նման հարցումը խիստ կասկածելի է, բայց հենց այն է տիրապետում արևմուտքի մշակույթի մեծամասնությունում, ճիշտ այնպես, ինչպես արևելքում: Այն ընկած է մեր կրթական համակարգի հիմքում, առավելապես նրա վրա հիմնվում է թեստավորման միլիարդավոր ինդուստրիաներ, որնք օգտագործում են պետական կրթության մեջ ամբողջ աշխարհով մեկ: Այն ընկած է ակադեմիական ընդունակությունների պատկերացումների հիմքում, ընտրվում է ընդունելության քննությունների ժամանակ, հիմք է ծառայում պետական կրթական համակարգի հիերարխիկ առարկաների համար: Վերջապես հենց ինտելեկտի չափման մեթոդիկան ամբողջությամբ հիմնավորվում է ինտելեկտի գործոնի վրա (IQ):

Նման պատկերացումները երկար պատմություն ունեն և արմատներով ամենաքիչը հասնում են մինչև հունական փիլիսոփայության Արիստոտելի և Պլատոնի ժամանակները: Այդ թեորիայի վերջին ծաղկման շրջանն էր 17-րդ և 18-րդ դարերի ինտելեկտուալ նվաճումների հռչակավոր շրջանը: Այդ դարաշրջանի փիլիսոփաները, գիտնականները փորձել են ամուր հիմք ստեղծել մարդկային գիտելիքի համար, վերջ դնել մեր գոյության մասին եղած միֆերին և սնահավատություններին, որոնք նրանց կարծիքով հաջորդ սերունդներին տարել են մոլորության:
Նոր շարժման հիմնական սկզբունքներից մեկը անսասան հավատն էր քննադատական մտածողության և տրամաբանության կարևորության հանդեպ: Փիլիսոփաները պնդում էին. «Մենք չպետք է կուրորեն հավատանք նրան, ինչը ապացուցված չէ տրամաբանական մտածողությամբ և հիմնավորված մաթեմատիկական ապացույցներով»: Խնդիրն այն էր, թե ինչից սկսել այդ գործընթացը՝ կասկածի տակ դնել այն ամենը, ինչը տրամաբանորեն վիճարկելի է: Ի դեպ ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտի հայտնի եզրակացությունը լիովին խոսում է այդ դարաշրջանի փնտրտուքների մասին՝ միակը, որ կարող է որպես աքսիոմա ընդունվել, դա իմ սեփական գոյությունն է, հակառակ դեպքում ես չէի կարող այդ մասին մտածել: Դեկարտի եզրակացությունը հնչում էր այսպես. «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:
Մյուս կարևոր սկզբունքը, որ տիրապետող էր կրթության ժամանակաաշրջանում, աճող հավատն էր ապացույցների կարևորության հանդեպ գիտական գաղափարներն աջակցելու համար: Նկատի են ունեցել ապացույցներ,  որոնք ստացել են մարդկային զգայարանների շնորհիվ՝  մաքրված սնահավատություններից և ասեկոսեներից: Երկու սկզբունք՝ պատճառաբանությունը և ապացույցը, ինտելեկտուալ հեղափոխության հիմքը դարձան և արմատապես փոխեցին Արևմուտքի հայացքները և ձեռքբերումները:

Դա հանգեցրեց գիտականորեն հասկանալու մեթոդին և մի շարք բացահայտումների, վերլուծումների և գաղափարների, առարկաների և երևույթների  դասակարգման զարգացման, ինչն իր հերթին նպաստեց մարդու կողմից տիեզերքի նվիրական գաղտնիքների ըմբռնմանը: Ինտելեկտուալ հեղափոխությունը հանգեցրեց տեխնոլոգիայի բնագավառում ազդեցիկ ձեռքբերումների, ինչը մեկնարկ էր արդյունաբերության հեղափոխության, և գիտության, քաղաքականության, առևտրի ու կրթության բնագավառներում տիրապետող դարձավ խիստ տրամաբանությունը:

Տրամաբանության և ապացույցների ազդեցությունը տարածվում էր ոչ միայն ճշգրիտ գիտելիքների վրա: Այդ սկզբունքները սկսեցին ազդեցություն ունենալ հումանիտար գիտությունների  հիմնական թեորեաների ձևակերպման վրա՝ ներառյալ հոգեբանությունը, սոցիոլոգիան, մարդաբանությունը և բժշկությունը:

Հանրային կրթությունը,  զարգանալով 19-րդ և 20-րդ դարերում, նույնպես հենվում էր ինտելեկտի և գիտելիքի վերաբերյալ այդ գերիշխող գաղափարների վրա: Արդյունաբերական հեղափոխության աճող կարիքների համար տարածվեց զանգվածային կրթությունը, դրա համար էլ ծագեց  ընտրության և գնահատման հեշտ և արագ ձևերի անհրաժեշտությունը: Այդ նպատակով ձեռքի տակ ժամանակին հայտնվեց նոր գիտությունը՝ հոգեբանությունը՝ թարմ թեորեաներով այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել և չափել ինտելեկտը: Ինտելեկտը դրվել էր ստանդարտ շրջանակում` սահմանված վերբալ տերմինների և մաթեմատիկական մտածելակերպով: Մշակվել էին արդյունքների քանակային գնահատման մեթոդներ: Պսակվեց հրաշալի մտքի մեթոդ ինտելեկտի գործոնի չափման համար:

Եվ մենք սկսեցինք տրամաբանական վերլուծության տեսակետից մտածել ինտելեկտի իսկական պոտենցիալի մասին: Մենք հավատացնում էինք, որ մտածողության ռացիոնալիստական ձևերը բարձր են զգացողություններից և էմոցիաներից, որ տաղանդավոր և արժեքավոր գաղափարները կարող են փոխանցվել միայն բառերի կամ մաթեմատիկական արտահայտությունների միջոցով: Մենք մեզ համոզել էինք, որ կարող ենք թվերով գնահատել ինտելեկտի գործոնը՝ հենվելով տարբեր ստանդարտացված թեստերի վրա, որոնք նախատեսված են հատուկ վերաբերմունքի արժանի օժտված մարդկանց հաջողությամբ ճանաչելու համար:

Ճակատագրի հեգնանքով Ալֆրեդ Բինեն՝ ինտելեկտի ստուգման թեստերի ստեղծողներից մեկը, իր նախագծերը բոլորովին այլ նպատակների համար էր նախատեսել:  Իրականում գիտնականը ֆրանսիական կառավարության հանձնարարությամբ թեստեր էր մշակել բացառապես հատուկ ընդունակություններով երեխաների համար, որպեսզի ուսուցման տարբեր ձևերը հարմարեցնեն նրանց հոգեբանությանը: Նա երբեք իր առաջ խնդիր չէր դրել չափել մարդու ինտելեկտի պոտենցիալը, որոշել ինչ-որ մեկի ինտելեկտի աստիճանը կամ մտավոր հետամնացությունը: Իրականում Բինեն նշել է, որ իր կողմից ստեղծված սանդղակը թույլ չի տալիս գնահատել ինտելեկտը, քանի որ  տարբեր մարդկանց մտավոր որակները անհամաչափելի են և այդպիսով` չեն կարող չափվել որպես գծային արժեքներ:

Նա նաև երբեք իր թեստերին չի նայել որպես գործիքների ապացուցելու համար, որ մարդը չի կարող ժամանակի ընթացքում բարձրացնել իր ինտելեկտի մակարդակը: Գիտնականն ասել է. «Որոշ հետազոտողներ վերջերս պնդում են, որ մարդու ինտելեկտը ֆիքսված մեծություն է, որը չի կարող մեծանալ: Մենք պետք է դուրս գանք և դեմ խոսենք նման դաժան հոռետեսության դեմ, պետք է ցույց տանք, որ դա անհիմն է»:

Բայց և այնպես որոշ մանկավարժներ և հոգեբաններ առ այսօր մեծ նշանակություն են տալիս ինտելեկտի չափման գործոնին: 1916 թվին ամերկացի հոգեբան Լուիս Թերմենը՝ Ստենֆորդի համալսարանից, հրապարակեց իր կողմից վերամշակված IQ-ի վերաբերյալ Բինե-Սիմոնի թեստը: Այդ թեստն այսօր հայտնի է, որպես Բինե-Ստենֆորդի թեստ, կա արդեն հինգերորդ տարբերակը և հանդիսանում է ինտելեկտի թեստերի ժամանակակից փաթեթի հիմքը: Թերմենը, ցավոք, մարդկային ընդունակությունների վերաբերյալ մնաց իր ծայրահեղ կարծիքին և դարձավ գիտական ռասիզմի հետևորդը, ինչը ցույց են տալիս նրա դասագրքի՝ «The Measurement of Intelligence» ցիտատները. «Բանվորների և ծառայողների շարքերում հարյուրավոր հետամնացներ կան: Նրանք սև գործ անելու համար են ստեղծված: Ինչ վերաբերում է ինտելեկտին, թեստը ճիշտ էր: Ոչ մի դպրոցական կրթություն նրանց չի դարձնի ինտելեկտուալ ընտրողներ և ոչ էլ հմուտ ընտրողեր` բառի բուն իմաստով»:

Թերմենի ակտիվ գործունեությունը սկսվեց Ամերիկայի պետական քաղաքականության և կրթության առավել մութ էտապներից, որոնց մասին քչերն են լսել: Պատմաբանները նախընտրում են երկրի պատմության մեջ չխոսել այդ փաստի մասին, ինչպես հոգատար բարեկամները՝ իրենց խելագար հորաքրոջից կամ իրենց երեխայի կողմից արված անդուր պատահարից կամ կռվից:

Լուիս Թերմենը եվգենիկայի մոլի հետևորդ էր, մի ուսմունքի, որն ուներ վառ արտահայտված ռասիստական բնույթ և դրդում էր ամբողջական ազգերի քարկոծման: Եվգենիկան պնդում էր, որ այնպիսի գծեր, ինչպիսիք են հանցագործական (քրեական) վարքի հանդեպ հակումը և աղքատությունը ժառանգական են, և այդ առանձնահատկությունները կարելի է բացահայտել ինտելեկտի թեստավորման միջոցով: Եվգենիկայի ուսմունքի առավել վատ գաղափարն այն էր, որ ամբողջական էթնիկ խմբեր, ներառյալ հարավային եվրոպացիները, հրեաները, աֆրիկացիները և լատինոամերիկացիները ընկնում էին «ոչ լիարժեք» և «կրիմինալ» կատեգորիայի մեջ: «Այն փաստը, որ այդ տիպը հաճախ է հանդիպում հնդկացիների, մեքսիկացիների և նեգրերի շարքում բավականին համոզիչ ապացուցում է, որ ռասսայական տարբերության հարցը պետք է բարձրացվի և հետազոտվի փորձարարական մեթոդների օգնությամբ»,– գրում է Թերմենը:
Ավելին՝ նա պնդում էր. «Այս խմբի երեխաները պետք է առանձնացվեն հատուկ դասարաններում, և նրանց կրթությունը պետք է կրի կոնկրետ և պրակտիկ բնույթ: Նրանք չեն կարող կատարելապես տիրապետել գիտությանը, բայց հաճախ կարող են լինել արդյունավետ աշխատողներ՝ ընդունակ ապահովելու իրենց: Հիմա հնարավորություն չկա հասարակությանը համոզելու, որ նրանց չպետք է թույլ տրվի բազմանալու, չնայած եվգենիկայի տեսանկյունից նրանք լուրջ խնդիր են ներկայացնում իրենց անսովոր պտղաբերության պատճառով:

Եվգենիկայի կողմնակիցներին իրոք հաջողվեց հասնել նրան, որ հարկադիր ստերիլացման օրենքն ընդունվի երեսուն ամերիկյան նահանգներում: Դա նշանակում էր, որ նահանգը կարող էր ամորձատել մարդկանց, ում ինտելեկտը ցածր էր ընդունված մակարդակից, ընդ որում երկրի «ոչ լիարժեք» քաղաքացիները այդ հարցում բարձրաձայնելու իրավունք չունեին: Արդյունքում բոլորն այդ օրենքը չեղյալ հայտարարեցին, ինչը վկայում է առողջ մտքի և գթասրտության հաղթանակը: Բայց ինքնին փաստը, որ նման օրենքներն ընդհանրապես գոյություն ունեին, սարսափելի ապացույցն էր այն բանի, թե ինչքան վտանգավոր սահմանափակումներ ունի ինտելեկտի գնահատման ցանկացած ստանդարտացված թեստ մարդու սոցիալական վիճակի և ինտելեկտուալ նշանակության մակարդակը գնահատելիս:

Ինտելեկտի թեստերը կարող են որոշիչ դառնալ անգամ կյանքի և մահվան հարցերում: Մարդը, որը հանցանք է գործել ու դատապարտված է մահվան, չի պատժվում, եթե նրա  IQ-ն ցածր է յոթանասուն միավորից: Բայց այդ թեստերը ընդունված են սիստեմատիկ կերպով հարմարեցնել յուրաքանչյուր նոր սերնդի զարգացման մակարդակին, այսինքն` միջին չափանիշը բարձրացնել 25 տոկոսով: Դա նշանակում է ամեն 15-20 տարին մեկ վերանայել գնահատման սանդղակն այնպես, որ միջին ցուցանիշը մնա անփոփոխ 100 տոկոսի դեպքում: Նման ձևով հանցագործի համար մահվան դատավճռի իրականացման հավանականությունը ցիկլի սկզբում բավականին բարձր է, քան վերջում: Մարդու ճակատագրի հարցում այդ միակ թեստի վրա մեծ պատասխանատվություն է դրվում:

Հայտնի է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր միավորը բարձրացնել կրթության և պրակտիկայի միջոցով: Վերջերս ես կարդացել եմ մի բանտարկյալի մասին պատմություն, ով տասը տարի նստել էր մահապարտների խցում, իր պատիժը կրելով (նա ոչ մեկին չէր սպանել, բայց մասնակցել էր գողության, որի ժամանակ մարդ էր մահացել): Իր բանտարկության ընթացքում նա սովորեց տարբեր կուրսերում: Երբ նրան երկրորդ անգամ թեստավորեցին, պարզվեց, որ այդ բանտարկյալի IQ-ն աճել է ավելի քան տասով, և այդպիսով արդեն հնարավոր էր ի կատար ածել նրա մահվան դատավճիռը: Անշուշտ, շատերս ինտելեկտի թեստի պատճառով երբեք չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, որ պարտադիր մեզ ստերիլիզացնեն կամ մահաբեր դեղ սրսկեն: Բայց մենք գիտենք, որ նման ծայրահեղություններ կան, դրա համար ուզում ենք հասկանալ, թե ինչ թվեր են դրանք, ինչ են նրանք իրականում ասում մեր ինտելեկտի մասին: Պատասխանն այն է, որ այդ թվերը ցույց են տալիս մարդու ընդունակությունը` որոշակի ժամանակահատվածում կատարելու մաթեմատիկական և վերբալ գործողություններ: Այլ կերպ ասած՝ դրանք չափում են ինտելեկտի որոշ տարատեսակներ, բայց ոչ ինտելեկտն ամբողջությամբ: Եվ ինչպես ասվեց վերը նշվածում բազային ցուցիչները ժամանակ առ ժամանակ վերանայվում են:
Հասարակության կողմից նման խանդավառությունը ինտելեկտի մակարդակի չափման գաղափարի վերաբերյալ բխում է դպրոցական կրթական համակարգում ստանդարտ թեստերի հանդեպ մեր պարտավորություններից: Ուսուցիչները ուսումնական տարվա մեծ մասը նվիրում են թեստերի նախապատրաստմանը, որոնց արդյունքներից որոշվում է ամեն ինչ՝ երեխաներին դասարաններում բաժանելուց մինչև մյուս տարվա ֆինանսավորումը, որը կստանա դպրոցը: Այդ թեստերը, բնականաբար, ոչ մի կերպ հաշվի չեն առնում աշակերտի անհատական ընդունակությունները և կարիքները, բայց հսկայական դեր են խաղում երեխայի դպրոցակական կյանքի վրա:

Ներկայումս ամերիկյան երեխաների ակադեմիական ապագայի վրա առավել ազդեցություն ունի ակադեմիական ընդունակությունների ստուգմանն ուղղված ստանդարտացված թեստը՝ SAT:
Հետաքրքիր է, որ դա մշակող Կարլ Բրիգամը նույնպես եղել է եվգենիկների կողմնակիցը: Սկզբից նա այդ թեստը մշակել է զինվորական նպատակների համար, բայց գիտակցաբար վարկաբեկեց դրա արժեքը հինգ տարի անց՝ հրաժարվելով եվգենիկական հայացքներից: Իսկ այդ ընթացքում Հարվարդը և մյուս դպրոցները սկսել էին ակտիվ կերպով օգտագործել SAT թեստը` գնահատելու համար դիմորդների ինտելեկտի մակարդակը: 70 տարի շարունակ ամերիկյան քոլեջների մեծ մասն ուսանողների ընտրության ժամանակ օգտագործում է SAT թեստը և դրան նման АСТ թեստը, չնայած որոշ քոլեջներ այնուամենայնիվ ժամանակի ընթացքում ավելի քիչ էին վստահում դրան:

SAT-ը շատ հարաբերություններում հանդիսանում է ստանդարտացված թեստերի անլիարժեքության ցուցանիշը. թեստերը չափում են ինտելեկտի միայն որոշակի տիպը, նրանցում դրված է ամենատարբեր դեռահասների ակադեմիական փորձը ընդհանրացնելու և կիրառելու միասնական համընդհանուր մոտեցում:

Վերջնական արդյունքում թեստերը ստիպում են բարձր դասարանցիներին ժամերով պատրաստվել այդ փորձությանը` սիրած զբաղմունքի և ուսման  հաշվին: Ջոն Կացմանը՝ Princeton Review-ի հիմնադիրը, կտրուկ քննադատում էր այդ թեստը.«SAT-ի գլխավոր թերությունն այն է, որ ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ինչ են սովորում դպրոցում բարձրդասարանցիները: Արդյունքում այն վեր է ածվում անհասկանալի կուրսի, որը չի համապատասխանում ո՛չ ուսուցիչների, ո՛չ ուսանողների նպատակներին: SAT –ը հիմնադրվել է որպես միջոց. այն չափում էր ինտելեկտի աստիճանը, ստուգում դպրոցում ստացած միջին բարձր միավորը և կանխատեսում քոլեջում ուսանողի գնահատականները: Իրականում այն երբեք չի համապատասխանել առաջին երկու նպատակներին և արդյունավետ չէր երրորդին հասնելու համար»:

Քոլեջում աղոտ և անորոշ էին այն ուսանողների հեռանկարները, որ լավ չէին թեստերից, քանի որ հասարակությունը որոշել էր, որ ինտելեկտը կարելի է չափել ու հաշվել որոշակի քանակության բալերով:

Ցավոք, ինտելեկտի գործոնի գաղափարն այսօր էլ առաջվա պես տարածված է ամենուր և դուրս է գալիս ակադեմիական աշխարհի շրջանակներից: Հիշո՞ւմ եք զանգաձև կորը, որի մասին մենք խոսել ենք նախկինում: Այն միշտ ծագում է, երբ ես մարդկանց հարցնում եմ, թե որքանով են իրենց ինտելեկտուալ զարգացած համարում: Պատճառն այն է, որ մենք ինտելեկտը սահմանում ենք չափազանց նեղ և ենթադրում ենք, որ գիտենք «Որքան ենք մենք ինտելեկտուալ» հարցի պատասխանը: Չի կարող ճիշտ պատասխան ունենալ հարցը, թե որքան եք դուք խելացի, քանի որ հարցն ինքնին սխալ է ու ոչ կոռեկտ:

Շարունակությունը

Լուսանկարը` Աստղիկ Մամիկոնյանի ՖԲ էջից
Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով