Կրտսեր դպրոցում շատ ենք կարդում հեքիաթներ և բազմաթիվ աշխատանքներ կատարում դրանց շուրջ՝վերլուծում ենք հեքիաթները, մասերի ենք բաժանում, բնութագրում, նկարագրում ենք հերոսներին, նոր սկիզբ և ավարտ ենք հորինում, հեքիաթների խառնաշփոթ ենք ստեղծում, խաղում ենք հեքիաթները դերերով:
Դերային խաղն ունի շատ առավելություններ:
Երբ սովորողը ներկայացնում է մի որևէ կերպար, ձերբազատվում է իրեն կաշկանդող մի շարք բարդույթներից և ազատ ինքնադրսևորվում՝ խաղալով տվյալ կերպարը:
Դերային խաղը նպաստում է սովորողի՝ տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարղությունների ձևավորմանը: Կան բազմաթիվ իրավիճակներ, որոնցում սովորողը փոքր տարիքում, հնարավոր է, դեռ չի հայտնվել, բայց հեքիաթի կերպարի միջոցով իրեն երևակայում է այդ իրավիճակում և փորձում լուծումներ և ելքեր առաջարկել:
Դերային խաղի մեթոդը նաև շատ նպատակահարմար է կրտսեր դպրոցի համար, որովհետև, ի տարբերություն մեծերի, փոքրերը ամաչելու և կաշկանդվելու բարդույթն ավելի հեշտ են հաղթահարում, ավելի անկեղծ են և որգևորվող:
Դերային խաղի մեթոդը շատ նպատակահարմար է իրականացնել՝հիմք վերցնելով մի որևէ հեքիաթ կամ հեքիաթներ: Տվյալ դեպքում սովորողին առաջարկում եմ վերցնել Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Սուտասանը», «Սուտլիկ որսկանը»,«Ծիտը», «Անբան Հուռին», որոնք արդեն սովորողներն ընթերցել և սիրել են:
Աշխատանքի սկզբում հեքիաթները ուղարկում ենք սովորողների էլեկտրոնային հասցեներին, որպեսզի մեկ անգամ ևս ընթերցեն: Հաջորդ օրը դասարանում առաջարկում եմ անսապասելի իրավիճակներ, օրինակ՝ սովորողներին առաջարկում եմ՝ պատկերացնեն, թե հայտնվել են անազատության մեջ և պետք է ելքեր փնտրեն, որպեսզի ազատվեն այդ վիճակից։ Սովորողներին դրդում եմ,ելնելով իրենց կերպարի առանձնահատկություններից, բնավորությունից, կողմնորոշվել և առաջարկել, թե տվյալ կերպարը համապատասխան իրավիճակում ինչպես կդրսևորի իրեն:
Այս դեպքում շատ կիրառելի են ռոդարիական հնարները, որոնք թույլ են տալիս չսահմանափակել միտքը և կիրառել թե՛ սովորական, թե՛ անսովոր բոլոր գաղափարներընպատակին հասնելու համար: Հերթով լսելով սովորողներին և նրանց առաջարկած լուծումները, թե իրենց հերոսն ինչպես իրեն կպահի այս կամ այն իրավիճակում,մուտքագրում եմ նրանց մտքերը և համատեղ ուժերով ստեղծված նոր հեքիաթն ըստ դերերի բաժանում սովորողներին:Դերաբաշխումը կատարում ենք տարբեր ձևերով.
- պատահական բաշխում
- սկզբում բաժանում ենք գլխավոր դերերը, մնացածը՝ ըստ ցանկության
- դերերը տալիս ենք ըստ մասնակիցների՝ այդ դերերի համապատասխանությամբ
- ընտրում ենք այնպիսի մասնակիցների, որոնք ունեն առաջարկվող դերի հակառակ որակները
- ընտրությունը թողնում ենք մասնակիցներին։
Դերերի բաժանելու ձևը կախված է դերային խաղի նպատակից և կոնկրետ խմբից: Աշխատանքի երկրորդ փուլում կազմվում են ֆորմալ, տարասեռ, չորսից հինգ հոգանոց խմբեր, որոնք սկսում են աշխատել հեքիաթի որոշակի հատվածների վրա՝ ստեղծելով հեքիաթի նկարները, ընտրելով երաժշտությունը, ձայնագրելով հեքիաթը: Արդյունքում ստեղծված ֆիլմերը միավորվում են, և ստանում ենք հետաքրքիր և բազմաբովանդակ մեկ ամբողջական հեքիաթ-ֆիլմ:
Այս մեթոդով սովորողները ձեռք են բերում ինքնուրույնություն, սովորում են աշխատել թիմերով՝ մեկը մյուսին օգնելով, ազատվում են տարբեր տեսակների բարդույթներից, վախերից, սովորում են լսել միմյանց, զարգանում են նրանց մտածելու, երևակայելու, ստեղծագործելու կարողությունները: Դերային խաղի միջոցով սովորողը ձեռք է բերում մի շարք հմտություններ.
- խոսքի և արտահայտչականության զարգացում
- ընթերցանության հմտությունների զարգացում
- աշխատանք խմբերով
- մեդիահմտությունների զարգացում
- հետազոտելու/ համացանցումորոնելու հմտություններ/
- թվային միջոցները գործածելու հմտություններ
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- երաժշտության, պատկերի, գույների զգացողության, ճաշակի զարգացում
- անկաշկանդ ինքնարտահայտվելու կարողություն, ինքնահսկում։
Համատեղ ստեղծված աշխատանքի հաջող լինելու դեպքում այն կարող է վերածվել թատերական ներկայացման:
Այս մեթոդի կիրառման միջոցով սովորողները, ինչպես նաև դասավանդողը, կսովորեն խաղալ իրենց «դերը» կյանքում: Ինչպես ասում էր Վ. Շեքսպիրը՝ «Կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ»: