Ձեր հեռախոսի զանգը հայտնի հիթի՞ց է։ Ձեզ զանգեցին, երբ փողոցում էիք կամ խանութո՞ւմ։ Շնորհավորում եմ։ Դուք հանցագործ եք։ Քաղաքացիական կոդեքսի 4-րդ մասի տառի համաձայն դուք սպառողների անորոշ շրջանակում տարածել եք մի ստեղծագործություն, որի հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Թեպետ՝ Բախը կամ Մոցարտը Ձեզ դատի չեն տա. նրանց ստեղծագործությունը վաղեմության ժամկետով հանրային սեփականության կարգավիճակ են ձեռք բերել, բայց կարող է կատարողը վիրավորվել, ում ձայնագրությունը պահվում է ձեր հեռախոսում։ Նրա իրավունքները, ինչպես իրավաբան փաստաբաններն են ասում, նույնպես պաշտպանված են։
Մի քանի ամսից հնարավոր կլինի Շալյապին լսել անարգել։ Նա մահացել է 1938 թվի ապրիլի 12-ին (երբ ձայնագրությունն արդեն միանգամայն պատշաճ արդյունք էր տալիս), բայց երկրներից շատերում, այդ թվում և Ռուսաստանում, պատճենելու իրավունքը հեղինակի մահից հետո պաշտպանվում է ընդամենը 70 տարի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաղեմության ժամկետը երկարացված է մինչև 90 տարի, և ՀԱԿ-ի (համաշխարհային առևտրի կազմակերպություն) միջոցով այն փաթաթում է ողջ աշխարհի վզին։ Այդպես որ գնա, 1910թվի նոյեմբերի 10-ին մահացած կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյի ձայնագրությունները նույնպես արգելքի տակ կընկնեն։
Հետմահու պահանջատիրության ժամկետների երկարացման նախաձեռնողը արդեն մի երկու անգամ Walt Disney Company-ն է եղել։
Ուոլտեր Էլայաս Դիսնեյը մահացել է 1966թ. դեկտեմբերի 15-ին, բայց Միկի Մաուսը որպես հուշանվեր քիչ է մնում ավելի շատ եկամուտ բերի, քան բոլոր նոր ֆիլմերը միասին վերցրած։ Ստեղծագործության համար հետմահու հատուցման գաղափարը ծնվել է Դիսնեյից շատ առաջ։ Դրա առաջին քարոզիչը եղել է Նոյ Ուեբստերը (1758.10.16 -1843.05.28). հանրահայտ «Անգլերենի ամերիկյան բառարանի» ստեղծողը բեղմնավոր է եղել։ Ճիշտ է, Կոնգրեսից կարողացել է պոկել ընդամենը իր հոնարարով երեխաներին 14 տարվա կերակրում. բարեպաշտական օրենքներով ամեն ոք, վաղ թե ուշ պիտի զբաղվի ինքնուրույն աշխատանքով, որպեսզի անձամբ պարզի՝ Աստված բարեհա՞ճ է իր նկատմամբ։
Ուեբստերը դեմ էր առել պինդ հիմնաքարի։ Ամերիկայի Միացյան Նահանգների՝ 1787թվի սեպտեմբերի 19-ին ընդունված Սահմանադրությունն ասում է. «8-րդ բաժին. Կոնգրեսն իրավունք ունի… 8) խրախուսելու գիտություններն ու արհեստները՝ որոշակի ժամանակահատվածով ապահովելով հեղինակի ու հայտնագործողի բացառիկ իրավունքներն իրենց ստեղծագործությունների ու հայտնագործությունների նկատմամբ»։
Ցավոք, ամենևին էլ ոչ բոլոր հեղնակներն ու հայտնագործողներն էին համատեղությամբ նաև արտադրողի ու վաճառողի ընդունակություն դրսևորում։ Պատճենելու իրավունքը հեղինակային իրավունքներից բաժանվել է դեռ անտիկ ժամանակներում։ Շատ ավելի հաճախ ստեղծողներն իրենց վաստակը վաճառում են պրոֆեսիոնալներին` տիրաժավորելու և իրացնելու։ Գաթան հիմնականում բաժանվում է ամերիկյան հայտնի առածի նման. «Մի դոլար նրան, ով մտածել է, տասը նրան, ով կատարել է, հարյուրը նրան, ով վաճառել է»։ Բայց տեխնոլոգիաների կատարելագործումը կրճատում է պատրաստման ծախսերը։ Մշակույթի մի շարք առարկաներ՝ գիրք, երաժշտություն, կինո, հիմա ուղղակի հնարավոր է պատճենել թվային տեխնիկայով, առանց մարդկային ջանք ներդնելու։ Մոտ ապագայում գուցե և ցուցակն ընդլայնվի։ Այսպես, արդեն ստեղծվում են եռաչափ տպիչներ, որ ընդունակ են արագ ամրացող պոլիմերներից, փաստորեն, ստանալու ցանկացած բան, որ առանձնապես կարծրություն չի պահանջում։ Նշանակում է՝ ստեղծողի դերը պիտի բարձրանա։ Պե՞տք է արդյոք համապատասխանաբար ավելանան պատճենողի իրավունքների սահմանափակումները։
Մի գիրք գրելու համար հարկավոր է տասնյակները կարդալ՝ սկսած այբբենարանից։ Որպեսզի գիրքը, բացի ամենահանդուրժող ազգականներից, էլի որևէ մեկը կարդա, յուրացրած նյութը հարյուրներով պիտի չափվի։ Իսկ պատմության մեջ մնում են այն աշխատությունները, որոնց հեղինակները հոգով ու մտքով խորացել են նախնիների բազմահազար ստեղծագործություններում։
Սըր Այզեկ Նյուտոնը առաջնայնության շուրջ մի թեժ վեճի ժամանակ ասել է. «Եթե ես մյուսներից ավելի հեռուն եմ կարողացել տեսնել, պատճառն այն է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»։ Նրա հիմնական մրցակից Ռոբերտ Հուկը ցածրահասակ էր։ Հուկը Թագավորական ընկերության ցուցարարն էր. նրա պարտականությունն էր հարգարժան ակադեմիկոսներին ամեն շաբաթ մի նոր երևույթ ցույց տալը։ Հասկանալի է, նա իր դարաշրջանի մեծ հայտնագործություններից շատերի մասնակիցն է եղել։ Ցավոք, միայն ut tensio sic vis (ինչպիսին լարումն է, այնպիսին էլ ուժն է՝ ճկուն դեֆորմացիան համեմատական է լարմանը) օրենքն է պատմության մեջ մտել որպես Հուկի օրենք։ Նյուտոնը, դառնալով ընկերության ղեկավար, արխիվից ոչնչացրել է ոչ միայն ներկայացրած տեքստերը, այլև նրա դիմանկարները։
Ինչպես հաճախ լինում է, ձևակերպումն իր հեղինակից խելացի էր։ Մարդը մյուս կենդանիներից տարբերվում է նախ և առաջ նրանով, կարողանում է ուրիշի փորձը յուրացնել ոչ միայն անմիջականորեն տեսնելով, այլև պատմածով։ Նույնիսկ մեծ հանճարների ստեղծագործություններում իրենց սեփական աշխատանքը կազմում է լավագույն դեպքում հազարերորդ մասը։ Մնացածը նախորդների ներդրումն է։
Ընդհանուր առմամբ մարդկությունն արդեն վաղուց գիտակցում է այդ հարաբերակցությունը։ Դրանից է, մասնավորապես, բխում գիտական մեջբերումների կարգը՝ կարելի է հիմնավորել սեփական աշխատությունը ցանկացած նախորդողներով, բայց պարտավոր եք պարզ նշելու, թե հատկապես ինչը և ինչ ձևով է անմիջականորեն օգտագործվել աշխատության մեջ։ Արվեստում նույն գաղափարից ծնվել է «ցենտոն» հետաքրքիր ժանրը, որ ամբողջովին կազմված է հեշտ ճանաչելի ասույթներից, և այնուամենայնիվ, հեղինակի պատշաճ վարպետության դեպքում ունի ինքնուրույն գեղարվեստական արժեք։
Ի դեպ՝ ճարպիկ մկնիկը բանահյուսության մշտական պերսոնաժն է։ Դիսնեյի ֆիլմերի շատ թեմաներ վերցված են նրանցից, ովքեր նույնիսկ չեն մտածել իրենց կատակները յուրացնելու արգելքի մասին։ Իսկ ասենք, «Վիլլի շոգենավի» բոլոր զավեշտները պատճենված են հռչակավոր կոմիկ Բաստեր Կիտոնի ֆիլմից. ընդ որում նա, որքան հայտնի է, գրոշ անգամ չի ստացել Դիսնեյից։
Պատճենման իրավունքի ժամանակակից սահմանափակումները կտրում են ստեղծագործական ձեռքբերումների փոխանցման շղթան, որ ձգվում է հազարամյակների խորքից։ Մագլցելով հսկաների ուսերին՝ այսօրվա հեղինակներն ուզում են, որ իրենց վրա, ինչքան հնարավոր է՝ կենդանության օրոք և տասնամյակներ մահից հետո, ոչ ոք չկարողանա հենվել։ Ժամանակակից հումանիտար ակադեմիայի հիմնադիր հայրերի նպատակը, ընդ որում, նույնպես չի իրագործվում։ Ասենք, Դիսնեյի ֆիրման լավ կյանքից չէ, որ այդպես կառչում է Միկի Մաուսից ստացվող եկամուտից. ավելի հանրահայտ բան մինչև հիմա չեն ստեղծել ո՛չ մեծ անիմատորը, ո՛չ նրա հետնորդները։ Իհարկե, բոլորովին էլ երաշխավորված չէ, որ ստեղծագործողները հռչակավոր մկնիկի ֆինանսական բարձի բացակայության դեպքում նոր չգերազանցված գլուխգործոցներ կստեղծեին։ Բայց անհրաժեշտությունը գյուտարարության մայրն է։
Ճշմարիտ ստեղծագործողը հազվադեպ է հոգ տանում իր ստեղծագործության համակողմանի պաշտպանության համար։ Նա, իհարկե, չի հրաժարվի դրանց վարձատրությունից, բայց, այնուամենայնիվ, նրա համար, որպես կանոն, նորից ստեղծագործելու հնարավորությունն ավելի կարևոր է։ Այսպես, կոմպոզիտորների ու գրողների, երգիչների ու դերասանների համար աշխատանքը բավականություն է։ Նոր համերգները, ներկայացումները, ֆիլմերը նրանց ոչ միայն փող, այլև երջանկություն են բերում։
Իսկ եթե նոր բան ստեղծելու համար պետք են ոչ միայն սեփական գաղափարները, ոչինչ, «մերոնք են, կպայմանավորվենք»։ Ուիլիամ Շեքսպիրի ու Լոպե դե Վեգայի պիեսներից շատերի թեմաները հայտնի են և բազմիցս մշակվել են նրանցից շատ առաջ։ Ժան Բատիստ Պոկլենը (Մոլիերը) բացեիբաց խոստովանել է. «Ինձ պետք եկածը վերցնում եմ այնտեղից, որտեղ գտնում եմ»։ Իվան Անդրեևիչ Կռիլովը առակներ էր գրում Ժան դե լա Ֆոնտենի թեմաներով, լա Ֆոնտենը՝ Եզովպոսի թեմաներով, իսկ Եզովպոսի թեմաների աղբյուրը կորչում է դարերի խորքում։
Այսօր այս բոլոր հեղինակները պատճենման իրավունքի խախտման հարյուրավոր հայցերի պատասխանողները կլինեին։ Իսկ շատ ֆիրմաների ինժեներներին արգելված է ուսումնասիրել պատենտային ֆոնդերը. եթե պատահաբար արդեն ստեղծվածին նման մի բան հորինես, արգելքը գոնե գիտակցված գրագողության մեղադրանքից խուսափելու հնարավորություն կտա։
Ինչո՞ւ են ստեղծագործողները հաճախ պաշտպանում պատճենման սահմանափակումները, որոնք խփում են հենց իրենց շահերին։
Ռոբերտ Պեն Ուորենի «Բոլոր թագավորական այրերը» վեպի հերոս Վիլլի Սթարքը իր նախատիպի համեմատ ազնվականացված է։ Լուիզիանայի նահանգապետ Հյու Փիրս Լոնգը շատ ավելի մոտ է Բեզիլ Ուինդրիպին՝ «Մեզանում դա հնարավոր է» վեպի հերոսին։ Հերրի Սինքլեր Լյուիսը բացահայտ քարոզ էր տանում Լինգի դեմ Ֆրենկլին Դելանո Ռուզվելտի երկրորդ նախընտրական արշավի շրջանակում։ Ճիշտ է, Ստարկը, ինչպես նաև Լոնգը, ի տարբերություն Ուինդրիպի, սպանվել է անորոշ հանգամանքներում՝ Սպիտակ տուն չհասած։
Լոնգի ագիտացիայի առանցքային կետը բոլոր խոշոր միջոցները բաժանելու խոստումն էր՝ դրանց տերերին ավելի քան 5 միլիոն դոլար թողնելով։ Յուրաքանչյուր ամերիկացի երազում էր հարստանալ, բայց այդքան գումար (այսօրվա հաշվով՝ մոտ 300 միլիոն դոլար) հույս չի ունեցել ձեռք բերելու նույնիսկ ամենագունավոր երազանքներում։
Այսօր ստեղծագործողները պաշտպանում են հենց իրենց կաշկանդող արգելքները` հույսով, որ գլուխգործոց են ստեղծելու, որի եկամուտները թույլ կտան էլ չհոգալ օրվա հացի համար և ստեղծագործել հանուն հաճույքի։ Բայց և այնպես, հաճույք չի լինի. պատճենման սահմանափակումները վերջին հաշվով հենց ստեղծագործելու սահմանափակումներ են։ Դա մտքի նորագույն ձեռքբերումներից կտրում է նրանց, ովքեր ի վիճակի չեն հատուցելու ոչ միայն ստեղծագործողների, այլև իրենց իրավունքները գնողների հավակնությունները։
Թարգմանությունը՝ ռուսերենից
Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան