Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Նման հոյակապ ցուցադրությունից հետո Ռոբերտ Պալմերստոնը չզսպեց ծափահարելու ցանկությունը, որին արագ միացանք բոլորս։ Այդ ընթացքում Հոլմսը չարաճճի աշակերտի նման ժպտում էր ու գլուխ տալիս։ Ինքն էլ առաջինը խոսեց։
-Գիտեք, որ սա «փոխատեղել չի կարելի» տեսակի ամենագեղեցիկ դիրքերից մեկն է, որ երբևէ վերլուծել եմ։ Այս տեսակին են պատկանում ետվերլուծական խնդիրների զգալի մասը։ Հասկանալի է, որ ետվերլուծական առաջին լուծածս խնդիրը հենց «փոխատեղել չի կարելի» տեսակից էր։
— Հիշո՞ւմ եք այդ խնդիրը,- հետաքրքրությամբ հարցրեց սըր Ռեջինալդը։
— Այո, իհարկե,-պատասխանեց Հոլմսը, բայց վախենամ, որ այն շատ պարզ է ձեզ հետաքրքրելու համար, ուղղակի հեշտ խնդիր է։
-Իսկ ինչո՞ւ ցույց չտաք հիմա։ Մեզ հաճելի կլինի իմանալ, թե ինչն է Ձեզ գրավել այդպիսի խնդիրներում, և ստուգենք մեզ՝ համեմատելով Ձեր սկզբնական կարողությունների հետ։
— Շատ լավ։ Սակայն չեմ ցանկանա խախտել այս պարտիայի ընթացքը։ Սըր Ռեջինալդ, կգտնվի՞ շախմատի մեկ ուրիշ հավաքածու։
— Իհարկե, կգտնվի,- ասաց սըր Ռեջինալդը՝ մոտենալով փակ պահարանին։ — Երբ անցած ամիս երեխաները կորցրին փիղը, չեմ ցանկանում, որ հյուրերը նորից անհարմարություն զգան։
Այս ասելով նա պահարանից հանեց շախմատի շարժական տախտակը և դրեց հարևան սեղանին։ Հոլմսը շարեց նկարում բերված դիրքը՝

— Քայլը սևերինն է,- ասաց նա։ — Կարո՞ղ են փոխատեղում անել։
Նախքան խնդրի լուծմանը ծանոթանալը փորձիր պատասխանել այս հարցերին․
1․ Սպիտակները ի՞նչ խաղաքարերով են վերցրել սևերի խաղաքարերը։
2․ Ո՞րն է եղել սպիտակների վերջին քայլը։
3․ Ինչո՞ւ դրանից անմիջապես առաջ սևերը պետք է վերցրած լինեին սպիտակ խաղաքար։
4․ Սպիտակներից ի՞նչ խաղաքար են վերցրել այդ քայլով։
5․ Այդ սպիտակ ձին սևերը ո՞ր խաղաքարով կարող են վերցրած լինել։
Քանի որ Հոլմսը այս խնդիրը հեշտ համարեց, մտածեցի, որ հաջողության հասնելու հավանականություն ունեմ և բոլոր ջանքերս գործի դրեցի խնդիրը լուծելու համար։ Հպարտությամբ նշեմ, որ երեքիցս ամենաշուտը լուծեցի։ Բացատրությունների ընթացքում մի շարք սխալներ թույլ տվեցի, բայց դրանք ավելի շուտ բացթողումներ էին, քան սխալ դատողություններ, և կարևոր նշանակություն չունեին։ Ահա իմ վերլուծությունը (բոլոր թերությունների շտկումներով)։
Պարզ է, որ սպիտակների վերջին քայլը եղել է զինվորով։ Դրանից անմիջապես առաջ սևերը պետք է վերցրած լինեին սպիտակ խաղաքար, որ հենց նոր քայլ էր արել։ Այդ խաղաքարը եղել է ձի, քանի որ նավակները չեն կարողացել լքել առաջին հորիզոնականը։ Ակնհայտ է, որ սև զինվորներից ոչ մեկը չէր կարող վերցնել ձին, նաև թագուհու կողմի նավակը չէր կարող վերցնել, քանի որ չկա այնպիսի դաշտ, որտեղից ձին անցներ նավակի հարվածի տակ։ Փիղն էլ չէր կարող վերցրած լինել ձիուն, քանի որ փղի հարվածի տակ ձին կհայտնվեր միայն d6 վանդակից, իսկ այդ վանդակում ձին շախ հայտարարած կլիներ։ Հետևաբար, ձիուն վերցրել է կամ արքան, կամ արքայական նավակը։ Երկու դեպքում էլ սևերը չեն կարող փոխատեղում անել։
Ընկերներս գոհ մնացին իմ լուծումից։ Հոլմսը հպարտությունից փայլում էր իր՝ դանդաղ առաջընթաց ունեցող, բայց ջանասեր աշակերտի համար։
— Տեսնո՞ւմ եք,- ասաց նա,- թե ինչ առաջընթաց է ապահովում ջանասիրությունը։
-Մի օրինակ էլ բերեք,-խնդրեց սըր Ռեջինալդը։
-Այո,- ավելացրեց Արթուր Պալմերստոնը, — էլի մի պարզ օրինակ։ Միգուցե, ոչ այնքան հեշտ, որքան նախորդը, բայց և ոչ անքան բարդ, ինչպես Ռոբերտի հետ մեր պարտիայի վերլուծությունը։
Հոլմսը մեկ րոպե մտածեց։
-Ունեմ այդպիսի մի օրինակ՝ հեշտ է, բայց բավականին նրբագեղ։
Տախտակին շարեց նկարում բերված դիրքը․

-Այս պարտիայում կողմերից ոչ մեկը իր վերջին քայլով հակառակորդի խաղաքար չի վերցրել։ Հիմա սևերի քայլն է։ Կարո՞ղ են փոխատեղում անել։
Նախքան խնդրի լուծմանը ծանոթանալը փորձիր պատասխանել այս հարցերին․
1․ Կարող է սպիտակների վերջին քայլը լինի f3 վանդակի զինվորը։
2․ Կարո՞ղ է սպիտակների վերջին քայլը լինի նավակի քայլը e1 վանդակից f1 վանդակ։
3․ Կարո՞ղ է սպիտակների վերջին քայլը լինի արքայի քայլը h1 վանդակից g1 վանդակ։
Ռոբերտ Պալմերստոնը առաջինը գտավ այս խնդրի լուծումը։
-Սպիտակների վերջին քայլը չի կարող լինել f3 վանդակի զինվորինը, քանի որ այդ քայլով խաղաքար կվերցներ։ Չէր կարող լինել և նավակի քայլը e1 վանդակից, քանի որ այդ վանդակից շախ հայտարարած կլիներ։
Ենթադրենք, որ վերջին քայլով սպիտակ արքան ազատվել է սև նավակով հայտարարված շախից։ Խաղաքար վերցնել արքան չէր կարող, հետևաբար այդ քայլից անմիջապես առաջ սևերը քայլել են նավակով՝ շախ հայտարարելով, և այդ պատճառով էլ չեն կարող փոխատեղում անել։ Հետևաբար, եթե սպիտակները վերջին քայլը արել են արքայով, սևերը չեն կարող փոխատեղում անել։
Իհարկե, հնարավոր է, որ սպիտակները փոխատեղում արած լինեն։ Համարենք, որ այդպես էլ եղել է։ Այդ դեպքում ո՞րն է եղել սևերի վերջին քայլը։ Եթե նրանք քայլել են արքայով կամ նավակով, իհարկե, արդեն փոխատեղում չեն կարող անել։ Նրանք չէին կարող քայլել փղով, քան որ դա կզրկեր սպիտակներին նախորդ քայլի հնարավորությունից։ Ենթադրենք, որ քայլել է սև զինվորը։ Այդ դեպքում նախորդ քայլում սպիտակ զինվորը e2 վանդակից պետք է վերցրած լիներ f3 վանդակի խաղաքարը։ Սա կնշանակի, որ d1 վանդակի փիղը ստացվել է անցողիկ զինվորի փոխակերպումով։ Այդ զինվորը պետք է սկսած լինի d7 վանդակից, հասներ d2 վանդակը՝ շախ հայտարարելով սպիտակ արքային և իր վերջին քայլով փոխակերպվեր փղի։ Սա կհակասի ենթադրությանը, որ սպիտակների վերջին քայլը եղել է փոխատեղումը։
Այսպիսով, եթե սպիտակները վերջին քայլը արել են արքայով, ապա սև նավակը շարժվել է՝ շախ հայտարարելով սպիտակ արքային, և սևերը չեն կարող փոխատեղում անել։ Եթե սպիտակների վերջին քայլը եղել է փոխատեղումը, ապա սևերի վերջին քայլը պետք է լիներ արքայով կամ նավակով և իրավունք չունեն փոխատեղում անելու։
Խմբագիր` Մարինե Ամիրջանյան
