Կրթական «լավ» ծրագրեր և «լավ» դասագրքեր ունենալու համար կարելի է ժամանակ առ ժամանակ մրցույթ հայտարարել (ինչը և շարունակաբար արվում է), հավաքել մարդկանց խումբ, ժամանակ առ ժամանակ դասագրքեր կամ ծրագրեր գրելու վրա ջանք ու ժամանակ ծախսել (ֆինանսների մասին էլ չասեմ), հետո դրանք խմբագրել-սրբագրել, հրապարակել: Հետո՞… Հետոն բոլոր ժամանակներում եղել և մնում է նույնը. արդյունքում` հանրակրթության մեջ, ըստ էության, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվում: Չի էլ փոխվելու, քանի դեռ մեր մտածողությունն այս աստիճան կաղապարված է և առարկա-դասագիրք-քննությունից այն կողմ չի անցնում…
Սա՝ որպես նախաբան, հիմա փորձեմ անցնել հիմնական ասելիքիս. այն բավականին բարդ և նուրբ թեմա է: Բարդ է և նուրբ, որովհետև բազմաշերտ է, իր մեջ ներառում է մշակութային-պատմական մոտեցումներ ու իրարամերժ կարծիքներ, վերաբերմունք հոգևոր մշակույթի, հայ եկեղեցու նկատմամբ։ Խղճի ազատության հարցն էլ` վրադիր:
Հասարակության մեջ այս հարցի առնչությամբ, 2019-ի այս օրերին ավելի արտահայտիչ դարձած, աղմուկ և անհամաձայնություն կա։ Մի մասը կարծում է, որ պետք է բարձրացնել առարկայի դասագրքի որակը և դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը: Հասարակության մի շերտ էլ համառորեն պնդում է, որ ընդհանրապես պետք է առարկան դուրս թողնել հանրակրթությունից, արգելել եկեղեցու որևէ կերպ ներկայությունը կրթական ծրագրերում, դպրոցում։
Ինչպե՞ս վարվենք: Արգելելը ես ի սկզբանե բացառում եմ, որովհետև այն համոզմունքն ունեմ, որ հոգևոր կրթության, քրիստոնեական բարոյականության արժեքների բացակայությունը հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Աստվածաշնչյան սյուժեները, Նոր Կտակարանի առակները, Քրիստոսի պատվիրանները քրիստոնեական աշխարհի մշակույթի արմատներում են։ Քրիստոնեական ծեսը մեզանում ձուլվել է ազգագրականին, շարականը՝ ժողովրդական երգին։
Այդ պատճառով միանգամից անցնենք դպրոց-եկեղեցի՝ հանրակրթության մեջ այս պահին գոյություն ունեցող մոտեցումների քննարկմանը:
Մոտեցում առաջին։ Հայ եկեղեցու պատմությանը մասնագիտական մոտեցում ցուցաբերել, այն է` համապատասխան վերապատրաստումների միջոցով բարձրացնել առարկան դասանդողների որակավորումը կամ դասավանդելու հրավիրել մասնագետների, տվյալ դեպքում` եկեղեցու սպասավորների: Մոտեցում երկրորդ։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես այդպիսին, «ձուլել» ընդհանուր հանրակրթության մեջ` դարձնելով հանրակրթության անբաժանելի և մշտական բաղկացուցիչ: Այս մոտեցումները, ըստ էության, հանրակրթության առկա երկու ծրագրերի` պետական ընդհանուրի և պետական այլընտրանքայինի (հեղինակային) տարբերությունից են բխում՝ բովանդակային շեշտադրումներից, կազմակերպման սկզբունքներից:
Առաջին մոտեցման դեպքում ապագայում կունենանք պետության, դպրոցի և հասարակության որոշակի շերտերի միջև հակասություններով էլ ավելի խորացող ճգնաժամ: Այս եռանկյունու մեջ, ինչպես սովորաբար լինում է, տուժելու են մեր երեխաները: Արդյունքում` հայ երեխան մոտենալու փոխարեն ավելի է հեռանալու մեր եկեղեցուց: Ինչո՞ւ եմ այդպես կարծում: Շատ պարզ տրամաբանությամբ` մեր ժամանակների սովորողը առաջվանը չէ, և նրան, կներեք, ոչ էլ հետաքրքիր են մեր` մանկավարժներիս նախօրոք «սերտած» դասերը լսելը, փաստերի՝ այլոց մեկնաբանությունները, տպավորությունները սերտելը: Ասել է թե` ուսուցիչը՝ որպես պարզունակ տեղեկատվություն փոխանցող, արդեն սպառել է իրեն: Եվ ուզենք, թե չուզենք, տեխնոլոգիապես գերհագեցած մեր ժամանակներում սովորողի համար նման ձևով գիտելիք ստանալը, և ոչ միայն եկեղեցու մասին, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ձանձրալի է, հոգնեցնող, եթե կուզեք` ժամանակի վատնում:
Երկրորդ մոտեցման արդյունքն այն է, ինչ այս պահին կա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Մեզանում ծեսերի, տոների կազմակերպումը, ուսուցման ծիսականացումը ներառված են կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական խմբի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։
- Ուսումնական կյանքի ծիսականացման ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքների ժամանակ սովորողները պարում են ազգային պարեր, Կոմիտասի, դասական այլ երգերի, պարերգերի հետ երգում են շարականներ։
- Ամեն ուրբաթ Ս. Երրորդություն եկեղեցում իրականացվում է ուսումնական ժամերգություն։ Կրթահամալիրի դպրոցների ուսումնական խմբերը՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, իրենց ընտրությամբ առավոտյան պարապմունն անցկացնում են եկեղեցում, շարականներ երգում միասին, աղոթում քահանայի հետ։
- Ուսումնական ժամերգությունները լինում են «Ուսումնական պատարագ» շուրջտարյա նախագծերով, նաև առանձին առիթներով՝ մեր մանկան մկրտության, մեր գործընկերոջ, բարեկամի պսակի, հիշատակի խնկարկման, կրթահամալիրային տոնի, այլ, որոնք ներառվում են օրացույցում նախագծային հայտերով։
Եկեղեցու խորհուրդները յուրացվում են ուսումնական նախագծերով, սեբաստացիական համայնքի կյանքի կոնկրետ առիթներով, որոնք ուսումնական տարվա, ամսվա, օրվա ուսումնական օրացույցում ներառվում են (օրինակներ՝ պսակ, ամուսնություն, մկրտություն, դրոշմ)։ - Ուսումնական օրացույցով կազմակերպվում են ծիսական, համայքային տոնախմբություններ եկեղեցու բակում։
Շուրջտարյա ուսումնական ճամփորդությունների և հայրենագիտական ուխտագնացությունների, կրթական փոխանակումների նախագծերը իրենց բովանդակության մեջ ներառում են եկեղեցին՝ որպես պատմության-մշակույթի հուշարձան, թե որպես հանրային կյանքի մաս։ Ճամփորդության ընթացքում սովորողները լինում են գործող եկեղեցիներում և խոնարհված վանքերում, ծանոթանում են դրանց մասին պատմական, մշակութային տեղեկություններին, դիտում են բնության մեջ, գնահատում են դիրքը, ներդաշնակությունը, մաքրում են տարածքը, աղոթում են, հոգևոր երգեր երգում, կենդանացնում տարածքը իրենց հակաբացիլ տոնախմբությամբ։ Ուսումնասիրության թեմա է դառնում համայնքի վերաբերմունքը իր եկեղեցու, իր տարածքի խոնարհված վանքի, նրա խնամքի նկատմամբ, ինչպես այդ վայրի բնության հուշարձանի, տարածքով հոսող գետի։
Ուսուցման այսպիսի՝ հանրային կյանքով, ծեսով, ուսումնական նախագծով կազմակերպման անցած ամսվա արդյունքներից ներկայացնեմ.
- Հոգևոր Էջմիածին նախագիծը՝ Հռիփսիմե Գալստյան ուսուցչի և միջին դպրոցի իր սովորողների-ընկերների.
- Հանրակրթական ազգագրություն նոր բլոգը՝ Աննա Երիցյանի և ընկերների.
- Աստղափայլ օրորներ օրորոցային փաթեթը ձայնադարանում՝ Մարինե Ոսկանյանի համակարգմանմբ, կրթահամալիրի երաժշտության դասավանդողների կատարարմամբ.
- ծեսով ուսուցման, ծեսի կազմակերպման տեսադասերի մեդիափաթեթներ (ներկայացնեում եմ Մարինե Մկրտչյանի օրինակով).
- ավելացնեմ տարիների ուսումնական աշխատանքով ամբողջացով ծիսական տոնացույցը (Նունե Մովսիսյան և իր սովորող-ընկերներ), Կանթեղ, Երգ Երգոց մեդիատարածքները, որտեղ տեսանելի է սովորողների կատարած աշխատանքը։
Կարող եմ փաստել մի կարևոր իրողություն. նաև այս նախագծերի շնորհիվ է կրթահամալիրում ավելանում հանդուրժողականության, համերաշխության, բարության մթնոլորտը: Նկարագրված ուսումնական պարապմունքներին և նախագծերին մասնակցում են և՛ նրանք, որ սրտանց աղոթում ու շարական են երգում, և՛ նրանք, որ չեն ուզում աղոթել ու երգել, բայց սովորում են լսել ընկերներին, և՛ իրենց աթեիստ համարողները, և՛ այլազգի ու այլադավան սովորողներ, որոնք հարգանքով են վերաբերվում ընկերների հոգևոր զգացումներին և մեր ազգային մշակույթին: Նույն ձևով սովորողները մասնակցում են այլ մշակույթներին վերաբերող ուսումնական նախագծերի։ Մեր ուզածը սա չէ՞. մարդասիրությունը և ներողամտությունը չե՞ն քրիստոնեության գաղափարախոսության հիմնաքարն ու առանցքը:
Խոսքս ուզում եմ ավարտել Կոմիտասի բառերով. «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիարակութեան արդյունք է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր… Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը…»: