Գերմանիայում հանրակրթական դպրոցի հիմնական աստիճանը ավարտելուց հետո սովորողների զգալի մասը, ովքեր գիտությամբ զբաղվելու ձգտում և հակումներ չունեն, ավագ դպրոց կամ գիմնազիա ընդունվելու փոխարեն իրենց կրթությունը շարունակում են երկրի կրթական դուալ (երկակի) համակարգում: Այն խիստ կանոնակարգված և լավ մտածված համակարգ է, որի միջոցով պատանիները սովորում են և՚՚ արտադրական ձեռնարկությունում, և՚՚ դպրոցում: Այստեղ սովորողները ուսման ժամանակի 70%-ը անցկացնում են արտադրությունում և 30%-ը՝ մասնագիտացված ուղղվածություն ունեցող դպրոցում:
Ի՞նչ է Գերմանիայի կրթական դուալ (երկակի) համակարգը
Կրթական դուալ համակարգը այլ կերպ մեկնաբանվում է որպես միջին մասնագիտական կրթության և որակավորման բարձրացման համակարգ: Այն գործում է որպես սահուն անցում հանրակրթական դպրոցից աշխատավայր: Գերմանիայում երեխաները սկսում են դպրոց հաճախել 7 տարեկանից և արդեն 16 տարեկանում կարող են ընդգրկվել ուսման դուալ համակարգում: Գերմանիայում 16-19 տարեկանների 50%-ը ընդգրկված է կրթական դուալ համակարգում: Սովորողների ուսումնառությունն իրականացվում է և՚՚ արտադրական ձեռնարկության աշխատավայրում, և՚՚ մասնագիտացված դպրոցի դասասենյակներում: Ուսման տևողությունը 2-ից մինչև 3,5 տարի է: Ուսումն ավարտելուց հետո սովորողները ստանում են մասնագիտական որակավորման հավաստագրեր, որոնք ճանաչված են ոչ միայն Գերմանիայի, այլ նաև այլ զարգացած երկրների արտադրական ընկերությունների կողմից, և այս համակարգում սովորողների մոտ 90%-ը ուսումն ավարտելուց հետո միանգամից պահանջված է լինում աշխատաշուկայում և նրանք անցնում են մշտական աշխատանքի: Այդ է պատճառը, որ Գերմանիայում երիտասարդների գործազրկության մակարդակն այդքան ցածր է՝ 5,6%:
Կրթական դուալ համակարգի աշխատանքի կազմակերպումը
Կրթական դուալ համակարգը կարգավորվում է կառավարության մասնագիտական ուսուցման քաղաքականությամբ և Գերմանիայի օրենսդրությամբ: Կրթական բարձր չափանիշներն ապահովվում են մի քանի կազմակերպությունների համատեղ աշխատանքով: Աշխատանքում ներգրավված են պետական քոլեջները, համալսարանները, մարզային ղեկավարությունը, արհմիությունները և, իհարկե իրենք՝ արտադրական ընկերությունները: Համակարգը համահարթեցված է (ստանդարտացված է) ամբողջ Գերմանիայում:
Այս երկրում 400,000 ընկերությունների արտադրությունում ավելի քան 330 մասնագիտություն կա, որոնց որակավորումը ստանալու համար լուրջ ֆորմալ կրթություն է պետք:
Համակարգում սովորողները որևէ ուսման վճար չեն մուծում, ընդհակառակը՝ պայմանագրի համաձայն նրանք յուրաքանչյուր ամիս €300 – €600 կրթաթոշակ են ստանում այն ընկերությունից, որտեղ ներգրավված են աշխատանքային ուսուցման մեջ: Ընդունող հանձնաժողովում որոշիչ ձայնը պատկանում է գործատուի ներկայացուցչին: Չէ՞ որ նրանք են վճարելու աշխատավարձ-կրթաթոշակը: Երեք ամսվա փորձաշրջանի ընթացքում և՚ սովորողը, և՚ գործատուն կարող է ցանկացած պահի լուծարել պայմանագիրը: Սովորողը արտադրական պայմաններում կարող է հասկանալ, որ սխալ է ընտրել այդ մասնագիտությունը, իսկ գործատուն էլ կարող է ավելի մոտիկից ճանաչելով սովորողին՝ եզրակացնել, որ նա լավ աշխատող չի լինի: Ընկերությունները հոգում են նաև իրենց մոտ հաշվառված սովորողների ուսումնառության ծախսերը մասնագիտացված դպրոցում:
Երկրներ, որտեղ գործում է դուլ կրթական համակարգը
Կրթական դուալ համակարգը գործում է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Բելգիայի գերմանախոս համայնքում և Հարավային Կորեայում:
Ինչու՞ չի ստացվում կրթական այս համակարգը ներդնել այլ զարգացած երկրներում
Անգիական Գարդիան պարբերականի «Աջակցություն Գարդիանին» էլեկտրոնային հավելվածի 2020-ի մի հրապարակման վերնագիրն է «Importing Germany’s dual education system is easier said than done – Գերմանիայի դուալ կրթական համակարգի ներմուծման մասին ավելի հեշտ է ասելը, քան անելը»: Այս համակարը երբեք չի ունեցել հիացած երկրպագուների պակաս տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայի կրթության նախկին և ներկա քարտուղարները, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և Դոնալդ Թրամպի դուստրը ԱՄՆ-ում:
Կրթական դուալ համակարգի օգուտների ու արդյունավետության ակնհայտ լինելուն հանդերձ՝ այնուամենայնիվ, դրա պատճենումը և ներդրումը մեկ այլ աշխատաշուկայում, հատկապես բրիտանական, ավելի հեշտ է ասելը, քան անելը: Գերմանական համակարգը տարբեր ոլորտների համակցված աշխատանքների բարդ համակարգում է պահանջում՝ գործատու ընկերությունների աշխատանքը, որոնք վճարում են իրենց մոտ փորձառություն ձեռք բերող սովորողների կրթաթոշակները, դաշնային նահանգների աշխատանքը, որոնք հոգում են մասնագիտացված դպրոցների ծախսերը, արհմիությունների աշխատանքը և ավարտական որակավորման քննություններն իրականացնող առևտրի և արդյունաբերության պալատների աշխատանքը:
Իսկ ինչպե՞ս է իրականացվում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը այլ երկրներում:
Ուսումնասիրությունը կատարել եմ ըստ այն բանի, թե որն է այսպիսի կրթության ֆինանսավորման աղբյուրը: Այսպիսի մի ասացվածք կա. «Երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է»: Ինչպես պարզեցինք Գերմանիայում ֆինանսական ծախսերի հիմնական բեռը կրում են այն ընկերությունները, որտեղ իրականացվում է արտադրական ուսուցումը:
Ավստրալիայում արհեստներ են սովորում և միջին մասնագիտական կրթություն են ստանում հիմնականում միջնակարգ կրթություն ստանալուց հետո: Ֆինանսավորումը կատարում է Ավստրալիայի արդյունաբերության և աշխատանքային հմտությունների կոմիտեն – Australian Industry and Skills Committee.
Ֆինլանդիայում – հանրակրթությանհիմնական աստիճանից հետո (9-րդ դասարանը ավարտելուց հետո) սովորողները կրթությունը շարունակելու երկու ընտրություն ունեն՝ ընդունվել ավագ դպրոց, որը դեպի համալսարան տանող ճանապարհնէ, կամ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) դպրոց, որից հետո կարող են աշխատել՝ օգտագործելով ձեռք բերած արհեստի աշխատանքային հմտությունները, կամ էլ՝ կրթությունը շարունակել տեխնիկական բարձրագույն դպրոցում: Արհեստագործական դպրոցներին ֆինանսավորում են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքապետարանները:
Հարավային Կորեայում գործում են մասնագիտական ավագ դպրոցներ հետևյալ մասնագիտություններով՝ գյուղատնտեսություն, տեխնոլոգիա/ճարտարագիտություն, առևտուր և գործարարություն, ձկնարդյունաբերություն և տնային տնտեսության վարում (սնունդ պատրաստելը, ընտանեկան բյուջեն հաշվարկելը, …)Ֆինանսավորումը կատարում է աշխատանքի նախարարությունը:
Նիդերլանդներում հիմնական կրթությունը ստանալուց հետո սովորողների մոտավորապես կեսը կրթությունը շարունակում է ավագ դպրոցում, իսկ մյուս կեսը՝ մասնագիտական ավագ դպրոցում հետևյալ մասնագիտացումներով՝ տեխնոլոգիա, տնտեսագիտություն, գյուղատնտեսություն, սոցիալական ծառայություններ և առողջապահություն: Սովորողները մասնագիտական ավագ դպրոցում կրթությունը շարունակելու երկու ընտրություն ունեն՝ ուսման 80%-ը արտադրությունում և 20%-ը ավագ դպրոցի դասասենյակում, կամ հակառակը: Գործատու ընկերությունները, ովքեր ավագ դպրոցի սովորողներ են պահում և մասնագիտություն սովորեցնում և ինչ-որ չափի աշխատավարձ են տալիս նրանց, ավելի քիչ հարկ են մուծում պետությանը:
Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործընթացը աններելիորեն նեղանում է, երբ 9-րդ դասարանից հետո բոլոր սովորողներն իրենց կրթությունը շարունակում են ավագ դպրոցում:
Մի քանի օր առաջ կրթահամալիրի Ավագ դպրոցում մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանը մի քննարկում էր կազմակերպել՝ «Անհրաժե՞շտ է արդյոք բարձրագույն կրթությունը ամեն մեկին»: Այլոց փորձի այս ուսումնասիրությունը անելուց հետո կուզենայի այդ հարցը այլ կերպ ձևակերպել. «Անհրաժե՞շտ է արդյոք ավագ դպրոցում սովորելը ամեն մեկին»:
Կրթության ֆինանսավորման մասին.
նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության հաստատված բյուջեով: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի արտադրական ձեռնարկությունները, ընկերությունները օտարված են նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության պլանավորման, իրենց հարկավոր մասնագետների պատրաստման համար ֆինանսավորման, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության աշխատանքներից: Միգուցե սա է գործատու կազմակերպությունների անտարբերությունը կրթության և կրթական ծրագրերի նկատմամբ: Կարծում եմ, որ հենց արտադրական ձեռնարկություններն ու ընկերությունները պետք է լինեն նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության պատվիրատուն:
Աղբյուրներ
- German Dual Education System Expatrio
- Importing Germany’s dual education system is easier said than done. The Guardian
- Dual Education System
- Vocational Education and Training
- Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասինՙ
- Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
- Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության ընդհանուր դրույթները, քննությունները ըստ մասնագիտությունների և առարկաների