«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը

7

Ապագան՝ այս տարօրինակ սպառնալիքը …

Ձմռան մի երեկո Նատալին հեկեկալով վազելով իջնում է քոլեջի աստիճաններով: Նա վշտացած է և այդ վիշտը ուզում է լսելի դարձնել. նա բետոնե պատերն օգտագործում է որպես ռեզոնատոր: Նա դեռ լրիվ երեխա է, ու մարմինը զրնգուն աստիճանների վրա կշռում է մոտավորապես այնքան, որքան կկշռեր փոքրիկ երեխան:

Ժամը վեցն անց կես արդեն գրեթե բոլոր սովորողները գնացել էին տուն: Ուսուցիչներից միայն ես էի մնացել, և ես անցնում էի այդտեղով: Աստիճանների վրա ոտնաձայներ լսեցի՝ տամ-տամ, այնուհետև՝ հեծկլտոց:  Օհո, մտածում է ուսուցիչը, նորից դպրոցական  տառապանք, սարսափելի բան չկա իհարկե, այնքան էլ մեծ չէ վիշտը: Եվ  Նատալին հայտնվում է ներքևի աստիճանին: Դե, Նատալի,  այս ի՞նչ թախիծ է: Ես ճանաչում եմ այս աշակերտուհուն, ես նրան դասվանդել եմ անցյալ տարի՝ վեցերորդ դասարանում: Անվստահ մի երեխա է, որին անհրաժեշտ է միշտ  վստահություն ներշնչել:
— Ի՞նչ է պատահել, Նատալի՛:
Սկզբում դիմադրում է.
-Ոչի՛նչ, պարոն, ոչինչ:
-Ուրեմն, իմ մե՛ծ աղջիկ, դու մեծ աղմուկ ես բարձրացնում ոչինչի համա՞ր:
Նա սկսում է ավելի ուժեղ հեկեկալ և վերջապես հեկեկոցով պատմում է իր դժբախտության մասին.
— Պա…արոն, ես, ես… ես…. Չեմ կարողանում….ես չեմ, չեմ… հաս…հասկանում:
— Ի՞նչ չես հասկանում: Ինչը չես կարողանում։
— Բարդ… ստո…
Եվ հանկարծ խցանը դուրս է թռչում, և նա մի շնչով ասում է.
— Զիջման պարագայով բարդ ստորադասկան նախադասությունը….
Լռություն:
Միայն թե չծիծաղեմ:
— Զիջման պարագայով բարդ ստորադասկան նախադասություն: Դու դրա՞ պատճառով ես այս վիճակում հայտնվել:

Ի՜նչ թեթևություն: Ուսուցիչը շատ արագ և շատ լուրջ սկսում է մտածել վերը նշված նախադասության վերաբերյալ. ինչպե՞ս բացատրի այս աշակերտուհուն, որ այդքան տանջվելու կարիք չկա, որ նա այդ անիծյալ նախադասությունը գործածում է առանց այն իմանալու (ի դեպ ամենասիրածներիցս մեկն է, եթե իհարկե կարելի է մի ստորդասականը ավելի շատ սիրել, քան մյուսը): Մի նախադասություն, որը հնարավոր է դարձնում բոլոր տեսակի քննարկումները. առաջին պայմանը մտքի ճարտարությունն է, ճիշտ է, այստեղ պետք է հիշել ինչպես անկեղծության, այնպես էլ չարամտության մասին, այնուամենայնիվ առանց զիջման չկա հանդուրժողականություն, փոքրի՛կս, ողջը հենց դա է, հարկավոր է միայն հիշել շաղկապները, որոնք էլ կազմում են այդ ստորադասական նախադասությունը, օրինակ՝ չնայած, թեև, հակառակ։ Զգո՞ւմ ես, թե ինչպես են այս բառերը մեզ տանում դեպի նրբախոսություն, որտեղ պետք է նկատի ունենալ ամեն ինչ, այս ստորադասական նախադասությունը քեզ ավելի շրջահայաց ու խելացի աղջիկ կդարձնի, որը պատրաստ է լսելու խոսակցին, այլ ոչ թե պատասխանելու չգիտես թե ինչ։ Դու կդառնաս խելացի կին, գուցե նույնիսկ փիլիսոփա, ահա թե ինչ կարող է քեզ տալ բարդ ստորադասական նախադասությունը՝ պայմանի պարագա ստորադասով: Այսպես ուսուցիչը սկսում է: Արդյո՞ք հնարավոր է մխիթարել այս աղջնակին քերականության դասով: Տեսնենք:

— Նատալի՛, դու ունես հինգ րոպե, արի ես քեզ բացատրեմ: Դասարանը դատարկ է, նստիր և ինձ ուշադիր լսիր. ոչ մի դժվար բան չկա:
— Հիմա՝ ի՞նչ. հասկացա՞ր: Մի օրինակ բեր, որպեսզի համոզվեմ, որ հասկացել ես:
Ճիշտ օրինակ է բերում: Հասկացել է: Լավ: Դե, ինչ, այսպես լա՞վ է: Չհավատաք. ոչ մի բան էլ լավ չէ: Արցունքների նոր նոպա, բարձր հեկեկոց, և հանկարծ մի նախադասություն, որը երբեք չեմ մոռանա:
— Դուք հասկանո՞ւմ եք, պարոն, ես տասներկուսուկես տարեկան եմ, բայց դեռ ոչինչ չեմ արել:

Վերադառնալով տուն՝ գլխումս դեռ պտտվում էր այդ նախադասությունը: Ի՞նչ էր ուզում ասել այդ աղջնակը: «Ոչինչ չեմ արել»։ Համենայնդեպս, ոչ մի վատ բան, անմեղ Նատալի: Ես պիտի սպասեի հաջորդ երեկոյին, որպեսզի իմանայի, որ Նատալիի հորը տասը տարի հավատարիմ ու օրինավոր պետական ինչ-որ հաստատաությունում ծառայելուց հետո գործից հեռացրել են: Նա այն պետաշխատողներից մեկն էր, որ ընկել էր կրճատման տակ: Մենք ութսունական թվականների կեսերին ենք. մինչ օրս  գործազրկությունը բանվորական մշակույթի, եթե կարելի է այդպես ասել, մի մասն է: Եվ ահա այս տղամարդը՝ երիտասարդ, երբեք իր դերը հասարակության մեջ կասկածի տակ չդրած, օրինակելի աշխատող և հոգատար հայր (ես նրան բազմիցս տեսել եմ դպրոցում, նրան անհանգստացնում էր դստեր ամաչկոտությունը, սեփական անձի նկատմամբ թերհավատությունը) կոտրվել է: Նա իր կյանքի վերջնական հաշվեկշիռն է կազմում: Տանը՝ սեղանի շուրջ, չի դադարում կրկնել. «Ես երեսուներկու տարեկան եմ, բայց դեռ ոչինչ չեմ արել»:

8

Նատալիի հայրը սկիզբ էր դնում այն դարաշրջանին, որտեղ ապագան հենց ինքն էլ զրկված էր ապագայից, մի հարյուրամյակ, որի ընթացքում դպրոցականները բոլոր կողմերից լսում էին նույն բանը՝ երեխանե՛ր, վերջացել են փողը և հեշտ սերը: Գործազրկություն և սպիդ. ահա թե ինչ է բոլորիս սպասվում: Այո, ահա թե մենք՝ ծնողներս և ուսուցիչներս, ինչ էինք լցնում նրանց գլուխները գալիք տարիների ընթացքում, որպեսզի նրանց ավելի մոտիվացնեինք:Մշուշոտ խոսակցություններ: Ահա թե ինչն էր Նատալիի լացի պատճառը: Նա ժամանակից շուտ տանջվում էր, նա լաց էր լինում իր մեռած ապագայի համար: Եվ հետո իրեն մեղավոր էր զգում, որ իր քերականական խնդիրներով շատ դանդաղ, օրեցօր սպանում է իր ապագան: Այնուամենայնիվ, ճշմարիտ է նաև, որ նրա ուսուցիչը ավելի լավ բան չէր գտել, քան անընդհատ կրկնելը, թե աղջկա գլխում շիլաշփոթ է:
— Ասում ես՝ շիլաշփո՞թ: Թող լսեմ, — ես նրա գլուխը թափահարեցի ուշադիր բժիշկի պես: Ո՛չ, այնտեղ ոչ մի բան չի շարժվում: Նա ամոթխած ժպտաց: Սպասիր: Ես մատով թխկթխկացրի նրա գլխին, ինչպես փակ դուռն են թակում:
— Ոչ ,ես քեզ վստահեցնում եմ, այնտեղ հիանալի ուղեղ կա, ես լսում եմ մի հիանալի ձայն, հաստատ նման ձայն կարող են հանել միայն խելքով լիքը գլուխները: Եվ ահա՝ վերջապես ժպտում է:

Այս տարիների ընթացքում ինչքա՜ն տխրություն ենք լցրել նրանց հոգիները: Որքան եմ ես հավանում Մարսել Էմեի ծիծաղը՝ բարի ու խորամանկ, երբ նա գովաբանում է խելքը իր որդու, որ ամենից շուտ էր զգացել գործազրկությունը:
-Իսկ դու, Էմի՛լ, դու ավելի խորամանկ ես, քան քո եղբայրը: Քանի որ դու ավագն ես, կյանքն ավելի լավ ես ճանաչում: Այնուամենայնիվ, ես քեզ համար չեմ անհանգստանում. դու կարողացար դիմակայել փորձություններին ու քանի որ դու մատդ մատիդ չես տվել ամբողջ կյանքիդ ընթացքում, ուրեմն շատ լավ պատրաստվել ես այն նրան, ինչ քեզ սպասվում է: Գործազուրկի համար ամենից դժվարն այն է, որ նա մանկուց սովոր չէ նման կյանքին: Դա նրանից ուժեղ է, նրա ձեռքերը քոր են գալիս, աշխատանք են ուզում: Քեզ համար հանգիստ եմ. ձեռքերդ քոր չեն գա, համենայնդեպս, աշխատանքի համար:
— Համենայնդեպս, ես գրեթե սահուն կերպով կարդալ գիտեմ,- առարկում էր Էմիլը:
— Դա ևս մեկ անգամ հաստատում է քո խորամանկությունը: Առանց չարչարվելու և աշխատանքի նկատմամբ վատ սովորություններ ձեռք բերելու դու այնուամենայնիվ կարողանում ես թերթում հետևել «Տուր դը Ֆրանսին», ինչպես նաև սպորտային մեծ մրցույթների արդյունքներին, որոնք հրապարակվում են թերթերում գործազուրկների համար: Չէ, դու իսկապես բախտավոր ես:

9

Անցել է ավելի քան քսան տարի: Այսօր գործազրկությունը իրականում մտել է բոլոր մշակույթներ: Մասնագիտական ապագան մեր շրջանակներում ոչ բոլորին է ժպտում, սերը կորցրել է իր փայլը, իսկ Նատալին հիմա 36 (մի քիչ ավելի) պետք է որ լինի: Գուցե նա տասներկուամյա աղջկա մայր է: Հետաքրքիր է՝ Նատալին գործազո՞ւրկ է, գո՞հ է իր հասարակական դերից: Մոլորվա՞ծ է մենության մեջ, թե՞ երջանիկ է սիրո մեջ: Խելացի՞ կին է, թե՞ զիջման մասնագետ: Իրարանցո՞ւմ է առաջացնում ընտանեկան սեղանի շուրջ, թե՞ առաջին հերթին շատ լուրջ մտածում է՝ ինչ տրամադրությամբ իր աղջիկը կմտնի դպրոց:

10

Մեր վատ սովորողները (սովորողներ, որոնք ասես թե զրկված են ապագայից) երբեք դպրոց չեն գալիս միայնակ: Դասարան մտնում է ոչ թե աշակերտը, այլ ինչ-որ մի սոխ՝ բաղկացած մի քանի շերտ տառապանքից, վախից, անհանգստությունից, քինախնդրությունից, բարկությունից, չբավարարված ցանկություններից, սարսափելի մերժումներից, որոնք ամոթալի անցյալի, սպառնացող ներկայի և դատապարտված անցյալի հիմքում են: Ահա, տեսեք, թե ովքեր են գալիս չձևավորված մարմիններով, իսկ ուսերին՝ իրենց ընտանիքների ծանր բեռը: Դասը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ այդ բեռը վայր կդրվի, իսկ սոխը կկլպվի: Դժվար է դա բացատրել, բայց երբեմն նույնիսկ մեկ հայացքն էլ, մեկ բարի խոսքն էլ՝ վստահելի, հասկացող, խելացի մեծ մարդու խոսքը բավարար է, որ ցրվեն այդ վախերը, թեթևացնեն նրանց հոգիները և նրանց տանեն դեպի խիստ որոշակի ներկա:

Բնականաբար, այդ բարեգործությունը կունենա ժամանակավոր բնույթ, դպրոցի շեմից դուրս սոխը կմնա սոխ, և անկասկած հաջորդ օրը հարկավոր է ամեն ինչ նորից սկսել: Բայց հենց սա է դասավանդելը. ամեն անգամ կրկնել նորից ու նորից՝ մինչև կվերանա ուսուցչի կարիքը:

Եվ եթե մեզ չի հաջողվում մեր աշակերտներին տեղ հատկացնել մեր դասի ներկա ժամանակում, և եթե մեր իմացությունը և դրա գործածության ձևը սերմ չեն ձգում այս տղաների ու աղջիկների մեջ, սերմանել բայի հենց բուսաբանական իմաստով, ապա նրանց ապագան կերերա փոքրիկ ջրափոսերի վրա, ու նրանք կունենան թերարժեքության զգացում:

Իհարկե, մենք միակը չենք, որ նրանց ճանապարհին հանդիպել ենք և չենք կարողացել նրանց ժամանակին կատարելագործել, բայց այնուամենայնիվ, այս ապագա կանայք ու տղամարդիկ իրենց երիտասարդության մեկ կամ մի քանի տարիները կանցկացնեն մեր առջև նստած: Եվ սա, իհարկե, կատակ չէ. մեկ ձախողած դպրոցական տարին մի ամբողջ հավերժություն է ապակե անօթում:

11

Սովորեցնելու համար հարկավոր էր հատուկ ժամանակաձև մտածել: Օրինակ՝ «մարմնավորման» ներկա: Ահա ես այստեղ եմ՝ դասարանում, և ահա վերջապես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Իմ ուղեղը տարածվում է ամբողջ մարմնովս մեկ, այն մարմին է առնում: Երբ ամեն ինչ խառն է, երբ ոչինչ չեմ հասկանում, ես անմիջապես քայքայվում եմ, ես մասնատվում եմ այն ժամանակում, որը ոչ մի կերպ չի անցնում։ Ես փոշիանում եմ, և ամենաչնչին հոսանքն անգամ ինձ ցրում է անմնացորդ: Որպեսզի իմացությունը հնարավորություն ունենա մարմնավորվելու դասի ներկա ժամանակում, պետք չէ նրանց անցյալով ամաչեցնել և ապագայով վախեցնել:

Շարունակությունը

Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարը՝ Արմինե Գյոնջյանի

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Թարգմանիչ՝ Կարինե Թևոսյան

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով