Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 

XVII. Ծրագրերի ձախողում, օրավարձով գրական աշխատանք  և պատերազմ՝ լոգարիթմական քանոնը ձեռքիս

1917-1919

Երբ քաղաք վերադարձանք, ակնհայտ դարձավ, որ զինվորական աշխատանքի քաղաքացիական ինչ-որ ձև պետք է փնտրեմ: Դասավանդման հետ կապ չունեցող աշխատանք փնտրելս ռազմական ժամանակների հետևանք էր, ինչպես նաև այն բանի, որ համալսարանում նորմալ կյանքը փաստացի դադարել էր: Ես զգում էի, որ իմ մաթեմատիկական կրթությունը ամենալավ բանն էր, որ կարող էի առաջարկել, այնպես որ էլեկտրագնացք նստեցի ու գնացի Քվինսի, որտեղ գտնվում էր Ֆոլ Ռիվերի նավաշինական գործարանը, որպեսզի փորձեմ նավերի համար շարժիչներ նախագծել սովորել: Դրանից բան դուրս չեկավ, և գնացի Լին՝ Ջեներալ Մոթորսի գործարանը: Այդ գործարանի ճարտարագետներից մեկը հորս ռուս ընկերներից էր, իսկ մյուսը Հարվարդում ֆիզիկայի իմ դասախոսն էր: Բնականաբար այնտեղ ինձ ավելի ջերմ ընդունեցին: Ասացին, որ տվյալ պահին ինձ համար աշխատանք չկար, բայց եթե ցանկանում եմ, կարող են ընդունել ճարտարագետ պատրաստելու իրենց ծրագրում, որպես աշակերտ, և աշխատավարձ տալ: Դա նշանակում էր, որ պարտավորվում էի երկու տարի չհեռանալ այդտեղից: Առաջարկն ընդունեցի և սկսեցի աշխատել գազատուրբինային շարժիչներ պատրաստող արտադրամասում: Գոլորշին կլանելու վերաբերյալ փորձերին էի օգնում և օգտագործում մաթեմատիկական իմ գիտելիքները ջերմադինամիկական որոշ հաշվարկների ժամանակ: Ամեն օր տուն դառնալիս հոգնած էի զգում, բայց երջանիկ, և անհուսորեն այնպես լղոզված գործարանում օգտագործվող քսուքներով, որ թվում էր՝ աշխարհում ոչ մի օճառ չէր կարող լվանալ: Այդ կեղտն ընդունում էի որպես բանվորի տարբերակիչ նշան:

Սակայն հայրս համարում էր, որ իմ անճարպկությամբ երբեք չեմ հաջողի տեխնիկայի բնագավառում, և սկսեց ինձ համար նոր աշխատանք փնտրել: Նա Օլբանիի «Encyclopedia Americana» («Ամերիկյան հանրագիտարան») հրատարակչության համար մի քանի հոդված էր գրել: Նա պատասխանատու խմբագիր պարոն Ռեյսին նամակ գրեց, որպեսզի վերջինս ինձ հաստիքային բանաքաղ աշխատելու հրավեր ուղարկի։ Չնայած զգում էի, որ բարոյապես պարտավոր եմ մնալ «Ջեներալ էլեկտրիկ» ընկերությունում, այնուամենայնիվ հորիցս շատ էի կախված, որպեսզի համարձակվեի չկատարել նրա հրամանները, այդպիսով, ամոթից վառվելով, ազատման դիմում ներկայացրի Լինի ճարտարագետներին, որ ինձ աշխատանք գտնելու հնարավորություն էին տվել: Ինձ ասացին, որ էլ երբեք չեմ կարողանա աշխատել այդ գործարանում, բայց իմ թուլության և կենսափորձի պակասի պատճառով բացարձակապես ոչինչ չէի կարող անել հորս հրամաններին ենթարկվելուց բացի:

Հայրս ինձ հետ եկավ Օլբանի, օգնեց տեղավորվել բավականին հաճելի տանտիրուհու մետ, եկեղեցուց ոչ հեռու գտնվող բարձրահարկ աղյուսե շենքում: Ինձ հետ եկավ նաև պարոն Ռայնսի գրասենյակ: Վերելակից օգտվելու հարկ եղավ, քանի որ գրասենյակը գործնական մռայլ շենքի հարկերից մեկում էր, որի ճակատը նայում էր կաղամբով լցված եվրոպական տիպի շուկային: Պարոն Ռայնսը մորուքով ծեր ջենթլմեն էր՝ իր գործի գիտակ, խիստ, միևնույն ժամանակ նաև բարեհամբյուր: Հենց սկզբից Օլբանին ինձ դուր եկավ: Նրա կենտրոնական մասը հիշեցնում էր եվրոպական քաղաքները կամ Բոստոնի Բեք Բեյը: Ես գտա լավ ռեստորաններ, որտեղ կարող էի ճաշել, լավ վարիետե թատրոն և լավ կինոթատրոններ, որտեղ կարող էի ազատ ժամանակս անցկացնել: Նաև երիտասարդ քրիստոնյաների տեղական միության մարմնամարզական դահլիճը գտա, որտեղ կարող էի պահպանել ֆիզիկական վիճակս:

Աշխատանքը «Encyclopedia» հրատարակչությունում մի քանի ոչ շատ կարևոր հոդված պատրաստելն էր, և աշխատավարձը կարծես գործարքային էր: Շուտով նկատեցի, որ ինձ բավականին լավ եմ զգում նոր տեղում՝ ցածր վարձատրվող գործընկերների խմբում. նրանց մի մասը դեռ նոր էր սկսում իր կյանքի առաջխաղացումը, մյուսները, հակառակը, աստիճանաբար ներքև էին գլորվում: Մեզ հետ աշխատում էր անգլիացի մի ծեր գործարար, որ միանգամից ամեն ինչ կորցրել էր և հիմա չափազանց ծեր էր, նոր գործ սկսելու համար: Նա հպարտանում էր Հիլբերտի և Սալիվանի օպերաների իր իմացությամբ, ինչպես նաև դրանց նման բառեր և երաժշտություն հորինելու իր կարողությամբ: Մեր էջադրողներից մյուսը Բրիտանական երկաթգծի մեքենավարից բարձրացել էր մինչև լոնդոնյան «Տաիմո» ամսագրի գրադարանավարի (արխիվը պահպանողի) աստիճանի: Նրա մոտ պահպանվել էր մի թղթապանակ, որի մեջ հավաքել էր հայտնի, դեռ կենդանի մարդկանց մահախոսականի օրինակներ, գրված նրանց հիվանդության ժամանակ, ինչպես նաև մի թղթապանակ շատ հայտնի մարդկանց մահախոսականներով՝ նրանց հանկարծակի մահվան դեպքում: Նա իր աշխատատեղը կորցրել էր ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով, բայց պահպանել էր իր ունակությունները և շատ օգտակար էր «Encyclopedia»-ի համար: Հոդվածների նրա ֆոնդը ամենաանհամապատասխանն էր, բայց այդ անհամապատասխանությունն ընդհանուր առմամբ հաճելի զարմանքի զգացողություն էր առաջացնում:

Մեզ հետ աշխատում էր նաև մի իռլանդացի՝ նախկին սեմինարիստ, Ջեյմս Ջոյսի ժամանակների Դուբլինի տիպիկ ներկայացուցիչ, որ խոսում էր կրթված դուբլինցուն հատուկ հաճելի գրական անգլերեն՝ հազիվ նշմարվող իռլանդական առոգանությամբ: Մեր շարքում նաև ամերիկացի մի բարբառագիր կար, որի հետ հաճախ թենիս էի խաղում, որը հետագայում դարձավ «Encyclopedia»-ի գլխավոր խմբագիրը:

Մեզ հետ Կոռնելի (համալսարանի) բարձրկուրսեցի մի աղջիկ էր աշխատում: Նա Օլբանիայում ապրող և մորթու առևտրով զբաղվող մի ռուսական հրեայի աղջիկ էր: Նա ինձ շատ հմայիչ և ոգևորված էր թվում: Նրա հետ հաճախ էինք զբոսնում Օլբանիի շրջակայքում, և գնում էի նրանց տուն, և միասին թատերական ներկայացումների էինք գնում: Նա և ես բավականին երիտասարդ էինք, որպեսզի մեզ վերելքին զգայինք: Մեզ բավականություն էր պատճառում այն մարդկանց առանձնահատուկ և ընկերական հարաբերությունները, որ մեզանից տարիքով էին և ապաստան էին գտել բոհեմի այդ յուրօրինակ կղզյակում: Այնուամենայնիվ, լինելով գրեթե տարեկիցներ, մենք գերադասում էինք զվարճանքի տարբեր վայրեր գնալ երկուսով, քան «Encyclopedia»-ում աշխատող խմբի մյուս անդամների հետ: Նույնիսկ երբ իմացա, որ նա նշանված է Ֆրանսիայի բանակում ծառայող մի երիտասարդ բժշկի հետ, շարունակեցի նրան զբոսանքի հավիրել, քանի որ կանացի շրջապատի հետ շփման անհհրաժեշտություն ունեի:

Մենք աշխատում էինք ոչ միայն մեր գրասենյակում, այլև Նյու Յորքի պետական գրադարանում՝ Կապիտոլիումի մոտի ուսումնական մասնաշենքում: Այդ շենքում ինձ համար շատ հետաքրքրություններ գտա: Բացի նրանից, որ այնտեղ շատ լավ գրադարան կար, և կարծես Կառավարության անդամների պետական խորհուրդը, այնտեղ էր նաև Նյու Յորքի պետական թանգարանը, որտեղ կար աշխարհարգրական, բուսաբանական, մարդաբանական, կենդանաբանական, հնէաբանական, և քարաբանական, հանքաբանական և բյուրեղագիտական հավաքածուների խառնուրդ: Այդ թանգարանում ես շատ ժամանակ եմ անցկացրել, հավանաբար ավելի շատ, քան պետք էր: Ես ծանոթացա թանգարանի հսկիչներից մեկի հետ, որ բյուրեղագիտության և թանկարժեք քարերի մասնագետ էր, և իմ սիրելի «Encyclopaedia Britannica»-ում (Բրիտանական հանրագիտարանում) ուսումնասիրեցի բյուրեղագիտության մասին հոդվածը: Հաճախ հանդիպում էի նաև նահանգի հնագետներից մեկի հետ: Այդ ծանոթությունները ինձ մոտ կրկին արթնացրեցին ողնաշարավորների նկատմամբ հետաքրքրությունը, և ես Հասկել և Պատոն վերընթեցեցի, որպեսզի ստուգեմ, թե ինչ-որ իմաստ ունի սարդանմանների մասին տեսությունը ողնաշարավորների նկատմամբ կիրառելը:

Նկատեցի, որ հանրագիտարան կազմելու միապաղաղ աշխատանքում որոշակի բարոյական նորմեր կան: Կազմողը հենց պետք է լինի այն, ինչ ենթադրում է այդ բառը: Թույլատրվում է գոյություն ունեցող այլ հանրագիտարաններից տեղեկատվություն օգտագործելը, բայց անհրաժեշտ է այն մանրամասնորեն համեմատել այլ աղբյուրների հետ: Եթե անհարժեշտ է տողատակ ստեղծել, օգտագործիր միայն օտարալեզու հանրագիտարանները, և ոչ մի դեպքում մի դիմիր լրացուցչ աղբյուրների: Զգույշ եղիր հոդվածի առաջին տողը գրելիս: Ընդհանրապես, զերծ մնա սեփական յուրօրինակ գաղափարներից:

Ինձ որոշակի ժամանակ պետք եղավ, որպեսզի այդ կանոնները հիշեմ բնազդային մակարդակով, և մեկ անգամ չէ, որ տրվել եմ խորամանկելու տղայական ցանկությանը: Ես հանրագիտարանները կարդալու սովորություն զարգացրի գրելու հետ, և իմ ստացած տեղեկության զգալի մասը օգտակար էր: Մեկ կամ երկու հոդվածում իմ սեփական փիլիսոփայական դիտարկումներ թույլ տվեցի. դրանցից մեկը «Էսթետիկայից» էր, և այդ նյութը հիմա էլ է ինձ յուրօրինակ թվում: Հույս էի փայփայում, որ մի գրկույկի մեջ հավաքեմ մի քանի այդպիսի հոդվածներ և փիլիսոփայական թեմաներով իմ ավելի վաղ ստեղծագործությունները: Սակայն այդպիսի յուրահատուկ և լավ հոդվածների կողքին ինձ թույլ էի տալիս գրել այնպիսի առարկաների մասին, որոնցից համապատասխան պատրաստվածություն չունեի: Այսպես, բալիստիկայի մասին իմ հոդվածները բացարձակ դատարկաբանություն էին: Հուսով եմ՝ պարոն Ռայսը դրանք չի հրատարակել:

Չնայած գրական գործունեությանս թերություններին և ոչ հաճելի կողմերին, ինձ համար այն ուսուցման հիանալի դասընթաց էր: Սովորեցի գրել արագ, խնամքով, նվազագույն ջանքեր գործադրելով, այնպիսի առարկաների մասին, որոնց շատ քիչ էի ծանոթ: Կարդալով իմ գրած նյութերը, յուրացրեցի սրբագրիչի մասնագիտությունը:

Գրական ոճի զարգացման խնդիրը զարմանալիորեն կապված է օտար լեզուներով խոսել կարողանալը զարգացնելու հետ: Գրական օրավարձու աշխատանքի ժամանակ ձեռք բերվող փորձը միանգամայն հիշեցնում է այն փորձը, երբ մարդ օտարալեզու միջավայրում ստիպված է օր օրի խոսել օտար լեզվով: Չի կարելի ժխտել, որ, այնուամենայնիվ, գրական անգլերենը բավականին շատ է տարբերվում խոսակցականից. չնայած սերտ կապված է խոսակցականի հետ, բայց նրա խիստ տարբերությունը խոսակցականից բավականին ռիսկային է, քանի որ կապված է հասկանալու խնդրի հետ: Օրինակ, փոխաբերությունները և դարձվածքները, որոնք բնորոշ են գրական տպավորիչ ոճին, դժվարըմբռնելի և «խստականոն» են խոսակցական անգլերենի համար: Այսպիսով, բանավոր խոսքում լեզուն արդյունավետ օգտագործել կարողացող մարդու համար խնդիր է գրավոր խոսքը զարգացնելը, բանավոր խոսքում իրեն բնորոշ նույն ազատությունը այդ նուրբ ոլորտում զարգացնելը: Եթե ցանկանում եմ իսպաներեն լավ խոսել, պետք է իսպաներեն մտածեմ և չտրվեմ անգլերեն արտահայտությունները իսպաներեն թարգմանելու գայթակղությանը: Որովհետև այն, ինչը ասում եմ իսպաներեն՝ անգլերենից թարգմանելով, երբեք ճշգրիտ չի համապատասխանի նրան, ինչը կասեր իսպաներեն խոսող մարդը: Ճիշտ նույն ձևով, եթե բանաստեղծություն կամ վեպ կամ գիտական ակնարկ պետք է գրեմ առանց հատուկ դժվարությունների, պետք է բավականին վարժվեմ, որ արտահայտվեմ համապատասխան լեզվական ձևով, որպեսզի բառերը, որոնք թելադրում կամ գրում եմ, միանգամից դասավորվեն բանաստեղծական անգլերենով կամ վիպասանի պատկերավոր լեզվով կամ փիլիսոփա ակնարկագրի լեզվով: Իմ փոխաբերությունները և խոսքի դարձվածքները պետք ծնվեն ազատորեն, առանց տանջալի փնտրտուքի, իհարկե, ոչ միանգամից հղկված տեսքով, բայց, համենայնդեպս, դրան մոտիկ: Չեմ ժխտում գրվածը վերանայելու անհրաժեշտությունը, որպեսզի ազատվես թույլ տեղերից և ոչ ճիշտ արտահայտություններից: Ես ցանկություն չունեմ ուրիշ գրողներին վերագրեմ այն, ինչը պատկանում է սեփական մտքերը արտահայտելու նրանց անհատական ոլորտին: Եթե իմ մասին խոսելու լինենք, աշխատում եմ ես մաթեմատիկայի բնագավառում կամ զբաղված եմ ինչ-որ բան հորինելով, չեմ կարողանում իմ մտքերը արտահայտել այնքան ժամանակ, քանի դեռ չեմ թափանցել ենթագիտակցությանս խորքերը:

Օլբանիայում ես երջանիկ էի: Ինձ դուր էին գալիս մարդիկ, ում հետ աշխատում էի, և իմ գործատուները, և ինձ դուր էր գալիս անկախության այդ նոր զգացողությունը: Քանի որ իմ նոր աշխատանքը տարբերվում էր նրանից, ինչով հայրս էր զբաղվում, նրա ճնշումը և քննադատությունը պակասել էին, համեմատած այն ժամանակների հետ, երբ աշխատում էի Մենի հալսարանում: Դրանից բացի, ես մեծացել էի, և ավելի վստահ էի կանգնում սեփական ոտքերիս վրա: Օրոնոյի կամ Բանհորմի հետ համեմատ, Օլբանին մաքրության, ավանդույթների և քաղաքակրթության դրախտ էր:

Չնայած երջանկության և բավարարվածության իմ նոր վիճակին, գիտակցությանս խորքերում ինչ-որ տեղ նստած էր պատերազմի միտքը: Պահեստի սպաների պատրաստման ծառայությունում փորձը ցույց տվեց բանակային ծառայությանը իմ բացարձակ անպիտան լինելը, բայց դեռ մասնակի ծառայության թույլտվություն ստանալու հույս ունեի որպես մասնավոր անձ՝ նոր օրենսդրության պայմանների համաձայն: Այդ ժամանակ դարձա Նյու-Յորք նահանգի գնդի (New York State Guard) անդամ: Դա կազմակերպություն էր, որը Ազգային գունդը (National Guard) ռազմաճակատ ուղարկելուց հետո տեղավորվել էր զինապահեստներում, և նրա պարտականությունների մեջ էր մտնում ջրի և էլեկտրականության աղբյուրների պահպանությունը: Ինձ առանձնապես դուր չէր գալիս այդպիսի կիսաակտիվ ծառայությունը, բայց իմ նախկին կոփվածությունը նպաստում էր, որ ես լրիվ պիտանի լինեմ զինապահեստում: Երբ գարունը եկավ, մենք շաբաթ օրերը, իսկ երբեմն և կիրակիները, անց էինք կացնում Հուդզոնի կղզիներից մեկում, որտեղ հրացանից կրակելու հրաձգարան կար:

Սովորաբար, իմ կարճ արձակուրդներին, ժամանակ առ ժամանակ այցելում էի Քեմբրիջ։ Կոնստանս քույրս ինձ Ռադկլիֆի իր ընկերների շրջապատը ներգրավելու փորձեր էր անում, և հիշում եմ, որ նրանց մեջ մի աղջիկ կար Ավստրալիայից, որի հետ երբեմն ժամանակ էի անցկացնում: Ամառային կարճ արձակուրդս Նյու Հեմփշիրում անցկացրի և վերադարձա «Encyclopedia» հրատարակչության իմ աշխատանքին: Բայց այդ ընթացքում պարզ դարձավ, որ նման աշխատանքը իմ զարգացման ճանապարհին, որպես ուսուցանող աստիճան, լրիվ բավարարում էր, սակայն բացարձակապես չէր բավարարում որպես վերջնական հանգրվան:

Ես չէի ճնշվում, որ զբաղվում էի աշխատանքով, որը չնայած ինձ ուրախություն էր պարգևում, բայց ոչ մի տեղ չէր տանում: Այս աշխատանքը շատ հարմար էր իմ տարիքին: Իմ կյանքի զարգացման տեսանկյունից դա կարող էր թվալ որպես ետընթաց, բայց ինքս այդպես չեմ մտածում:

Ո՛չ նկարազարդ ամսագրում ինչ-որ մեկի հաջողության պատմությունը, ո՛չ հունական ոճով ողբերգությունը չեն կարող մարդու կյանքում լինել բնական և նշանակություն ունեցող ելք: Այն, որ վերջում մարդը մահանում է, հասկանալի է, բայց նաև հասկանալի է, որ ինչ-որ մեկի ֆիզիկական վերջը նրա համար ելքի նշանակություն չունի: Անէության մեջ սկսվող և մահվան անէության մեջ ավարտվող ճանապարհորդությունը պարունակում է այն ամենը, ինչը իսկապես կարևոր է կյանքում, և այդ ճանապարհորդությունը ոչ մի ընդհանուր բան չունի ո՛չ փոթորիկների մեջ լողալու դրամատիզմի հետ, ո՛չ հաջողությունից հաջողություն հաղթական երթի հետ. ժամանակ առ ժամանակ վրա են հասնում անհաջողության շրջանները կամ ծովային տարածքներում անդորրի շրջանները:

Կարող է թվալ, որ վաղ զարգացումից և այդքան շուտ գիտական աստիճան ստանալուց հետո արհեստանոցի բանվորի, բանաքաղի, հաշվողի և լրագրողի այդ ամենօրյա աշխատանքը քայլ էր դեպի ետ: Բայց ինձ համար այդ բոլորը շրջապատող աշխարհում կյանքի փորձի օրինակներ էին, որոնց մեծ մասը տղան սովորաբար ձեռք է բերում ավելի վաղ տարիքում իր բնական զարգացման սովորական հաջորդականությունում: Քանի որ ես հնարավորություն չէի ունեցել այդ կյանքի փորձը ավելի վաղ տարիքում ճանաչելու, և քանի որ մարդուն շրջապատող աշխարհի հետ շփումը նրա կրթության էական մասն է, այդ ամենօրյա ապրումները ինձ հանար ունեին այն հմայքը և նորությունը, որը սովորական պայմաններում դաստիարակված տղան երբեք չէր կարող զգալ: Այսպիսով, կյանքի այդպիսի շրջանների նկարագրությունը և իմ արձագանքը դրանց նույնքան էական են այս գրքի համար, որքան և մնացածը, և հավանաբար, սրանք ամենահուզիչ էջերն են:

Երբ նորից սկսեցի աշխատանք փնտրել, լսեցի Պուրտո-Ռիկոյի համալսարանի մաթեմատիկայի բաժամունքում թափուր տեղի մասին: Որպես հավակնորդ՝ ուղարկեցի բոլոր թղթերս, բայց ոչ մի պատասխան չստացա: Որոշ ժամանակ հետո շտապ հեռագիր ստացա պրոֆեսոր Օսվալդ Վեբլենից, որ Մերիլենդ նահանգի Աբերդինդի փորձարարական նոր պոլիգոնում էր: Նա խնդրում էր՝ գնամ այնտեղ, որ բալիստիկ փորձարկումներով զբաղվող խմբում աշխատեմ որպես քաղաքացիական անձ: Դա ինձ համար պատերազմի հետ կապված աշխատանքներին լրջորեն մասնակցելու հնարավորություն էր: Անհրաժեշտ էր իմ անհապաղ մեկնելը, ինչի համար իսկույն հանդիպեցի Ռեյսին և ազատվեցի «Encyclopedia»-ում աշխատանքից: Նստեցի Նյու Յորք մեկնող մոտակա գնացքը, այնտեղ նստեցի ուրիշ գնացք և մեկնեցի Աբերդին:

Մերիլենդ նահանգի Աբերդինը այն ժամանակ փոքրիկ, ոչնչով աչքի չընկնող գավառային քաղաք էր: Կառավարությանը պատկանող երկաթգծի մի փոքր գիծ գյուղը միացնում էր այն տեղի հետ, որտեղ նույնիսկ երկաթգծի կայարան չկար, և որտեղ ես պետք է գնացքից իջնեի: Այն ժամանակ հենց ճահճի վրա մի քանի ժամանակավոր կացարան կար, հիմա այդ տեղը դարձել է պետական փոքրիկ կայարան, որը բավականին հաճելի տեսք ունի: Այն օրերին միշտ պատրաստ տրակտոր կար կանգնած, որպեսզի հսկայական բեռնատարները դուրս քաշեր ճահճից:

Աբերդինյան փորձադաշտի ստեղծումը շատ կարևոր երևույթ էր ինչպես Միացյալ Նահանգների գիտության պատմության, այնպես էլ այնտեղ աշխատող առանձին գիտնականների համար: Չնայած աստղագիտության, երկրաբանության, քիմիայի և այլ ոլորտներում գիտական աշխատանքը Ամերիկայում տարիներ շարունակ բարձր մակարդակի էր, սակայն գիտնականներից շատերն իրենց կրթությունը ստացել էին Եվրոպայում, իսկ մի մասն էլ հրավիրվել էր Եվրոպայից: Ինչպես ընդունված էր համարել, մաթեմատիկան խիստ ետ էր մնում այդ գիտություններից: Ինչպես արդեն ասել եմ, Բիրկհոֆը առաջին իսկական ամերիկացի խոշոր մաթեմատիկոսն էր, որ այդ գիտության բարձունքներին հասել էր առանց Եվրոպայում սովորելու: Այդ ժամանակ ընդամենը վեց տարի էր անցել այն օրվանից, երբ նա 1912թ. ստացել էր իր առաջին գիտական կոչումը: Այսպիսով, մենք՝ ամերիկացի մաթեմատիկոսներս, թույլ օղակ էինք, և երկրում մեզ համարում էին տարբերակիչ նշանով անօգտակար անգետների մեծ խումբ: Գործնականում անհնար էր հավատալը, որ մենք կարող էինք կարևոր դեր խաղալ պետական ռազմական հզորության համար:

Գերմանիայի հետ պատերազմը նոր տեսակի հրանոթների և ռազմական հանդերձանքի նախագծման աշխատանքներ բերեց: Հրանոթի յուրաքանչյուր տեսակի և ռազմական յուրաքանչյուր հանդերձանքի համար անհրաժեշտ էր կազմել կրակային նոր աղյուսակներ և դրանք անիջապես հանձնել մարտերի մասնակիցներին: Կրակային այդ աղյուսակները պետք է պարունակեին յուրաքանչյուր տեսակի հրանոթի և այլ տեսակի զենքի համար սպասվող հեռավորության կախվածությունը ուղղաձիգ ուղղվածությունից՝ հենարանի ետընթացի, ուղղվածությունը դնելիս համակարգի փոփոխության, համակարգում վառոդի լիցքի քանակի ավելցուկի, ռումբի քաշի ավելցուկի, քամու, թռիչքի վրա օդի ճնշման և այլ հանգամանքերի հաշվառմամբ: Աղյուսակները պետք է պարունակեին հավանական սխալների հաշվարկը բոլոր սկզբնական տվյալների դեպքում:.Պարզվեց, որ կրակային աղյուսակներ կազմելու հին մեթոդները ոչ միայն դանդաղ էին, այլև բավականին ճշգրտություն չունեին ժամանակակից պահանջների համար, և բոլորովին անպետք էին նոր և շատ գրավիչ ոլորտում՝ ինքնաթիռների վրա կրակելիս: Հետևաբար, մաթեմատիկական կրթություն ունեցող անձի խիստ անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի կարողանար աշխատել հաշվիչ մեքենայի վրա, և ինձ նման քաղաքացիական մարդիկ ստիպված էին անցնելու ծառայության: Ծառայության կանչված մաթեմատիկոսներն ուղարկվեցին հրետանային զորքեր և Աբերդին, և նույնիսկ ռազմաճակատից սպաներ ետ կանչվեցին, որոնք նստեցին գրասեղանների առջև, որպեսզի աշխատեն լոգարիթմական քանոնով:

Պրոֆեսոր Օսվալդ Վեբլենը Փրինստոնից ստացավ հրետանային զորքերի մայորի կոչում և դարձավ այս տարասեռ խմբի ղեկավարըՆրա աջ ձեռքը կապիտան Ֆ. Ու. Լումիսն էր և առաջին լեյտենանտ Ֆիլիպ Ալգերը, որ հետո կապիտան դարձավ, և ում հայրը բալիստիկայի հիանալի փորձագետ էր ծովային զորքերում: Ինչ վերաբերում էր մնացածներիս, մենք մի քիչ անսովոր միջավայրում էինք ապրում, որտեղ արտադրությունում զբաղեցրած դիրքը, բանակային կոչումը և գիտական աստիճանը իրենց դերն էին խաղում, և լեյտենանտը կարող էր շարքայինին դիմել «դոկտոր» կամ կատարել սերժանտի հրամանը:

Միայն մի բան նշանակություն ուներ. մենք կատարում էինք այն, ինչ մեզանից պահանջում էին: Դա մի շրջան էր, երբ աշխարհի բանակներն անցում էին կատարում հին ձևական բալիստիկայից դիֆերենցիալ հավասարումների ճշգրիտ լուծումների, և մենք՝ ամերիկացիներս, ետ չէինք մնում ո՛չ մեր թշնամիներից, ո՛չ էլ դաշնակիցներից: Եվ իսկապես, ինտերպոլյացիայի և սկզբնական բալիստիկական աղյուսակների լրացումները հաշվարկելիս Չիկագոյի պրոֆեսոր Բլիսը հրաշալի կերպով օգտագործեց ֆունկցիոնալների նոր տեսությունը: Այսպիսով, հասարակությունն առաջին անգամ հասկացավ, որ մաթեմատիկոսներս այս աշխարհում կարող ենք ինչ-որ դեր խաղալ: Իհարկե, մեզ դեռ չէին վերաբերվում որպես հրաշագործների, ինչպես քիմիկոսներին և ֆիզիկոսներին:

Այս իմաստով մեզ հաջողությունն էր ուղեկցում, քանի որ մեր ձեռք բերած հեղինակության շնորհիվ մեր աշխատավարձը բարձրացրին, և շատ հեշտացավ աշխատանք գտնելը, և քանի որ իշխանությունը համարում էր, որ մենք այնքան էլ կարևոր չէինք, չէին փորձում խառնվել և մեզ ձեռքները հավաքել: Էմերսոնը ամենը չի պատմել այն մարդու մասին, որ մկան ավելի կատարելագործված թակարդ էր ստեղծել: Նրա տան շեմը ոչ միայն մարդիկ էին անցնում, մի անգամ նրա անիծյալ բակում հայտնվում է Մկան թակարդների ընկերության հաջողակ ներկայացուցիչը, գնում է նրա գյուտը այնպիսի գնով, որը նրան թույլ է տալիս դուրս գալ թակարդների արտադրության գործից, իսկ այդ ներկայացուցիչը պահպանելով գյուտարարի ստեղծած ինչ-որ փոքր կատարելագործում, շուկան այնուամենայնիվ լցնում է ամենաէժանագին և պարզունակ տեսքի, սովորական ստանդարտին համապատասխանեցրած թակարդներով, որպես պահանջարկ ունեցող ապրանք: Հաճախ մասնավոր, ասենք, պանիր արտադրող ոչ մեծ ձեռնարկության արտադրության հիանալի մթերքը վաճառվում է պանրի խոշոր արտադրողներին, որոնք ուրիշ հարյուրավոր նման ձեռնարկությունների մթերքների հետ այն դարձնում են տհաճ, վուլկանացված սպիտակուցային զանգված:

Երկրորդ համաշխարհային պատերազմին և դրանից հետո որոշ ժամանակ ամերիկացի գիտնականի հաջողությունը նրան դատապարտում էր ամերիկյան պանրի ճակատագրին: Այդ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր քիմիկոս, յուրաքանչյուր ֆիզիկոս, յուրաքանչյուր մաթեմատիկոս հարկադրաբար կոչված էր կառավարությանը ծառայելու, որտեղ նրա գործունեության ազատությունը խիստ սահմանափակ էր, ինչ միշտ ուղեկցում է գաղտնի նյութերի հետ աշխատելուն, և հասցված էր ոչ մեծ խնդիրներ լուծելու. գիտնականին դիտավորյալ անտեղյակ էին պահում իր աշխատանքի կիրառության ամբողջ ոլորտից: Չնայած որ նման դրվածքը բացատրվում է նրանով, որ անհարժեշտ էր կանխել գաղտնի տեղեկությունների արտահոսքը դեպի թշնամին, և անկասկած դա պատճառներից մեկն էր, բայց անկասկած է նաև, որ դա կապված էր ստանդարտի ամերիկյան ձգտման և առանձին անհատների ուժեղ կարողությունների նկատմամբ անվստահության հետ: Իսկ դա, իր հերթին, կապված է կառավարական նախագծերի և միլիոն դոլար բյուջե ունեցող մասնավոր լաբորատորիաների նկատմամբ մեր սիրո հետ, որոնք խրախուսում են հետազոտության ավանդական, հնարավոր բոլոր ուղղություններով խելքը և միտքը անկանոն և անկանխատեսելի օգտագործելու էդիսոնյան մեթոդը:

Սակայն Աբերդինի փորձարարական հրապարակը ստեղծելու այն հեռավոր ժամանակներում Անտարբերություն թագավորն արդեն մահացել էր, իսկ Նորին մեծություն Խիստ կարգավորվածությունը դեռ գահ չէր բարձրացել: Սա ամերիկական մաթեմատիկայի կայացման շրջանն էր: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո երկար տարիներ ամերիկյան մաթեմատիկոսների մեծ մասը կազմում էին այդ փորձարարական հրապարակի կարգապահությունն իրենց իր վրա կրածները: Խոսում եմ այնպիսի մարդկանց մասին, ինչպես Վեբլեն, Բլիսը, Գրոնվոլը, Ալեքսանդերը, Ռիտը և Բենեթը:

Ինձ հատկապես երիտասարդներն էին հետաքրքրում: Այնտեղ հանդիպեցի Հյուբերտ Բրեյին, որին չէի տեսել Թաֆտի քոլեջը ավարտելուց հետո: Բրեյը մի քանի տարի աշխատել էր Ռեյի ինստիտուտում և հիմա այնտեղ զբաղեցնում էր մաթեմատիկայի բաժամունքի ղեկավարի պաշտոնը: Որոշ ժամանակ մենք միասին էինք ապրում: Ավելի ուշ տեղափոխվեցի քաղաքացիական գերլցված բարաքներից մեկը Ֆիլիպ Ֆրանկլինի, որ հետո դարձավ իմ փեսան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի իմ գործընկերը, և Նյու Յորքի քոլեջից Հիլի մոտ: Նաև որոշ ժամանակ ընկերական հարաբերություններ ունեի Պորիցկու հետ, որ ավելի ուշ թողեց մաթեմատիկան և գիտական աշխատանքը և զբաղվեց կիրառական մաթեմատիկայով՝ աշխատանքի անցնելով Ջեներալ Էլեկտրիկում, և Ուիդերի հետ, որ հիմա դասվանդում է Հարվարդի մաթեմատիկայի բաժամունքում:

Այս ցուցակը հեռու է ամբողջական լինելուց: Գրոշտեյնը, որ թողեց Հարվարդը փորձարարական հրապարակում աշխատելու համար, հետո որպես սպա գնաց զինվորական ծառայության, երկար ժամանակ Հարվարդի լավագույն մաթեմատիկոսն էր, ընդհուպ մինչև իր անժամանակ մահը: Չեմ հիշատակել մեծ թվով աստղագետների, ճարտարագետների, միջնակարգ դպրոցի ուսուցիչների անուններ, որոնց հետ վերջին տարիներին գործնականում չեմ հանդիպել:

Ֆրանկլինը և Հիլը, որոնք տասնինը տարեկան էին և զգալիորեն երտասարդ ինձանից, իմ մոտիկ ընկերներն էին: Երբ ձեռքի աղմկոտ հաշվիչ մեքենաներով չէինք աշխատում, որոնք «աղաց» էինք անվանել, մի քանի ժամ բրիջ էինք խաղում՝ այդ մեքենաներն օգտագործելով միավորները հաշվելու համար: Երբեմն շախմատ էինք խաղում կամ այդ խաղի նոր հորինված տարատեսակը՝ նախատեսված երեք մարդու համար, կամ մեզ վտանգելով՝ անծուխ վառոդ կամ THT (տրոտիլ) էինք վառում: Մենք միասին գնում էինք լողալու Չեսափիկի ծովածոցի սառը ջրերում կամ զբոսնում էինք անտառում, այնպիսի բուսականությամբ, որը չափազանց հարավային էր մեզ ծանոթ լինելու համար: Հիշում եմ սեխածառերը, որոնց պտուղներն աճում են բնի վրա, մերձարևադարձային ձևով:

Ինչով էլ որ զբաղվելիս լինեինք, միշտ մաթեմատիկայից էինք խոսում: Մեր զրույցներից շատերը անմիջական հետազոտությունների չէին հանգեցնում: Հիշում եմ Պֆաֆյանսի երկրաչափության մասին կիսապատրաստ գաղափարները, որով հետաքրքրվեցի հարվարդցի Գաբրիել Մարկուս Գրինի պատճառով: Չեմ կարող հիշել այն ամենը, ինչ քննարկել էինք, բայց վստահ եմ, որ երկար ժամանակ մաթեմատիկայի մեջ և մաթեմատիկոսների հետ ապրելու հնարավորությունը մեր մեջ ամրացրեց մեզ մաթեմատիկային նվիրելու ձգտումը: Հետաքրքիր է, որ այդ կյանքը շատ նման էր գիտության մեջ փակ, բայց ոգևորությամբ ապրելուն, որը ինձ հաջողվել էր տեսնել Քեմբրիջում, և որը չի կարելի տեսնել ամերիկյան ոչ մի համալսարանում:

Արձակուրդներին մի քանի անգամ տուն եմ գնացել: Այդ ուղևորությունների ժամանակ շատ ժամանակ եմ անցկացրել Գ. Մ. Գրինի հետ: Նա տարված էր Կոնստանս քրոջովս, որը խոստումնալից մաթեմատիկոս էր դարձել: Մի անգամ տուն այցելության ընթացքում ծնողներիս հետ քննարկեցի ինձ վաղուց զբաղեցնող ծրագիրը, որ օգտագործեմ փորձարարական հրապարակի կապերս՝ մասնակի ծառայաթյան բանակ զորակոչվելու համար: Վերջապես, 1918թ. հոկտեմբերին այդպիսի հնարավորություն եղավ, և մայոր Վեբլենի աջակցությամբ մեկնեցի հարևան քաղաք, որը շրջանի գլխավոր քաղաքն էր, որպեսզի զինակոչիս վերաբերող փաստաթղթերն ստանամ:

Ինձ ուղարկեցին Ֆորտ Սլոքումի զինակոչային կետը, որը Նյու Յորք նահանգի Ուեսչեսթեր շրջանի ծովափից ոչ հեռու գտնվող կղզու վրա էր: Արդեն պարզ էր, որ պատերազմն ավարտին էր մոտենում: Ինձ վախեցնում էր արարքիս անուղղելի լինելը: Ինձ զգում էի ձերբակալման դատապարտվածի նման: Նորակոչիկների ամբոխը և նրանց տեսքը, մի կողմից՝ վախեցած տղաները, իսկ մյուս կողմից՝ խրոխտ, իրենց կարևորոող երիտասարդ զինվորները, ոչ մի հաճելի զգացողություն չէին առաջացնում: Կղզում իմ կյանքը թեթևացնող միակ բանը ինձ նման մեկ ուրիշի այնտեղ լինելն էր, որ զինվորականների հետ կապ չուներ, դա նորակոչիկ Հարրի Վուլֆսոնն էր Հարվարդի սեմիթական լեզուների բաժամունքից: Իմ համազգեստը պիրկ գրկում էր մարմինս, իսկ Վուլֆսոնի համազգեստում իր նման երկուսն էլ կտեղավորվեին: Բայց նույնիսկ զինվորական համազգեստով մենք քոլեջի պրոֆեսորներ էինք թվում, երբ զբոսնում էինք պատնեշի վրա՝ Արիստոտելի, միջնադարյան հրեական լեզվի և արաբական փիլիսոփայության մասին դատողություններ անելով:

Ի վերջո մեզանից ոմանց ետ ուղարկեցին Աբերդինյան փորձադաշտ: Մենք բուքսիրային նավով լողացինք Մանհեթենի շուրջը և Ջերսիի ծովափնյա կայարաններից մեկում Ֆիլադելֆիա մեկնող գնացք նստեցինք: Ֆիլադելֆիայում մեզ խլացրեցին Գերմանիայի հետ հաշտության պայմանագիր կնքելու կեղծ լուրի պատճառով հնչող ջերմանավերի շչակները, իսկ կազմակերպությունների պատուհաններից թերթերի անձրև էր թափվում: Երկու օր հետո, երբ փորձադաշտ վերադառնալու կարգադրություն ստացանք, առավոտյան շուտ մեզ հավաքեցին և հայտնեցին, որ իսկական հաշտությունը կնքվել է:

Զինվորական պաշտոնակարգությունը փորձադաշտում շատ յուրօրինակ էր: Բացի ղեկավարների խմբից, բալիստիկների խմբից, և նման էլի մի քանի խմբերից, այնտեղ կային բանվորներ, որոնք զբաղված էին վառոդի համար պարկեր կարելով, ինչպես նաև հողային և շինարարական աշխատանք կատարողներ: Վերջինները հիմնականում վեներական հիվանդությունների պատճառով ծառայության չկոչված տղամարդիկ էին: Բոլոր խմբերն իրար էին խառնված, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հավաքվում էին և տեղավորվում բարաքներում: Կարծում եմ, չարժե բացատրել, որ մշտապես շոկային վիճակում էի, որը ապրում է մարդը, երբ ընկնում է այնպիսի շրջապատ, որտեղ մշտապես կեղտոտ հայհոյանք է հնչում, և դեռ վարժված չէ բանակային կյանքի բացությանը:

Երկու անգամ պահակություն եմ արել: Առաջին անգամ շատ հեշտ ստացվեց, քանի որ պետք է շրջեի այն շենքի շուրջը, որտեղ գիտական գրադարանն ու քրոնոսկոպներն էին տեղավորված: Պտույտների միջև շատ հետաքրքիր նյութեր ունեի կարդալու: Երկրորդ անգամ ստիպված էր սովորական ժամապահի ծառայություն անել՝ քարշ տալով հրացանը՝ սվինն էլ վրան: Ինձ դժվար թվացին քնելու հնարավորություն չունենալը և մշտապես բավականաչափ առույգ մնալը, որպեսզի կարողանաս պատասխանել պահակախմբի հերթապահի կանչերին: Վաղ առավոտյան մի քիչ հանգստացա պահակախմբի սենյակում, զսպանակավոր մերկ մահճակալին, և չնայած արթնանալով ինձ ջարդուփշուր էի զգում, բավական եղավ մեզ տրված մի մեծ բաժակ տաք սուրճը սենդվիչի հետ, որպեսզի նորից առույգանայի:

Այդ զինվորական հանձնարարություններից և գրասենյակային աշխատանքից բացի, որոշ աշխատանք էի կատարում նաև հրաձգարանում, որտեղ զենիթային կրակի վերաբերյալ տվյալներ էի հավաքում կրակային աղյուսակի համար: Հատուկ հեռախոսային գիծ ունեինք, որով միանում էին հրանոթների գտնվելու վայրը և երկու կամ երեք դիտակետեր, որտեղ դիտորդները հորիզանական տեղադրված հայելիներում, որոնց վրա կոորդինատային ցանց էր գծված, օպտիկական սարքով հետևում էի ռումբերի պայթյունների անդրադարձումներին: Վատ տեսողությանս պատճառով ես հրանոթի մոտ օպերատոր-հեռախոսավարի պարտականություն էի կատարում. պառկում էի գետնին, կրակող հրանոթի տհաճ աղմուկի և որոտի մեջ, և դիտորդներին հայտնում կրակելու, արկի պայթելու ժամանակը և դրանից հետո հինգ վայրկյան տևողությամբ դադարները: Այդ ժամանակահատվածները հայելիներին հետևողներին հնարավորություն էին տալիս իրենց դիտարկումները համպատասխանեցնելու ծխի շարժման հետ և այդպիսով որոշելու քամու արագությունը վերևում: Իմ պարտականությունների մեջ էր նաև հրանոթային թիմին տեղեկացնելը, որ դիտորդները պատրաստ են:

Դիտորդներն իրենց կետերն էին գնում հին մարդատար ֆորդ ավտոմեքենայով. երբեմն հատում էին հրաձգարանը, որտեղ կրակում էին: Տեսականորեն անվտանգության ծառայության սպան պետք է կրակը դադարեցներ, որպեսզի նրանք անցնեին, բայց ժամանակի ընթացքում նույնիսկ անվտանգության սպաները կորցնում էին իրենց զգոնությունը, և անվտանգության այդ ձևը չէր պահպանվում: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ դիտակետի դիտորդները բողոքում էին, թե արկը ծակել է իրենց տանիքը: «Լավ,- ասաց անվտանգության ծառայության սպան,- մի քանի կրակոց էլ կանենք ու կվերջացնենք»:

Քանի դեռ ունեինք այն զգացողությունը, որ աշխատում ենք հանուն հաղթանակի, պահպանում էինք բարձր ոգին: Զինադադար հայտարարելուց հետո բոլորի զգացողությունն այն էր, թե տեղում դոփում ենք, իսկ վերջին պահին զորակոչվածներին թվում էր, թե հիմարների խմբում են: Քաղաքացիական ծառայողներն սկսեցին հեռանալ առաջին իսկ հնարավորության դեպքում, իսկ մենք՝ զինծառայողներս, պիտի մնայինք այնքան ժամանակ, մինչև մեզ ետ ուղարկեին ճամբար, որտեղ էլ մեզ ազատում էին զինապարտությունից:

Նույնիսկ կանոնակարգված կյանքին անհամապատասխան իմ խառնվածքով, բոլորովին չկամենալով տեսնել, թե ինչով էի զբաղված, և իմանալ, թե ինչ է այդ ամենը նշանակում, բանակային կյանքի այդ մի քանի ամիսը ինձ համար յուրատեսակ թաքստոց էր մշտապես որոշում կայացնելու անհրաժեշտությունից տարիներով կուտակված հոգնածությունից: Շատ անգամ է ասվել, որ զինվորն ու վանականը շատ նման են: Կանոնակարգված կյանքի ձգտումը, ընտրություն կատարելու ու պատասխանատվության վախը և իրեն ավելի պաշտպանված զգալու ցանկությունը, որոշ մարդկանց ստիպում են զինվորական հագուստ կամ վանականի փիլոն հագնել:

Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես կավարտվի պատերազմը, և ինչպիսին կլինի ետպատերազմյան կյանքը: Իսկ առայժմ սպասում էի: Իմ այդ զգացմունքային արգելակումն առաջացավ զինվորական ծառայության անցնելուց առաջ, երբ տևական ժամանակ անցկացրի բանակային ճամբարում, և երկար տևեց, բայց սկսեց անցնել դրա ժամանակավոր թուլացման հետ, որը առաջացով խաղաղություն կնքելու պատճառով, և այն ծագող հույսից, որ ամեն ինչ կարող է իր հունը դառնալ:

Մինչ ես հրամանի էի սպասում, որ մեկնեի Մասաչուսեթս նահանգի Աեյրի Դևենս ճամբարը, որ վերջնականպես զորացրվեմ, գրիպի համաճարակ սկսվեց: Սկզբում լուրջ չընդունեցինք, բայց շուտով լուրեր հասան մեկ այս մեկ այն զինվորի մահվան մասին: Մենք բոլորս հակագրիպային դիմակներ էինք կապում, իսկ դարտմուտցի հսկա և ծանրաշարժ պրոֆեսոր Հասկինսը բոլորիս ծխահարում էր իր ծախամորճով: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ մի շատ ազնիվ և գիտակից զինվոր, որին ուղարկել էին վագոն դատարկելու, իրեն վատ էր զգացել: Բժիշկը նրան չէր ազատել աշխատանքից, իսկ հաջորդ օրը նա մահացավ թոքերի բորբոքումից:

Տխուր էր նայելը վատ պատրաստված սոճե դագաղներին, որ դարսած էին կայարանի կառամատույցում, և մտածել, թե ով է հաջորդը լինելու: Շուտով հորիցս հեռագիր ստացա, որով հայտնում էր, որ ընկերս՝ Հարվարդի մաթեմատիկայի բաժամունքի դոկտոր Գ. Մ. Գրինը, որ նշանված էր Կոնստանս քրոջս հետ, մահացել է համաճարակի պատճառով: Այդ նորությունն ինձ ցնցեց: Դա ստացա Դևենսի ճամբար մեկնելուց առաջ:

Արտաքնապես Այերը ինձ թվաց այնպիսին, ինչպիսին իմ պատանեկության տարիներին էր, սակայն այնտեղ շատ կարևոր փոփոխություններ էին կատարվել: Քանի որ երկաթգծերը ձգվեու միտում ունեն, իսկ կարճ ճյուղերը, ինչպես Այերն էր, վնասով էին աշխատում, այդ քաղաքը կորցրել էր կարևոր երկաթգծային հանգույց լինելու իր նախկին փառքը: Մյուս կողմից՝ Դևենս ճամբարը, որը ստեղծվել էր պատերազմի սկզբում, քաղաքից շատ ավելի մեծացել էր, և առևտրականները հարստանում էին ապրանքները զինվորներին վաճառելով:

Երբ սպասում ես զորացրվելու, գործնականում անելու բան չես ունենում: Պետք է բժշկական ստուգում անցնել և ինչ-որ թղթեր ստորագրել: Մեկ օր ինձ ուղարկեցին էլեկտրակայանի համար ածուխ բեռնաթափելու: Ժամանակի մեծ մասը տարբեր գրադարանային կետերում էի լինում՝ կարդալով Գ. Կ. Չեսթերթոնի ստեղծագործությունները: Վերջապես եկավ իմ զորացրվելու օրը, և ես Բրաունի դեղատան մոտ ապրող ընկերներիս կարճ այցելությունից հետո գնացք նստեցի և տուն մեկնեցի:

Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով