2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։ Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ: Աշնանը Մատենադարանում նախատեսված է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալուն: Իսկ «Մատենագիրք հայոց» մատենաշարի 21-րդ և 22-րդ հատորները ներառելու են Շնորհալու ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործերը՝ ամբողջացնելով կաթողիկոսի հսկայական ժառանգությունը:

Ներսես Շնորհալու մասին

Հայ եկեղեցու պատմության մեջ, Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից և Գրիգոր Նարեկացուց հետո, թերևս, ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով: Իսկ պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է․ «Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»:

Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նրա հետ բանավիճելու կամ նրան աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:

Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի) միջնադարյան  Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է:

Եթե մեկ բառով բնորոշելու լինենք Ներսես Շնորհալու գործունեությունը, ասելու ենք՝  Առաջինը: Խնդրեմ. Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների երկու շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝  որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ:
Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով:
 
Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է:
 
Շնորհալու «Վիպասանություն» պոեմը առաջին չափածո պատմագրական երկն է: Պոեմը սիրվել ու տարածվել է  միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան:
 
Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» (1152 թ.) պոեմը Նարեկից հետո եղել է հոգիները բուժող աղոթամատյան:
 
Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը:
 
Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով, ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:

Եփրատի աջ ափին՝ սեպաձև հրվանդանի վրա է գտնվում  Հռոմկլա բերդաքաղաքը: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով, այստեղ է իր շքեղաշուք մատյանները ծաղկել Թորոս Ռոսլինը

Ներսես Շնորհալին վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, ամփոփված է Հռոմկլայում, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Այսքանը, թերևս, հայոց հոգևոր հայրերից մեկի՝  Ներսես Շնորհալու մասին:

Եվ, քանի որ կրթահամալիրում հաջողությամբ իրականացվում են հոգևոր-մշակութային տարատեսակ նախագծեր՝ միանգամայն հնարավոր և իրատեսական է համակրթահամալիրյան մի այսպիսի նախագծի իրականացումը:

Ներսես Շնորհալի (նախագիծ)

Մասնակիցները՝  սեբաստացի տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

Նպատակ

  • ծանոթանալ Ներսես Շնորհալու հոգևոր ժառանգությանը, հաղորդակից դառնալ նրա ստեղծած մշակութային արժեքի ընկալմանը և այն կրելու, պահպանելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
  • Շնորհալու քնարերգությունը՝  որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի անհրաժեշտության գիտակցմանը
  • Շնորհալու գործերի միջոցով գեղագիտական ճաշակի ձևավորմանը, քրիստոնեական արժեհամակարգով մարդու ձևավորմանը:

Ժամանակացույց

  • առաջին փուլ կամ մեկնարկ՝  հունիսյան ճամբարի օրերին
  • երկրորդ փուլ կամ բուն ընթացք՝  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝  Գրաբարի օրեր-Թարգմանչաց տոն (լավ կլինի՝ այն ամբողջությամբ նվիրված լինի Ներսես Շնորհալուն)
  • երրորդ փուլ կամ ամփոփումը՝  Թարգմանիչ Վարդապետների տոնին՝ «Ներսես Շնորհալի» ուսումնական ժամերգությամբ

Աշխատակարգ

Առաջին և երկրորդ փուլերում՝ թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, երրորդ փուլի ավարտին՝ ուսումնական ժամերգություն-համերգ։

Այս մեգանախագիծը, ցանկության դեպքում, կարող  է դառնալ համագործակցային՝  միաժամանակ դառնալով  մայրենիի, հայ գրականության, հայ ժողովրդի պատմության, երգ-երաժշտության, տեխնոլոգիա դասընթացների բաղկացուցիչ։

Մայրենիի, հայ գրականության բաղկացուցիչ

Երգ-երաժշտության դասընթացի բաղկացուցիչ

  • Հոգևոր երգեր, արևագալի ժամերգություններ

Հայ ժողովրդի պատմություն դասընթացի բաղկացուցիչ

  • Կիլիկյան Հայաստանի մշակույթը․ Ներսես Շնորհալի

Դիզայն-տեխնոլոգիա դասընթացի բաղկացուցիչ

  • Միջնադարյան զարդագրեր. Թորոս Ռոսլին

Ներկայացվող տարիքային և թեմատիկ տարանջատումը, բնականաբար, պայմանական է:

Նախագծի հիմնական ուղղություններ

  • Շնորհալի բանաստեղծը
  • Շնորհալի երաժիշտը
  • Շնորհալի աստվածաբանը

Թեմատիկ ուսումնական նյութեր

Ուսումնական նյութեր՝ mskh-ի արխիվից

Ակնկալվող ճամփորդություն

  • Ուխտագնացություն Կիլիկիա․ Հռոմկլա

Ակնկալվող արդյունք 

  • «Ներսես Շնորհալի» փաթեթի ստեղծում,  հանրայնացում, տարածում
  • Ներսես Շնորհալի․ ուսումնական ժամերգություն-համերգ

Արժանին մատուցենք հայոց հոգևոր սյուներից մեկին՝ Ներսես Շնորհալուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով