Խմբից խումբ, դասարանից դասարան, դպրոցից դպրոց շրջելով՝ մանկավարժական աջակցության ուսումնական կենտրոնի հոգեբանին հանդիպում են երեխաների հոգեկան կամ սոցիալական զարգացման զանազան խնդիրներ՝ սկսած հարմարումից, մինչև ներխմբային կոնֆլիկտներ, ագրեսիա, տարիքային առանձնահատկություններ, հուզականություն: Այդ խնդիրների լուծումը հաճախ պետք է տրվի հենց խմբի ներսում: Միևնույն ժամանակ ավելի շատ մարդկանց օգնելը, փորձի փոխանակումը, վարքի նոր ձևեր ճանաչելը, փորձարկելն ու ձևավորելը խմբային աշխատանքի առավելություններից են: Բացի դրանից, խմբային աշխատանքի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի վերլուծելու իր ստացած հոգեբանական բովանդակությամբ ինֆորմացիան, համեմատելու դա մյուս մարդկանց տեղեկատվության հետ: Խմբային աշխատանքի միջոցով կարելի է նաև լուծել անհատի խնդիրները՝ ես-ի գիտակցում, ինքնաճանաչում, ինքնավստահության ձեռք բերում և այլն:
Այս ամենը հաշվի առնելով՝ մեր նախագիծը դարձավ «Միասին»-ը: Ինչո՞ւ «Միասին». որովհետև խմբի, դասարանի անդամները միասին համագործակցելով, մեկ ամբողջություն դառնալով՝ կարող են լուծել ցանկացած խնդիր՝ անհատական, թե խմբային:
Նախագիծը իրականացնելու համար առանձնացրել եմ երկու մեծ խումբ՝
- 5 տարեկանների և առաջին դասարաններ
- չորրորդ ու հինգերորդ դասարաններ:
Հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու խմբի կարիքները՝ նախագծի առջև դրած խնդիրներն էլ են տարբեր: Եթե առաջին դասարաններում ավելի կենտրոնական է հարմարման (ադապտացիայի), ինքնադրսևորման և ճանաչողական ոլորտի զարգացման խնդիրը, ապա չորրորդ-հինգերորդ դասարաններում նախագիծն ուղղված է հուզակամային ոլորտին, սեփական զգացմունքներն արտահայտելուն, բարձրաձայնելուն, հասակակիցների հետ համագործակցելուն, կոնֆլիկտները լուծելուն:
Կիսամյակի ընթացքում յուրաքանչյուր դասարանում նախատեսվում է 8-10 հանդիպում: Առաջին երկու հանդիպումներն ուղղված են լինելու ծանոթությանը, վստահության մթնոլորտ ստեղծելուն, խմբում առկա խնդիրները բացահայտելուն: 5տարեկանների խմբում արդեն ունեցել ենք մեկ հանդիպում: Հանդիպումն օգնեց ճանաչելու սովորողներին անհատապես, ընդգծելու խմբի կարիքներն ու հասկանալու հետագա անելիքները:
Նախագծի ընթացքում կիրառվող հիմնական մեթոդը խաղային թերապիան է, քանի որ խաղի մեջ դրսևորվում են երեխայի անձնավորությունը, նրա անհատական առանձնահատկությունները: Խաղը երեխայի կենսական գործունեության ամենից բնական ձևն է: Խաղի ընթացքում ձևավորվում է ակտիվ փոխներգործություն երեխայի և շրջակա աշխարհի միջև, զարգանում են նրա ինտելեկտուալ, հուզակամային, բարոյական որակները, ամբողջովին ձևավորվում է նրա անհատականությունը: Խաղը երեխային թույլ է տալիս ազատվել հուզական լարվածությունից և ֆրուստրացիայից, որոնք առկա են երեխաների և մեծահասկաների մոտ իրական հարաբերություններում: Խաղային թերապիայից բացի կիրառվելու է նաև արտ-թերապիա և հեքիաթաթերապիա:
Այսպիսով, «Միասին»-ը կարող է՝
- դասավանդողների համար դառնալ շատ լավ «օգնական»,
- ուսումնառության համար ստեղծել խաղաղ, ներդաշնակ մթնոլորտ,
- սովորողներին տալ ինքնաբացահայտման, ինքնադրսևորման «բանալի»,
- իսկ խմբին-դասարանին, իհարկե, համակել մեկ ամբողջության, միասնականության զգացումով։
Հեղինակ՝ Արևիկ Բաբայան