Գեղարվեստի ավագ դպրոց գալիս է արդեն մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողը։ Նա արդեն բացահայտել է իր ուժեղ կողմը, ճշտել է իր հետաքրքրությունները, սիրելի գործ ունի։ Դպրոցում սովորաբար կենտրոնանում է միայն իր ընտրած մասնագիտության վրա՝ անտեսելով մնացած «ոչ կարևոր» առարկաները: Այստեղից հետևություն՝ ընդհանուր հանրակրթական առարկաների ուսուցումն արդյունավետ դարձնելու առաջին պայմանը ուսուցումը մարդու (սովորողի) ընտրած մասնագիտությանը, այդ ուղղությամբ նրա գործունեությանը ծառայեցնելն է։ Գեղարվեստի ավագ դպրոցում լեզվի, գրականության ուսուցման կարևոր խնդիրներից մեկը կերպարվեստի, թատրոնի, արվեստին առնչվող մասնագիտությունների հանդեպ հետաքրություն պահպանելն է, մասնագիտական ուսումնական նախագծերին աջակցելը:
Արդյունավետության հաջորդ պայմանն այն է, որ բոլոր մասնակիցները գիտակցաբար և հետաքրքրված աշխատեն, և բոլորն իմանան, թե ինչ կոնկրետ քայլերից է կախված պրոցեսի հաջողությունը: Երբ նկարիչ սովորողը մասնագիտական դասընթացներից ուսումնական նախագիծ է անում, իր ղեկավարից ստանում է առաջադրանք, անելիքը հասկանալու համար ցանկալի է, որ կարդա, երբեմն նաև թարգմանի ուսումնասիրվող հեղինակի նամակներն ու այլ տեքստերը, նրա մասին վարվերագրական և գեղարվեստական պատմություններ, ուսումնասիրի նրան, «մտնի» նրա կյանքի, հոգու մեջ: Միայն տվյալ նկարչի ոճը հավանելով՝ չի կարող խորությամբ պատկերացնել անելիքը: Դերասանը միայն դերը սերտելով չի կարող խաղալ, եթե չի կարդում, չի դիտում ու քննարկում: Դասարանում տարբեր անհատական ուսումնական պլաններով (մասնագիտական տարբեր դասընթացներ ընտրած) սովորողները միասին հայոց լեզվի և գրականության պարապմունք են անում։ Նկարիչ ու դերասան սովորողները իրար են փոխանցում իրենց գտած արժեքավոր մտքերը, ներկայացնում իրենց աշխատանքի արդյունքները. ընթացքում առաջանում են նոր հետաքրքրություններ, ծնվում են նոր ուսումնական նախագծեր:
Այդ աշխատանքը լավ երևում է Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողի բլոգում: Բլոգավար սովորողը առանձին բաժիններում ներկայացնում է իր ընտրած դասընթացները, պատմում է մասնագիտական իր հաջողությունների մասին: Երբեմն էլ սովորողի ուսումնական այլ հետաքրքրություններին ծանոթանում ենք իր բլոգից: Այնտեղ հանդիպում ենք մեկնաբանությունների՝ կարդացած գրականության մասին, ֆիլմերի (1. 2. 3.), իրենց ստեղծած նյութերին, ստեղծագործություններին ու գեղարվեստական թարգմանություններին 1. 2. 3.:
Գեղարվեստի ավագ դպրոցում արդյունավետ դասի առաջին նախապայմանն է արվեստի, դրան առնչվող որևէ մասնագիտության հանդեպ կայուն հետաքրքրություն ձևավորելը, գրական ստեղծագործության հեդոնիստական և գեղագիտական ֆունկցիաները բացահայտելը: Գրական ստեղծագործության խրատական և դաստիարակչական տարրերի վրա սևեռվելը ձանձրույթ և հակակրանք է առաջացնում սովորողների մեջ, սակայն գրական հերոսի և գրողի զգացմունքները վերապրելու, գործողություններն ու խոհերը գնահատելու միջոցով սովորողը իր աշխարհայացն է ձևավորում-ճշգրտում:
Ահա մի քանի բլոգներ, որտեղ երևում է, թե ինչ է կարդում Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողը՝ Քնքուշ Բաղդասարյան, Անի Չոփուրյան, Ծովինար Սիմոնյան, Մերի Աբրահամյան…. Ուսուցչի խնդիրն է, որ ոչ բոլորն են բլոգում ներկայացնում, պատմում:
Որպես ծրագրային ընթերցանություն՝ առաջնորդվում ենք կրթահամալիրի տոնացույցով: Նախագծում ենք, ապա սկսում աշխատանքային փուլերը. ընթերցում ենք, քննարկում, բլոգներում մեկնաբանում, բաց դասով ներկայացնում, ամփոփում:
Հաճախ սովորողներն իրենք են առաջարկում՝ ինչ ընթերցել: Այդ դեպքում միասին քննարկում ենք, թե ինչու այդ գրականությունը, այդ գրողը: Քանի որ մասնակցում ենք կրթահամալիրային «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծին, յուրաքանչյուր հանդիպումից առաջ անպայման կարդում ենք տվյալ գրողի մասին, նրա ստեղծագործությունները:
Ի վերջո, չի կարելի սովորողին պարտադրել ընթերցել այն, ինչ նախընտրում է ուսուցիչը. դա կարող է օտարել աշակերտին ընթերցանությունից: Հաճախ որևէ աշակերտի ընթերցածը, լինի դա հոդված, պատմվածք, վեպ, այլ ստեղծագործություն, կարող է հետաքրքրել և օգտակար լինել ամբողջ խմբի համար: Դա կարող է դառնալ ուսումնական պարապմունքի թեմա: Մի սովորող պատմեց իր կարդացած գրքի բովանդակությունը, ապա ներկայացրեց հատվածներ, որոնք իրեն դուր էին եկել, բացատրեց, թե ինչու, համեմատեց առօրյայում նման իրավիճակի հետ: Արձագանքը եղավ այն, որ մի քանիսը ցանկություն հայտնեցին կարդալու այդ գիրքը: Հաջորդում են զույգով ու խմբային, գրավոր ու բանավոր նոր քննարկումներ, որոնց համար արդեն ուսումնական պարապմունքը պետք էլ չէ։
Մի ուրիշ օրինակ. դիտելով ֆիլմը՝ սովորողը սկսել էր կարդալ համանուն գիրքը: Ընթերցելուց հետո նա համեմատել էր, ներկայացրել իր կարծիքր: Հետաքրքիրն այն էր, որ լինելով նկարիչ, քանդակագործ՝ այդ սովորողը գիրքն էր հավանել, որովհետև գրքում մանրամասնորեն էին տրված ճարտարապետական կառույցների պատկերները:
Ընթերցանության հարցում ևս մեծ է մասնագիտական ուսուցման ղեկավարի դերը: Սովորեցնելով նկարել՝ նկարիչը սովորողներին հանձնարարում է կարդալ տվյալ նկարչի մասին, դերասանները ընթերցում են այն ստեղծագործությունները, որոնց հիման վրա ստեղծվել է սցենարը, հեղինակին և ժամանակը ճիշտ ըմբռնելու համար՝ նաև այլ տեքստեր: Իսկ համագործակցությունը, միջառարկայական կապը նպաստում են թեման խորությամբ ուսումնասիրելու, յուրացնելու:
Ընթերցման պրոցեսը նախևառաջ ենթադրում է, որ բոլոր մասնակիցները գիտակցաբար և հետաքրքրված մասնակցում են, և երկրորդ՝ բոլորը գիտեն, թե ինչ կոնկրետ քայլերից է կախված պրոցեսի հաջողումը:
Գրականության դասը առաջին հերթին շփում է, գրողի և ընթերցող աշակերտի ու ուսուցչի զրույց: Այս պարագայում ուսուցչի գլխավոր խնդիրն է խթանել, որ ընթերցողները`
- իրենց սեփական գնահատականը տան գեղարվեստական գործի վերաբերյալ,
- ինքնուրույն մեկնաբանեն,
- քննադատորեն վերաբերվեն այլոց սուբյեկտիվ գնահատականներին և դրանց հիմնավորումներին,
- փաստարկներ որոնեն ստեղծագործության տեքստում, ենթատեքստում,
- վերանայեն իրենց սկզբնական կարծիքը կոլեկտիվ քննարկման արդյունքում:
Երկրորդ պարտադիր պայմանը ուսուցչի և սովորողների միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորումն է: Ցանկացած տեսակի բռնություն ոչնչացնում է այն մթնոլորտը, որը սովորողին տրամադրում է անկեղծության և արդյունավետ երկխոսության: Սա վերաբերում է ավանդական դպրոցի այնպիսի պահանջին, ինչպիսին է ծրագրային ստեղծագործությունների պարտադիր ընթերցումը: Վաղուց հայտնի է, որ գրականության դասաժամի «պարտադիր ծրագիրը» առաջացնում է սովորողի բացասական վերաբերմունք ընթերցանության և գրքերի հանդեպ:
Հարգանքի և բարյացակամության վրա հիմնված պարապմունքը ուսուցչից պահանջում է առավելագույն համբերատարություն սովորողի հանդեպ` նրա սխալների, մակերեսային դատողության, սխալ խոսքի և հապճեպ եզրակացությունների համար: Այս ամենը արդարացվում է սովորողի հուզականությամբ, անկեղծությամբ և ընդհանուր բանավեճին մասնակցելու ցանկությամբ: Լավ է, երբ նրա սխալները ուղղում են մյուս սովորողները, ոչ թե ուսուցիչը. այդ դեպքում դրանք ընկալվում են որպես բնական մի բան:
Ուսուցչի և սովորողների միջև չի առաջանա լարվածություն, ինչը կարող է հանգեցնել ամենաանցանկալի հետևանքին` դասաժամին չաշխատելուն և չշփվելուն: Միակ բանը, որ պետք է անհապաղ կասեցվի, սովորողի ոչ հարգալից վերաբերմունքն է դասընկերների և ուսուցչի, ուսումնական աշխատանքի նկատմամբ:
Բացի արդյունավետ շփման համապատասխան մթնոլորտից, սովորողին անհրաժեշտ են գիտելիքներ գրականության` որպես գեղագիտական առարկայի, արվեստի, արհեստի մասին: Նա պետք է հասկանա, որ`
- գեղարվեստական ստեղծագործության վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ (մեկնաբանություններ),
- հեղինակը պատմում է հերոսների և իրադարձությունների մասին, իսկ ընթերցողի խնդիրն է հասկանալը, թե ինչ նպատակով է նա պատմում այդ պատմությունը կամ պատկերում այդ պատկերը,
- գեղարվեստական ստեղծագործության իմաստն ու ձևը փոխպայմանավորված են:
Իհարկե, բացառվում է այդ գիտելիքները դասախոսության միջոցով մատուցելը: Միայն սեփական գործնական ջանքերով սովորողները պիտի բացահայտեն դա: Նախ և առաջ դա իրագործվում է գրական ստեղծագործությունների ճիշտ ընտրությամբ: Դրանք պետք է տարբեր ժանրի և կարգի ստեղծագործություններ լինեն: Նույն թեմայով երկու և ավելի ստեղծագործությունների համադրությունը թույլ է տալիս սովորողներին տեսնել, որ տարբեր գրողներ կարող են նույն բանի մասին լիովին տարբեր ձևով գրել`տխուր և ուրախ, կարճ և երկար, հուզականորեն և փիլիսոփայորեն՝ օգտագործելով արձակ և չափածո ոճերը:
Անցում կատարելով՝ ասեմ, որ իր գրավոր խոսքում ևս սովորողը ինչ-որ առումով պետք է ազատ լինի: Եթե նրան դուր է գալիս իր զգացածը, տեսածը կամ իր ընկերների, դպրոցի, ընտանիքի մասին պատմելը, պետք է միայն ողջունել և ուղղորդել: Այսպես, սովորողը գրում է մի պատմություն, պատում, որը միասին կարդում ենք, խմբագրում, սրբագրում:
Վերահսկման և գնահատման բոլոր մեթոդները պետք է ընտրվեն միայն սովորողի շահերից ելնելով, որպեսզի օգնեն նրան հասկանալ իր արած սխալների պատճառները, ուղղել այդ սխալները:
Վերը նշված դրույթները հակասում են դասավանդման դասական մեթոդներին: Սովորողների գնահատման համակարգը ընդհանուր է բոլոր դպրոցներում: Գնահատականների բացակայությունը կամ պակաս քանակությունը թույլ չի տալիս ուսուցչին ճիշտ կողմնորոշվել: Մյուս կողմից էլ չափից դուրս վերահսկումը արգելակում է սովորողի ինքնուրույնության զարգացումը, սահմանափակում է նրա ինքնաարտահայտումը: Ժամանակակից դպրոցը հանգում է այն եզրակացությանը, որ պետք է այնպիսի վերահսկում, որը ոչ թե պատժում, այլ խթանում է: Որպեսզի գնահատման չափանիշները ընդունելի լինեն աշակերտների համար, պետք է որ հենց իրենք սահմանեն այդ չափանիշները: Օրինակ` գրականության դասի արդյունավետ և ստեղծագործական գործունեություններից մեկը ընթերցումն է (կատարումը, ասմունքը): Այստեղ երևում են և´ խոսքի մշակույթը, և´ մասնագիտական կողմնորոշումը: Համեմատում են, թե ինչպես են տարբեր սովորողներ կարդում ասացվածքը, երկխոսությունը, առակը և այլ ստեղծագործություններ, քննարկվում են ձայնի տոնայնությունը, բարձրությունը, առոգանությունը: Սովորողներն իրենք են եզրակացության հանգում, թե ինչպես է այս ամենը կապված կատարման նպատակը հասկանալու հետ: Այստեղ զարգանում են դերասանական հմտություններ: Աստիճանաբար սովորողները հասկանում են, որ կատարման վարպետությունը ստեղծագործությունը վերապրելու և հասկանալու արդյունք է:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան