Մանկավարժի աշխատանքն ամենապատասխանատուներից է: Ուսումնական դասընթացը սովորողի համար պետք է լինի հայտնագործություն անելու ամենօրյա հնարավորություն: Այդպիսի հնարավորություն սովորողին տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր, որտեղ գործում է հեղինակային կրթական ծրագիր, և որտեղ կարևորվում է սովորողի և դասավանդողի ստեղծագործական աշխատանքը:
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին երբևէ չեմ մտածել, որ կարող եմ զբաղվել մանկավարժությամբ, սակայն մեր կրթահամալիրը և մեր այլընտրանքային կրթական ծրագիրը գրավեցին ինձ: 2020 թ.-ին անցնելով քառօրյա վերապատրաստում և մուտքի ճամբար՝ մեկ տարի աշխատեցի Արևմտյան դպրոցում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ:
Տպավորիչ էր առաջին աշխատանքային օրս՝ ճամփորդություն դեպի Արագածի հարավային գագաթ: Կրթահամալիրում յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր բարձունքի հաղթահարում է։
Երկարացված օրը յուրահատուկ է մեր կրթահամալիրում: Հագեցած ուսումնական օրվանից հետո կազմակերպիչը պետք է կարողանա ուսուցողական հետաքրքիր նախագծերի շուրջ համախմբել իրարից տարբեր, հաճախ նաև տարատարիք սովորողների:
Այսպիսով՝ երկարացված օրը սկսվում է միջավայրի խնամքով։ Հետաքրքիր է սեբաստացիների կապը բնության հետ: Սովորողները հիանում են բույսերով, մեծ սիրով խնամում, դե իսկ բույսերն էլ ծաղկում և ժպտում են: Կարևոր է նաև շփումը կենդանիների հետ․ սովորողը դառնում է ավելի հոգատար և բարի: Երկարացված օրվա ընթացքում պարբերաբար այցելել ենք ուսումնական ագարակ, խնամել մեր սիրելի կենդանիներին, ձիավարել, իրականացրել «Իմ Կենդանին» նախագիծը:
Սեբաստացիների կյանքում կարևոր տեղ ունեն ճամփորդությունները: Հիանում եմ սեբաստացի սովորողներով․ նրանք միշտ մեծ խանդավառությամբ են ճամփորդում․սիրում են բացահայտել Հայաստանի գեղեցիկ և գողտրիկ վայրերը: Մեր սովորողները կարողանում են հոգ տանել մեր շրջակա միջավայրի և հայրենի բնության մասին:
Ճամփորդություններ՝
- «Փոքրիկ հնէաբաններ»
- Բարեկենդանն ու Տեառնընդառաջը Ազատան գյուղում
- Մատենադարան
- Եռօրյա հեքիաթ Արատեսում
- Ձմեռային մարզական խաղերը Ծաղկունք գյուղում
Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ և օրվա մեծն մասն անցկացնելով սովորողների հետ՝ իրենց օգնությամբ շատ հեշտ և արագ ընտելացա կրթահամալիրյան կյանքին: Միասին իրականացրինք բազում հետաքրքիր նախագծեր ՝ տեխնոլոգիական, մարզական, երաժշտական և այլն։
Կրթահամալիրում առանձնակի տեղ է տրվում ազգային ինքնությանը և երաժշտությանը: Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ընդհանուր պարապմունքով․ միասին պարում ենք, երգում մեր սիրելի երգերը և միասնական ընթերցումներ իրականացնում․
- Ընդհանուր պարապմունքը Բախշյանի անվան այգում
- Սահյանով ընդհանուր պարապմունք
- Ազգային երգերի, պարերգերի ֆլեշմոբ
Սեբաստացիների համար կարևոր են ուրբաթ օրերը, որոնք սկսվում են Սբ. Երրորդություն եկեղեցում՝ միասնական ուսումնական ժամերգությամբ, և ավարտվում կրթահամալիրի մարմարյա սրահում՝ միասնական տոնախմբությամբ՝ մեր սիրելի ուրբաթ-համերգներով: Չկա մեկ այլ դպրոց, որ այսքան մոտ լինի երաժշտությանը․
- Ուսումնական ժամերգություն․ Արևմտյան դպրոց
- Առավոտյան ուսումնական ժամերգություն Արուճի Սբ.Գրիգոր եկեղեցում
- Ժամերգություն Մարմաշենի վանքում
- «Ժայռից մասուր է կաթում » ուրբաթ-համերգ
- Հարավի Ուրբաթը
- Թումանյանով Բարեկենդան․ ամփոփում
Իմ գործունեությունը կրթահամալիրում չէր սահմանափակվում միայն երկարացված օրվա կազմակերպիչ լինելով, մասնակցում էի նաև տարբեր երաժշտական նախագծերի (ուսուցչական երգչախումբ և վոկալ համույթ), իսկ 2021թ.-ի սեպտեմբերից երաժշտության եմ դասավանդում երաժշտության ընտրությամբ խմբերին Արևմտյան և Հարավային դպրոցներում:
Հատկապես մեծ է պատասխանատվությունը, երբ աշխատում ես ընտրությամբ գործունեության խմբերում, որովհետև այստեղ արդեն գործ ունես փոքրիկ երաժիշտների հետ:
Կարևոր է սովորողների մոտ զարգացնել սերը դեպի երաժշտությունը, երաժշտություն ունկնդրելու կուլտուրան, երաժշտական լսողությունը: