«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բազմաճյուղ, հսկա կառույց է՝ կենդանի, բաբախող օրգանիզմ, որտեղ կադրային փոփոխությունները անընդհատ են լինում: Մանկավարժների հոսքը կրթահամալիրից դուրս և դեպի կրթահամալիր յուրաքանչյուր ուսումնական տարի տասնյակների է հասնում: Կրթահամալիրում առաջացած մանկավարժական թափուր տեղերը շատ գործոններով են բացատրվում: Առաջին և հիմնական գործոններից մեկը կրթահամալիրի երիտասարդ կազմն է, և յուրաքանչյուր տարի մի տասնյակից ավելի երիտասարդ կանայք են մայրանում և գնում մայրության իրենց առաքելությունը կատարելու:
Քանի որ աշխատախումբը բավականին երիտասարդ է, կան նաև մասնագիտությունը փոխող մարդիկ, ովքեր ուզում են իրենց ուժերը փորձել այլ բնագավառներում: Ունենք նաև մանկավարժներ, ովքեր բնակավայրը փոխելու պատճառով են ստիպված լինում թողնել կրթահամալիրը: Մեր մանկավարժներից ոմանք մեր հեղինակային մանկավարժությունն են տանում այլ կրթական հաստատություններ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մեր մեր մանկավարժական հեղինակային ծրագիրը կրող մանկավարժներին սիրով են ընդունում կրթական հաստատությունները: Իհարկե լինում են նաև կրթահամալիրից գնալու այլ պատճառներ:
Ովքե՞ր են գալիս կրթահամալիր: Գալիս են նոր ավարտած մանկավարժներ, այլ ոլորտներից անցում կատարած մասնագետներ, մարդիկ, ում հետաքրքրում է հեղինակային մանկավարժությունը: Երիտասարդ, ընդունակ մարդիկ, ովքեր անցնում են ընդունված կարգով՝ վերապատրաստման սեմինար, որտեղ ծանոթանում են բլոգուսուցման հմտություններին, «Մուտքի ճամբար»՝ համակարգված ծրագրով, կամավորական աշխատանք: Այս բոլոր փուլերով անցած մասնագետի համար, միևնույնն է, առաջանում են հեղինակային ծրագրով աշխատելու դժվարություններ: Եվ սա հասկանալի է: Հանրակրթությունն ու բուհական ծրագիրով անցած մարդու համար նոր, մանկավարժական այլ սկզբունքներով ու մեթոդներով գործող հեղինակային մանկավարժական ծրագիրը այնքան էլ հեշտ չի լինում յուրացնելը, էլ չեմ ասում՝ կիրառելը: Դրա համար ժամանակ է պահանջվում:
Մենթորությունը նոր աշխատակցի հետ աշխատելու, փորձը փոխանցելու ընդունված, կիրառելի ձևերից է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենթորության ամենատարբեր ձևեր են գործում: Առաջինը իհարկե նոր աշխատակցին անհատական օգնություն ցույց տալն է՝ նշանակված մենթորի միջոցով: Սա սովորաբար նույն գործունեությունը իրակացնող փորձառու մանկավարժն է, այն գործունեությունը, որը որ պիտի իրակացնի նոր ընդունված աշխատակիցը: Մենթոր ուսուցիչը ամենօրյա օգնություն է ցուցաբերում իր նոր գործընկերոջը: Օգնում է բլոգավարության, ուսումնական նախագծեր մշակելու. ուսումնական նյութեր ստեղծելու, ուսումնական գործունեության մեջ կիրառվող մեթոդների և այլ ուսումնական, մանկավարժական հարցերում: Շատ են նորությունները նոր աշխատակցի համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է իր ուսումնական ամենատարբեր ուղղություններով՝ ուսումնական ճամբարներ, ուսումնական ճամփորդություններ և արշավներ, ստուգատեսները, առարկայական ֆլեշմոբներ, բազմաճյուղ և բազմատեսակ ընտրությամբ գործունեություններ, ուսումնական օրացույց, ուսումնական և անհատական նախագծեր, ուսումնառության ամենատարբեր մեթոդներ… Այս ամենը մեր հեղինակային մանկավարժություն մտած մասնագետի համար ամբողջությամբ միանգամից ընկալելը հեշտ չէ, բայց յուրացման արագությունը կարևոր է: Ի վերջո սովորողի ուսումնառությունն ու ուսումնական գործունեությունը չպիտի տուժի նոր մասնագետի առկայությունից:
Նոր մասնագետի արագ ներառմանն է ուղղված նաև մանկավարժական ակումբը, որը համակարգում եմ ես: Այս ակումբում ամեն տարի ընդգրկվում են այդ տարի ընդունված մասնագետները: Ակումբի աշխատակարգը հետևյալն է. յուրաքանչյուր ամիս «Դպիր» մանկավարժական հանդեսից ընտրում եմ երկու նյութ և ուղարկում եմ մանկավարժական ակումբի անդամներին: Նրանք կարդում են և իրենց վերլուծությունները հրապարակում են իրենց բլոգներում: Օրինակներից մեկը տես այստեղ: Վերլուծություններին հաջորդում է առկա հանդիպումը, որի ընթացքում ավելի մանրամասն ենք քննարկում հոդվածները, ակումբի անդամները լսում են իրար, բանավիճում են, բերում են օրինակներ իրենց մանկավարժական փորձից: Այս հավաքը լինում է ամիսը մեկ անգամ, բայց ես այն կարևորում եմ: Նախ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շատ մեծ հաստատություն է՝ իր մասնաշենքներով: Նոր ընդունված աշխատակիցներից շատերը լավ չեն ճանաչում միմյանց: Այս հավաքները հնարավորություն են տալիս ավելի մոտից ծանոթանալու իրար հետ, լսել իրար, տեղյակ լինել միմյանց մանկավարժական ձեռքբերումներից: Սա ինձ հնարավորություն է տալիս իմ երիտասարդ գործընկերների հետ խոսել մանկավարժական իմ տարիների ընթացքում կուտակված փորձից, նրանց փոխանցել հեղինակային մանկավարժության հիմնարար սկզբունքներ:
Մենթորական անմիջական օգնություն է նաև մեր մանկավարժական բաց միջավայրը: Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի՝ Աշոտ Բլեյանի ամենատարբեր հարթակներում ներկայացրած հեղինակային մանկավարժությունը, առաջացած մանկավարժական խնդիրների ոչ ստանդարտ, ինքնատիպ լուծումները, դրանց մեկնաբանությունները ոչ միայն նոր ընդունված մանկավարժների, այլև հնաբնակներիս համար միշտ օգտակար է և հետաքրքիր: Սեմինարների շարքեր է վարում կրթահամալիրի փոխտնօրենը՝ Գևորգ Հակոբյանը, ով միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու իրեն դիմողներին: Եվ ընդհանրապես, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տիրող բարյացակամ, օգնող, ընդառաջող միջավայրը, բլոգային բաց, հասանելի տարածքները, զանազան սեմինարների և ակումբների կազմակերպումը, փորձառու մանկավարժների առկայությունը հնարավորություն են տալիս հեղինակային մանկավարժություն մուտք գործած նոր մասնագետներին արագ ներառվելու, ավելի ինքնավստահ, արդյունավետ գործելու, նորի և հնի սահմանաբաժանը արագ անցնելու: