2015-16 ուստարում, երբ ես ունեի դասվարական առաջին դասարան, լողուսուցումը կրթահամալիրում դարձավ հանրակրթության բաղկացուցիչ։ Ասել է թե՝ յուրաքանչյուր սովորող, շաբաթական մեկ անգամ լողալու հնարավորություն է ունենում, որին գումարում ենք այն ճանապարհը՝ Արևելյան դպրոցից մինչև Արևմտյան դպրոցի փակ լողավազանը, որը նա թեթև քայլքով անցնում է դեպի լողավազան և ետ դեպի Արևելյան դպրոց։ Եթե այս ամենին էլ գումարում ենք հեծանվավարությունն ու բարձունքի հաղթահարման դժվարությունը, ստացվում է տիար Բլեյանի ասած տրիաթլոնը, որը 2019-20 թ․-ի մարտահրավերն է։
2018-19 ուստարվա առաջին դասարանցիները նույնպես լողուսուցմամբ խիստ ոգևորված են, պարապմունքին անհամբեր են սպասում, սիրով են լողում՝ հրաժարվելով թևիկներով լողալուց: Անընդհատ լավացնում են իրենց անձնական արդյունքները։

Դեպի լողավազան ճանապարհը նույնպես ավելի արագ և համախմբված ենք անցնում: Եթե ճանապարհին մեզ երգելիս հանդիպեք, չզարմանաք։

Հանդերձարաններում նույնպես ամեն ինչ ավելի կանոնիկ է դարձել, մշակել ենք արագ և ճիշտ հագնվելու կանոններ։ Սովորողներն այնքան են ոգևորված իրենց արդյունքներից, որ ծնողներին խնդրում են գալ և թաքուն հետևել իրենց։ Չնայած հանվել- հագնվելու պրոցեսը դյուրին է դարձել, բայց հաճելի է հետևել, թե ինչպիսի հոգատարությամբ են ծնողները օգնում ոչ միայն իրենց երեխաներին, այլ բոլոր սովորողներին ։
Սովորողի յուրաքանչյուր բաց թողած պարապմունքի համար խիստ ափսոսում եմ, սակայն դրա այլընտրանքն էլ է գտնված՝ Ագարակ ենք այցելում կամ Արևմտյան դպրոցի ընթերցասրահից ենք օգտվում։ Ագարակ այցելելիս էլ դատարկաձեռն չենք լինում, մեզ հետ Արևելյան դպրոցից կենդանիների համար նախատեսված ուտելիքն ենք բերում։
Պնդում և դիտարկում: Լողացող երեխան, անկախ եղանակային պայմաններից և նպաստող հանգամանքներից քիչ կամ հազվադեպ է հիվանդանում, որը չեմ կարող ասել ամեն ինչից զգուշացող ծնողների երեխաների դեպքում։ Իսկ երբ պատահում է այնպիսի մանկաբույժ, որ ասում է՝ հիվանդանում է, որովհետև լողում է, զավեշտալի է թվում։
Այդ կարծիքն ինձ համար անընդունելի է միայն այն պատճառով, որ ունեմ անձնական հրաշալի օրինակ։
Չորս տարեկան հասակից զբաղվել եմ լողով. ջուրն իմ տարերքն է։
Իգոր Նովիկովի հնգամարտի դպրոց կամ ինչպես ասում էին ձիարշավարան. այնքան վառ են այդ օրերի մասին հիշողություններս։ Շաբաթական երեք օր երկուական ժամ տևողությամբ հաճախում էի լողի, երկու օր նկարչությամբ էի զբաղվում, դպրոցում էլ լավ էի սովորում։
Կանգառից մինչև լողավազան մոտ 10 րոպե քայլելու անխուսափելի տարածք էր, որը անցնում էիր ծառուղու միջով և այդքան էլ հետադարձը։ Դպրոցը խիստ գրաֆիկով էր աշխատում, լողորդ խմբերը շատ էին։ Բոլորս անցաթուղթ ունեինք։ Արագ էինք փոխվում և մոտ կես ժամ մեծ ընդարձակ մարզասրահում  վազում էինք և մարզվում, բացում և տաքացնում մկանները։ Ապա լողում էինք բացօթյա լողավազանում՝ անկախ տարվա եղանակից: Զարմացա՞ք, բայց ասեմ, որ ամենից հաճելին ձմռանն էր լինում, երբ ոտաբոբիկ ձյուների մեջ վազելով հայտնվում էինք տաք, այն ժամանակների համար ոչ շռայլություն համարվող շատ տաք լողավազանում։
Դպրոցում նույնպես ունեինք լողուսուցման դաս, որը անցկացվում էր նույն վայրում, դպրոցից մեզ ավտոբուսով էին տեղափոխում։
Լողը առողջություն է, ինքնավստահություն, հմտություն և ձգտում։ Այն եզակի մարզաձևերից է, որ ապահովում է մարմնի մկանների համաչափ զարգացում, գեղեցիկ կազմվածք։
Շատ դիպուկ օրինակ՝ առաջին հայացքից լողալու հետ կապ չունեցող։ Սովորողների հետ զատկական ձվիկներ ենք դատարկում, ու չզարմանաք, որ ասեմ՝ կային սովորողներ, որոնք չէին կարողանում շնչառությունը ճիշտ կարգավորել և փչել. ձուն այնպիսի ուժով էին սեղմում, որ ձեռքի մեջ կոտրվում էր։ Հետևությունները թողնում եմ Ձեզ՝ այդ սովորողն էլ երբ հասցնի ձեռք բերել այդ պարզունակ հմտությունները, եթե չվազի, չվարի, չհաղթահարի ու չլողա։
Այս առումով կրթահամալիրի ներդրումը խիստ գնահատելի է, շուրջտարյա բաց և ծածկած լողավազանների շահագործմամբ, լողուսուցումը՝ մուտքի ճամբարով սկսած, բարձունքի հաղթահարման բոլոր նախագծերը իրենց ամենատարբեր դրսևորումներով։
Մտքի ճկունություն և մարմնի կոփվածություն՝ իդեալական համադրություն։
Հ․Գ.Երբ համացանցում փնտրում էի հնգամարտի դպրոց, բերում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Տեսանյութը՝ տրիաթլոնի կազմակերպիչ Սյուզաննա Սարգսյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով