Հատված. գլուխ 15-րդ
Նախաբան
Հեդրիկ Սմիթը 1962-1988 թթ եղել է New-York Times-ի թղթակիցը: 1989-ից մինչև հիմա աշխատում է ամերիկյան հանրային հեռուստատեսության ցանցում PBS (Public Broadcasting Service): Նա համաշխարհային (Իհարկե Հայաստանը այդ աշխարհից դուրս է, որովհետև մենք առաջին անգամ ենք լսում այդ անունը) հռչակ ստացել է իր մի քանի քաղաքական-հրապարակախոսական գրքերով, որոնք իր կատարած լրագրողական հետազոտությունների, հարցազրույցների, վերլուծությունների արդյունքն են` «The Russians (Ռուսները)», 1975թ. Նյու-Յորք, «The New Russians (Նոր ռուսները)», 1990թ. Նյու-Յորք, «Who stole the American dream? (Ո՞վ գողացավ ամերիկյան երազանքը)», 2012թ. Նյու-Յորք: Իր գրքերը քաղաքական թեմայով գրված եզակի բեսթսելլերներ են եղել և թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով: Նա լուսաբանել է պատերազմը Վիետնամում, սառը պատերազմը ԽՍՀՄ-ի հետ, սակայն նրա ամենաարժեքավոր և դրական իմաստով աղմուկ հանած գրքերը վերը նշված երկու գրքերն են ռուսների և նոր ռուսների մասին: Նա Պուլիտցերյան մրցանակի 1974թ. դափնեկիրն է միջազգային լրագրության բնագավառում:
«Նոր ռուսները» գիրքը ծավալուն գործ է` 574 էջ: Գիրքը պատմում է գորբաչովյան «պերեստրոյկայի, գլասնոստի», ելցինյան հեղափոխության, մերձբալթյան երկրների, Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հակամարտության մասին: 324-րդից 5 էջ ամբողջությամբ Աշոտ Բլեյանի և այն ժամանակվա (1989թ. հուլիս) Երևանի 183-րդ դպրոցի մասին է:
Այս ամենը հիանալի է, բայց միևնույն ժամանակ` ցավալի: Ցավալի է, որ ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած այս գրքի մասին, որի 5 էջը մեր դպրոցի ու մեր տնօրենի մասին է, իմանում ենք միայն պատահաբար 25 տարի անց: Հիանալի, ցավալի և միևնույն ժամանակ շատ հաճելի է կարդալ այդ ժամանակները օտարի աչքերով ու մտածողությամբ նկարագրվածը մեր դպրոցի մասին: Դա նման է 25 տարի առաջ թաքուն արված քո լուսանկարի, որը պատահաբար քո ձեռքն է ընկնում, և որին նայելով չես կշտանում: Հիանալի, ցավալի, հաճելի. այս է մեր կյանքը:
Յուրա Գանջալյան
7.07.2014
Հայաստանը և Ադրբեջանը` Սովետական Լիբանան
«Այս երկրում մենք միայն մի իրավունք ունենք` մեզ պատկանող տարածքի իրավունքը: Սա մեր հանրապետության, մեր ազգի հիմնական իրավունքն է: Այսպիսով տարածքի համար մեր պայքարը դառնում է մեր արժեքի, արժանապատվության համար պայքար, որպես ժողովուրդ, որպես ազգ»:
Ռաֆատ Նովրոզով, ադրբեջանացի տնտեսագետ
Մարտ 1990
«Այսօր շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք այս քաղաքը իրոք մեզ է պատկանում, թե արդյոք այս երկիրը իրոք մեր ժողովրդին է պատկանում: Այս ամենը վերջապես իրականություն պետք է դառնա: Եվ մեր համար ետդարձի ճանապարհ չկա»:
Աշոտ Մանուչարյան, հայ ուսուցիչ
Հուլիս 1989
Հայաստանի մայրաքաղաք Երևանում իմ առաջին կանգառը լինելու էր թիվ 183 դպրոցը, բայց երբ ժամանեցինք այնտեղ, վստահ էի, որ վարորդը սխալվել է: Բազմահարկ, բազմաբնակարանոց շենքերի արանքում մի խուլ պատի առաջ կանգնեցինք: Այն, ինչի առջև կանգնած էինք, իր լավ օրերը վաղուց տեսած երկու հարկանի մի մռայլ ու կուչ եկած շինություն էր: Թվաց, թե շենքը մռայլ ու դժգույն, մոխրագույն բնակարաններով, մոխրագույն բծավոր քարերով երեսպատված բազմահարկ շենքերի կիրճում էր, որն ամբողջ թաղամասին մելամաղձոտ տեսք էր տալիս:
Ես լսել էի, որ թիվ 183 դպրոցը այսօրվա Հայաստանի ամենահետաքրքիր և հայտնի դպրոցն է, և ակնկալում էի ինչ-որ ժամանակակից, այսօրվա դրամատիկորեն վերածնվող Հայաստանի ազգային ոգին խորհրդանշող ինչ-որ մի բան: Բայց դա ռմբակոծված, լքված ու անկենդան մի վայր էր հիշեցնում:
Սովետները սովորաբար ֆետիշացնում են պաշտոնական տիտղոսները, ցուցատախտակները, բայց ոչ մի ցուցանակ չէր մատնանշում, որ այդ շենքը դպրոց է: Մի քանի առաջնային պատուհաններ կոտրված էին, իսկ հարակից մայթն աղտոտված էր կոտրված ապակու կտորներով, անկանոն թափված քարերով և այլ փլատակային բեկորներով: Խաղահրապարակի նշույլ չկար, մի թիզ խոտածածկ տարածք չկար:
«Սա նման չէ դպրոցի,- ասացի վարորդին,- Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ տեղում ենք»: Նա մի մեծահասակ ու սակավախոս հայ էր ու գլխով արեց: Ինձ վստահեցնելու համար նա անջատեց շարժիչը, հետ ձգվեց, ծխախոտ հանեց և սպասողի դիրք ընդունեց: Տեսնելով իմ ահաբեկված տեսքը՝ նա մի լայն ատամնաշարային քմծիծաղ տվեց: Ես իջա մեքենայից ու մոտեցա շենքին, բայց չկարողացա որևէ դուռ բացել: Բավականին ժամանակ գոռացինք, մինչև ինչ-որ մեկը վերջապես եկավ և ինձ ու իմ ուղեկիցներին ներս թողեց, չնայած որ տնօրենը և ուսուցիչների մի խումբ պետք է որ սպասելիս լինեին մեզ: Գլխավոր ճեմասրահը մի չարագուշակ, անկենդան զգացում առաջացրեց: Ամառ էր, ուստի սովորողներ չկային, բայց դա դեռ քիչ էր. ամենուրեք դատարկություն էր, կարծես ամեն ինչ բարբարոսաբար կողոպտված լիներ: Սրահի վերջում, անկյունի մոտ ես ի վերջո կյանքի որոշ նշաններ նկատեցի: Պատի մոտ աթոռներ ու գրասեղաններ էին բուրգաձև կիտված, իսկ մի էլեկտրիկ էլ առաստաղի լամպի ամրակն էր փոխում: Մի սենյակից մուրճի ձայն էր լսվում. ինչ-որ մեկը նորոգման աշխատանք էր կատարում: Ըստ երևույթին նախասրահն այդքան դատարկ էր, որովհետև դպրոցում սովետների ասած «ռեմոնտ» էր ընթանում` հիմնական վերանորոգման աշխատանքներ էին կատարվում:
Մի քիչ այն կողմ երաժշտության ձայն լսեցի, իսկ վերևի հարկում հանդիպեցի ուսուցիչների. շուրջպար բռնած հայ կանայք էին, որոնց թևերը մեկ-մեկու ուսերին էին: Նրանք հետևում էին մի բարեկազմ մորուքավոր պարուսույցի ցուցումներին և շարժվում էին մի պարզ հնաոճ ժողովրդական պարեղանակի ռիթմերին համահունչ, որը ֆլեյտայի նման մի երաժշտական գործիք էր հնչեցնում[1]:
Խորհրդային շատ շենքերի ճակատային մասերի նման թիվ 183 դպրոցի արտաքինը խաբուսիկ էր, բայց այս դեպքում բոլորովին հակառակ իմաստով էր խաբուսիկ: Մեծ մասամբ սովետական շենքերի ճակատային մասերը չափազանցնում են հաստատությունների իրական կարևորությունը և հաջողությունը, բայց այս դեպքում մեռած արտաքինը թաքցնում էր դինամիկ ներքինը։ Դպրոցը փթթուն ջերմոց էր: Դպրոցի վարչակազմը գործուն հավատարմությամբ էր վերաբերվում իր գործին, որը շատ էր անսովոր խորհրդային ուսուցիչների համար: Նրանք սերտ կապեր ունեին համայնքի հետ, ու այստեղ ժողովրդավարական ոգի էր տիրում, որը խթանում էր սովորողների ակտիվությունը: Կոտրված հեռախոսով ու երկու գրասեղանով մի դատարկ գրասենյակում երիտասարդ տնօրենը` Աշոտ Բլեյանը, բացատրում էր, թե ինչպես էր թիվ 183 դպրոցը հեղափոխում հայկական կրթական համակարգը՝ վերակենդանացնելով հայկական հին մշակույթը՝ երաժշտությունը, ժողովրդական արվեստը, լեզուն, պարը: Նա և իր ուսուցչական անձնակազմը զարմանահրաշ նոր կրթական ծրագիր էին ստեղծում: Այլ հանրապետություններում մարդիկ երազում էին նորոգել և վերափոխել իրենց դպրոցները, իսկ այստեղ նրանք դա անում էին:
Իմ կենսափորձից գիտեի, որ ազգային հանրապետություններում խորհրդային կրթական համակարգը երկու տեսակի դպրոց էր նախատեսում` «ռուսական» դպրոցներ, որտեղ բոլոր դասընթացները ռուսերեն էին տրվում, և «ազգային» դպրոցներ, որոնցում գլխավոր լեզուն տվյալ ազգինն էր` ռուսերենի միաժամանակ դասավանդմամբ: Թիվ 183 դպրոցը ազգային էր: Այն ուներ 2300 սովորողների հայկական դասարաններ և 200 սովորողների ռուսական դասարաններ: Աշոտ Բլեյանին մտահոգողն այն էր, որ նույնիսկ այդ հայկական դպրոցը բռնի ուժով ռուսական կաղապարի մեջ էր դրվել: Բլեյանն ասաց ինձ. «Ինչպես գիտեք, այս ամբողջ երկրում դպրոցներն ունեն նույն կրթական ծրագիրն ու ուսումնական պլանը` խորհրդայինը, որը Մոսկվայում է ստեղծվում: Նույն ծրագիրն է, նույն գաղափարները, նույն դասագրքերը, նույն դասընթացները: Ազգությունը նշանակություն չունի: Օրինակ՝ երաժշտության նույն ծրագիրն է գործում Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդավիայում, Հայաստանում: Համակարգը թույլատրում է միայն նվազագույն չափով տեղային տարբերակումներ: Դասավանդվում է ռուսական երաժշտություն: Մեր երեխաները ստիպված են ունկնդրել և սովորել վերջին 70 տարիներին (խորհրդային ժամանակաշրջանի) երգահանների ստեղծած երաժշտությունը: Հայաստանը 2000 տարվա երաժշտական ավանդույթ ունի, որը պետք է կլանեն մեր հայ երեխաները, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում հայ լինելը»:
Շատ ռուսների համար այդ խոսքերը կոպիտ ու վիրավորական կհնչեին: Հազվադեպ էր պատահում, որ ռուս էր ճամփորդում մեզ հետ, սակայն այդ օրը մեզ հետ էր ազգությամբ ռուս Գերման Սոլոմատինը, որը Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեից էր: Ես զգում էի Սոլոմատինի լարվածությունը, երբ Բլեյանը խոսում էր: Նրան նյարդայնացրեց Բլեյանի այն միտքը, որ ռուսները ճնշել են հայկական մշակույթը: Ըստ կարգավիճակի՝ Սոլոմատինը պետք է չեզոք, լուռ դիտորդ լիներ, բայց նա հազիվ էր կարողանում տիրապետել իրեն: Ի վերջո քննադատաբար կառչեց Բլեյանի խոսելաձևին` փորձելով որակել նրան որպես անբարեկիրթ: «Դուք տնօրեն եք, ինչու՞ չեք ավելի լավ ռուսերեն խոսում»,- պահանջկոտ տոնով ասաց Սոլոմատինը:
Բլեյանն իմ նկատմամբ քաղաքավարությունից դրդված ռուսերեն էր խոսում, որովհետև ես հայերեն չէի հասկանում։ Բայց Բլեյանի խոսքը պարզ էր ու ճիշտ, թեև ցայտուն հայկական արտասանություն ուներ, որ լեզվաբանական թերություն չէիր համարի: Սոլոմատինը հենց այդ թերության վրա էր հիմնվում: Բլեյանը խոժոռվեց՝ ցույց տալով, որ գիտակցում է, որ իրեն վիրավորում են օտար հյուրերի առջև: «Չեմ կարծում, թե ռուսերեն վատ եմ խոսում»,- պատասխանեց նա՝ հազիվ զսպելով զայրույթը: «Ռուսերեն դասավանդում եմ որպես երկրորդ լեզու»: Սոլոմատինը չհամաձայնեց այս պնդմանը, որովհետև ռուսները կարծում են, որ իրենց սեփական լեզուն գերակա է բոլոր ուրիշ լեզուների նկատմամբ, բայց նրան բարձրաձայն հակաճառելով լռեցրին սենյակում գտնվող չորս կամ հինգ այլ հայ ուսուցիչներ: Երկու կողմերի զայրույթի պոռթկումն ինձ զգալ տվեց, թե որքան են խորքից արթնացել ազգային զգացմունքները: Երբ ձայները բարձրացան, ես մեջ ընկա և խնդրեցի տնօրենին շարունակել իր խոսքը:
«Մենք վերափոխել ենք «ազգային դպրոց» հասկացությունը»,- խոսքը շարունակեց Բլեյանը` սառնորեն հայացքը շրջելով Սոլոմատինից: «Մենք ուզում ենք իմանալ, թե ի՛նչ ենք ուզում և որտե՛ղ ենք հիմա: Սա նշանակում է, որ պետք է վերամշակենք մեր գրականության, երաժշտության, պատմության, թվաբանության ու բոլոր ուսումնական առարկաների դպրոցական դասագրքերը և ծրագրերը: Այսպիսով մեր ուսուցիչները պատրաստել են հայկական երկու երգարան և երաժշտության երկու նոր դասագիրք: Մենք նույնը անում ենք գրականության համար: Մեր գրավոր գրականությունը սկիզբ է առնում 5-րդ դարից: Մենք ունենք ժողովրդական բանահյուսություն, պոեզիա, գրականություն, որ գրված են մեր դասական լեզվով` գրաբարով, որից սերում են մեր ժամանակակից տեղային բարբառները: Հիմա մեր նոր ուսումնական պլանով մեր սովորողները կարող են գրաբար սովորել սկսած 5-րդ դասարանից»:
Բավականին անմեղ ու պարզամիտ ասվեց, բայց ես գիտեի իմ ճամփորդություններից, թե որքան արմատական աշխատանք է իսկական հայկական ուսումնական պլան ու ծրագրեր ստեղծելը մի թիվ 183 դպրոցում և հետո էլ դա ամբողջ Հայաստանի համար օրինակելի մոդել դարձնելը: Խաղաթղթի վրա էր դրված ավելին, քան սոսկ ակադեմիական մոտեցումը: Թիվ 183 դպրոցը թոթափում էր իր վրայից գերիշխող ռուսական մշակույթը և նոր սերնդին զորեղ ազգային գիտակցություն էր շնորհում: Միայն երկու-երեք փոքրաքանակ մերձբալթյան ժողովուրդները և Խորհրդային Վրաստանը կարող էին մրցել հայերի հետ իրենց ազգային մշակույթի և ինքնության հաստատման համար պայքարի ուժով:
Ավելին` թիվ 183 դպրոցը ավելին էր, քան մշակութային վերածննդի կենտրոն լինելը. այն քաղաքական ապստամբության բնօրրան էր: Նրա անձնակազմը, միգուցե, ամենաերիտասարդն էր ամբողջ ԽՍՀՄ-ում: Բլեյանը` տնօրենը, ընդամենը 33 տարեկան էր, իսկ դասավանդողների միջին տարիքը 30 էր: Ավելին` նրանք գրեթե բոլորը քաղաքական ակտիվիստներ էին: Ուսուցիչները մասնակցել էին քաղաքական գործադուլների, և ավագ դպրոցի հարյուրավոր սովորողներ էին հետևել նրանց: Նրանք ձայնեղ ուժ էին Երևանում: Ուսուցչական անձնակազմից հինգ հոգի ձերբակալվել էր խորհրդային հետապնդմամբ 1988թ դեկտեմբերին: Նրանցից երկուսը հռչակավոր Ղարաբաղ կոմիտեից էին՝ 11 հայ ինտելեկտուալներ, որ շարժումն առաջնորդում էին և պահանջում Լեռնային Ղարաբաղի վերահսկում Հայաստանի կողմից, ուզում էին ունենալ հայկական անկլավ հարևան Ադրբեջանում: Բայց թիվ 183 դպրոցում Լեռնային Ղարաբաղ չէին կոչում այն: Նրանք այն կոչում էին հայկական հին անունով` Արցախ:
Փաստորեն դպրոցը փոխաբերաբար ներկայացնում էր ամբողջ Հայաստանը: Արտաքնապես թվում էր, որ Հայաստանը քանդված է ու բարոյապես ընկճված 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից, որը անտուն էր թողել 300000 մարդու, և Ադրբեջանում իրականացված հակահայկական ջարդերից հետո փախած ևս 160000 փախստականների առկայությունից: Բայց խաբուսիկ էր մարդկանց ֆիզիկական արտաքինը: Ե՛վ Հայաստանը, և՛ դպրոցը լի էին ժողովրդավարական եռանդով և սպասումներով:
Տնօրենի գրասենյակի կողքի պատին ես մի վառ գույներով որմնանկար տեսա, որն արված էր հայկական ժողովրդական ոճով, ոչ թե խորհրդային սոցռեալիզմի: Որմնանկարը ծաղրում էր սովետական կանաչ ու տգեղ վիշապին, որն իր գլուխը բարձրացրել էր հայկական սարերի ետևից, մեջքին՝ պատկերված խորհրդային տանկեր ու զորքեր, որոնք խորհրդանշում էին զինվորական պարետային ժամը, որով ճնշեցին հայերի մասսայական բողոքների ցույցերը Ղարաբաղի համար: Իսկ վիշապի վերևում կանգնած էր Զորավար Անդրանիկը՝ իր հայկական բեղերով: Հեռվում, երկնքին մոտ, հուսավառ արևի տակ նշմարվում էր Հայաստանի սուրբ լեռը` Արարատը, որը տարիներ առաջ կցվել էր մուսուլմանական Թուրքիային: Նկարիչները որմնանկարի գագաթին տեղադրել էին Հայ առաքելական եկեղեցու խաչը: «Մեզ ծայրահեղականներ են անվանում»,- իր ձայնի հպարտ երանգով ասաց Բլեյանը: «Ահա թե ինչպես է սովետական մամուլը անվանել թիվ 183 դպրոցը` «Ծայրահեղականներ»:
[1] Երևի առաջին անգամ էր դուդուկ տեսնում (թարգմ.)
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան