Հեռավար ուսուցումը Վիքիփեդիայում սահմանվում է որպես «դասավանդման այնպիսի եղանակ, երբ չի պահանջվում, որ ուսանողը որոշակի վայրում դասընթացին մասնակցելիս ֆիզիկապես ներկա լինի»: Հեռավար ուսուցման մեթոդի կիրառումը այսօր անմիջականորեն կապվում է նորագույն տեխնոլոգիաների զարգացման, համացանցի, մեդիակրթության հետ: Անվիճելի փաստ է, որ համացանցն այսօր դարձել է հրաշալի միջոց վիրտուալ ուսումնական միջավայր ստեղծելու համար: Մեդիակրթությունը նոր հեռանկարներ է բացում հեռավար ուսուցման զարգացման համար, համացանցը փոխում է սովորելու եղանակները: Հեռավար ուսուցումը սովորողներին նոր հմտություններ և որակավորում ստանալու, նոր ուղղություններով զարգանալու ասպարեզ է բացում: Այն հնարավորություն է ստեղծում բոլոր տարիքի մարդկանց անհրաժեշտ կրթություն ստանալու ողջ կյանքի ընթացքում, վկայականներ, դիպլոմներ ու գիտական ամենատարբեր աստիճաններ ձեռք բերելու հեռավար ուսուցման շնորհիվ:
Հեռավար ուսուցման ուղղությամբ իր առաջին քայլերն է անում նաև մեր կրթահամալիրը: Արդեն մի քանի տարի է, ինչ ես մեր մանկավարժական քոլեջի հեռակա բաժնում սովորող ուսանողների հետ աշխատում եմ հեռավար ուսուցման մեթոդով: Պիտի խոստովանեմ, որ այս ուսանողներին դեմքով չեմ ճանաչում (և դա կարևոր էլ չէ), սակայն մեր միջև հաստատվել են աշխատանքային ջերմ փոխհարաբերություններ: Մեր ուսանողները տարբեր տարիքի մարդիկ են, ովքեր աշխատում են Երևան քաղաքի և հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներում և դպրոցներում: Ուսումնական տարվա սկզբին գրասենյակի աշխատակիցը բոլոր ուսանողների համար բացել է էլեկտրոնային հասցեներ, և մեր հեռավար ուսուցումն այսօր իրականացվում է այդ հասցեներով: Ասել է թե մասնագիտական գիտելիքներից զատ՝ նրանցից շատերը իրենց առաջին քայլերն են անում համակարգչային գրագիտության ասպարեզում՝ մուտքագրում, պատճենում, զետեղում, տիրապետում են իրենց էլեկտրոնային փոստը վարելու հմտություններին, անծայրածիր համացանցից գտնում, առանձնացնում իրենց անհրաժեշտ տեղեկատվական նյութը: Խոսքի մշակույթի առաջին կիսամյակի հեռավար առաջադրանքը, որ կազմել էի, միտված էր ուսանողների գրագիտության, բառապաշարի հարստացման, ստեղծագործական երևակայության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ուսանողի աշխատանքային միջավայրի, գործընկերների ներկայացմանը, մանկավարժական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Ուսանողներից շատերը, իրենց ուղարկված տասը առաջադրանքները ամբողջությամբ կատարելով, մեկ նամակով հետ են ուղարկել իմ հասցեին: Բայց եղան ուսանողներ, ովքեր առաջադրանքները մաս-մաս կատարելուց հետո էին ուղարկում: Ավելին՝ մեր միջև ակտիվ նամակագրություն էր իրականացվում. ուսանողներից ոմանք անհանգստություն ունեին, թե իրենց նամակներն արդյոք հասում են ինձ, ես ստացել եմ, թե՞ ոչ: Այս փաստը, անշուշտ, խոսում է էլեկտրոնային տարբերակով հաղորդակցվելու միջոցով առաջին քայլերն անող ուսանողի պատասխանատվության ու պարտաճանաչության մասին: Ուսանողների աշխատանքների մի մասը՝ առավել հաջողվածները, ես հրատարակել եմ իմ բլոգում և այդ մասին տեղեկացրել նրանց: Կարծում եմ ՝ սա կխրախուսի ուսանողներին և ավելի կխթանի նրանց ակտիվությունը: Առաջիկայում՝ 2014 թվականին, հարկավոր է բացահայտել հեռավար ուսուցման զարգացման նոր ուղիներ: Էլեկտրոնային հասցեներով հեռավար հաղորդակցման տարբերակին կարող է փոխարինել մի այլ ասպարեզ. խոսքս բլոգի մասին է: Բլոգավարությունն ավելի կխորացնի ու կզարգացնի ուսանողների համակարգչային գիտելիքները՝ նոր հմտություններ ու կարողություններ հաղորդելով նրանց: Բլոգն ավելի ընդարձակ վիրտուալ տարածք է, և հեռավար ուսուցման ուսանողը հնարավորություն կունենա իր համար գիտելիքի նոր աստիճան ապահովելու: Բլոգը նաև ինքնաարտահայտման նոր հնարավորություն կընձեռի նրան, ուստի հեռավար ուսուցման հերթական առաջադրանքները պետք է միտված լինեն բլոգի հետ կպված նոր խնդիրներ լուծելուն:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան