Գիտնական պետք չէ լինել հասկանալու համար, որ ամենաարդյունավետ, իրական, մնայուն կրթությունն ու գիտելիքը ձեռք են բերվում գործնական աշխատանքի շնորհիվ՝ տեսնելով, հետազոտելով, ուսումնասիրելով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր բաց, անընդհատ փոփոխվող միջավայրով, ճամփորդություններով և բազմապիսի նախագծերով նպաստում է այդպիսի կրթության իրականացմանը:
Կրթահամալիրում այս սկզբունքով է իրականանում նաև հոգևոր-մշակութային կրթությունը:
Կրթության մասին օրենքում նշված է, որ կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է, և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
Առհասարակ դեմ եմ հոգևորը մեզնից օտարելուն: Այստեղ խոսքը բնավ քարոզի մասին չէ: Ամենքս պիտի հարգենք դիմացինի հավատամքն ու դավանանքը, բայց նաև չխուսափենք մեր կրոնից՝ քրիստոնեությունից: Մենք չենք կարող ստիպել սովորողին աղոթել. դա իր ընտրությունն է, իր որոշումը, սակայն մենք կարող ենք ցույց տալ, օգնել նրան ծանոթանալ եկեղեցական ծեսերին, խորհուրդներին, որոնք մեր կյանքի մաս են:
Երբ նոր էի կրթահամալիրում, ինձ տարօրինակ թվաց, որ ուսումնական պլանում ներառված չէ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Սակայն ծանոթանալով իրականացվող ծրագրերին, նախագծերին, հասկացա, որ այդ բաղկացուցիչը այլ կերպ է ներառված ծրագրերում: Նախանձախնդիր վերաբերմունք ունենալով քրիստոնեության, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ես էլ էի իմ նախագծերում ներառում այն: Ճամփորդությունների, առաջարկվող ընթերցողական նյութերի, քննարկումնների միջոցով սովորողներին փորձում էի հաղորդ դարձնել հոգևոր կյանքին ու թեմաներին: Ու հենց այս ամենի բովում էլ առաջին բացահայտումս արեցի. փաստորեն կարելի է այդ ամենը բերել ուսումնական կյանք, տարբեր նախագծերի միջոցով իրականացնել հոգևոր կրթություն: Այստեղ էր, որ գտա իմ դպրոցական տարիների ցանկության իրականացումը շատ պարզ ու հասարակ ձևով: Երբ մեզ պատմում էին պատարագի մասին, մտածում էի, թե ինչո՞ւ պատարագի, ժամերգության մասին այսքան պատմելու փոխարեն (պատմածն էլ պիտի վերարտադրեինք մյուս դասին) մի անգամ չեն տանում՝ տեսնենք դա: Ու նման հարցերը շատ էին, իսկ դրա լուծումը, պարզվում է, հեշտ է ու հաճելի: Կրթահամալիրում այս ամենը համակարգվում է նախագծերի օգնությամբ: Օրինակները շատ են: Մեկը «Ուսումնական պատարագ» շուրջտարյա նախագիծն է, որ ամբողջական պատկերացում է տալիս պատարագի մասին: Մյուսը՝ առավոտյան ընդհանուր պարապմունքներին մշտապես հնչող հոգևոր երգերը, շարականները:
Քրիստոնեությունը կյանքի կրոն է, և բնական է, որ այն թեմաները, որոնք շոշափվում են Սուրբ գրքում կամ դավանաբանական այլ գրքերում, սուրբ հայրերի ճառերում ու քարոզներում, կարելի է հանդիպել այլ առարկաների դասագրքերում և թեմաներում, հետևապես այդ թեմաներին կարելի է անդրադառնալ շատ առարկանեի շրջանակներում: Ինքս էլ մշատպես անդրադառնում եմ: Սակայն մեր սովորողները շատ են հարցասեր (ու դա հրաշալի է), և այս պարագայում շատ են դեպքերը, որ հոգեբանական ու փիլիսոփայական մի շարք հարցադրումներ ծարավ են մնում պատասխանների: Իհարկե, սեփական կարծիք ամեն պարագայում հնարավոր է հայտնել, բայց չի կարելի կարծել, թե կրոնագիտությունն ու եկեղեցագիտությունն այնքան պարզունակ ոլորտներ են, որ դրանց մասին կարծիքդ հայտնելով սահմանափակվես:
Ահա այս մտածումներով ծնվեց «Հոգևոր Էջմիածին» նախագիծը: Սա է պատճառը, որ կարևորում եմ դպրոցականների հանդիպումները հոգևորականների հետ: Նախագծի շրջանակում էլ հենց դա ենք անում: Ամեն ամիս նախապես որոշված թեմայով քննարկում-նախապատրաստվում ենք հոգևոր զրույցին: Նույն թեմայով սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ, հարցազրույցներ, վիդեո-ռադիո նյութեր: Գրելուց հետո լսում ենք իրար կարծիքներ, քննարկում թեման, ասում մեզ անհանգստացնող, հուզող հարցերը, փորձում գտնել պատասխաններ: Աշխատանքներն իրականացնելուց հետո հանդիպում ենք ունենում հոգևորականի հետ, քննարկում, լսում հետաքրքրող հարցի մասին քրիստոնեական մոտեցումը:
Հետաքրքիր է նաև թեմաների ընտրությունը. դրանք անպայման պետք է լինեն սովորողների «ճաշակով» ու ցանկությամբ: Մեր առաջին հանդիպման թեման, օրինակ, ստի և ճշմարտության դերն էր մարդու կյանքում: Նախագիծն իրականացնում էինք վեցերորդ դասարանում (ամեն ամիս նախագծային խումբ է դառնում մի դասարան, որպեսզի ոչ մի դասարան անմասն չմնա հանդիպումներից): Վեցերորդցիները նախապես գրել էին իրենց կարծիքները թեմայի մասին, որոնց կարող եք ծանոթանալ լուսաբանման մեջ, իսկ հանդիպումից հետո՝ նաև տպավորությունները: Այս հանդիպման թեման հավաստումն է նրա, որ քրիստոնեությունն առաջին հերթին համամարդկային արժեքներ է փոխանցում, ինչն ամենակարևորն է սովորողների համար:
Մեկ այլ հանդիպման թեման յոթ խորհուրդներից մկրտությանն էր վերաբերում: Սա նաև համակրթահամալիրյան նախագիծ դարձավ: Բոլորս սովորում, ուսումնասիրում էինք մկրտության խորհուրդը, հոգևոր երգերը, որոնք կատարվում են այդ խորհրդի ժամանակ:
Լավ առիթ էր, որ աշակերտները իմանային, թե ինչ է մկրտությունը.
ի՞նչ է ընդհանրական մկրտությունը,