2016-ի իմ ձեռքբերումներից էր այս 8 ամյա Արևային փոքրիկը: Դավթի հետ ընկերացանք լրացուցիչ կրթության ամառային ճամբարի ընթացքում: Ընկերացանք ու սիրահարվեցինք: Դավիթն ասում է. «Քինարիկը իր կինիկն է….»։
Դավիթը խասյաթով, իրական հայ տղամարդ է: Ասածն-ասած է, ուզում ես մեռիր: Երկար ջանքեր, առանձնահատուկ, բնահատուկ որակներ են հարկավոր, որ կարողանաս նրան հակառակում համոզել: Ճամբարային օրերից մի օր, երբ կրթահամալիրը մասնակցեց «Նկարչական օր» կենդանաբանական այգում համաքաղաքային մրցույթին, Դավիթը Կարինե Խառատյանի ջոկատից էր: Վերջինս այգում մի զավեշատլի իրավիճակ ստեղծեց: Շոգ-տապին նա որոշեց նստել ճանապարհի մեջտեղում և համառել, որ հոգնել է և այլևս քայլել չի ուզում: Պատկերացրեք իրավիճակը՝ շոգ, ճամբարականների մեծ խումբը սպասում է մեզ, իսկ Դավիթը՝ չէ որ չէ… Բոլոր ջանքները զուր էին, միայն մի բան կարող էր իրավիճակը փոխել, դա իր պահանջած խաղն էր: Օրեր առաջ խաղացել էինք դպրոցում, և նա տպավորված էր:
Այլընտրանք չունեինք՝ հերթով մե´կ ես էի խաղում, մե´կ Կարինեն: Վերջապես հաջողվեց, արևային համառ մարդուկին միացնել ճամբարակններին և զբոսանքը ավարտին հասցնել: Այդ օրվանից դարձա Դավթի ընտրյալ խաղընկերը:
Տեսանյութը՝ Կարինե Խառատյանի