Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Ջուդի Մքքեհիլը գրում է տնային կրթության իր առաջին փորձի մասին․ «Մենք օգտագործում ենք Քալվերթի տնային կրթության դասընթացները, որովհետև այդպես որոշոցինք:

Բայց այնպես չենք կիրառում, ինչպես նախատեսված է: Դրանք այնքան լավ են կազմված, որ ցանկացած հիմար, որ կարդալ գիտե, կարող է գործածել իր երեխայի հետ: Եթե դրանց անմիջականորեն հետևեինք, ժամանակ չէր մնա ուսուցմանը, այսինքն՝ երեխայի կողքին լինելու, երբ նրան օգնություն է պետք:

Ես մի քանի անգամ եղել եմ դժվարին կացության մեջ, երբ փորձել եմ սովորեցնել երեխային մի բան, որ նա կա՛մ արդեն գիտի, կա՛մ դեռ պատրաստ չէ սովորելու: Եվ դա՝ այն պատճառով, որ հետևել եմ ուսումնական ծրագրին և մնացել ժամանակացույցին հավատարիմ: Ես իրականում հակված չեմ դրան: Կարծում եմ, օրինակ, որ ժամանակացույցով Արդյունաբերական հեղափոխության դասն անասելի ձանձրալի է, երբ նախորդ շաբաթ ժամեր եք անցկացրել դիտելով Կլավդիոս I-ը ու քննարկելով Հռոմը նրա օրոք: Խզբզում եք մի քանի հապճեպ պատասխան Արդյունաբերական հեղափոխության մասին և մոռանում եք ողջը:

Բայց ես խելոքանում եմ, և սա է կարևորը մեր «կրթության» մեջ:

Յուրաքանչյուր ամսվա սկզբին երեխաներից յուրաքանչյուրը պատրաստում և նկարազարդում է 12X18 մատնաչափ երկարությամբ ստվարաթղթերից բաղկացած մի թղթապանակ:

Մենք թղթապանակը լցնում ենք թղթերով, ներառյալ Քալվերթի թեստերը. մենք երբեք չենք ուղարկում այդ թեսթերը Քալվերթ, քանի որ չենք օգտվում Ուսումնական խորհրդատու ծառայությունից: Սա ապացուցում է, որ հասցնում ենք բոլոր առարկաները:

Մենք այնքան թղթային աշխատանք չենք անում, որքան Քալվերթն է պահանջում, բայց յուրաքանչյուր թուղթ լավ ենք անում:

Երբ երեխաները սխալներ են անում, ջնջում են ու անմիջապես ուղղում:

Ես դասական ուսուցչական գնահատականներ չեմ նշանակում նրանց թղթերին, ինչպիսիք են X-ը, ստուգվածները, ուրախ դեմքերը և այլն․ բայց առատ բաշխում եմ National Wildlife-ի կպչուկներ:

(Հուսով եմ՝ իմ ուսուցման սխալները կյանքում և գործում անդառնալի չեն, և թեև չգիտեմ, թե արդյո՞ք դա որևէ բան նշանակում է, ես ինձ համար նրանց աշխատանքի հիշեցումներն եմ պահում):

Շատ նկարներ, որ ինքնաբուխ անում են ճաշասենյակի սեղանին, դրվում են թղթապանակի մեջ նրա համար, որ կհետաքրքրվի, թե արդյո՞ք նկարչություն անում ենք: Եթե դպրոցի օրերին գնում ենք «կրթական» ինչ-որ տեղ, ճամփորդությունից մի հուշանվեր ենք փակցնում գունավոր թղթի մի կտորի վրա և դնում թղթապանակի մեջ:

Երկու ավագ երեխաները արված էջերը պահում են առանձին աշխատանքային տետրերում և դրանք ներառում իրենց թղթապանակների մեջ: Այսպիսով բավականին լավ տպավորություն ենք թողնում, նույնիսկ, եթե այդքան էլ լավ չենք: Եվ մեր դասավորած ու փակցրած թղթերով լի թղթապանակներն ամսվա վերջում երեխաներին կատարելության զգացում են հաղորդում:

Իրականում կցանկանայի Քալվերթի բոլոր դասընթացները դնել դրսում՝ անձրևի տակ:

(Երեխաները դրանք իրենց տուփերով են պահում): Իրականում ես չափազանց զբաղված եմ այդ ողջ հիմարության համար՝ մի կողմից տնային գործեր, նորմալ ընտանեկան գործունեություն և իմ որոշ հետաքրքրություններ, մյուս կողմից՝ սա, որ կարծում եմ՝ պարզապես դատարկաբանություն է:

Ժամանակ առ ժամանակ ակադեմիական գործունեությունների հետ կապված, որ երեխաներն անում են ինքնաբերաբար, ես որոշ գրառումներ եմ անում:

Ահա մեկ օրվա գրառումներ.

«Քոլինը (այն ժամանակ՝ տասներկու տարեկան) սովորեցնում էր Մայքլին (այն ժամանակ՝ ինը տարեկան) և ինձ «Վերցրու քարտը» և «Կենտրոնացում» խաղալ:

Նա հարցրեց, թե արդյո՞ք «Կենտրոնացում»-ն օգնում է կյանքում:

Ք-ն ու ես խաղաքարտերով էինք խաղում։ Սինը (այն ժամանակ՝ յոթ տարեկան) խաչբառեր էր լուծում: Ս-ն մտքի մեջ երկու անգամ կարդաց. «Թողեք ինձ կենդանաբանական այգում», հետո բարձր՝ Քևինի համար (այն ժամանակ հինգ տարեկան էր):

Երբ ասում եմ, Ք-ն, Մ-ն և Ս-ն տնային գործեր են անում:

Ք-ն ստուգելու համար, թե արդյո՞ք հիշում է նահանգները (45/50) և նրանց մայրաքաղաքները (35/50), երեք երկրները բնութագրող վանկախաղ հորինեց:

Մ-ն ցույց տվեց Ս-ին Միացյալ Նահանգների և Անգլիայի տեղադրությունը քարտեզի վրա (որը կախված է պատին): Ք-ն կարդում է «Ռոքի»-ն և մենք քննարկում ենք Ստալոնեի կնոջ խանդը:

Ես «պատերազմ» էի խաղում Ք-ի հետ և օգտագործեցի «ավելի, քան» և «քիչ, քան» արտահայտությունները:

Ս-ն բարձրաձայն կարդաց Փղոսկրե ձյունատուփի ետևի արտահայտությունները: Ս-ն  դուրս եկավ խաղալու՝ իր ասպետի կոստյումով (իմ ձեռքով պատրաստած, «Սովորեցրեք ձեր սեփականը» ասպետների մասին կարդալու արդյունք):

Ես կարդացի «Փոքրիկ Թութը» Մ-ի և Ք-ի համար. Մ-ն բառապաշարից հարցեր էր տալիս:

Ս-ն ու ես մեղուներին էինք քննարկում (ինչպես է պարսի մայրը դուրս է թռչում փեթակից, ինչպես են մեղուներն օգնում իրար փոշոտման ժամանակ, երբ է մեկին խայթում է մյուսը):

Մ-ն հաշվում էր իր փողը»:

Նաև մյուս շաբաթվա.

«Մ-ն կտրեց բաց ավոկադոյի սերմը, և մենք քննարկեցինք սերմի պատյանը, սաղմը, սերմի տերևներն ու իսկական տերևները։

Ք-ն բլոկներից մի ավիակիր հավաքեց:

Ս-ն փոշուց հյութ պատրաստեց՝ պիտակի վրա կարդալով ավելացվող ջրի քանակը:

Ք-ն առաջարկեց սեփական մաթեմատիկական նախագիծ՝ հաշվելով, թե որքան կարժենա վերևի սենյակները գորգապատելը:

Ես Ք-ին ինքնավստահության սեմինարի տարա համայնքային քոլեջում:

Ս-ն և Ք-ն կարդում են «Մարդկային մարմնի հարցերի և պատասխանների գիրք»-ը:

Ք-ն չափում է իր և Ս-ի ջերմությունը:

Ս-ն սանտիմետրն օգտագործում է տան որոշ իրեր չափելու համար: Նա զեկուցում է երկարությունն ու լայնությունը սանտիմետրերով և դյույմերով:

Ք-ն կարդում է «Զվարճալի գործերի չափագրական գիրքը»:

Ք-ն շարունակեց մտավոր առողջության համար օրական միջինում մեկ գիրք կարդալու իր նախագիծը: Ամենալուրջ գրքերի թվում էին «Դևիդ Քոփերֆիլդը» և «Գանձերի կղզին»:

Մենք գնացինք գրադարան: Սանտա Մարիայի կրկնօրինակը տեսանք նավահանգիստ գնալիս»:

Այս գործունեությունների հետ կապված կարևորն այն է, որ քանի որ դրանք ինքնուրույն էին նախաձեռնվել, իմաստալից էին, այսինքն՝ քանի որ դրանք համընկնում էին ընթացիկ հետաքրքրության հետ, սովորածը չպիտի մոռացվեր: Սա խորացնում է իմ տեսակետը, թե ինչ կսովորեին երեխաներն ինքնուրույն, եթե ազատ լինեին դպրոցի պարտադրած աշխատանքից ամբողջովին: Հուսով եմ՝ մյուս տարի (երբ գնանք արտասահման) ես կարող եմ բավարարել այս հետաքրքրասիրությունը:

Շատ ուսուցում գալիս է պարզապես հասարակ խոսակցությունից, որ կարելի է պատկերացնել:

Ես ճաշասենյակի պատին կախում եմ Մ. Ք. Իշերի «Verbum»-ը (կրկնվող դիզայնով, սև ու սպիտակ տպագրության, որտեղ գորտերն աստիճանաբար դառնում են ձկներ), և տեղի է ունենում մի քանի երկխոսություն, ինչպես, ասենք, «ինչպե՞ս է նա նկարել դրանք», և դիզայնի միջոցով շարժվող նկարչական նյութերը,  օպտիկական պատրանքը, էվոլյուցիան և Սուրբ Հովհաննեսի  քարոզը:

Քոլինից, տեսնում եմ, թե ինչպես են դպրոցական կոպտության շերտերը հեռանում. մի քանի անգամ նրա հետ պարապմունքը վերածվել է քննարկման՝ սիրելու արժանի, պատասխանատու մարդ, թե գնահատված,  կարգուկանոնով հիմար, ինչպիսին երբեմն զգում էր իրեն դպրոցում, և այլ բաների մասին զրույցների»: 

«Սև հաղարջի ձմեռ»-ում Մարգարեթ Միդը (որը կանոնավորապես չի հաճախել դպրոց մինչև տասնմեկ տարեկանը) ասում է, որ երեխաները մեծանում են պատմությունների միջոցով:

Կուզեի փորձել դա իմ սեփական երեխաների հետ, բայց չգիտեմ ինչից սկսել, իսկ Սինն անցյալ ամառ սկսեց հարցնել ինձ մարդկանց և տիեզերքի ստեղծման մասին:

Նա հարցնում էր՝ ինչպե՞ս Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, կամ՝ ինչպե՞ս Աստված ստեղծեց երկիրը: Ոչինչ չիմանալով, ես ամեն ինչ գիտեի, և սկսեցի հաճույք ստանալ նրա հարցերին պատասխանելուց, որն անում էի պատմությունների միջոցով:

Մի երեկո, երբ իր հայրը նրան պառկեցնում էր անկողին, նա ասաց.

— Հայրիկ, ես ամեն օր հարցնում եմ մայրիկին, թե ինչպես եք դուք իրեր պատրաստում, և նա միշտ գիտե պատասխանը:

Ու հաջորդ առավոտյան, հենց արթնացավ, նստեց ու հարցրեց ինձ.

— Ինչպե՞ս ես դու քարեր պատրաստում:

Երկրաբանությունից իմ գիտելիքն աղքատիկ է, սակայն ես օրինակ բերեցի երկրաշարժից առաջացած ժայռաբեկորների հողից, օվկիանոսի սարսափազդու ալիքներից սկսած մինչև փոքր քարեր, որոնք, ի միջի այլոց ստեղծվում են հանքանյութերից, այնպիսիք, ինչպիսիք են ոսկին, պղինձը, կալցիումը: Նա գլխով արեց, բավարարվեց և թիկնեց բարձին:

Երբ Քևինը հարցրեց ինձ, թե որտեղից է եկել, ես հետևեցի Ա. Ք. Հարվուդի խորհրդին (որը գրում էր Ռուդոլֆ Շթայների կրթական փիլիսոփայության մասին)՝ պատմել երեխային իր ծագման ճշմարիտ հոգևոր պատմություն, և չխորասուզվել կենսաբանական մանրամասների մեջ: Նրան դուր եկավ լսելը, թե ինչ է անցել Աստծո մտքով, որը որոշել է, թե ուր ուղարկի փոքրիկ խարտյաշ մանկիկին: Ես որոշ կենսաբանական մանրամասներ նույնպես ներառեցի, սակայն մենք արդեն քննարկել էինք դրանք բազմաթիվ անգամներ (իր մակարդակին համապատասխան, իհարկե): Նա բավարարված էր:

Նենսի Ուոլեսը գրում է. «… Մի քանի բառ մեր դպրոցի մասին: Ամեն առավոտ մենք ֆրանսերեն ենք պարապում, դաշնամուր նվագում և վայելչագրություն անում՝ սովորում ենք նամակ գրել, ամսագիր գրել, պոեզիա գրել և այլն: Ամեն երեկո մենք բարձրաձայն կարդում ենք Վիտայի և Իշմայելի համար մոտ մի քանի ժամ: Իսկ դրա արանքո՞ւմ:

Իշմայելը երկու թատերական դաս է անում, մեկ ֆրանսերենի դաս և շաբաթական մեկ անգամ՝ դաշնամուրի մեկժամանոց դաս, նաև մենք գնում ենք գրադարան, ուսումնասիրում փայտերը, դիտարկում բնությունը և ընթերցում (Իշմայելը կարդում է օրը մոտ երեք ժամ):

Մենք երբեք չենք հանձնարարում մեր երեխաներին անել այն, ինչ ինքներս չենք անում, և համապատասխանաբար ոգևորում ենք իրար: Մենք բոլորս շատ ենք կարդում, բոլորս շատ ենք գրում, բոլորս խոսում ենք կոտրտված ֆրանսերեն, բոլորս դաշնամուր ենք նվագում, և այլն:

Մարդիկ հաճախ զարմանում են, թե որքան անձնազոհ եմ ես: Մտածում են, թե երբեք չեն կարողանա այդքան ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ, բոլոր առարկաները սովորեցնելուն անհրաժեշտ բոլոր պատրաստություններն անել, և այլն:

Իրականում ես երբեք այդքան ինքնագոհ չեմ եղել: Միշտ ցանկացել եմ ֆրանսերեն սովորել ու դաշնամուրի դասեր անցնել, և երբ Իշմայելը խնդրեց անել սրանք, հասկացա, որ սա իմ հնարավորությունն է:

Ինչ վերաբերում է մաթեմատիակային, ես հազիվ եմ ստուգում մեր ստուգաթերթը. այնպես որ վայելում եմ Իշմայելի հետ սովորելը: Եվ նա հեգել ու պատմություն է սովորեցնում ինձ (մի՛ խոսեք), այնպես որ ես շատ զվարթ ու լիացած եմ զգում։

Էլ չասեմ, թե Վիտան որքան է շահում։ Նա ընդամենը չորս տարեկան է, սակայն հետևում է մեր ֆրանսերենին ու դաշնամուրին և սկսում կարդալ, ինչպես նաև սիրում է թվերը»:

Մի ընթերցող «Ալբերտա»-ում գրում է. «… Ս-ին (ութ տարեկան) դուր է գալիս շախմատի մրցակցային խաղը: Մենք երկուսս էլ անցյալ տարի միաժամանակ սովորեցինք՝ օգտագործելով մանկական շախմատի հավաքածուն, որի կտորների վրա նշված էին խաղաքայլերը: Երկուսս էլ խաղում ենք հաղթելու համար, բայց ես թույլ եմ տալիս, որ նա փոխի քայլերը, երբ խաղաքարը շարժելուց հետո հասկանում է, որ սխալ է արել: Ես համարյա միշտ հաղթում եմ, բայց նա ստիպում է ինձ շատ մտածել դրա համար: Նա չի հուսահատվում պարտվելիս, քանզի պարտվելու պատճառով իրեն նվաստացած չի զգում․ ես նրան ասում եմ, որ խաղը շատ լավն էր և որ ինձ շատ դուր եկավ:

Ս-ի սիրած մրցակցային մյուս խաղը փայտիկներ հավաքելն է. Այս խաղը խաղում ենք ազնվության վրա, այսինքն՝ խաղացողն է որոշում, թե որ փայտիկն է ինքը վերցրել: Այնուամենայնիվ, եթե մեկը շատ է խաբում, մյուս խաղացողը կարող է չխաղալ:

Չորս տարեկանից մեր սիրած քարտային խաղը Սլեփ Ջեքն է:

Թեև այս բոլոր խաղերն ունեն հաղթողներ ու պարտվողներ, նրանք մեզ դուր են գալիս, քանի որ շատ չի շեշտվում՝ հաղթել ես, թե ոչ, կարևորը խաղալն է:

Համագործակցային խաղը, որ խաղում ենք, կոչում ենք թենիս, միայն թե ցանց կամ կորտ չենք օգտագործում, միայն հարթեցված տարածք: Խաղի խնդիրն է հնարավոր երկար նետել գնդակն իրար՝ առաջ ու ետ, առանց գցելու:

Ս-ին դուր են գալիս իր ստեղծած լաբիրինթոսներն ու նկարազարդումները: Սովորեցրել եմ նրան նաև Սոլիթերի խաղալ (քարտախաղ):

Լավ խաղագիրք է Մարջի Գոլիքի հեղինակած «Խաղացրու ինձ հետդ» գիրքը (Ջեֆրի Նորթոն հրատարակչություն, Նյու Յորք)»:

Մի հայր գրում է. «Կարծում եմ, ձեր գրառումը հետաքրքիր ու արժեքավոր է: Ինչպես գրեցի ձեզ մեկ տարի առաջ, երեխաներիս չեմ ուղարկելու դպրոց (մեծս, որ հիմա հինգ տարեկան է, սովորականի պես կգնա մանկապարտեզ այս սեպտեմբերին): Արդեն մեկ տարի է, նա կարդում է:

Չէի հավատա, եթե որևիցե մեկն ասեր, թե երեխան այնպիսի առաջընթաց ունի, ինչպիսին հիմա՝ Դ-ն: Նա հետաքրքրվում է տիեզերական ճամփորդություններով և աստղագիտությամբ, և մենք ապահովել ենք նրան այդ առարկային առնչվող ողջ գրականությամբ, որ կարողացանք գտնել:

Նա կլանում է դրանք անհավատալի արագությամբ և խնդրում էլի։

Նա մոլորակների մասին գրքեր է կարդում և կարողանում է շատ խելացի կերպով քննարկել ձգողության ուժը տարբեր մոլորակների և լուսնի վրա (օրինակ, որ լուսինը թթվածին չունի, քանի որ բավականաչափ ձգողություն չունի թթվածինը պահելու, և որ Յուպիտերի վրա ինքը վերին շերտ կդառնար)»:

Մի մայր, որ իրեն բնութագրում է իբրև քրիստոնեական ընտանիքում ծնված, գրում է. «Վերջապես մենք հանգեցինք «օրը մի երեխա» ռեժիմին: Մի օր ես սովորեցնում էի Ջոնին իր բոլոր առարկաները, մինչ Ջիմը կարդում ու կրկնում էր իր բոլոր հեգման բառերը։

Նա կարող էր ընթերցանությունն ու հեգումն անել օրվա կամ երեկոյի ցանկացած ժամի՝ ինչ-որ բան անելուն համընթաց, մնացած ողջ ժամանակը կարող էր խաղալ կամ անել այն, ինչ ուզւոմ է:

Մյուս օրը ես աշխատում էի Ջիմի հետ, և Ջոնն էր ազատ։ Նրանց իսկապես դուր էր գալիս սա, և քանի որ նրանք սիրում էին  կարդալ և հեգել, սա բեռ չէր նրանց համար:

Շատ մարդիկ, որ գիտեին, որ մենք այսպես ենք անում հարցրեցին, թե արդյոք դպրոց չե՞նք հիմնի: Ո՜չ: Մենք սկսում էինք մեր օրն առավոտյան մոտ ժամը 9-ին. սա այն ժամն էր, երբ արթնանում և ավարտում էինք մեր նախաճաշը:

Երեք ժամ էր տևում օրվա աշխատանքն անելը, և օրվա մնացած մասը տղաներն ազատ էին:

Որոշ օրեր մենք նվիրում էինք հետաքրքիր վայրեր այցելելուն՝ տեղի այգում խաղալ, գնալ հարևանությամբ գտնվող գետնանուշի կարագի գործարան, այցելել Մքդոնալդզ՝ ծանոթության և որոշ քաղցրեղենների համար:

Քանի որ մենք համաձայնեցնում էինք կյանքի ուսուցումն ու ուսումնական կյանքը, դպրոցը միշտ ներառված էր և միշտ դրսում։ Ցնցող էր:

Մենք չենք աշխատում սեղանի կամ գրասեղանի մոտ. յուրաքանչյուրի համար նոթբուք ենք գնել և միասին նստում ենք բազմոցին ու մեր գրքերը պահում մեր գրկում:  (Հիանալի է նստել սեփական երեխայիդ կողքին և հպվել նրա արմունկներին և գրկել, եթե ուզում ես, կամ արմունկով հենվել ու անել աշխատանքը): Մենք կարող էինք ճչալ ու գոռալ ու ծիծաղել, կարող էինք կադրալ ամենածիծաղելի առոգանություններով, հենց ուզում էինք, և ոչ ոքի հոգը չէր»:

Միասին հայտնագործելով

Մի մայր գրում է Օնտարիոյից. «Գրքեր պատրաստելիս երեխաներին օգնելու մասին. Ինձ իսկապես դուր է գալիս պատանի ընկերոջ կամ ընկերների հետ հավաքվելը, թղթի մի քանի կտոր չափսով ծալելը, քանի էջ որ հարկավոր է՝ որտեղ պետք է կտրելով ծայրերը: Հետո կա՛մ փակցնում ենք, կա՛մ կապում գրքի կազմը: Ցանկության դեպքում պատյան ենք ավելացնում (ոչ միշտ է հարկավոր):

Պատյանները հեշտորեն պատրաստվում են պատի պաստառների կտորներից: (Գրքով պաստառները բոլոր կարգի նախագծերի համար գեղեցիկ թղթի հիանալի անվճար աղբյուր են):

Կամ պատյան կարող է դառնալ ստվարաթղթի մի կտոր՝ ծալված և էջերի հետ միասին կարված, կամ փակցված, սոսնձված կտորով:

Այնպես որ հիմա մենք ունենք գիրք կամ գրքեր:

Մենք դրանց վրա աշխատում ենք միասին կամ առանձին, ինչպես որ հարմար ենք գտնում:

Հաճախ երեխաները նկարներ են նկարում իրենց գրքերում, որոնք համապատասխանում են իրենց մտքում հորինած պատմություններին: Նկարները նկարելուց հետո նրանք ասում են ինձ, թե ինչ բառեր են ուզում, որ յուրաքանչյուր էջին գրվեն, և ես գրում եմ բառերը: Իհարկե, որոշ երեխաներ կարող են գրել իրենց նախընտրած բառերը: Որոշ երեխաներ ուզում են, որ առանձին թղթի վրա գրեմ բառերը, որպեսզի հետո արտագրեն: Որոշ գրքեր պարզապես նկարազարդված են: Որոշները նույնիսկ մնում են դատարկ: Երբեմն մի քանի հոգով աշխատում ենք մի գրքի վրա:

Ցանկացած դեպքում շատ զվարճալի է պատրաստել կամ կարդալ կամ աչքի անցկացնել գրքերը:

Ք-ի գրքերից մեկն ուներ գեղեցիկ սպիտակ սատինե պատյան: Նա իր համար հավի փետուրից գրչածայր էր պատրաստել: Գիրքը պիտի նկարազարդվի և գրվի գրչածայրով, քանի որ այն միջնադարում կատարված պատմություն է երկու արքայադուստր մկնիկների մասին, որոնք զարմուհիներ են և արկածներ են ունենում մի փոկի, առնետի և մի հմայիչ կենգուրուի հետ: Ես որոշեցի այս պատմվածքի կերպարների մարիոնետներ ստեղծել, և հիմա ես այդ գործին եմ:

Ք-ն օգնեց կարել, ձևավորել ու մկնիկներից մեկի փայտե կոնստրուկցիաները տաշել:

Բ-ն ծրագրում է օգնել պատրաստելու կենգուրուն»:

Մի ընկեր հիշում է գրքեր հետազոտելու իր սեփական ազատությունը՝ ի շնորհիվ մանկական հիվանդության. «Ես խոշոր երեխա էի մինչև կարմրուկ ունենալը… Դրանից հետո իմ ջերմությունը ճգնաժամային էր: Այդ ժամանակ նորմալ ջերմությունը 98.6-ն էր, առանց տատանումների: Ցանկացած շեղում վատ բան էր նշանակում: Իմը կեսօրին հասնում էր 99.2-ի:

Ծնողներիս հրահանգել էին ինձ որոշ ժամանակ անկողնում պահեն, մինչև որ իմ ջերմությունը երեք օր շարունակ նորմալացավ: Եթե այդպես չարվեր, ես հիմա որտեղ կլինեի:

Ամենաերկարը, որ պառկել եմ, եղել է երեք ամիս: Որոշ ժամանակ անց ինձ թույլ տվեցին վեր կենալ օրական կես ժամով, և աստիճանաբար վերադարձա իմ նորմալ գործունեությանը, բացի դպրոց գնալուց, մինչև որ որևէ մեկը չէր չափում իմ ջերմությունն ու չէր պառկեցնում ինձ նորից:

Ես միշտ գրքերի կույտ և «National Geographic» ամսագիր էի տանում հետս անկողին և, իհարկե, գրենական պիտույքներ: Իմ բանաստեղծություններն ու պատմվածքները մինչև քոլեջ գնալը ես թաքուն էի պահում:

Ես տակավին սիրում եմ գիրք կամ թղթապանակ շոյել, բռնել:

Մի քանի պարտադիր գրքերից և մայրիկի ու հայրիկի հետ շաբաթական մի քանի անգամ կարճ ժամանակով թվաբանություն անելուց հետո ես ազատ էի՝ հայտնագործելու իմ մտքերի աշխարհը:

Քաղաքի փոքր Կարնեգիի գրադարանն իմ խեցին էր, և ես ունեի իմ ծնողների գրադարակներից օգտվելու ազատությունը: Ավելի ուշ ուսումնասիրեցի քոլեջի գարդարանի ռեսուրսները:

Դպրոցում եղած ժամանակ հիանում էի իմ դասարանցիների դատարկ ընթերցանությամբ: Կարծում եմ՝ մայրս ուրախ էր իր երեխային դպրոցի ճիրաններից դուրս պահելով: Նա միշտ ասում էր, որ արձակուրդները բավականին երկար են երեխաներին քաղաքակիրթ պահելու համար, իսկ հետո նրանք գնում են դպրոց և նորից վայրենանում: Նա քաջալերում էր մեր սիրած բանաստեղծություններն ու թատերական տեսարանները հիշելն ու «արտասանելը»:

Ոչ ոք չի կարող արհամարհրել սա: Նա նաև քաջալերում էր ամեն  տեսակի ֆիզիկական կոորդիանցիայի, ցատկոտելու, ձեռնածություն անելու, հավասարկշռությունը պահելու և այլնի զարգացումը…

Ես նոթատետրեր էի պահում, որոնցում մանրակրկիտ արտագրում էի իմ հավանած բանաստեղծություններն ու մեջբերումները, նախքան գրքերը գրադարան վերադարձնելը:

Ես շատ ավելի ուշ հասկացա, որ մայրս նախաձեռնել էր սա՝ հավատալով, որ լեզվական վարպետությունը գալիս է ավելի գրքի հետ ծանոթությունից, ոչ թե քերականություն ու շարադրել սովորելուց: Լավ գրականություն արտագրելը՝ ստորակետը ստորակետի ետևից, ինձ նախադասության կառուցվածքի և կետադրության այնպիսի ընկալում էր տալիս, որ ես այլևս երբեք կարիք չէի ունենում անգլերենի քերականություն սովորելու՝ լատին գիտնականների հորինած հրեշավորությունը, որով անիմաստ փորձել են լեզուն դասական կաղապարի մեջ մտցնել:

Պետք է նշեմ կարդալ սովորելու իմ փորձը:

Չգիտեմ, թե քանի տարեկան էի, բայց քանի որ չորս տարեկանում արդեն գիրք էի կարդում, պետք է որ սա ավելի վաղ եղած լիներ: Ես որոշեցի, որ կարդալ սովորելու ժամանակն է, այնպես որ, խնդրեցի մայրիկիս ամեն գիշեր ինձ համար կարդալ «Գեղեցկուհին և հրեշը»: Կարծում էի, թե նայելով իր ասած առաջին ու վերջին բառին յուրաքանչյուր էջում, շատ բառեր կսովորեմ: Այդպես չեղավ: Երբ նա հարցրեց, թե ինչու եմ ամեն գիշեր լսում նույն պատմությունը, ես ասացի նրան, թե ինչ եմ անում: Նա ասաց, որ դա չի ստացվում, քանի որ ինքը վերջին մի քանի բառերից առաջ է շրջում էջը: Այսպիսով, զգաստանալով, որ պատրաստ եմ ընթերցանության, նա սկսեց համագործակցել ինձ հետ և տարբեր ձևերով օգնեց ինձ այնպես, որ ես շուտով սովորեցի:

Դպրոց չգնալու լավագույն հատկանիշներից մեկն այն էր, որ կարող էիր խորասուզվել որևէ առարկայի կամ նախագծի մեջ մի ողջ օր կամ շաբաթ՝ առանց ընդհատելու ամեն անգամ զանգը տալիս: Ես կարող էի ժամեր շարունակ անցկացնել բանաստեղծություն անգիր անելով, թռչունների համար բույն պատրաստելով կամ սկյուռիկ բռնելով:

Ես պետք է կարդայի դպրոցի գրքերը, սակայն դրանք վերջանում էին մի քանի շաբաթում:

Ես դնում էի դրանք զամբյուղի մեջ, որ երկար պարան ուներ, բարձրանում էի ծառը, քաշում էի գրքերը վերև և նստում էի ճյուղերի մեջ կարդալու:

Նույնիսկ աշխարհագրությունը շատ արագ էր ընթանում այդ կերպ, թեև գիրքն անասելի ձանձրալի էր «National Geographic»-ի ամսագրերի համեմատ:

Ֆրանսերենի դասախոսի հետ պարապելու երկրորդ տարին, երբ կարողանում էի սահուն կարդալ ֆրանսերենի ցանկացած դասագիրք, սակայն դեռ խճճվում էի ֆրանսերեն գրականության մեջ, որոշ ժամանակով անկողին ընկա:

Հայրիկիս խնդրեցի գրադարանից ինձ համար բերել «Երեք հրացանակիրները» ֆրանսերեն: Ես կարդացել էի այն անգլերեն, և պատմությունը բավականաչափ աշխույժ էր, որ կարողանար ինձ հանել դժվարին կացությունից: Ես պարզապես կարդում էի, արհամարհելով ինձ համար անհասկանալի բաները, մինչև որ լեզվի ռիթմերն ու օրինաչափությունները դարձան իմ սեփականը, և այդ օրվանից սկսած կարող էի կարդալ ցանկացած բան: Քանի դեռ ես աշխատում էի տանը, իմ չափանիշը կատարելությունն էր: Մինչև ճիշտ չանեի, չէի համարում, թե արել եմ ինչ-որ մի բան:

Երբ քոլեջ ընդունվեցի և առաջին անգամ պիտի որոշակի չափի ակադեմիական աշխատանք կատարեի, շուտով հայտնաբերեցի, որ երբ մի հանձնարարություն չեմ կատարում, ոչ ոք չի զգում տարբերությունը, և դասարանը շարունակում է: Կարգին մարդ էի, շուտով դարձա խորամանկ-խաբեբա, պարապ-սարապ, ավելի շուտ անցկացնում էի իմ ժամանակը կարդալով, գրելով, արշավի գնալով և ընկերների հետ փիլիսոփայելով, քան դասերին աշխատելով:

Հիմնականում, եթե դասի ժամանակ ուշադիր էի լսում, այլևս գիրքն ընդհանրապես կարիք չկար կարդալու»…

Ջուդ Ջերոմը գրում է իր դասագրքերն օգտագործելու մասին. «Ինչ-որ բան էի ուզում Թոֆերի հետ հանրահաշվի վրա աշխատելու համար: Հիմնականում կարծում ենք, թեև դա շատ ահավոր է, քոլեջի տեքստերն այն մակարդակի են, որ սկսնակ աշակերտների համար հետաքրքիր կլինեն: Բովանդակությունը բավարար է զբաղեցնելու համար նրանց այնպես, որ կենտրոնանան ընթացքի վրա: Սա այսպես է նույնիսկ գրականության դեպքում. Սենդին վերջերս կարդաց ու քննարկեց յոթ տարեկանների և տասնմեկ տարեկանների «Հոթորն»-ի պատմությունը և գտավ, որ նրանք կարևոր գաղափարներ էին արտահայտում, թեև չէին հասկանում ողջ բառապաշարը:

Ես կարող եմ շատ օրինակներ բերել, թե ինչպես է սա աշխատում տարբեր տարիքների և առարկաների դեպքում, բայց, այնուամենայնիվ, ես փորձեցի այս երկհատոր ծրագրավորված տեքստը հանրահաշվից:

Թոֆերը սկսեց ու ձանձրացավ միայնակ աշխատելուց, և նրա հետ աշխատելով՝ ես կարողացա հեշտությամբ տեսնել, թե ինչու, քանի որ տեքստն անընդհատ կրկնվում էր, միևնույն բանի շուրջն անընդհատ պտտվելով, փոքր-ինչ տարբեր բառերով, հավանաբար փորձելով դրանք մտցնել կրտսեր քոլեջներում բթացած պատանիների գլուխները:

Սա ճիշտ չէր Թոֆերի համար, որը դեռևս լուրջ է ընդունում մեծահասակներին և սովորելը:

Այսպիսով, աշխատելով նրա հետ, ես ցույց տվեցի, թե ինչպես կարելի է տասը կամ քսան էջ անցնել միանգամից, կարդալ հարցը, տեսնել, թե արդյոք այն պարզ է, թե ոչ, հետ գնալ մի քանի հարց՝ տեսնելու, թե որտեղ է անհրաժեշտ ինֆորմացիան: Մի երկու ժամում այս կերպ մենք կարողացանք անցնել հարյուրավոր էջեր:

Շարունակությունը

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով